ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 21:55 - չքննարկված

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ

**

ԱՆԹԵՂՎԱԾ ՍԵՐՍԱիդա Ավդալյան
Այսօր արթնացա ու չեմ հասկանում,
Թո՛ղ, որ երազում՝ ուրեմն ինձ հիշել
Եվ տարիներ անց, այցի է եկել՝
Անթեղված սերս ու հոգիս պղտորել…

Ու աչքերս փակ՝ պատրանք-երազս,
Նորից ու նորից ուզում եմ տեսնել,
Զգալ հպումը՝ դողացող ձեռքիդ,
Հայացդ տեսնել՝ սիրառատ ու մեղմ…

Ու իմ հուշերի գիրկն եմ ընկնում,
Անցած՝ գնացած օրերն եմ հիշում,
Կարմիր վարդերի մեծ ու գեղեցիկ՝
Փնջերի բույրն եմ ես կարծես զգում…

Մեծ փաթիլներով պարող ու իջնող,
Մեզ վրա թափվող ձյունն եմ ես տեսնում,
Սառած ձեռքերս տաք ափերիդ մեջ,
Հուր դարձած՝ սիրո կրակն եմ զգում…

Ամռան գեղեցիկ ու աստղերով լի,
Երկինքն եմ հիշում՝ վկան մեր սիրո,
Ու ժապավենի նման անցնում են,
Օրերն անմոռաց՝ անցած-գնացած…

Մոմերն եմ հիշում փայլփլող-վառվող,
Եկեղեցու սուրբ կամարի ներքո,
Աղոթքս առ Աստված լուռ իմ շշնջած,
Ավաղ ու ցավոք՝ նրան չհասած…

Մեծ վիշտ եմ ապրում, ինչո՞ւ և ինչպես,
Երազանքը մեր, երազներ դարձան,
Ու այցելում ենք այսօր մեկմեկու,
Անթեղված սիրո՝ մեր երազներով…

Թե՞ Աստծո կամքն էր՝ սերը մեր մաքուր,
Մասունք է դարձել ու ինձ հետ ապրում,
Սրտիս անկյունում ու իր վանք-խցում,
Հավերժ ապրում՝ աղոթք է անում…

**

ԱՂՆ ԵՆՔ

Աշխարհի աղն ենք, չեմ կարող վիճել,
Քանզի աղի պես ցիրուցան եղել՝
Ու ողջ աշխարհում մի թիզ չենք թողել,
Ուր հայը դեռ իր ոտքը չի դրել…

Աշխարհի աղն ու համը տվողն ենք,
Բոլոր ազգերի հետ հարմավող ենք,
Ու լավ օրից չէ, որ տարածվել ենք
Ու ողջ աշխարհին՝ համ ու հոտ տվել…

Ես ողջ աշխարհից հավաքել բերել,
Աղս իմ տանը պահել եմ ուզում,
Փույթ չէ՝ թո՛ղ համը կորի աշխարհի,
Հայիս՝ ես իր տուն, բերե՛լ եմ ուզում…

Թող քանի լեզու սովորես, գիտես,
Դու այնքան մարդ ես՝ համամիտ եմ ես,
Հայս իր լեզվով, հավերժ թող խոսի
Ու իր մանուկին հայերեն կանչի…

Ու նորից այն Մեծ Հայքն եմ ուզում,
Վան, Մուշ, Անին, Կարինն եմ ուզում,
Աղս այնտեղ եմ ես ցանել ուզում,
Ու նախնիներիս հանգիստն եմ ուզում…

Մեր հին վանքերը նորոգել ուզում,
Ու հային այնտեղ տեսնել եմ ուզում,
Որ մոմեր վառած աղոթքն առ Աստված,
Տեսնել ու հանգիստ մեռնել եմ ուզում…

Հին եկեղեցում պատարագ լսել,
Ու շարականն եմ լսել ես ուզում
Հայի պսակն եմ տեսնել ես ուզում,
Ու մանուկների կնունքը մեկտեղ….

Ես մեր այն Մեծ ՀԱՅՔՆ եմ ուզում,
Ու ողջ ազգիս եմ հավաքել ուզում,
Ապրեն, արարեն ու պաշտպան լինեն,
Աստծո աշակերտ իր զինվորի հետ….

Ու մտածում եմ, հո՞ շատ չեմ ուզում,
Ո՛չ, իմ պապերի երկիրն եմ ուզում,
Որ օտարն է այսօր վայելում,
Ու մեզ աշխարհի աղն է դարձել…

Թեկուզ աշխհարհի աղն ու համն ենք,
Օտար ազգի հետ ՈՒԾՎԵԼ` չե’մ ուզում….

**

ՀՈԳՆԵԼ ԵՄ

Խռոված հոգիս, նորից ընդվզել
Ու այս աշխարհից՝ գնալ է ուզում,
Երկնային կյանքով եմ ուզում ապրել,
Ոչի՛նչ, ո՛չ մեկին տեսնել չեմ ուզում…

Թախիծն է պատել նորից իմ հոգուն,
Մշուշոտ հայացքով եմ շուրջս նայում,
Եվ ուշքի գալով՝ հասկանում նորից,
Ոչի՛նչ, ո՛չ մեկին տեսնել չեմ ուզում….

Լսել չեմ ուզում ձայնե՜րը անգամ,
Հեռու, շա՜տ հեռու՝ գնալ եմ ուզում,
Ուզում հավերժի ճամփորդը դառնալ,
Ու աստղերի հետ հավերժ միանալ…

Ու, որ վերևից նայեմ բոլորին,
Ով իրեն ինչու՞, ինչպե՞ս է պահում,
Թեպետ լավ գիտեմ՝ո՞վ, ինչպե՞ս, ինչու՞,
Համենայնդեպս՝ տեսնել եմ ուզում…

Հոգիս խռովված՝ գնալ է ուզում,
Դեպ անհայտություն՝ ուր աչքը կտրի,
Որտեղ ոտքը դեռ մարդու չի դիպել,
Անաղարտ կյանքով՝ ապրել եմ ուզում…

Հոգնել՝ մարդկանցից ու այս աշխարհից,
Իմ միայնության՝ աշխարհն եմ գնում,
Հույսով, որ չե՛մ գա՝ հոգնած բոլորից,
Միայնություն ու հանգիստ եմ տենչում…

**

ԿԱԿԱՉ

Նորից գարուն ու նոր ապրիլ,
Բալենին է ծաղկել այգում,
Ծաղիկներով իր սպիտակ,
Նորահարսի է նմանվել…

Այսօր երազ եմ ես տեսել,
Կանաչ սիրուն դաշտում էի ես,
Կարմիր կակաչ էի հավաքում,
Նորահարսի շորը հագիս…

Ժպիտը շուրթիս արթնացա,
Երազս պատմել կամեցա,
Այնքան իրական էր, սիրուն,
Փոշմանեցի, թող ինձ մնա…

Սիրած տղաս հեռուներում,
Զենքը ձեռքին է ծառայում,
Գուցե նա՞ էլ ուրիշ սարում,
Ինձ պես կակաչ է հավաքում…

Ինչ իմանար աղջիկը հեզ,
Սիրած տղան կռվում ընկել,
Կակաչների դաշտում պառկել,
Ինքն էլ կարմիր կակաչ դարձել…

Նորից թուրքն է ոտքի ելել,
Ու մարմաջով իր հարատև,
Ումից տեսնես, ինչ է ուզում,
Նորից աջ-ձախ մահ է սփռել…

Բոթը հասավ խեղճ աղջկան,
Վշտից կարծես խելագարվեց,
Սիրտը հավերժ սևով պատվեց,
Դարձած ինքն էլ՝ կարմիր կակաչ…

Տարիներ անց մի հրաշքով,
Թող, որ մեկին նորից սիրի,
Ես իմ ապրած կյանքից գիտեմ,
Այս մեկն իր հետ՝ հավերժ կապրի…

**

ԱՍՏՂՍ

Անձրևն է թակում՝ մութ պատուհանս,
Ու մթության մեջ կարծես ինձ փնտրում,
Փորձում է հետս զրույց սկսել,
Որի ցանկությունն անգամ ես չունեմ…

Թակում է, թակու՜մ երկար ու բարակ,
Լուսնին է իրեն օգնության կանչում,
Լուսնի թույլ լույսով ինձ լուսավորում,
Ու պատուհանս է ՝ է՛լ համառ թակում….

Արթնանում, նայում անտարբեր ու լուռ,
Տեսած երազս եմ հիշել աշխատում,
Գուցե թակողը թափվող ավձրևը չէր,
Այլ՝ ինձ այցելող Աստղը հեռավոր….

Երևի հիշել, որ տոն է այսօր,
Իսկ ես անտարբեր քնով եմ անցել,
Ու որոշել է հերթական անգամ,
Իր նոր հրաշքով՝ ինձ զարմացնել….

**

ԵՌԱԳՈւՅՆՍ ՍԳՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ

Նորից մտահոգ ենք դարձել,
Ազգի հետ համայն աշխարհի,
Արցախն է նորից վտանգվել,
Ու մի մարդ նորից մենք դարձել:

Նորից մեր տունն են սողոսկել,
Շակալները՝ ստոր, արնախում,
Մոռացել ծագումը քոչվոր,
Հայերին ձեռնոց են նետել:

Հայն իր սուրբ հողի զինվոր,
Տեր Աստծո կողմից օրհնված,
Հույսն այլևս իր վրա դրած,
Առյուծի պես մարտի է նետվել…

Նռնակով ուղղաթիռ խոցել,
Որտեղից փորձել են սպանել,
Եվ այնքան հանգիստ պատմում,
Մազաչափ վախ էլ չի ապրել:

Հովիվն էլ զինվոր է դարձել,
Հրացանով թռչող սարք խփել,
Աշխարհում կգտնեք երկրորդին,
Գինեսի գրքում սա գրեք:

Քաջերը տուն չեն դարձել,
Մոր աչքը ճամփին է մնացել,
Վշտից որդոց կորստի,
Եռագույնս սգվոր է դարձել….

Կուշտ ու կուռ ուտող-խմողներ,
Պալատներ կառուցող «արքաներ»,
Հազար եկեղեցի էլ կառուցեք,
Մեկ-մեկ էլ պատմությունը հիշեք:

Անին հազար ու մի վանքերի,
Ու վանքերը սուրբ՝ կիսավեր,
Քոչվորի ձեռքում մնացել՝
Մզկիթի ու գոմի վերածվել:

Ու՞ր են արքաները հզոր,
Գանձերն անթիվ, անհամար,
Ու կալվածքներն անծայրածիր,
Շիրիմները որտե՞ղ են՝ գիտե՞ք…

Պատմությունից դասեր քաղեք,
Բավ է երկիրը դատարկեք,
Հայրենիքից չեն նրանք խռովել,
Ապրելն է անհնարին դարձել:

Այդքան ընչաքաղց մի եղեք,
Բոլորն էլ երեխա ունեն,
Գիտեք ինչ սերունդ ունենք,
Ողջ աշխարհն է նրանցով հիացել…

Եռագույնս սգվոր է դարձել,
Որդիք նահատակ են դարձել,
Որ դուք էլ չմնաք անշիրիմ
Իսկ եռագույնը հավերժ ծածանվի:

Հայացքներն երկինք հառած,
Հայերն էլ համայն աշխարհի,
Հոգուն հանգստություն են հայցում,
Մահականացուն կնքած զինվորի:
.
**

ԽՆԿԱԲՈՒՅՐ

Ամենուր խնկի բույր է տարածվել,
Ամենուր սուգ ու արցունքներ,
Արցախ աշխարհն են սողոսկել,
Հայրենիքի զինվորն է հավերժացել…

Կոչնակներ՝ բյուր զանգերը զարկեք,
Ականջալուր համայն մարդկության,
Հավատով ապրող Արցախ աշխարհը՝
Նորից զոհասեղան է դարձել…

Հայրենի սուրբ հողը պաշտպանող,
Հերոսն է մահականացուն կնքել,
Վառվող բյուր մոմերից ու խնկից,
Սեգ Մասիսն է խնկաբույր դարձել…

Մեծ ու փոքր եղբայր դարձած,
Մի մոր արգանդից ծնված-սնված,
Ամենուր ավեր ու մահ են սփռել,
Գորշ գայլերը հավերժ են խաղացել….

Քոչվորի բնազդով հավերժ ապրող,
Թալանի մոլուցքով տառապող,
Անցյալից ու պատմությունից զուրկ,
Ողջ աշխարհն է տեսել, զարմացել…

Մոռացել դառը դասերն անցյալի,
Մազապուրծ ինչպես են փախել,
Սուրբ գործը մինչ վերջ չեք տարել,
Կասպից ծովում՝ նրանց խեղդելու…

Սակայն հիշեք նենգ ու ստոր ոսոխներ,
Վարձկաններ նույնքան նենգ ու ստոր,
Հայ քաջարի զինվորին հաղթողը չի ծնվել,
Քանզի իր՝ հողի ու տան պաշտպանն է…

**

ՇԻՐԱԶՆ Ու ԵՍ

Անին տեսնեմ ու նոր մեռնեմ,
Մեծն Շիրազն էր երազում,
Անին տեսնեմ ու նոր մեռնեմ,
Այսօր էլ ե՜ս եմ երազում:

Քանի միլիոն հայ է երազում,
Անին տեսնել ու նոր մեռնել,
Սուրբ վանքերը քո խոնարհված՝
Տեսնեն, ի՜նչ ցավ պիտի ապրեն:

Թող որ խոնարհված են նրանք,
Սակա՜յն դատարկ չե՛ն այսօր էլ,
Հոգիներն են ապրում այնտեղ
Նախնիների` մեր Անիի:

Կամարների տակ թևածում,
Պատարագն են լսում հաստատ,
Արքաները Բագրատունյաց,
Ու հայերը հազա՜ր, հազար:

Հազա՜ր ու մի եկեղեցու,
Անին գնալ եմ ես ուզում՝
Հազար ու մի մոմ էլ տանեմ,
Վառեմ՝ հոգիս հանգստանա:

Հազար ու մի եկեղեցու՝
Անին տեսնել եմ ես ուզում,
Եկեղեցու ղողանջները՝
Ողջ աշխարհում ձայնել ուզում:

Որտեղ հայ կա ձայնը լսի,
Թող շտապի Անին տեսնել,
Ու պատարագ թող պատվիրի,
Հինավուրց Սուրբ մեր վանքերում:

Եթե նույնիսկ մի հայ մնա,
Երազանքն է լինելու,
Անին տեսնի ու նոր մեռնի,
Որքա՞ն գերի պիտի մնա:

Անի՜, մի՛ օր մե՛նք գա՛լու ենք,
Որդիներիդ հետ քաջասիրտ,
Եռագույնն ենք ծածա՜նելու,
Խնկի բույրն ենք տարա՜ծելու:

Շիրազն էլ է այնտեղ՝ հաստատ,
Հոգին տեսնի, փառա՜վորվի,
Մի օր Անին պիտի տեսնեմ,
Հետո մեռնեմ՝ հանգի՜ստ հոգով:

**

ԻՆՁ ԳԻՆԻ ԼՑՐԵՔ

Այսօր ես խմել, հարբել եմ ուզում՝
Մի բաժակ գինի ըմպել եմ ուզում,
Ճակատագրից արդեն գինովցած
Բաժակս լցրե՛ք՝ խմել եմ ուզում:

Խմել եմ ուզում՝ թեկուզ և մտքով,
Մտքով խմելուց անգամ արբենում,
Ու խորը քնել ինքս ինձ մոռացած
Երազների աշխարհն եմ գնալ ուզում:

Գիշեր թե ցերեկ, ինձ համար մեկ է
Ժամանակը իմ՝ վաղուց է կանգնել,
Գիշերը արթու՜ն, ցերեկը քնա՛ծ,
Այլևս փույ՜թ չէ ժամանակն անգամ:

Մի գավաթը ձեզ՝ գու՞ցե շա՜տ քիչ է,
Ինձ համար ծո՜վ է, խմել եմ ուզում,
Գավաթս բերեք գինի լցրեք ինձ,
Դարդերս մեջը թաղել եմ ուզում…

**

ՏԻԿՆԻԿ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Կարծես մանկացել՝ տիկնիկ եմ ուզում,
Մանկանալ՝ տուն-տուն խաղալ եմ ուզում,
Ու մորս սարքած տիկնիկն եմ ուզում,
Թող ոչ շատ սիրուն, բայց դա եմ ուզում…

Տիկնիկն եմ ուզում ես իմ մանկության,
Թո՛ղ, որ Բարբի չէ, բայց շա՜տ հարազատ,
Մորս սարքածն ու նկարածն ուզում,
Մանկանալ՝ նորից խաղալ եմ ուզում…

Ջանգյուլում խաղալ եմ այսօր ուզում,
Վիճակի հարս եմ ես դառնալ ուզում,
Այնքան լուրջ ու լուռ էի դերս տանում,
Վիճակի հարս եմ՝ ես հա՜վերժ դառնում…

Նորից հարսանիք խաղալ եմ ուզում,
Ու գլխիս քող եմ դնել ես ուզում,
Ծաղկի այն փոքրիկ փունջն եմ ուզում,
Այն փոքրիկ հարսին տեսնել եմ ուզում…

Օտար բակերում վազող, խաղացող,
Թոռնուհուս ետ՝ տուն կանչել եմ ուզում,
Մեր ավանդական խաղերը խաղա,
Ու Ջանգյուլումի սիրուն հարս դառնա…

Թող որ մեծացել՝ խաղալ եմ ուզում,
Մանկության խաղերս եմ խաղալ ուզում,
Նոր ընկերներիս շուրջս հավաքել,
Մանկության հուշերս եմ պատմել ուզում…

**

ՑԱՎՍ

Դեվն է տիրել ազգիս ուղեղին,
Նրանք մեկ-մեկու թշնամի դարձել,
Աստված իմ, ասա՛ ի՞նչ է կատարվում,
Չէ՞ որ մի ազգի են նրանք ծառայում:

Փառքին հայրենյաց այսօր և հավետ,
Որբի՛ն, ում հայրը կռվում է ընկել,
Մո՛րը, որ որդուն զինվոր է տեսել,
Ու անմնացորդ են ազգին նվիրվել…

Ինչու՞ նույն հայի զավակ լինելով,
Նույն հայրենիքի ցավով ապրելով,
Տարբեր լուծումներ մենք միշտ ունենում,
Ու սեղաներն էլ, թե՞ ինչքա՜ն տարբեր:

Մեկը մի կտոր հացի է կարոտ,
Մյուսը՝ հավաքում թափում ամեն օր,
Մեկը մերկությունն է հազիվ ծածկում,
Մյուսն էլ՝ ձևից, գույնից դժգոհում:

Եվ այսպես բախվում տարիներ ի վեր,
Շահերը, ազգիս որդոց ամեն օր,
Ու մի օր բերում այսպիսի բախման,
Հայոց Մեծ Հարցը անմեղ է թվում:

Կանգնում՝ դեմ առ դեմ, առերևույթ և ոչ,
Կարծես թշնամի լինեն դարավոր,
Որ հարցը լուծեն «հացի» ու «շորի»,
Կարծես, թե ուրիշ հոգս չունեն այսօր:

Եկեք ծուռն նստենք ու դուզը խոսենք,
Այս ի՞նչ անդունդ է մեր մեջ գոյացել,
Միթե այսպիսի կյանք էինք երազել
Քառորդ դար առաջ ոտքի ելնելով…

Խոսքը գործի չեն ուզում վերածել
Երբ որ պաշտոն ու աթոռ երազել,
Մենք էլ հավատ ենք նրանց ընծայել,
Սակայն շատ դառը խաբված՝ շվարել:

Քիչ խոհեմ եղեք ամենն անցողիկ,
Միայն երկիրն է հավերժ մնայուն,
Մեր սեունդների այնպես փոխանցենք,
Որ հավիտյանս մեզ չնզովե՜ն:

**

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ….

Վախենում եմ քեզ սիրելուց,
Հոգիս անչափ տառապի,
Դառնալ գերին հույզերդ՝
Մտքից անգամ վախենում:

Վախենամ, թե տեսնելիս,
Սրտիս թրթիռը զգաս,
Աչքերիս երկար նայես,
Հանկարծ մտքերս կարդաս:

Արգելում եմ ինքս ինձ,
Քեզ հիշելով ապրելուց,
Այցելում ես՝ փակում եմ,
Սիրտս՝ քեզ հետ փարվելուց:

Վախենում եմ, որ սուզվես
Կապույտ ծով իմ աչքերում,
Ու թե դուրս գալ կամենաս,
Ծով վիշտ ես ինձ թողնելու:

Սիրո ծովում թե խեղդվեմ,
Հրաշք ծովն եմ մտնելու,
Վախենում եմ, լսու՞մ ես,
Անդարձ, անվերջ սիրելուց:

Բա՛վ է, էլ չեմ վախենում
Սիրո բոցով պատվելուց
Ու հավիտյան այրվելով
Անգա՜մ մոխիր դառնալուց….

**

ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ….

Որտե՞ղ եք այսօր, դուք լույս տղաներ,
Մովսես Գորգիսյան,Լեոնիդ Ազգալդյան,
Նաև մեր Աշոտ դու Նավասարդյան,
Օրհնված ծնունդ Մոնթե Մեքոնյան,
Ո՞րտեղ եք շրջում դուք լույս հոգիներ…
Երանի դուրս գաք ձեր շիրիմներից,
Ու դաժան հարց տաք մեզ իշխողներին,
Մի՞թե երազած, ձեզ զոհաբերած, երկիրը սա էր,
Խեղճ ժողովուրդը ցուրտ, խավարի մեջ,
Անգործ ու սոված, լքված, հուսահատ,
Տուն ու տեղ թողած աշխարհ են շրջում,
Այս ի՞նչ քաոս է, անարդարության ու խոսքի խաղ է,
Ի՞նչ եք մտածում, ինչ ելք եք փնտրում….
Կուշտ ու կուռ կերած այսօր քնողներ,
Բա՛վ է, հեռացե՛ք՝ դուք ձեր խաղերի հետ,
Թե՞ դերասան եք արդեն կայացած,
Թատերաբեմ չէ սուրբ հողն հայկական,
Մարդիկ էլ մրջյուն՝ ձեր ոտքերի տակ,
Տրորեք անցնեք առանց տեսնելու,
Բողոքի նրանց ձայնը լսելու,
Կույր ու համրի դերը տանելու,
Լինել, չլինելու եզրին ենք կանգնել….
Սրտի ցավով են նայում էլ այսօր,
Որ մտածում են հավաքված բոլոր,
Կռված ու հաղթած քաջերը մոլոր,
Նաև սրտացավ այրերը հայոց,
Թե ինչ լուծում տան դարերից եկող,
Ու հավերժ հնչող հարցին հայկական,
Մի բռուցք դառեք ոչ թե մի օրով,
Պայքարեք համառ՝ հաղթ՛ելու ոգով…..

**

ՄԵ՛ՆՔ, ՎՐԵ՛Ժ ՈՒՆԵ՛ՆՔ
Պոեմ

Ես ձեզ եմ դիմում աշխարհի հայեր
Մենք վրե՜ժ ունենք դարերից եկող,
Դարեր շարունակ մեր հոգին մաշել
Ե՛ս վրեժի կո՜չ եմ այսօր անում:

Վրեժ է տենչում հոգիս տառապած
Երբ որ այն վառվող տներն եմ տեսնում,
Մայր ու մանուկ էլ իրար խառնված
Սարսափից համրած, տնից դուրս փախչում:

Իսկ դրսու՞մ, դրսում՝ թու՛րքն է կանգնած,
Սու՛ր յաթաղանով՝ թրա՛տման պատրաստ,
Ու չի խնայում ո՛չ մայր, ո՛չ մանուկ,
Տեսնես ի՞նչ «վրեժով» է նա էլ լցված:

Ու լեղապատառ ո՜վ ուր կարող է
Փախչում սարսափած, իրար կորցրած,
Հույսով՝ կգտնեն, միա՜յն փրկվեն՝
Ու մինչ օրս էլ իրա՜ր են փնտրում:

Հոգիս լացում է, լացում է ցավից,
Երբ Դեր Զորի անապատն եմ հիշում,
Անթաղ ոսկորներն էլ են ինձ աղերսում,
Վրեժի կո՜չ են այնտեղից անում:

Ախուրյանի հորդ ու վարար գետում,
Խեղդված մանկանց ճիչերն եմ լսում,
Իրենց կորցրա՜ծ ու խելագա՜րված,
Մայրերի՝ վրե՛ժ՝ պահա՛նջն եմ լսում:

Համայն աշխարհը խուլ, համր դարձած,
Հանգիստ նայում ու չէր էլ սարսափում,
Այսօր էլ աշխարհն է վառվում կարծես,
Իմ նախնիների այրված տան բոցից:

Կարծես հասկացան, թո՛ղ ուշացումով,
Հիշու՜մ են հերթով, անցյալը հայի,
Տեսնում անցյալի ծաղկած երկրից
Ավերակները՝ լուռ վկա դարձած:

Վրե՜ժ է տենչում հո՜գիս տառապած,
Երբ նախնիներիս շիրի՜մն եմ հիշում,
Խունկ ու մի մոմ եմ վառել ես ուզում,
Շիրիմների տեղն անգամ չգիտեմ:

Նրանց շիրիմներն են նույնիսկ գոռում
Ու ոսկորներն են մոմի պես վառվում,
Որ իրենց հիշեն ու վրեժն իրենց՝
Խավար ու տկար հոգու տեր հային:

Ամո՜թ մեզ, ամո՛թ վրեժը թողած
Խաղեր ենք խաղում դերասան դարձած,
Աշխարը բեմ է հա՞յը դերասան՝
Խաղերն են այսօր էլ մեզ կործանում:

Վրեժը սրտում ապրում են դարեր,
Սերունդները մեր իրար փոխանցում,
Ատելությունն էլ մեր գեների մեջ
Մեր սերունդներին ենք մենք փոխանցում:

Ես ձե՛զ եմ դիմում աշխա՛րհի հայեր
Մի՛ կողմ դրեք ձեր խաղերը այդ սին,
Որտեղ էլ ապրեք հիշեք մեկ ընդ միշտ,
Մենք վրե՛ժ ունենք դարերից եկող:

**

ՍՈՒՐՃ ԵՐԿՈՒՍՈՎ

Սուրճ լցրու խմենք երկուսով, կաթով,
Ո՛չ սովորական, ջրի մեջ լուծվող,
Որ ես էլ լուծվեմ քո տա՜ք հայացքում,
Սուրճս վայելեմ ի՜մ սեր, քո՛ գրկում:

Ծագող արևի հետ առավոտյան
Հիվանդ քո սերը ջերմության կարոտ
Ուզում է լինել քեզ հետ, սիրելիս,
Սուրճ լցրու խմենք երկուսով, կաթով:

Գիշերն է թակում պատուհանս լուռ
Երազում քեզ հետ թռչել եմ ուզում,
Անհուն երկնքում միայն երկուսով
Սավառնել,աստղերին հասնել եմ ուզում:

Աստղալից երկնքում քնել եմ ուզում
Միայն ու միայն քե՛զ հետ, սիրելիս,
Սուրճ լցրու խմենք կաթով, երկուսով,
Բուրմունքը նորից զգալ եմ ուզում:

Բուրմունքի նման մեր սիրո քնքուշ
Բուրում է այնտեղ որտեղ ես ու դու,
Սուրճս վայելել, արբել եմ ուզում,
Հավերժ քո կողքին լինել եմ ուզում:

Վաղուց երկատված կյանքով եմ ապրում,
Լոկ անուրջնուրներով ապրել չեմ ուզում,
Սուրճ լցրու խմենք երկուսո՛վ, կաթով,
Մեր սերը խառնենք, խմենք երկուսով:

ԱԻԴԱ ԱՎԴԱԼԱՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ