Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, April 4, 2009 11:41 - 6 քննարկում

ԲՌՆԵԼ ԵՆՔ «ՑՈՒԼԻՆ» ԿՈՏՈՇՆԵՐԻՑ, ՄՆՈՒՄ Է ՈԼՈՐԵԼ ՎԻԶԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԸ ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐՆ Է
(ԴԻՄՈՒՄ – ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին, ՀՀ Ազգային ժողովին ).

ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ

Ժամանակը չէ՞ ամէն հայ մարդ զինւորագրուի
ՙՄամիկոնեանների ուխտ՚-ին՚…
Գարեգին Նժդեհ
********************************
Հակառակորդը մեր դիւանագիտութիւնը մխրճել է փակուղի` մեզ ներշնչելով, թէ իբր մեզ ձեռնտու է հակամարտութիւնները յաղթահարելու Ազգերի ինքնորոշման իրաւունքը, ոչ թէ տարածքային ամբողջականութեան մեկնակէտը
Մինչդեռ մեզ համար այդ երկու սկզբունքներն էլ ձեռնտու են հաւասարապէս:
Տարածքային ամբողջականութեան մեկնակէտը մեզ համար 1920թ. օգոստոսի 10-ին որոշել է Սեւրի միջազգային դաշնագիրը` 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով Թուրքիայից պահանջելով Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել 40 հազար քառակուսի մղոն տարածք:
Ընդ որում` Սեւրի պայմանագիրը նախապատրաստուել է Փարիզի հաշտութեան (ընդհատումներով տեղի է ունեցել 1919թ. յունուարի 18-ից մինչեւ 1920թ. յունուարի 21-ը) եւ 1920թ. ապրիլի 19-ից 26-ը Իտալիայի Սան Ռէմո քաղաքում անցկացուած կոնֆերանսներում, որոնց մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Իտալիան եւ բազմաթիւ այլ երկրների ներկայացուցիչներ, իսկ Փարիզի կոնֆերանսին` նաեւ հայկական երկու պատուիրակութիւններ` Ազգային պատուիրակութիւնը Պօղոս Նուբար Փաշայի գլխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը` Աւետիս Ահարոնեանի գլխաւորութեամբ:
Փարիզի խորհրդաժողովը քննարկեց հետեւեալ յուշագիր-փաստաթուղթը. Հայկական անկախ պետականութեան ճանաչումը Թուրքիայի տիրապետութեան տակ գտնւող 7 նահանգների, Հայաստանի Հանրապետութեան տարածքների եւ Կիլիկիայի միացումով, Հայաստանը դրուելու էր Ազգերի լիգայի կամ դաշնակից տէրութիւններից մէկի երաշխաւորութեան տակ, կոնֆերանսը պէտք է դրամական հատուցում տար հայերի կրած վնասների դիմաց, դաշնակից տէրութիւններից մէկը պիտի ստանձնէր Հայաստանի մանդատը, ջարդերի պատասխանատուները պիտի դատի տրուէին ու պատժուէին, բռնի տեղահանուածներն ու աքսորուածները պէտք է վերադարձուէին իրենց բնակավայրերը:
Սակայն բոլշեւիկեան Ռուսաստանի յամառ ջանքերով ո’չ Փարիզի կոնֆերանսի որոշումները ստորագրուեցին, ո՛չ էլ մանաւանդ իրագործուեց Սեւրի դաշնագիրը: Այսպէս, Սեւրի ԻՐԱՒԱՐԱՐ վճիռը 1920թ. նոյեմբերի 22-ին ընդունելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով Հայաստանի Նախիջեւան, Արցախ, Զանգեզուր եւ Ջաւախք տարածքները յանձնուեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Կարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային: Այս ու նման այլ իրողութիւններից ելնելով, Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստան-Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք պէտք է դարձնի Փարիզի, Սան Ռէմոյի ու յատկապէս Սեւրի միջազգային դաշնագրերը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:
ՀԻՄՆԱՒՈՐՈՒՄՆԵՐ
1920թ. օգոստոսի 10-ին Սեւրի Միջազգային պայմանագիրը ստորագրել են. 1. Բրիտանական կայսրութիւնը, 2. Ֆրանսիան, 3. Իտալիան, 4. Ճապոնիան (այս 4 երկրները պաշտօնապէս կոչւում էին Գլխաւոր Դաշնակից տէրութիւններ), սուլթանական Թուրքիան եւ 10 այլ պետութիւններ, որոնք կոչւում էին Գլխաւոր դաշնակից տէրութիւնների դաշնակից տէրութիւններ: Ըստ էութեան Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող կէտերը 1919թ. փետրուարից սկսած մինչեւ Գլխաւոր Դաշնակից տէրութիւնների կողմից նշուած կէտերի հաստատումը Սեւրում, նախապատրաստուել եւ ստորագրութեան են պատրաստուել Փարիզի (1919թ. յունուարի 18-1920թ. յունուարի 21-ը) եւ 1920թ. ապրիլի 19-ից 26-ը Իտալիայի Սան Ռէմո քաղաքում անցկացուած կոնֆերանսներում:
Գլխաւոր Դաշնակից տէրութիւնները 1920թ. օգոստոսի 10-ին Սեւրում ԱՄՆ նախագահին դիմեցին հետեւեալ երկու առաջարկով.
Ա.-Ստանձնել Հայաստանի մանդատը:
Բ.-Իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:
Դաշնագիրը Թուրքիային պարտաւորեցնում էր դաշնակիցների դատարանին յանձնել ջարդերի բոլոր կազմակերպիչներին: Դաշնագիրը որոշեց Թուրքիայից Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել ԵՐԶՐՈՒՄԻ, ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ եւ ՏՐԱՊԻԶՈՆԻ վիլայէթներից այնքան տարածք, որքան որ կառաջարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը` իր տնօրինութեամբ գծուած քարտէզով: Վուդրո Վիլսոնը այդ քարտէզը տէրութիւններին յանձնեց 1920թ. նոյեմբերի 22-ին, որով Թուրքիան պարտաւորւում էր վերոնշեալ նահանգներից Հայաստանի Հանրապետութեանը յանձնել աւելի քան 100 հազար քառ. կմ տարածք:
Փարիզի, Սան Ռէմոյի ու Սեւրի պայմանագրի` Հայաստանին վերաբերող հատուածը եւ Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազգայնօրէն հաստատող եւ ցայսօր իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են:
Դեռեւս 1919թ. օգոստոսի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` Օսմանեան կայսրութեանը ներկայացրած փաստաթղթում էր դա նշւում ` Թուրքիայի եղեռնագործութիւնը բանաձեւելով «մէկ ամբողջ ժողովրդի սպանութիւն եւ ոճրագործութիւն մարդկութեան դէմ» (այն ժամանակ «ցեղասպանութիւն» եզրը միջազգային իրաւունքում դեռեւս չէր գործածւում): Իսկ Փարիզի Կոնֆերանսը յստակօրէն շեշտում էր, որ Թուրքիան քաղաքական պատասխանատւութիւն է կրում հայերի ջարդերի համար եւ այդ պատճառով որպէս ոչ թուրք քաղաքացիներին կառավարելու անընդունակ պետութիւն, պէտք է զրկուի այլազգիներով բնակեցուած տարածքներում կառավարելու իրաւունքից:
Խորհրդային պատմագիտութիւնը Սեւրի վիժեցումը կապում է ԼՕԶԱՆԻ պայմանագրին (1923թ. յուլիս 24)` մեղադրելով Եւրոպային: Մինչդեռ Լօզանի պայմանագիրը կնքուել է Սեւրի դաշնագիրը ստորագրուելուց մօտ երեք տարի յետոյ միայն, երբ Սեւրի դաշնագիրը ստորագրելուց 7 ամիս, իսկ Վիլսոնի Իրաւարար վճիռը ստորագրուելուց 4 ամիս անց 1921թ. մարտի 16-ին Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան գործարքը անիրագործելի դարձրեց Սեւրի նախատեսումները: Երկրորդ` Եւրոպան Լօզանում ամէն ինչ արեց, որպէսզի Սեւրը գոնէ մասամբ իրականացուի (Թուրքիայից պահանջում էր բռնագաղթուած մօտ 300 հազար արեւմտահայերի համար Ազգային օջախ յատկացնել Վիլսոնեան քարտէզով նշուած Արեւմտահայաստանի տարածքներում կամ Կիլիկիայում):
Բայց Ռուսաստանը կտրականապէս դէմ կանգնեց Թուրքիայում որեւէ հայկական օջախ հիմնելու Եւրոպայի պահանջներին եւ առաջարկեց Արեւմտահայաստանից տեղահանուած 250-ից 300 հազար հայ փախստականներին տեղաւորել Կուբանում եւ Ուկրաինայում: Երրորդ` քանի որ բոլշեւիկները Հայաստանի անկախ Հանրապետութիւնը մէջտեղից վերացրել, փոխարէնը ստեղծել էին բոլշեւիկեան բռնապետութեան տակ յեծող Խորհրդային Հայաստան, Մոսկուան Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեանը թոյլ չտուեց պաշտօնապէս մասնակցել կոնֆերանսին: Թէեւ Հայաստանի եւ հայութեան փոխարէն խօսում եւ գործում էր Ռուսաստանը, այսուամենայնիւ Եւրոպային (լորդ Քերզոն եւ այլք) յաջողուեց Նորատունկեանի գլխաւորութեամբ գործող Հայոց Ազգային պատուիրակութեան միջոցով կոնֆերանսին ներկայացնել Հայկական հարցը լուծող երեք տարբերակ (դրանցից ոչ մէկը սակայն ռուսեւթուրք ջանքերով պայմանագիր չմտաւ).
ա. Հիմնականը` Վիլսոնի քարտէզագրած Արեւմտահայաստանի տարածքում ստեղծել հայերի Ազգային օջախ: Երբ ռուսեւթուրք պատուիրակութիւնը կտրականապէս մերժեց այդ առաջարկը, Եւրոպան Նորատունկեանի միջոցով առաջարկեց երկրորդ տարբերակը.
բ. Հայկական օջախը հիմնել Կիլիկիայում:
Թուրքիան այս տարբերակը նոյնպէս մերժեց եւ ի նշան բողոքի դուրս եկաւ կոնֆերանսից: Եւրոպան կարծելով, որ Ռուսաստանն այդ գաղափարին դէմ է կանգնում, քանի որ մտածում է թէ Հայկական օջախը պիտի անցնի Եւրոպական որեւէ երկրի, առաջարկեց երրորդ քայլը. հայ փախստականներին տեղաւորելու համար Վիլսոնեան Հայաստանի մի մասը միացնել Սովետական Հայաստանին, այսինքն` յանձնել Ռուսաստանին: Թրքաբոլշեւիկ դաշինքը այս տարբերակը եւս մերժեց:
Իսկ Սեւրի պայմանագիրը անտարակոյս միջազգային իրաւունքի վաւերական փաստաթուղթ է, որը 1920թ. օգոստոսի 10-ին եւ նոյեմբերի 22-ին տասից աւելի պետութիւնների կողմից ստորագրուել է օրինական ընթացակարգով, բայց վերոնշեալ պատճառով ուժի մէջ չի մտել: Միջազգային իրաւունքում այդպիսի պայմանագրերը կոչւում են չվաւերացուած պայմանագրեր:
Քանի որ Հայաստանի Հանրապետութեանը տարածքներ վերադարձնելու Թուրքիայի պարտաւորութիւնները բխում են Սեւրի պայմանագրի որոշումով կայացուած 1920թ. նոյեմբերի 22-ի իրաւարար վճռից, ՄԱԿ-ի լիիրաւ անդամ Հայաստանը, Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի հիման վրայ կարող է Միաւորուած ազգերի կազմակերպութեան միջազգային դատարանին դիմել Թուրքիայի դէմ հայցով, որը 1915-1923 թթ. հայոց դէմ իրականացրել է ցեղասպանութիւն եւ պէտք է պատասխանատւութիւն կրի եւ հատուցի:
Քանի որ Սեւրի դաշնագրի 92-րդ յօդուածը նախանշում էր նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան- Վրաստան միջպետական սահմանների որոշման սկզբունքները, ապա Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան սահմանի միջազգային իրաւական հիմքը եւս Սեւրի դաշնագիրն է:
Երբ 1920թ. ապրիլի 28-ին բոլշեւիկները մտան Բաքու եւ հռչակեցին խորհրդային կարգեր, այդ տարածքը սովետական փաստաթղթերում ստիպուած եղան յայտարարել ոչ թէ ազգային, այլ միայն վարչատնտեսական միաւոր, քանի որ «կովկասի թաթար» կոչուող զանգուածը, որի անունը դրել էին ադրբէջանցի, կազմում էր երկրի բնակչութեան հազիւ 25 տոկոսը` բնակչութեան քանակով բռնելով ընդամէնը չորրորդ տեղը (առաջին տեղը զբաղեցնում էին թաթերը): Հայերն իրենց քանակով այդ երկրի բնակչութեան մէջ 1880-1918թթ. ընթացքում երկրորդ-երրորդ տեղն էին բռնում: Ուստի պատահական չէ, որ 1918թ. գարնանից 1920թ. ապրիլի վերջերը Բաքուի հայութեան կազմակերպած ինքնապաշտպանութիւնը, որպէս Հայաստանը վերաանկախացնող գործօն, իր նշանակութեամբ ու դերով հաւասարւում է Ղարաքիլիսայի, Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ազատամարտերին:
Փաստօրէն Ադրբէջան կոչուած տարածքը Բաքու կենտրոնով 1918թ. անկախացրեցին հայերը, որոնց ձեռքին էր գտնւում բանակի եւ զինուած ուժերի ղեկավարութեան 90 տոկոսը: Հայկական իշխանութիւն էր նաեւ բոլշեւիկների պետական կառոյց Բաքուի 26 անդամ ունեցող Կոմունան` Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ, որի սպանութիւնը բոլշեւիկները կազմակերպեցին Միջին Ասիայում…
Ադրբէջան կոչւող պետութիւնը սարքելուց յետոյ, 1921թ. մարտի 16-ին Մոսկուայի Ռուս-թուրքական դաշնագրով, իսկ հոկտեմբերի 13-ին Կարսում Ռուսաստանի թելադրանքով մեր երկրին պարտադրուած մէկ այլ գործարքով Նախիջեւանի երկրամասը Հայաստանից բռնազատեցին-յանձնեցին Խորհրդային Ադրբէջանի «խնամակալութեանը», իսկ Ռուսաստանի զաւթած Արցախը եւ հայոց այլ տարածքները բռնակցեցին այդ պետութեանը, իբրեւ նրա անկապտելի մաս:
Ադրբէջանը, անտեսելով Կարսի դաշնագիրը ստորագրած կողմերի գոնէ ձեւական համաձայնութիւնը, 1924թ. փետրուարի 9-ին Մոսկուայի գաղտնի հրահանգով Նախիջեւանի երկրամասը հռչակեց Ադրբէջանի խորհրդային հանրապետութեանը մաս կազմող Ինքնավար հանրապետութիւն: Յետագայ մօտ 70 տարիներին Ադրբէջանի բազմազգ բնակչութեան աւելի քան 35 տոկոսը կազմող (1917թ. մօտ 70 տոկոս) հայերի թուաքանակը հայահալած գործողութիւններով հետզյետէ նուազեց եւ Խորհրդային կայսրութեան կազմալուծման շէմին հասնում էր մօտ կէս միլիոնի, որը սկզբից Նախիջեւանի երկրամասում, այնուհետեւ ամբողջ Ադրբէջանում իրականացուած կոտորածներով ու բռնագաղթով, 1988թ. վերջին հասաւ զրոյական մակարդակի:
Քանի որ Ադրբէջանի ներկայ Հանրապետութիւնը իր հիմնադրման օրուանից (1991թ.) ՊԱՇՏՕՆԱՊԷՍ հրաժարուել է Խորհրդային Ադրբէջանի ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴՈՒԹԻՒՆԻՑ, իսկ Խորհրդային Միութիւնն այսօր գոյութիւն չունի, ուստի Կարսի դաշնագիրը ոչ միայն ապօրինի է, այլեւ անվաւեր եւ ուժը կորցրած, քանի որ դաշնագիրը ստորագրել պարտադրած կայսրութիւնը եւ դաշնագրի երկու հիմնական կողմերից մէկը, որին Հայաստանից անջատած տարածքներ են յատկացրել, գոյութիւն չունեն: Ասել է թէ` Ադրբէջանի այսօրուայ Հանրապետութիւնը ԶՐԿՈՒԵԼ Է 1921թ. մարտի 16-ի Մոսկուայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի պայմանագրերի իրաւական կողմերից մէկը լինելուց, այսինքն` երկրամասը Խորհրդային Ադրբէջանին բռնակցած պահելու իրաւունքից: Այսուամենայնիւ` ներկա Ադրբէջանը ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ Խորհրդային Ադրբէջանի բռնազաւթած Նախիջեւանի Երկրամասը շարունակում է ապօրինաբար պահել իր տիրապետութեան տակ: Հետեւաբար` միջազգային բոլոր օրէնքներով Նախիջեւանն այսօր բռնազաւթուած տարածք է…
Նկատի ունենալով, որ Ադրբէջանի Հանրապետութիւնը պաշտօնապէս հրաժարուել է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԷՋԱՆԻ ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴՈՒԹԻՒՆԻՑ, Հայաստանը պէտք է ձգտի, որպէսզի Նախիջեւանի մասին ԿՆՔՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, որով վերախմբագրուեն եւ նոր բովանդակութիւն ստանան Նախիջեւանին վերաբերող նշուած ուժակորոյս պայմանագրերը:
Եզրակացութիւն. Նկատի ունենալով, որ 1920թ. օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագիրը ստորագրած երկրները, ներառեալ նաեւ Օսմանեան Թուրքիայի կառավարութիւնը, դէ իւրէ ճանաչել են Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ նշուած պայմանագրի 89-րդ յօդուածով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին յորդորել են իրաւարար վճռով հայ-թուրքական սահմանի որոշումը, հետեւաբար այդ գործողութեամբ տուել են իրենց պաշտօնական համաձայնութիւնը ընդունելու վճիռը, ինչպիսին էլ այն լինի:
Հիմք ընդունելով վերոշարադրեալ նկատառումները, ՀՀ իշխանութիւններին յորդորում եմ.
ա. Հայաստան- Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք դարձնի Սեւրի միջազգային դաշնագիրը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:
բ. Օսմանեան կայսրութիւնը, ստորագրելով Սեւրի դաշնագիրը, դրանով իսկ արդէն ընդունել է իր երկրի ոճիրը Հայոց ցեղասպանութեան մէջ, ուստի ՀՀ կառավարութիւնը պէտք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` ցեղասպան երկրին պատասխանատւութեան կանչելու, պատժելու եւ վնասները յատուցելու հայցով:
գ. Այժմ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիայի հետ Նախիջեւանի հարցով նոր բանակցութիւններ սկսելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը:
ՌԱՖԱՅԷԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ «Մամիկոնէից տարօնականների ուխտ» հանրային կառոյցի ատենավար



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Apr 4, 2009 14:37