ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, May 19, 2010 6:35 - 3 քննարկում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Քննարկելով ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին» արձանագրային նախագիծը, Հայաստանի գրողների միության նախագահությունը հայտնում է իր անհանգստությունը եւ ուշադրություն հրավիրում հետեւյալ հիմնախնդիրների վրա:

ՀՀ օրենքներում կատարվելիք յուրաքանչյուր փոփոխություն անշեղորեն պետք է համապատասխանի ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դրույթներին: Այնինչ, սույն նախագծի տրամաբանությունը հակասում է ՀՀ գլխավոր օրենքի 12-րդ հոդվածին, որի համաձայն, «ՀՀ պետական լեզուն հայերենն է». այսինքն` մեր հանրապետությունում պետականորեն իրականացվող լեզվաքաղաքական բոլոր գործառույթները պարտավոր ենք իրականացնել մայրենի լեզվով:

Ներկայացվող նախագիծը հակասում է նաեւ ՀՀ լեզվի մասին օրենքի ընդհանուր գաղափարախոսությանը եւ զանց է առնում կարեւորագույն նախապայմաններ.

ա. Լեզվի մասին օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերությունը` «ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է», ենթարկվել է ոչ միայն փոփոխության, այլեւ «թյուրիմացաբար» դուրս է մնացել դաստիարակություն բառը, որի հետեւանքով ՀՀ ապագա քաղաքացին կկորցնի հոգեւոր-ազգային դիմագիծը եւ կվերածվի միջին թվաբանական հիբրիդի:

բ. Երրորդ պարբերությունը վերաշարադրելով «ՀՀ տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ» ձեւակերպմամբ, նախագծի հեղինակները դուռ են բացում հանրակրթության ոլորտում օտարալեզու դպրոցների անկառավարելի հարահոսի առջեւ:

Հանդիսանալով մեր ազգային եւ մշակութային ինքնագիտակցության հիմնասյունը` հայոց լեզուն, կրթական գործառույթներից բացի, կրում է ազգապահպան նշանակություն եւ, նրա դերը սահմանափակելով, նախագիծը ստեղծում է վտանգավոր հեռանկար: Մինչդեռ մեր սերնդի հիշողության մեջ դեռեւս ապրում են այն բազմաթիվ հայորդիները, ովքեր ազգային կրթություն ստանալով Հայաստանի եւ արտերկրի տարբեր կրթօջախներում (Մխիթարյան վարժարան, Ներսիսյան եւ Գեւորգյան ճեմարաններ, Մելգոնյան դպրոց եւ այլն), որոնցում կրթադաստիարակչական բոլոր գործընթացներն իրականացվում էին բացառապես հայերենով, ազատորեն տիրապետում էին մի քանի օտար լեզուների: Այս հանգամանքն ապացուցում է, որ անխաթար պահպանելով կրթական ազգային համակարգը` միանգամայն հնարավոր է էապես բարելավել օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում, ինչը, բնականաբար, հրամայական անհրաժեշտություն է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող եւ ժամանակի պահանջներին համահունչ սերունդ դաստիարակելու համար:

ՀԳՄ նախագահությունը կտրականապես դեմ է ներկայացված նախագծին` այն համարելով անհեռատես ու ոչ ընդունելի ազգային-պետական շահերի հայեցակետից եւ առաջարկում է ՀՀ Ազգային ժողովին քննարկման չդնել այդ փաստաթուղթը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Admin
May 19, 2010 13:43