Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 19, 2012 8:54 - 3 քննարկում

Բարեգործներին: Հայաստանի սահմանային գյուղերը գտնվում են չքավոր վիճակում և ամայանում են, իսկ բարերարներն այդ գյուղերում եկեղեցիներ են կառուցում.

      Բարեգործներին`-   Հայաստանի սահմանային գյուղերը գտնվում են չքավոր վիճակում և ամայանում են, իսկ բարերարներն այդ գյուղերում եկեղեցիներ են կառուցում. 

Տավուշի մարզի Բերքաբեր (Ջողազ) գյուղը գտնվում է Հայաստանի  Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային գոտում, այն ադրբեջանից  բաժանվում  է  Ջողազի ջրամբարով:  Անկախության գործնթացի սկզբից  մինչև  այսօր գյուղը կրել ու կրում  է սահմանային, ինչպես նաև  ռազմաճակատի առաջին գծին բնորոշ ողջ դաժանություններն  ու դժվարությունները:    Գյուղում ոչ մի տուն չկա որ տուժած չլինի ադրբեջանական  ռմբակոծումներից: Բացի բազմաթիվ  մարդկային զոհերից  գյուղը կրել է մեծ նյութական վնասներ: Այժմ այս գյուղը  ճանաչվել  է Հայաստանի  Հանրապետության ամենաչքավոր գյուղական  համայնքը:

Չնայած նշված դաժան պայմաններին, գյուղում պահպանվել է 186 ծուխ (528 բնակիչ), որոնք առայժմ դիմանում են իրենց բաժին հասած ողջ ծանր կացությանը: Նրանք կապված են իրենց հայրենական հողին ու ջրին և հավատում են, որ շուտով իրենց համար տանելի պայմաններ կստեղծվեն:

Հայտնի է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել մեր ժողովուրդը, սակայն առավել ծանր է սահմանային գյուղերի վիճակը: Այս գյուղերում կարծես պատերազմն ավարտված չէ, դիվերսիաներն  և դիպուկահարների կրակոցները  սովորական  երևույթներ են: Հասկանալի լինելու համար ասենք, որ այդ գյուղերը ինչ որ չափով կարելի է համեմատել ռազմաճակատի առաջին գծի հետ, որտեղ տեղի են ունեցել մարտեր պատերազմի բոլոր օրենքներով: Պետք է ասել, որ անգամ պատերազմի թեժ օրերին  Բերքաբեր գյուղը չի տեղահանվել: Այս գյուղի բնակիչը իր հողը մշակում է գրեթե թաքուն, որպեսզի շատ աչքի չընկնի և զոհ չդառնա սահմանային դիպուկահարների գնդակին և չի կարողանում օգտվել իր իսկ հողատարածքում կառուցված և իր գյուղին հարող ջրամբարի ջրից: Այս գյուղի բնակիչներն հաճախ զոհ են դառնում նաև սահմանային դիվերսիաներին,  և նույնիսկ իրենց հանգուցյալին  գյուղացիները աշխատում են հուղարկավորել արագ ու աննկատ, այսինքն մշտական վտանգի տակ են ապրում:

Թվում  է,  թե  հաշվի  առնելով  այս  բոլորը,  մեր  նորանկախ պետությունը  պետք է որ  գոնե  որոշակի  արտոնություններ հատկացնի  սահմանային  գոտու  գյուղերին, սակայն  այս  բնակավայրերը  ոչ միայն  չեն  օգտվում  արտոնություններից,  այլ  տառապում  են  պետական  չինովնիկների  բյուրոկրատիզմից: Որպես  օրինակ նշեմ, որ  Բերքաբեր  գյուղը կորցրել  է իր վարելահողերի 75%-ը , որովհետև այդ հողերը գտնվում են ճիշտ առաջին գծում և անհնար է այն օգտագործել, ու պատկերացնում  ե՞ք, մարզի ղեկավարությունը նույնիսկ այդ հողերի համար փորձում  էր գյուղացիներից  հողի հարկ հավաքել: Բազմաթիվ  բողոքներից  և պայքարից  հետո կարծես թե հիմա ցանկանում  են ուղղել այդ սխալը:

Ակամա հիշում եմ սովետական ժամանակներում այս նույն գյուղի և հարևան սահմանակից ադրբեջանական գյուղի տարբերությունները: Նախ ադրբեջանական գյուղի բնակիչները ստանում էին 2-3 անգամ ավելի շատ տնամերձ  հողամաս, քան հայկական գյուղի բնակիչները: Բացի այդ, ադրբեջանական սահմանային գյուղերի համար գործում էր ներքին մի օրենք՝ ոչ մի ոստիկանություն այս տարածքներում իրավունք չուներ հարցնել որևէ կառուցվող տան շինանյութերի ձեռք բերման փաստաթղթերի առկայության մասին, այդ այն դեպքում, երբ հարևան հայկական գյուղերում հայկական ոստիկանությունը առիթ էր փնտրում հայտնաբերելու անօրինական ձերք բերված որևէ շինանյութ և պատժելու: Եթե հիշում եք, այն տխրահռչակ ժամանակներում օրինական վաճառվող շինանյութ համարյա չէր վաճառվում (օրինակ հնարավոր  չէր  ցեմենտ  գնել, որովհետև չկար), եղածները հիմնականում գողացված էին պետական կառույցներից: Արդյունքում  հայկական  սահմանամերձ  տարածքներում պետական  շինարարություններից  գողացված շինանյութի մեծ մասը  վաճառվում էր սահմանակից Ադրբեջանի գյուղերում, որովհետև այնտեղ ոչ ոք դա չէր արգելում  և ոչ ոքի չէին դատապարտում, ու մեր հաշվին կառուցվում էր ադրբեջանական գյուղերը:

Այսօր ես ոչ մի տեղեկություն  չունեմ հարևան ադրբեջանական գյուղերի վիճակից, բայց հին փորձից ելնելով համոզված եմ, որ նրանք իրենց սահմանային գյուղերին անպայման տվել են հնարավորություններ զարգանալու և ամրանալու իրենց տեղում, գոնե այդ գյուղերի բնակիչները պետք է որ ազատված  լինեն հարկերից:

Բոլորը գիտեն  սահմանային բնակավայրերի կարևորությունը  և նաև  այն, որ այդ  գոտու գյուղերի դատարկվելը գրեթե նշանակում  է այդ հողերի հանձնումը թշնամուն,  իսկ ապրելով  այդպիսի  անօգնական  պայմաններում  այդ  գյուղերը  օրեց օր դատարկվում  են: Հանրապետության «ազգային ժողով» կոչվող օլիգարխա-գողական  կազմակերպությունում երբեմն լսվում են առաջարկներ սահմանային գյուղերում բնակվող բնակիչներին ազատելու որոշակի հարկային պարտավորություններից , սակայն դրանք առայժմ մնում են միայն դատարկ առաջարկներ:

Մեր ժողովրդին և հատկապես կարիքի մեջ գտնվող սահմանային գյուղերի բնակիչների համար  երբեմն ծագում են օգնության որոշ աղբյուրներ: Դրանք  բարերարներն  են,  որոնց բարեգործությունները տարբեր ժամանակներում  երբեմն  փրկել  են  ամբողջ  բնակավայրեր: Պետք է ասել, որ բարերարների մեծ մասը արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն են, որոնք ցանկանում են օգնել իրենց կարիքավոր հայրենակիցներին:  Ժամանակակից   բարերարության  լավագույն տարբերակը աշխատանքային տեղերի ստեղծումն է, որի շնորհիվ ժողովուրդը կարողանում է աշխատանք ունենալ և վաստակել այն մինիմումը, որը անհրաժեշտ է գոյատևելու համար: Սակայն գնալով ավելի ու ավելի են քչանում այս տիպի բարերարությունները: Կան բարեգործության բազմատեսակ դեպքեր, սակայն ես ցանկանում եմ մանրամասնել մի տեսակը, որին առնչվեցի Բերքաբեր գյուղում:

Բարերարները  ցանկանալով օգնել իրենց  չքավոր հայրենակիցներին  և  ապրելով երկրից  դուրս, չեն կարողանում կողմնորոշվել և կարիք  ունեն  խորհրդատվության: Այս բարերարները որոշակի տեղեկացված լինելով նորանկախ Հայաստանի կոռումպացված չինովնիկների մասին, դիմում  են եկեղեցու սպասավորներին, որոնք էլ կարողանում են այդ բարերարներին «ճիշտ» ուղղություն ցույց տալ և որի հետևանքով  Հայաստանի ամբողջ տարածքում սկսեցին կառուցվել հարյուրավոր եկեղեցիներ և նույնիսկ՝ շքեղ  վանքեր: Եկեղեցիների կառուցումը կարծես թե ավելի ընդունելի են դառնում բարերարների համար,  որովհետև նրանց  համոզում  են,  որ եկեղեցի կառուցելը.

– Աստվածահաճո գործ է.

– Եկեղեցին հոգևոր անկյուն է հավատացիալների  համար.

– Աստված  և եկեղեցին կօրհնեն բարերարին.

– Բարերարը եկեղեցի կառուցելով  ուղիղ երկնքի  արքայություն կգնա և կփրկվի դժոխքից.

Իսկ եկեղեցու համար նույնպես խիստ շահավետ է մի նոր եկեղեցի ունենալը, նախ նոր քահանաների և այլ սպասավորների տեղ կբացվի, բացի այդ կավելանան նոր տարածքներ, բնականաբար  նաև շահույթները:

Դժբախտաբար եկեղեցիներ են կառուցվում նաև այնպիսի գյուղերում, որոնք չունեն անգամ գոյատևելու տարրական պայմաններ, այն դեպքում, երբ այդ եկեղեցիների  կառուցման վրա ծախսված գումարով հնարավոր կլիներ ապահովել այդ գյուղերի ջրամատակարարումը, գազամատակարարումը և լուծել ճանապարհների խնդիրը:

Ահա նման պատկեր է առաջացել նկարագրվող Բերքաբեր գյուղում, որը ինչպես  ասվեց, ճանաչվել է հանրապետության ամենաչքավոր գյուղական համայնքը, որը  չունի ճանապարհ, գազամատակարարում և վերջապես ջուր, որի շնորհիվ գոնե կկարողանա օգտագործել  իր տնամերձ հողը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում անհնար է գոյատևել և դժբախտաբար

բնակավայրում առաջացել է բնակչության արտահոսք, որի հետևանքով,  գյուղը շուտով հավանաբար կամայանա:

Եվ ահա այս պայմաններում  Հայ Առաքելական եկեղեցու  միջնորդությամբ  բարերարներ պրն. Ժիրայրը  և տիկին Սիրանուշը  (Ստամբուլից )  պարտավորվում են Բերքաբեր գյուղում

եկեղեցի կառուցել:

Եկեղեցական գործիչներ և հարգելի  բարերարներ պրն. Ժիրայր  և տիկին Սիրանուշ.

Բերքաբեր  գյուղում ապրելու տարրական պայմաններ չկան և գյուղը տարեց-տարի դատարկվում է, խիստ կարևորելով  հոգևոր սննունդը, կարծում եմ որ այդ գյուղին ոչ թե եկեղեցի է պետք, այլ տարրական կենցաղային պայմաններ ու  աշխատանք, որպեսզի գյուղացին չլքի իր պապական տունը ու հայրենի հողը:  Չէ որ այդ եկեղեցին մարդկանց  համար է, և ոչ թե միայն ձեր հոգու փրկության: Լավ կլինի հիշենք, որ Արևմտյան Հայաստանում հազարավոր եկեղեցիներ քանդվեցին ու ոչնչացան հայ մարդու բացակայության պատճառով: Ինչու կրկնել ողբերգական սխալը:

Եվ  ես կարծում եմ, աստված ձեզ ավելի կօրհնի, եթե այդ դրամը, որ նախատեսել եք եկեղեցու համար, տրամադրեք գյուղի նորմալ ջրամատակարարման կառուցման համար, որի շնորհիվ չքավոր գյուղացին գոնե հնարավորություն կունենա օգտագործել իր տնամերձ այգին, հողը, և գոյատևել: Համոզված եղեք, երբ այդ գյուղացին ունևոր դառնա, նա ինքը կկառուցի իր հոգևոր տունը:

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը ծանր դրության մեջ են, ինչքան հեռանում ենք մայրաքաղաքից, այնքան տիրապետում է համատարած չքավորությունը, իսկ սահմանային գյուղերը ամենակարևորն են, որոնց ձեռք մեկնելը յուրաքանչյուրիս  պարտքն է: Եթե ցանկանում եք բարեգործություն անել,պետք չէ խորհրդակցել ինչ որ մարդկանց, առավել ևս պետական չինովնիկների կամ եկեղեցու սպասավորների  հետ: Համոզված  եղեք, որ յուրաքանչյուր հեռավոր գյուղ, իսկ սահմանային գյուղերն առանձնապես, կարիք ունեն ամենատարրական օգնության՝ ջրամատակարարում (թեկուզ  մի  աղբյուր), ճանապարհ, գազամատակարարում և աշխատանք, ահա սրանք են որ գյուղացուն կկապեն իր հողին և չի հայաթափվի մեր հայրենիքը:

Ըստ որում, բարեգործությունը պետք է անել խիստ  վերահսկողությամբ, միայն թե ոչ պետական կառույցների կամ հիմնադրամների միջոցով, հակառակ դեպքում,  Ձեր հատկացրած դրամի մի  մասը  կկլանեն այդ կառույցներն  ու պետական չինովնիկները:

Հայաստանի ամենաչքավոր գյուղի ( Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ) և սահմանային գյուղերի բնակիչները սպասում են ձեր օգնությանը, համոզված եղեք, որ մեր ժողովրդի օրհնանքը ավելի շուտ կհասնի աստծոն, և Ձեր բարեգործությունը կփրկի մեր հայրենիքը հայաթափվելուց:

Արա Հովհաննեսյան

 

 



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
Jul 19, 2012 13:00