ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, June 14, 2015 6:55 - 1 քննարկում

այսպիսի վարկաբեկումից հետո ինչ դիրք կունենա Գագիկ Ծառուկյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, եռյակի նահանջից հետո քաղաքական դաշտում իրավիճակը հանդարտվել է, կուսակցություններից համատարած հիասթափություն կա: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք մտածում արտախորհրդարանական ուժերի՝ Հիմնադիր խորհրդարանի, «Քաղպայմանագրի» մասին։ Արդյո՞ք նրանց շուրջ համախմբում կլինի:

–Երկրում փետրվարի 18-ից հետո սարսափելի ապատիա է: Ոչ ոք չի կարող այդ բարոմետրին այնպես հետևել, ինչպես մենք՝ ֆորումի ղեկավարները։ Երբ Հայաստանում դեպրեսիա է սկսվում, անմիջապես ունենում ենք հսկայական թվով դիմումներ, խնդրանքներ, որպեսզի տեղափոխվեն Եվրոպա, շատ-շատերն էլ հասնում են Ռուսաստան՝ առանց որևէ բան ասելու: Բողոքի թիվն այդ իրադարձությունից հետո աննախադեպ է: Տպավորությունն այնպիսին է, որ այսօր Հայաստանում մնում են միայն նրանք, ովքեր կամ չափազանց հայրենասեր են, կամ ոչ մի հնարավորություն չունեն երկրից դուրս գալու՝ երկու այսպիսի ծայրահեղ զանգվածներ:

Ես գտնում եմ, որ անիմաստ է այսօր Հայաստանում հույս կապել որևէ կուսակցության հետ, դա անիմաստ խոսակցություն է: «Բարգավաճն» ու Գագիկ Ծառուկյանը ապացուցեցին, որ Հայաստանում չկա մի կուսակցություն, որի վրա ժողովուրդը կարող է հենվել: Մենք ինքներս հավատացինք այս վերջին փրկության հնարավորությանը և միացանք այդ հզոր շարժմանը, սակայն երկրի նախագահը կարողանում է ռեպրեսիաների միջոցով շարունակել իր անօրինական ղեկավարումը: Ինչի՞ հետ հույս կապենք:

Ժիրայր Սեֆիլյանին շատ եմ հարգում, հիանալի, ռոմանտիկ, հայրենասեր անձնավորություն է, սակայն Ժիրայրը բոլորովին այն ուժը չի ներկայացնում, որը կաող է իշխանափոխություն անել: Առավել ևս դատարկախոսների այդ բազմությունը, որ «Ֆեյսբուքում» հորջորջում են ՝ հետխորհրդարան, հիմնադիր խորհրդարան, ապագայի խորհրդարան՝ նրանք, ճիշտ է, հիմնականում ազնիվ մղումներով մարդիկ են, սակայն շատ հեռու են քաղաքականությունից և դիվանագիտությունից: Նրանց հետ հույս կապելն առավել անիմաստ է, քան «Բարգավաճի» հետ հույս կապելը։

–Վերջերս մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այն մասին, որ Գ. Ծառուկյանը հնարավոր է վերադառնա քաղաքականություն: Նրան սատարողներից Արամ Հարությունյանն էլ հիմա հայտարարում է, որ նա որդու առևանգման սպառնալիքի տակ է հեռացել քաղաքականությունից: Հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի հեռանկար՝ մանավանդ, որ հիմա էլ ակտիվ հանդիպումներ է սկսել մարզերում:

–Նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվող մարդը երևի հասկանում է, որ քաղաքականության մեջ անհնար բան չկա, ամեն ինչ հնարավոր է: Այլ հարց է, թե այսպիսի վարկաբեկումից հետո ինչ դիրք կունենա մեր սիրելի Գագիկ Ծառուկյանը։ Ինքս ինձ հարց տամ և իմ հարցին պատասխանեմ. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը այսպես մնալու է Սերժ Սարգսյանի ճիրաններում մինչև 2018 թվականը, հետո սահուն անցում կատարի Տիգրան Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի ղեկավարությա՞նը, թե՞ ինչ-որ ուժ, այնուամենայնիվ, կարողանալու է կանգնեցնել այս վամպիրներին ու ժողովրդին տալ այն իշխանությունը, որ նա ուզում է: Ի՞նչ իշխանություն է ուզում՝ իշխանություն, որ կոռուպցիոներին պատժի, արտաքին պարտքը հինգ միլիարդից իջեցնի մինիմումի կամ զրոյի, իշխանություն, որ ստեղծի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, որոնց տաղանդը Եվրոպայում հայտնի է, և ընդհանրապես հայ մարդու արտակարգ ակտիվ գործունեությունը վերականգնի ու բերի արդյունքի: Ես նման իշխանություն տեսել եմ, մենք մեկ օր ձեռքներս ծալած չենք նստել, փետրվարի 18-ը եղել է, թե ոչ՝ մեզ համար գոյություն չունեցող հանգամանք է, մենք պետք է ավելի լուրջ ու ակտիվ աշխատենք, որ միավորենք ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի երիտասարդ տաղանդավոր կադրերին, բոլորին հավաքելու ենք բերենք Հայաստան, ստեղծենք արհեստավարժների կառավարություն, որ ընդամենը երկու-երեք տարում կտա այն, ինչ չի կարողացել տալ ոչ մի իշխանություն վերջին 20 տարիների ընթացքում։ Չնայած Ռոբերտ Քոչարյանի կառավարությունն ամենաարդյունավետն էր, սակայն հիմա այն մեթոդները, ինչով Քոչարյանն է աշխատել՝ հակասահմանադրական ու անթույլատրելի են, պետք է նոր լիցք, նոր թթվածին ու նոր ոգևորություն՝ միայն բացառիկ արհեստավարժ մասնագետների շնորհիվ: Մոտավորապես ասեմ՝ Սինգապուրի վարչապետի կիրառած քաղաքականությունը:

–Ձեր նշածի փոխարեն Հայաստանում ակտիվ զարգանում է հորից որդի, առհասարակ բարեկամից բարեկամ պաշտոններ փոխելու քաղաքականությունը։ Հովիկ Աբրահամյանի որդին, օրինակ, հավակնում է քաղաքապետ դառնալ Արտաշատում։ Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

-Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ վարչապետ, Տարոն Մարգարյանը քաղաքապետ, Չոռնի Գագոն քաղաքապետ, հետո նախարար, թոխմախի ախմախն ունենա Մհեր հրաշալի անունն ու շարունակի իր տգիտություններն Ազգային ժողովում, ապա Հովիկ Աբրահամյանի տղան կարող է դառնալ նույնիսկ Ազգային ժողովի նախագահ։ ԱԺ նախագահը նրանից ոչ պակաս «սուպերմեն» Գալուստ Սահակյանն է: Այսօր Սուրիկ Խաչատրյանի ու նրա նմանների թուրն աջուձախ կտրում է, բայց ես զգուշացնում եմ՝ նրանց շատ քիչ ժամանակ է մնացել։ Թող մտքներով չանցնի, որ տաս միլիոն հայերի հետ կարելի է այդպես խաղալ: ԵՀՄՖ անունից հայտարարում եմ՝ մենք Ձեզ պատժելու ենք:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

martin
Jun 21, 2015 7:39