ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 17, 2010 2:45 - 2 քննարկում

3 կուշտ-խոզ վայելում են 4-րդ սով-խոզ…

Կաթողկոսի երկրային թագավորությունը` 4-րդ սովխոզ

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից ոչ ոսկին է մնացել, ոչ էլ երբեմնի խաղողի հատիկը:
Գյուղացիներն այն համոզմանն են, որ հիմա կարելի է գյուղը Ցամաքաբեր կոչել, քանի որ երբեմնի Ոսկեհատում (գյուղը հարուստ խաղող և բերք է տվել, որի համար էլ անվանակոչվել է Ոսկեհատ` նախկինում 4-րդ սովխոզ) հիմա ոչ հողագործությամբ, ոչ էլ անասնապահությամբ չեն զբաղվում:
76-ամյա ծերունի Վոլոդ Հակոբյանն իր կյանքի վերջին քսան տարիները հաշվում է, որ չի ապրել. նրա խոսքերով, ամեն բան իրենց գյուղի կյանքում հրաշալի էր նախկինում, երբ խաղող էին մշակում, ապրում: «37-ին ծնվեցի այս գյուղում: Ամեն բան գյուղում լավ էր, մինչև այս վերջին քսան տարիները: Հիմա հող կա, մշակող չկա, նվիրում եմ իմ հողերը, որովհետև անմշակ են մնում, բայց ժամանակին լավ մշակած հող ա եղել», – ասում է Ոսկեհատի քարքարոտ փողոցներում ձեռնափայտը հազիվ քարշ տվող Վոլոդ պապը, ում համար կյանքն այլևս հետաքրքիր չէ: Գյուղացիները գյուղը մի քանի հոգունն են համարում, հատկապես հաջողակ է Ներսիսյանների ընտանիքը: Գրիգոր Ներսիսյանի երեք որդիներն էլ հաջողությամբ կարողացան «տեղավորվել» (մեկը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն է, մյուսը` Ոսկեհատի գյուղապետ, արդեն երկու անգամ գյուղապետի պաշտոնը իր ձեռքը վերցրած և վերընտրված, իր մի շարք «քաջագործություններով» հայտնի Գևորգ Ներսիսյանը, իսկ երրորդը` Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը): Վերջիններիս կառուցած և դեռ շինարարության մեջ գտնվող տները ընդհանուր թշվառության ֆոնին առանձնահատուկ փայլ են հաղորդում արդեն ձմռան շունչն զգացող ցուրտ և վախեցած գյուղում, հատկապես Ոսկեհատի 4-րդ վթարային շենքում, որտեղ 16 ընտանիք ապրում է ամեն օր մահանալու վախով, որովհետև ամեն վայրկյան շենքն ամբողջությամբ կարող է փլվել: Բնակիչներից մեկն էլ բողոքում է. «Ո՞ր մի իշխանավորի էրեխեն էստեղ հինգ րոպե կապրեր»: Այնինչ ցուրտ, խոնավ, փլված տներում առնետների, ամռանը նաև օձերի կողքին բնակվում է 16 ընտանիք` յուրաքանչյուրը գրեթե հինգ հոգուց բաղկացած: Բայց իշխանավորների ոտքը «վսյո տըկի» մի անգամ` անցյալ տարի, Կաթողիկոսի հոր մահվան կապակցությամբ մտել է գյուղ: «Մի իշխանավոր չկար էկած չլներ, սաղին բիրիքով տեսանք», – պատմում են գյուղացիները, հետո էլ ավելացնում` ո՞ր իշխանավորի դարդ ու ցավն է կտրվել մեզնով հետաքրքրվի:
Թեև հիշում են, որ բնակիչներին փոխհատուցման խնդրով լրջորեն զբաղվում էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բայց այս վարչապետը, ճիշտ է, ամեն բան փաստաթղթավորեց, բայց այդպես էլ գումարը չփոխանցեց, թեև 2010-ի վերջին եռամսյակում խոստացել էին տալ հատկացվող գումարը, սակայն չտվեցին, և ընտանիքները էլի Ամանորը կդիմավորեն ով որտեղ պատահի` այն հույսով, որ վարչապետի գոնե այս մի խոստումը տեսականից գործնականի կվերածվի: Թեև Կաթողիկոսը գյուղի տղա է, արմատներով էլ Ապարանից, թեև հաճախ է ի զարմանս գյուղացիների առանց թիկնապահ շրջում գյուղում, բայց որևէ կերպ չի օգնել բնակիչներին այս խնդրի լուծման գործում: Ավելին, բնակիչները ասում են` հո մենակ մեր Կաթողիկոսը չէ, Ամենայն Հայոց Կաթողիկոս է: «Կառավարությունը փողը փոխանցել է, գնացինք մարզպետարան, քաղաքաշինության պետն ասաց` բավարար չէ, չեմ կարող տալ: Աղջիկ ջան, հույսներս արդեն լրիվ կտրել ենք, որովհետև չենք հավատում, թե չկա գումար», – ասում է Սիրուն Սարգսյանը` զրուցելով և սղոցելով իր բերքատու ծիրանի ծառը տունը տաքացնելու նպատակով, քանի որ գազի գնի թանկացումը բոլորին վերադարձրել է հին մեթոդներով փայտի և աթարի միջոցով տաքանալուն: Ներկայիս գյուղապետից էլ թեև չեն դժգոհում, սակայն նշում են, որ այսքան տարվա մեջ գյուղի համար ոչ մի կարևոր բան չի արել` բացառությամբ մանկապարտեզի ու գյուղապետարանի շենքերի վերանորոգումը (վերջինը վերանորոգել է իր կոմֆորտի համար), նրանք այն կարծիքին են, որ եթե գյուղապետը շատ ցանկանար, շենքի հարցը լուծած կլիներ: «Պատկերացնո՞ւմ եք` անգամ «Հայլուրն» է եկել մի քանի անգամ նկարել, բայց ոչ մի օգուտ, այս վերջին տարիներին որևէ բան չի փոխվել, կառավարությունը փողը փոխանցել ա, մարզպետարանում ասում են` փողը չի բավարարում», – ասում են գյուղացիները` խնդրի վերջնական լուծումը պահանջելով պետությունից, որը, ըստ նրանց, որևէ կերպ չի անհանգստանում, որ 16 ընտանիքներ այս Ամանորը կդիմավորեն սրա-նրա, այս կամ այն բարեկամի տանը` այդպես էլ չստանալով այս եռամսյակում խոստացված գումարները: Տիկին Սիրունը բողոքում է իր դառն ու դատարկ կյանքից և ասում, որ եթե գեթ մի փոքր հնարավորություն ունենար, հիմա վաղուց էր լքել երկիրը, մի երկիր, ով անտեր ու դուրսն է թողել իր քաղաքացուն, մի երկիր, որ խոստանում է, չի կատարում, և խնդրի կապակցությամբ սայլն այդպես էլ տեղից չի շարժվում:
700 տնտեսություն և 3400 բնակիչ ունեցող Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գևորգ Ներսիսյանի խոսքերով, 4-րդ վթարային շենքի փաստաթղթային ամբողջ աշխատանքները ավարտել են, գործը մնում է կառավարությանը, որը խոստացել է, բայց հիմա գումարի հարց է. «Մի միլիոն չէ, երկու միլիոն չէ, մեծ գումար է», – մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Ներսիսյանը` ավելացնելով, որ վերջերս մի նամակ էլ ուղարկեցին, բայց դեռ որևէ բան պարզ չէ: Գյուղապետն արդեն երկրորդ անգամ է վերընտրվում, ի՞նչ է առհասարակ հասցրել անել գյուղի համար` նախ նշեց մանկապարտեզի շենքի վերանորոգումը, հետո էլ գյուղապետարանի. «Այն ժամանակ, երբ որևէ տեղ համակարգչային դասարան չկար, մեր գյուղում կար, և որ աշխատատեղ չկա` գյուղապետի մեղքը ո՞րն է: Իսկ գյուղի ամենահրատապ խնդիրը համարեց ոռոգման ջրի խնդիրը, որով էլ պայմանավորված է գյուղացու հող չմշակելը, քանի որ ամբողջը խորքային հողեր են:
Մեր այն հարցին, թե շուտով գյուղում հող չի մնա, քանի որ խոսակցություններ կան, որ Կաթողիկոսը շատ հողեր է գնում, ասաց որ այդպիսի բան գոյություն չունի: Իսկ թե Կաթողիկոսն ի՞նչ է անում իր ծննդավայրի համար, ասաց, որ ցուցաբերում է աջակցություն, բայց այդպես էլ չասաց, թե ինչ աջակցություն, չմտաբերեց որևէ դեպք, բայց ասաց, որ բավականին ներդրումներ ունի գյուղի համար:
Ի դեպ, Կաթողիկոսի տունը հեռվից դղյակ է հիշեցնում, որտեղ այս պահին նորից շինարարական աշխատանքեր են իրականացվում, և որի պարիսպներից ներս որևէ մեկը որևէ բան չի կարող տեսնել և անգամ ներս մտնել: Տեղեկացնենք, որ 4-րդ վթարային այդ նույն շենքում էլ 51 թվականին ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մենուա
Dec 17, 2010 16:43