ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, June 6, 2011 3:27 - 3 քննարկում

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՄԵՌՅԱԼ ՏՆԻՑ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ՄԵՌՅԱԼ ՏՆԻՑ

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պատժի առավելագույն չափի դատապարտվածների թվում կան ռազմաքաղաքական անօրինական կազմավորումներում ընդգրկված անձինք: Ստորև հրապարակվող հոդվածի հեղինակ Արմենակ Մնջոյանը նրանցից է: Որպես նրա նյութի նախաբան` ցանկանում եմ ասել հետևյալը: Խնդիրն այն է, որ երկրում ռազմական անօրինական խմբավորումների առկայությունը պետության թուլության ցուցանիշ է: Իսկ ե՞րբ է պետությունը թույլ: Կա երկու բացատրություն: Նախ` երբ յուրաքանչյուրն իր ճշմատությունն ունի և ձգտում է այն տեսնել իրականում: Երկրորդ` երբ պետությունն ի վիճակի չէ իր գործառույթները կատարել և արդարադատություն ապահովել: Դաշնակները, հհշականներն ու շատ ուրիշներ Հայաստանի ապագայի առնչությամբ ունեին իրենց հայեցակարգերը` մեկը մյուսից բացարձակ տարբեր, և այդ հանգամանքը բախումներ էր հրահրում` հաճախ զինված:
Բանն այն է, որ չէր լինի խորհրդարանում վեց մարդ գնդակահարած ռոմանտիկների խումբը, եթե Հայաստանը որպես պետություն կայացած լիներ, քանի որ 1999 թվականին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, ըստ օրենքի, պետք է ցմահ բանտարկության մեջ լինեին: Առաջինը` աննախադեպ գողության համար, ինչի հետևանքը Լենինականում երկրաշարժի ժամանակ, մեղմ ասած, ահավոր շինարարության պատճառով 12 հազար մարդու սպանությունն էր, երկրորդը` այն ամենի համար, որ հասցրել է անել կարճատև կյանքի ընթացքում: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն այդ առնչությամբ ասել է. «Երբ պետության մեջ արդարադատություն չկա, գործում է ինքնադատաստանը»: Անկասկած, նրա հետ համաձայն ենք: Եվ, բնականաբար, այսօր Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը չէին լինի մահվան դատապարտվածների թվում, եթե Տեր-Պետրոսյանի իրավապահ մեքենան արդյունավետ գործեր: Երբ Արծրունուն հարցրի իր կազմակերպության կողմից (այսօր Եռաբլուրում հերոսի կոչումով ննջող) Գագիկ Սահակյանին վերացնելու մասին, պատասխանեց, որ դա վրեժխնդրություն էր Ղարաբաղի ղեկավար Արթուր Մկրտչյանի սպանության համար, որը Սահակյանն իրականացրել է 1991 թ.-ին: Եվ ավելացրեց, որ ստիպված չէր լինի վերականգնել արդարությունը, եթե դրանով զբաղվեր Տեր-Պետրոսյանի ղեկավարած պետությունը: Պարադոքսն այն է, որ Արթուր Մկրտչյանի սպանության իրական պատճառների մասին հասարակությունը դույզն-ինչ պատկերացում չունի: Բնակչության մի մասը մինչև օրս պատվիրատու է համարում Տեր-Պետրոսյանին, երկրորդ մասը` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, մյուս մասը` բոլոր երեքին: Իսկ այն, որ Արթուր Մկրտչյանը դարձել է միջդաշնակցական գժտությունների զոհ, քչերը գիտեն:
Ինչպես տեսնում ենք, պետությունը պատժի առավելագույն չափի է դատապարտում այն քաղաքացիներին, որոնց սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով, հենց ինքն է դրդել իրավախախտման` մղելով իրավական դաշտից դուրս քաղաքական գործունեության: Հետևաբար, այդ քաղաքացիների դատապարտումը, բացի զուտ իրավականից, նաև քաղաքական ակցիա է: Իսկ դա նշանակում է, որ պատժի առավելագույն չափի դատապարտված ռազմականացված քաղաքական խմբավորումների անդամների հարցը մնում է բաց, այն պետք է լուծում գտնի բարոյականության և արդարության շրջանակներում, որոնք, ըստ էության, պետության հիմնական արժեքներն են:
ԽՐԱՄԱՏՈՒՄ «ՊՐԻՄԱ ՔԱՇՈՂՆԵՐԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ
«Հաղթում եմ, նշանակում է` հակառակորդիս գերազանցում եմ զոհաբերության մեջ: Ահա՜ ռազմական դոկտրինայի այբն ու փիլիսոփայությունը»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահվան դատապարտված
Սեռական օրգանների պլաստիկ վիրաբուժությանը և պոռնո-աստղ Կիմ Կարդաշյանի` խորապես երջանիկ կյանքին նվիրված սերնդադաստիարակչական հայտագրից առաջ, «TV5» հեռուստաալիքի ղեկավարությունը, նոր սերնդի դաստիարակությունը մի պահ արհամարհելով, հեռարձակում է պատմաշինության սուրբ գործին մասնակցելու անմնացորդ ցանկությունն ունեցող ոմն Գևորգ Ալթունյանի «Տեսանկյուն» հաղորդաշարը:
Խոսելով հայ ազգի հերոսների մասին` նա փորձում է սերունդներին բացատրել, որ երբ հայկական խրամատից դեպի թուրքական խրամատ մերոնք հայհոյում էին նրանց մոլլային, ապա թուրքերը դիմացի խրամատից պատասխան հայհոյանքի նախադասությունում, որպես ուղիղ խնդիր, օգտագործում էին Վազգեն անունը: Ինչ-որ տեղից լսելով այս փոխադարձ հայհոյանքների մասին և հատկապես դրանց մեջ էլ Վազգեն անունը, Գևորգ Ալթունյանի մոտ տեղի է ունենում հանկարծակի փայլատակում ու դրա արդյունքում էլ գալիս է մի զավեշտալի հետևության, որ «Վազգեն Սարգսյան» կամ «Հայ ազգ»` մեր թշնամու մտքում նույն նշանակությունն ունեն: Եվ շարունակում է` հաստատելով այն միտքը, որ դա բնական երևույթ է, քանի որ ամեն մի ազգ նույնացվում է իր հերոսների հետ: Սակայն իրականում տղաները հահոյում էին մոլլային` նկատի ունենալով իսլամ ֆունդամենտալիզմից հեռացած, աղավաղված և նրանց հայատյաց կրոնը, իսկ այն կողմից հայհոյում էին Վազգեն ասելով` նկատի ունենալով հայոց հոգևոր առաջնորդ Վազգեն կաթողիկոսին:
Որքան էլ որ Վազգեն Սարգսյանը լինի Գ.Ալթունյանի մոլլան, երբեք այն թուրքերին վախ չի ներշնչել: Ավելին, ադրբեջանական վերնախավում միշտ էլ եղել է այն համոզմունքը, որ հարկ է գեներալ Գրաչովի միջոցով Վազգենին կաշառել և սանձել ամբողջ հայկական բանակը: Մի բան, որին, ըստ երևույթին, նրանք ի վերջո հասան: Սրա մասին խոսուն փաստ է հենց Արծվաշենի շուրջ կատարված իրադարձությունները և պարտված ադրբեջանական բանակի հետ առանց նախապայմանների կնքած հրադադարը` «ամենայն հայոց» Վազգեն «սպարապետի» կողմից:
ՌԴ Գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան սպաներ պատմում էին, որ թուրքերը առաջին անգամ Վ.Սարգսյանին փորձում էին գնել, երբ Գրաչովի մոտ են հայտնվում` Արծվաշենն ու Նյուվադին փոխանակելու առաջարկությամբ: Գրաչովը, ի վերջո, Վ.Սարգսյանի միջոցով էլ իրականացնում է այս ծրագիրը: Վ.Սարգսյանը փոխանակումն իրականացնելու համար նախ պետք է ցույց տար, որ պաշարումը վերացնելու համար ջանք չի խնայում: Դժբախտաբար, նա թերագնահատել էր Մասիսի և «Ղռեր», «Զորավար Անդրանիկ» ջոկատներում մարտնչող տղաների ոգին, որոնք Արծվաշենի ու Կրասնոսելսկի միջև գտնվող «թուրքական» երեք գյուղերը ազատագրեցին, ու Արծվաշենի պաշարումը վերացվեց: Եվ երբ Վ.Սարգսյանը «Զինուժ» վիդեոօպերատորի հետ այցելում է ճանապարհը վերահսկող այդ ջոկատայիններին և ինչպես որ ջոկատայինները պատմում են` «Հանկարծ լսվում է կրակոց ու քաջարի «սպարապետը» սարսափահար գոռալով` «արա խփում են», մի կերպ խցկվում է սպիտակ «Մերսեդես» ջիպի մեջ` վարորդին հրամայելով քշել-փախչել տարածքից, ապա տեսնելով, որ ջոկատի տղաները նայելով իր կողմը ծիծաղում են ու հատկապես երբ մեկն ասում է` «հենա, մեր տղերքն են կրակում», մատ է թափ տալիս Մասիսի տղաների կողմը, ապա` սարսափը դեռ սրտում, նստելով իր մեքենան` վերադառնում է Հայաստան»: «Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար, և միշտ քաջաքաջ ու մահապատրաստ»` Գ. Նժդեհ: Մինչդեռ, նապաստակի պես վախվորած ու փախչող «հերոս սպարապետի» հետևից զարմացած նայող փորձառու մարտիկներին, մի քանի օրից փոխարինեցին ոչ մի պատրաստություն չանցկացրած, ամբողջությամբ նորակոչ` Կիրովականի գունդն ու Արագածի եզդիների ջոկատը: Գունդը դիրքերը ստանձնելուց ու դեռ ամբողջովին դրան չծանոթացած, այսինքն` տեղակայվելուց մի քանի ժամ հետո հետևեց թուրքերի մեծածավալ հարձակումը: Մերոնք բավական մեծ թվով զոհեր ունեցան: Այնքան շատ էին մեր զոհերը, որ Արծվաշենի հանձնումից հետո, իր ջոկատը գրեթե ամբողջությամբ կորցրած եզդիների հրամանատարը Կրասնոսելսկի հյուրանոցի դիմաց կանգնեցված «ՈւԱԶ» մեքենայի վրա է բարձրանում ու ինքնասպան լինում: Ի դեպ, դիրքերը Կիրովականի գնդին հանձնած ու հոգնած ջոկատները, իմանալով կատարվածի մասին, անմիջապես հետ են վերադառնում մինչև սահման, սակայն նրանց այդպես էլ արգելվում է հակահարձակման անցնել: Եվ նույնիսկ, երբ այդ գծի վրա 1994թ-ին ոչ մի ազերի վարձկան չկար, «սպարապետը» արգելում է դեպի Արծվաշեն ու Դաշքեսան որևէ մարտական գործողություն ձեռնարկել:
Այս հոդվածի սահմաններից դուրս է Սարգսյան-Գրաչով զույգի բիզնեսի մասին մանրամասներ հաղորդելը, սակայն տվյալ ցուցակում ամենակարևոր համաձայնությունները, որոնք Մոսկվայում անգամ գաղտնիք չէին համարվում այդ օրերին, Քելբաջարը չգրավելու համար ստացված գումարներն էին, որոնց համար հետո մեծ վեճեր էին տեղի ունեցել, քանի որ Վարդենիսի գնդի հրամանատար Հովսեփը մերժել էր ենթարկվել երկիր չազատագրելու նման հրամաններին: Ու հատկապես Միր Բաշիրի ազատագրումը, որը պլանավորվել էր ՌԴ Գլխավոր շտաբի կողմից և չիրականցվեց հենց միայն «ազգային հերոս սպարապետի» «անմնացորդ» ջանքերի գնով:
Գ.Ալթունյանը` սեփական անձի հեղինակությունը բարձրացնելու համար ամենաէժան և վառված ձևն է ընտրել` ապավինելով «սպարապետի» հեղինակությանը: Մի հեղինակություն, որ սարքվել է ամենալկտի հեռուստատեսային հայտագրերի միջոցով և քաղաքական մի շարք գործիչների` իմա քաղաքական կարիկատուրաների ստրկամտության արդյունքում: Մի հեղինակություն, որի անգամ գոյությունը` որպես այդպիսին, ստիպելու է ամբողջ մի ազգի նոր որևէ հեղինակության կամ հերոսի կայացումը պատկերացնել միայն նման մեխանիզմների միջոցով: Այսինքն` ստի, խաբեության, ստրկական ու հոգով տկարի համակերպման մեխանիզմների: «Հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատությունը»` Գ. Նժդեհ:
Սակայն Գ.Ալթունյանին իրականում կարիք էլ չկա Վ.Սարգսյանի հերոսական հիշատակի կողքը կանգնելու և դրանով իսկ պատիվ ձեռք բերելու: Քանի որ նա արդեն ամենուրեք հայտարարում է. «Ես պատիվ եմ ունեցել ծառայելու գեներալ Մանվել Գրիգորյանի բրիգադում» ու ավելացնում, որ «բոլոր նրանք, ովքեր քննադատում են մեր հերոսներին, նրանք տեղյակ չեն, թե բանակն ինչ բան է, չգիտեն, թե ինչ է նշանակում խրամատում սիգարետ վառել թաքուն` դիպուկահարի կրակոցից խուսափելու համար»: Բանից պարզվում է, որ նա տեղյակ է, թե բանակն ինչ բան է և մեզ փորձում է բացատրել այդ մասին: Գ. Ալթունյանի բանակային իմացությունը նրբորեն շրջանցելով Հայ Ազգային բանակի տրադիցիոնալ արժեհամակարգը` սահմանում է հայրենասիրության նորագույն բանաձևով` «Բանակը այն խրամատն է, որում մարդիկ սարսափը սրտներին, շունչները պահած սիգարետ են վառում»: Հարկ է Գ.Ալթունյանին հիշեցնել դարերի խորքից եկած հայրենյաց մեկ այլ բանաձև` «Էշն իր չճանաչած խոտը որ ուտի, իսկույն գլուխը կուռի»:
Այստեղ ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե պսևդոիշխանությունները ինչպես են «սպարապետ» ու «հերոսներ» սարքում` ապավինելով կեղծիքին ու ստին: Ինձ զարմացնում է, թե ինչու Գ. Ալթունյանի հայտագրում այս զավեշտը լսող և ազատամարտին մասնակցած մեր տղաները շարունակում են համեստորեն լուռ մնալ: Դեռ որքա՞ն կարելի է տանելի համարել «երբ ես խրամատում էի» երազախաբ եղած սրճարանային պատմիչների հեռուստատեսային տարբեր ալիքներով հեռարձակումները:
«Մեր կյանքում ամեն կեղծիք` մի գերեզման է ճշմարտության համար». Գ.Նժդեհ:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
Jun 6, 2011 7:40