– Պարոն Ջանիբեկյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ ընդունած վերջին բանաձեւը, ըստ որի՝ ՀՀ իշխանություններին ժամանակ տրվեց մինչեւ ապրիլ: Եվ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե դա ՀՀ իշխանությունների հաղթանակն էր:

– Դրական եմ գնահատում ԵԽԽՎ որոշումը եւ, այո, դա համարում եմ այս իշխանությունների հաղթանակը: Քանի որ, ըստ իս, մեր իշխանություններն այսօր ճիշտ ուղու վրա են, իսկ ահա ընդդիմությունն իրեն սխալ է պահում: Անշուշտ, իշխանություններն ունեն բազմաթիվ բացթողումներ ու թերություններ, բայց դա չի կարելի սարքել մատի փաթաթան եւ անընդհատ ասել միայն վատը, վատը, վատը: Ես չեմ ընդունում այսօրվա ընդդիմության որդեգրած վարկաբեկիչ եւ հետապնդող գործելաոճը:

– Բայց, պարոն Ջանիբեկյան, հետապնդողն այսօր ոչ թե ընդդիմությունն է, այլ՝ իշխանությունը: Ի վերջո, հենց իշխանության հետապնդող գործելաոճի արդյունքում են ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներ հայտնվել բանտերում:

– Այն մարդկանց, ովքեր բանտերում են, կգա ժամանակը՝ կազատեն: Ուղղակի պետք է հանգստանալ, մեզ բոլորիս պետք է հանգստություն, որ դա արվի: Մինչդեռ՝ ընդդիմությունն անընդհատ բորբոքում է վիճակը:

– Իսկ իշխանությունն ի՞նչ է անում: Արդյո՞ք որեւէ քայլ անում է Ձեր նշած հանգստության հաստատման համար: Չէ՞ որ ընդդիմության կողմից երկխոսության գնալու պահանջը մեկն էր՝ ազատ արձակել «Մարտի 1»-ի գործով կալանավորված ընդդիմության ներկայացուցիչներին: Ինչո՞ւ իշխանությունները, որոնք, Ձեր գնահատմամբ, այսօր ճիշտ ուղու վրա են, չեն գնում այդ քայլին:

– Բայց ախր դուք անընդհատ մի կողմն եք ասում: Հակառակն էլ ասեք: Ինչո՞ւ չեք ասում էն ոստիկանների մասին, որոնց էդ նույն ընդդիմությունը ծեծում էր, էն խանութների մասին, որ թալանում էր: Էդ բոլորը ո՞վ արեց: Դրսից ոչ ոք չեկավ-չարեց, չէ՞: Ինչի՞ եք մի լարի վրա ծնգծնգացնում:

– Իսկ Դուք վստա՞հ եք, որ այն, ինչ տեսել եք հեռուստատեսությամբ, չէր արտացոլում միայն մեկ կողմը: Ի՞նչ կասեք ընդդիմության հրապարակած բազմաթիվ տեսաերիզների մասին, որոնք բոլորովին այլ պատկեր էին ներկայացնում: Ծանո՞թ եք դրանց, տեսե՞լ եք, արդյոք:

– Այո, տեսել եմ, ամեն ինչ էլ տեսել եմ:

– Այդ դեպքում, ինչո՞ւ, ըստ Ձեզ, դրանցից ոչ մեկը չցուցադրվեց ՀՀ անկախ կոչվող հեռուստաալիքներից որեւէ մեկով:

– Ես ի՞նչ իմանամ, ես ամենագետ չեմ, որ պատասխանեմ էդ տեսակ հարցերին: Բայց համոզված եմ, որ երբ ժամանակը գա, այդ մարդկանց կազատեն, բա հո չե՞ն պահելու, էդ մարդիկ հայեր են, չէ, հո մենք թուրք չե՞նք: Մեր կառավարությունը նորմալ հայեր են:

– Ո՞վ է որոշելու, թե երբ է այդ ժամանակը: Շուտով մեկ տարին կլրանա:

– Մի մտածեք, նրանց կազատեն: Թող մի քիչ էլ, մեկ տարի էլ անցնի, ի՞նչ է եղել, որ:

– Առանձնապես ոչինչ՝ գուցե Ձեզ եւ ինձ համար: Սակայն այդ անմեղ մարդկանց, նրանց երեխաների, հարազատների համար…

– Անմեղ մարդն ի՞նչ գործ ուներ այնտեղ, չեմ հասկանում:

– Անմեղ մարդն ընդամենը միտինգի էր գնացել: Այս երկրում, կարծեմ, արգելված չէ միտինգի գնալ: Ինքներդ էիք ժամանակին գնում Արկադի Վարդանյանի միտինգներին:

– Հա, ես էլ էի գնում, բայց ես անմեղ չէի: Ես ասելիք ունեի եւ ասում էի:

– Այսինքն՝ ճի՞շտ էին արել, որ Ձեզ ձերբակալել էին ընդամենը Ձեր կարծիքը արտահայտելու համար:

– Ես հայհոյում էի երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ես այսօր էլ եմ հայհոյում նրան, բայց Սերժ Սարգսյանին՝ ոչ: Կարծիքը կարելի է հայտնել, ամեն ինչ էլ կարելի է անել, դա դուխի հարց է:

– Նաեւ՝ պարզապես մարդու իրավունքների ու իրական ժողովրդավարության: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչը Ձեզ ժամանակին դրդեց հանկարծակի դառնալ ընդդիմադիր եւ նույնքան հանկարծակի էլ՝ դադարել այդպիսին լինելուց:

– Ես միշտ էլ դեմ եմ եղել Քոչարյանի քաղաքականությանը: Երբ նա ասաց, թե իրենից բացի Հայաստանում տղամարդ չկա, դա ինձ վրա շատ վատ ազդեց: Բայց այսօր մտածում եմ՝ միգուցե նա ճիշտ էր: Այսօր, իրոք, Հայաստանում տղամարդ չկա:

– Դե, եթե նա ճիշտ էր, այդ դեպքում ինչո՞ւ եք այսօր էլ շարունակում նրան հայհոյել:

– Հա, ճիշտ էր, բայց մեր ազգը, մենք բոլորս հակասական ենք:

– Նկատենք, սակայն, որ Արկադի Վարդանյանի եւ նրա համակիրների ձերբակալությունից հետո Ռոբերտ Քոչարյանը դեռ 6 տարի ՀՀ նախագահն էր, սակայն այդ տարիներին Դուք որեւէ կերպ Ձեր անհամաձայնությունը չէիք արտահայտում նրա գործունեության վերաբերյալ: Ինչո՞ւ:

– Որովհետեւ հասկացա, որ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է, եւ, որ ընդդիմության գործունեությամբ կամ շիտակը խոսելով, որեւէ բան չի փոխվի:

– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է այս երկրում որեւէ բան փոխվի, ո՞րն է ճանապարհը:

– Ճանապարհը ինքն իր հունով գնում է, էլի, ինչո՞ւ եք շտապում, ամեն ինչ իրար խառնում: Ապրեք, ապրեք՝ կտեսնեք:

– Ապրում ենք, սակայն այսօր այդ ճանապարհին տեսնում ենք, որ ՀՀ շարքային քաղաքացիներին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալում են, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առողջապահության փոխնախարարներին, հասարակական վայրում մարդկանց ծեծելու համար ընդամենը խիստ նկատողություն հայտարարում:

– Ի՞նչ անենք, դա էլ է մարդկային բան: Մշակույթի նախկին նախարարն էլ ատրճանակով մեկին հարվածեց: Դա էլ է մարդկային, մարդ սպանելն էլ է մարդկային: Ամոթ իրենց, բայց եթե այդպես դատենք, բոլորին պետք է բանտերը լցնե՞նք:

– Պարոն Ջանիբեկյան, վերադառնալով ԵԽԽՎ բանաձեւին՝ ի՞նչ եք կարծում, մինչեւ ապրիլ որեւէ բան կփոխվի՞:

– Վստահ եմ՝ այո: Բայց պետք է հիշենք, որ այդ ամենը, այդ 10 զոհերը նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի վզին են: Մարտի 1-ը նրա օրոք է եղել, ինքն է հրահանգ տվել, ինքն էլ պետք է այդ ամենի տակից դուրս գա:

– Մի վերջին հարց. անկախացումից հետո ո՞րն է վերջին պարգեւը, որը Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության կողմից:

– ՀՀ վաստակավոր դերասանի կոչումը:

– Իսկ դա ե՞րբ է տեղի ունեցել եւ ո՞ւմ կողմից է այն Ձեզ շնորհվել:

– 2004-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: