Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, November 16, 2008 15:26 - չքննարկված

ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեռուստացույցի իշխանությունը պետական իշխանությունից զորեղ է։ Իշխանությունը ընդամենը որոշում է, թե ինչպես քվեարկենք, իսկ հեռուստատեսությունը կանոնակարգում է ողջ կյանքը։

Հեռուստատեսությունը նենգ իշխանություն է։ Չի ասում. ես հրամայում եմ։ Ասում է. ես քեզ զվարճացնում եմ, ես քո լավագույն բարեկամն եմ, տեղեկատուն, ժամանցը… Թվում է, թե հեռուստացույցը կառավարում եք դուք. կարող եք ընտրել ալիքը, կարող եք անջատել. այն խոնարհ ծառա է։ (Իշխանությունը նույնպես սիրում է անվանել իրեն ժողովրդի ծառա)։

Ծառա՞։ Բայց չէ՞ որ միայն նա է ձեր ընտանիքում խոսում ժամեր շարունակ։ Դուք միմյանց հետ արդեն գրեթե չեք խոսում։ Տուր, հավաքիր. սա խոսակցություն չէ։

Մարդը առարկում է (երբեմն) նույնիսկ ղեկավարին։ Երեխան, պատահում է, վիճում է հոր, ուսուցչի հետ։ Եւ միայն հեռուստացույցի հետ չեն վիճում։ Նա խոսում է մենակ, դուք լուռ ու մունջ կուլ եք տալիս։ Այդ գործընթացում մտքեր նախատեսված չեն։ Ավելի ճիշտ, դրանց համար հեռատեսորեն տեղ չի թողնված։ Մարդը միացած է։ Ուղեղը՝ անջատված։

Մարդիկ նույնիսկ չեն մտահոգվում (եւ չեն էլ ուզում իմանալ), թե ինչ է կատարվում իրենց հետ, իրենց հոգու, ուղեղի հետ՝ հեռուստաարտադրանքի անդադար կլանումից։

Հեռուստացույցը քայքայում է զգացմունքների եւ հարաբերությունների մարդկային հիերարխիան։ Դուք սկսում եք ինչ-որ կարեւոր բան ասել, իսկ ձեզ պատասխանում են.

-Մի՛ խանգարիր։ Լռի՛ր։

Նրանք լսում են, թե ինչ է ասում հեռուստացույցը։

Ժամանակին զինվորական հոգեբան Դեյվ Գրոսմենը (ԱՄՆ) հայտարարեց. «Հեռուստատեսությամբ բռնության ցուցադրումները եւ է՛լ ավելի վտանգավոր, բռնությամբ հագեցած վիդեոխաղերը երեխաների եւ դեռահասների մոտ գործի են գցում հոգեբանական այն նույն մեխանիզմները, որոնց օգնությամբ պրոֆեսիոնալ զինվորներին սովորեցնում են սպանել։

Ես գրեթե 25 տարի ծառայել եմ որպես զինվորական հոգեբան. իմ խնդիրն էր՝ ընդունակ դարձնել մարդկանց սպանություն գործելու, այդ հարցում մենք շատ առաջ ենք գնացել։ Սպանելու ունակությունն ինքնաբերաբար չի առաջանում. դրա մեջ ոչ մի բնական բան չկա։ Դա պետք է սովորեցնել։

Զինվորական ծառայության ընթացքում մենք վարժեցնում ենք մարդկանց, որ կարողանան սպանել։ Եւ ճիշտ նույն բանը անում է հեռուստատեսությունը երեխաների հետ։ Իսկ մենք բացարձակապես անխոհեմաբար, կուրորեն թույլ ենք տալիս դա։ Ամենաքնքուշ տարիքից երեխաների մեջ մշակում ենք դաժանություն ու անզգամություն»։

Գերմանացի գիտնական Ռայներ Պացլաֆը գրել է «Պաղած աչք» գիրքը՝ այն մասին, թե ինչ է կատարվում հեռուստատեսության ազդեցությամբ մարդու, հատկապես երեխաների հոգեկանի հետ.

«Որքան շատ են փոքր երեխաները հեռուստացույց դիտում, այնքան հաճախակի եւ ծանր են նրանց մոտ առաջացող խոսքի խախտումները։ Հեռուստաէկրանը կասեցնում է ինքնաբուխ ստեղծագործական խաղերն ու բնական շարժումները։ Դա հանգեցնում է գլխուղեղի ֆունկցիաների ձեւավորման դեֆիցիտի, իսկ տուժում են դրանից ստեղծագործական ունակությունները, երեւակայությունն ու ինտելեկտը։

Հեռուստատեսությունը հանգեցնում է աչքի հարմարվողականության բացարձակ կորստի։ Աչքերի սեւեռվածությունը փոխանցվում է ողջ մարմնին. նույնիսկ ամենաանդադրում փոքրիկները ժամեր շարունակ անշարժ նստում են հեռուստացույցի առաջ։ Բժիշկները նման վիճակն անվանում են «շարժողական լճացում», բայց խնդիրը ոչ թե մկանների պասիվությունն է, այլ մկանները կառավարող կամքի պասիվությունը։ Ընթանում է գրոհ՝ մարդու կամային ունակության դեմ։ Տեղի է ունենում ակտիվության նվազում, կամքի լճացում եւ, որպես հետեւանք՝ անհատի դեգրադացիա»։

Մեծամասնության համար (այդ թվում` նաեւ ձեզանից շատերի, հարգելի ընթերցող) չափազանց դժվար է ընդունել այս հայացքների իրավացիությունը։ Քանզի կնշանակեր ընդունել, որ տարիներ շարունակ կործանել ես ինքդ քեզ եւ զավակներիդ։

Բացի դրանից, եթե ընդունում ես, նշանակում է՝ պիտի որ անհապաղ փոխես սեփական պահվածքդ (այլ ոչ թե սպասես, մինչեւ աշխարհը փոխվի դեպի լավը)։

Ասում են, թե իբր հեռուստացույցի պարագայում ընտրության հնարավորություն կա։ Դա խորամանկություն է։ Այ, գրախանութում ընտրության հնարավորություն կա։ Այո, ամենաերեւացող տեղում փայլակազմ բեսթսելլերներն են ռուսերեն լեզվով։ Բայց գրախանութում ընտրության հնարավորություն կա։ Ընթերցողը հեշտությամբ կգտնի այն, ինչ պետք է իրեն, թեկուզեւ հեռավոր դարակում։ Գլխավորը այն է, որ ե՛ւ գլուխգործոցները, ե՛ւ աղբը վաճառվում են միաժամանակ։

Հեռուստատեսության պարագայում կա ոչ թե հեռավոր դարակ, այլ անհարմար ժամանակ։ Անիմաստ ապուշությունները ցուցադրվում են ամեն օր եւ լավագույն ժամերին, իսկ իսկապես արժեքավոր բաները՝ միայն ամենից անհարմար ժամանակ։ Ասում են, թե իբր հեռուստատեսությունը արտացոլում է կյանքը։ Եթե դա այդպես լիներ, ապա մեր փողոցներն այլ տեսք կունենային։ Ռեստորաններն ու հասարակաց տները բաց կլինեին առավոտից մինչեւ երեկո, իսկ թանգարաններն ու գրադարանները՝ կեսգիշերից հետո։

Հեռուստատեսությունը ծուռ հայելի է։ Բայց ամենավատն այն է, որ նա ինքն է ընտրում, թե ինչ արտացոլի։ Արտացոլում է դեբիլներին, խեղկատակներին ու ստախոսներին, իսկ նորմալները, բարիները, խելացիներն այնտեղ գրեթե չեն երեւում։ Չեն արտացոլվում։

Ժողովրդի ղեկավա՛րը։ Ամենագլխավո՛րն այս կյանքում։ Ոմանք կմտածեն, թե դա նախագահն է։ Ո՛չ, դա հեռուստացույցն է։

Նա ամենքի գլխավորն է։ Նույնիսկ Աստծուն (մեծատառով) հավատացյալների մեծամասնությունը հատկացնում է օրական ընդամենը մի քանի րոպե։ Իսկ աստծուն (փոքրատառով)՝ երկար ժամեր։
* ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ