Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 7, 2009 9:37 - 4 քննարկում

ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԵՐԹ

  • article's photo

    Լրագրողների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը, անդրադառնալով Ռուսաստանում «օտարազգիների» սպանություններին, նկատեց. «Իհարկե, քսենոֆոբիայի փաստը գոյություն ունի, եւ մեր իրավապահ մարմինները այդ ուղղությամբ աշխատում են, այդ դեպքերին հատուկ ուշադրություն է դարձվում։ Բայց պետք է ասեմ, որ սպանության դեպքերի մեջ մեծ տեղ են զբաղեցնում կենցաղային դրդապատճառները, քրեական հաշվեհարդարները»։Մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է համաձայնել դեսպանի հետ։ Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Ռուսաստանում սկսվել է իսկական «դարչնագույն քայլերթ», եւ չնկատել դա անհնար է։

    ՍԱՐՍԱՓԵԼԻ ԾԱՆՐՈՑ

    Նրանց համար վերջին հաշվով միեւնույն է, թե ում սպանել. Միջին Ասիայից եւ Կովկասից եկածների, սեւամորթների, բոմժերի, թե սովորական անցորդների, եւ նրանք դա չեն թաքցնում։ «Ռազմական գործողությունների թատերաբեմի» է վերածվել նախեւառաջ Մոսկվան, որտեղ վերջին ժամանակներս կազմակերպվեց պայթյունների մի ամբողջ շարք։

    Միաժամանակ Մոսկվայի տարբեր ծայրամասերում նույն սցենարով կատարվում էին դաժան սպանություններ. մի քանի երիտասարդներ փողոցում հարձակվում էին անցորդի վրա, դանակի տասնյակ հարվածներ հասցնում նրան եւ արագ ցրվում տարբեր կողմեր։ Վերջին չորս ամիսների ընթացքում Մոսկվայում եւ մարզում այդ կերպ սպանվել ու վիրավորվել է, մոտավոր հաշվարկներով, գրեթե 100 մարդ։ Նման բան դեռ չէր եղել։

    Ավելին, վերջերս ե՛ւ իրավապահներին, ե՛ւ իշխանություններին հանդուգն մարտահրավեր նետեցին. Մոժայսկի շրջանի վարչական շենքի պատի տակ դրեցին ասիական արտաքինով մարդու կտրած գլուխ։ Սարսափելի «ծանրոցին» կցված էր երկտող՝ չինովնիկներին ուղղված նախազգուշացումով, որ դադարեն նպաստել «օտարազգիներով» Մոսկվայի բնակեցմանը։ Սա՞ էլ էր կենցաղային հողի վրա իրականացված սպանություն։

    ՆԵՈՖԱՇԻՍՏՆԵՐ.

    ՆՈՐ ՎՏԱՆԳ

    Մարդկանց մեջ սխալ պատկերացում է ստեղծվել, թե այլազգիների սպանությունները Ռուսաստանում կատարում են, որպես կանոն, սքինհեդները։ Իրականում ամենեւին էլ այդպես չէ։ Կա շատ ավելի սարսափելի եւ կազմակերպված ուժ` նացիոնալ-սոցիալիստները։ Նրանց վտանգն առ այսօր ակնհայտորեն թերագնահատվել է բոլորի կողմից։

    Իրենք՝ նացիոնալ-սոցիալիստները, չեն ընդունում սքինհեդներին։ Նացիոնալ-սոցիալիստների մեծամասնությունը լրջորեն զբաղվում է սպորտով, ի տարբերություն սափրագլուխների՝ չի օգտագործում ալկոհոլ ու թմրանյութեր, վարում է առողջ կենսակերպ։ Եթե սքինհեդները ձգտում են առանձնանալ ամբոխից, ապա նացիոնալ-սոցիալիստները՝ հակառակը. նախընտրում են մնալ ստվերում։ Նրանց մեջ կան իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ, բժիշկներ, իրավաբաններ, էլիտար բուհերի ուսանողներ։

    Փորձագետների գնահատականներով, չափազանց դժվար է պարզել Ռուսաստանում նացիոնալ-սոցիալիստական ընդհատակի ստեղծման պահը։ Դա տեղի է ունեցել մոտավորապես 2000թթ. սկզբին։ Սկզբում դրանք 16-18 տարեկան երիտասարդներից բաղկացած տարանջատ խմբեր էին։ Այսօր, ըստ որոշ տվյալների, միայն Մոսկվայում եւ Մերձմոսկվայում կա նացիոնալ-սոցիալիստական շարժման մոտ 20 հազար անդամ։

    ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿ

    Այսօր նացիոնալ-սոցիալիստների խմբավորումներում գոյություն ունի հստակ աստիճանակարգ, բայց միասնական կենտրոն, ինչպեսեւ ցայտուն արտահայտված առաջնորդ չկա։ Ամեն մի խումբ ենթարկվում է իր առաջնորդին։ Սրանք, իրենց հերթին, միմյանց հետ անձամբ չեն շփվում՝ կոնսպիրացիայի նպատակով նախընտրելով շփումների համար օգտվել ինտերնետից։

    Ֆաշիստական ընդհատակի ամենակոնսպիրացված մասը մարտական խմբերն են, որոնք անմիջականորեն իրականացնում են, ինչպես իրենք են անվանում, «ուղղակի գործողության ակցիաները». սպանություններ, պայթյուններ, հրկիզումներ։

    Երկրորդ խումբը ինտերնետ մարտիկներն են, նրանք, ովքեր կայքեր են ստեղծում, գրոհում պետական մարմինների եւ հակաֆաշիստների կայքերը, քարոզչություն վարում՝ հրապուրելով նորանոր կողմնակիցների։

    Հաջորդ խումբը համակիրներն են։ Դրանք հիմնականում երիտասարդներ են, որոնք չեն հասցրել վերջնականապես ընդունել նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները, բայց պատրաստ են դրան։ Նրանց ընդգրկում են մեկանգամյա գործողությունների իրականացման մեջ։

    Սա, իհարկե, պարզեցված սխեման է, բայց ընդհանուր առմամբ պատկերացում է տալիս ընդհատակի կառուցվածքի մասին։

    Բնականաբար Ռուսաստանի իրավապահ մարմինները ոչ միայն արձանագրում են նեոնացիստական ընդհատակի գործունեության վիճակագրությունը, այլեւ փորձում պայքարել այդ չարիքի դեմ։ Բայց առայժմ առանց առանձնակի հաջողության։ Նախեւառաջ այն պատճառով, որ արմատախիլ անել այդ երեւույթն առանց քաղաքացիական հասարակության աջակցության գործնականում անհնար է։ Իսկ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը, ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, միանգամայն համակրում է նրանց։

    Դե ինչ, երբ «օտարազգի միսը» վերջանա, նեոֆաշիստների գործողությունները կուղղվեն արդեն իրենց հայրենակիցների դեմ։ Դրանում կարելի է չկասկածել։

  • ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ
Feb 7, 2009 20:03