ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, October 22, 2011 12:25 - 1 քննարկում

Տղա ջան, ինչի՞ ես եկել

ՀԵՂԻՆԱԿ՝ Արման Ղարիբյան
Հայաստան ժամանեցի կարոտած տխրությամբ: Օդանավակայանում տաքսիստների ճակատամարտ սկսվեց` ուղեւոր փախցնելու համար: Ցավալի է, որ հորիցս մեծ տղամարդիկ կատաղի վիճում էին` ճամպրուկս իրենց ավտոմեքենան խցկելու համար: Եվրոպական երկրների օդանավակայանները սովորաբար իրենց պաշտոնական տաքսի ծառայությունն են ունենում, որը աշխատում է ֆիքսված գներով:

Իհարկե, մեր գների համեմատ, թանկ է, բայց վստահելի է, եւ երկիր ժամանած մարդկանց առաջին տպավորությունն էլ տհաճությունը չի լինում: Ինչեւէ, մի կերպ ինձ համար տաքսի ընտրեցի եւ երբ մեքենան տեղից շարժվեց, վարորդի առաջին հարցն այն էր, թե որտեղից եմ գալիս: Երբ ասացի, որ Հելսինկիում էի, վարորդը անսպասելիորեն բարկացավ:

«Տղա ջան, գժվե՞լ ես, հեսա մեքենան կկանգնացնեմ, քեզ ստեղ կիջացնեմ, ինչի՞ ես եկել»,- անհասկանալի էր, թե տաքսիստն ինչու է «հարձակվում» վրաս: «Բայց ես սիրում եմ իմ երկիրը»,- կարծես անհամարձակությամբ ասացի ես:

«Հա, բայց էս երկիրը քեզ չի սիրում, էս ճահիճ ա, շատ վատ ապագա ա ձեզ սպասվում, քո տարիքի ջահել տղերքը գնում են ստեղից, դու Ֆինլանդիայի նման կարգին երկրից հե՞տ ես գալիս»,- վարորդը իսկապես չէր հանգստանում:

Առաջին միտքը, որ առաջացավ գլխումս, այն էր, թե օտարերկրացիներն ու սփյուռքահայերն ինչքան կվախենան, եթե իրենց օդանավակայանից փոխադրող վարորդը նման մտքեր արտահայտի` այսպիսի ոգեւորությամբ: Ես որ բավականին տեղեկացված եմ Հայաստանի ներկա վիճակին եւ հնարավոր ապագային, միեւնույնն է, ընկճվեցի:

Մեր անմխիթար վիճակն այդպես անմիջապես ինձ երեսով տալը բավականին ծանր հարված էր մեկ ամիս ապահով ու զարգացած երկրում ապրած ու ֆիններին շատ հարցերում նախանձած հայ երիտասարդիս համար: «Ես գիտեմ, թե Հայաստանում ինչ է կատարվում, բայց դա ինձ չի հիասթափեցնում, ես այստեղ եմ, որ գոնե ինչ-որ բան փոխեմ»,- փորձեցի հակառակվել:

«Չես կարա, տղա ջան, եթե փորձես, քեզ կվերացնեն, ազգովի կվերացնեն»,- վարորդն անհույս էր: Հետագա զրույցից պարզ դարձավ, որ նա բարձրագույն կրթություն ստացած նկարիչ է, ով 30 տարի ապրել է նկարներ վաճառելով, իսկ այսօր ստիպված է վարորդ աշխատել, որպեսզի ընտանիք պահի:

«Քո տարիքի էրկու տղա ունեմ, դրա համար եմ էդքան բորբոքվում, ես իրանց համար էստեղ ապագա չեմ տեսնում: Հայաստանում մի հատ գործարան չի աշխատում, որ մարդ 40-ից հետո գնա աշխատի, 40-ից հետո դու էստեղ մարդ չես»,- կարծում է նկարիչ-վարորդը` ավելացնելով, որ Սովետի ժամանակ բոլորը մարդավայել կյանք են ունեցել:

Փորձում եմ բանավիճել, հարցնում եմ, թե ինքն անձամբ ինչ է անում, որպեսզի այս վիճակը փոխվի: Պարզվում է` ոչինչ էլ չի անում բացի դժգոհելուց: Ասում եմ` ուրեմն մենք արժանի ենք, որ էս կյանքով ենք ապրում, եթե ոչինչ չենք անում այն փոխելու համար: «Բայց ի՞նչ կարող ես անել, դառել ա մարդասպանների երկիր, ով ուզում ա մի լավ գործ անի, գլուխն ուտում են»,- պատասխանում է վարորդը:

Բարեբախտաբար, նա նույնքան վատ կարծիք չունի հայ ժողովրդի մասին. «Մեր ժողովուրդը շատ լավն ա, աշխատող ժողովուրդ ա, քարից հաց ա քամում, եթե մենք մի խղճով ղեկավար ունենանք, գիտե՞ս ինչ երկիր կսարքենք: Բայց ո՞ւր ա խղճով ղեկավար, չկա»: Ասում եմ` եթե նստենք ու խղճով ղեկավարի սպասենք, կարող է մինչեւ մեր կյանքի վերջ նա այդպես էլ չհայտնվի:

«Էդ մի բանը ճիշտ ես ասում,- վերջապես վարորդը մի բանում համաձայնեց ինձ հետ,- մեր ժողովուրդը շատ համբերատար ա, դա արդեն բացասական ա, որովհետեւ անտարբերությունից ա գալիս էդ համբերատարությունը»:
hraparak



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Oct 23, 2011 3:59