Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 6, 2009 9:19 - 6 քննարկում

«Ազատամտության Հրդեհից» Փրկված Գրառումը (ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕՐԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

Լույս Աշխարհ կայքի անդամ Ռոբերտի գրառման հետքերով, Google Cache համակարգի միջոցով գտա «Ազատամտություն» պարբերականում լույս տեսած եւ վերջերս հոդս ցնդած «ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕՐԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» հոդվածը եւ տեղադրեցի Լույս Աշխարհ կայքի պահոցում. մեզ մոտ այն չի կորչի։

Ինչո՞ւմն է խնդիրը: «Լույս Աշխարհ»-ը կմեկնաբանի դա:– Հակոբ, ադմին

20-03-2009

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՕՐԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ հայոց պետականության վերականգնումը կարևորագույն իրադարձություն էր: Առաջին գիտնականը, որ բավական լրջորեն զբաղվեց այդ խնդրով և լիարժեք ընդգրկումով ներկայացրեց Առաջին հանրապետության կայացումը, Կալիֆոռնիայի համալսարանի Հայ ժողովրդի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն էր:

Նրա գիտական խորազնին հետաքրքրությունների առարկան են դարձել նաև Հայաստանի առաջին հանրապետության մեկնաբանություններում եղած տարաձայնությունները: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարող կուսակցությունը գաղափարապես և քաղաքականապես դիմակայել է բոլշևիկյան աշխարհայացքին:

Վտանգ կար, որ Առաջին հանրապետության իրական պատմությունը կա՜մ լիովին կկորչի, կա՜մ անճանաչելիության աստիճան կխեղաթյուրվի:

Այսպիսով, Ռիչարդ Հովհաննիսյանն Առաջին հանրապետության պատմությունը վերականգնելու, հայկական միասնական պետություն ստեղծելու գաղափարով տոգորված` անձնազոհ մարդկանց մասին փաստերի լեզվով պատմելու գաղափար հղացավ:

Այդ աշխատությունը ծրագրված էր որպես դոկտորական թեզ, բայց գիտնականը չէր կարող ենթադրել, որ այդ թեման կդառնա իր կյանքի գործը, կտևեր երեսուն տարի և կմարմնավորվեր քառահատոր հիմնարար հետազոտությամբ: Ի դեպ, այն կոչվում է «Հայաստանի Հանրապետություն»: Այսօր արդեն կարելի է խոսել հետազոտության հինգերորդ հատորի մասին, քանզի 2008 թվականին Երևանում ռուսերեն լեզվով հրատարակվեց «Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունները 1918-1920 թթ.» գիրքը: Այն Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.» անգլերեն ուսումնասիրության հինգ հատորում ներկայացված՝ այդ ժամանակաշրջանի միջազգային հարաբերություններին առնչվող գլուխների ընդհանրացումն է: Առաջին հատորը լույս է տեսել 1971, հինգերորդը՝ 1996 թվականին:

Ահա ինչպես է սկսվել պատմական փաստաթղթերի մշակման մանրակրկիտ, ջանադիր աշխատանքը: Գիտնականն օգտվել է Փարիզի հաշտության խորհրդաժողովին ներկայացած հայկական երկու պատվիրակության (Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և ազգային պատվիրակություն՝ Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ), ինչպես և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պետական ու մասնավոր արխիվներից: Նաև լայնորեն օգտագործել է տարբեր լեզուներով փաստաթղթերի ծավալուն ժողովածուներ, գիտական աշխատություններ, հուշեր, այդ ժամանակաշրջանի կովկասյան և համաշխարհային մամուլը:

Որպես դարաշրջանին բնորոշ երևույթ՝ Ռիչարդ Հովհաննիսյանի համար անմատչելի էին հանրապետության Պատմության պետական արխիվը և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական բաժանմունքի կուսարխիվը: Հանգամանքների երջանիկ բերումով՝ Առաջին հանրապետության կառավարությունը Փարիզ էր ուղարկել արտաքին քաղաքականությանն առնչվող հազարավոր փաստաթղթերի պատճեններ՝ ջանալով Ավետիս Ահարոնյանի պատվիրակությանը տեղյակ պահել տարածաշրջանային իրադարձություններին: Փաստաթղթերն առնչվում են անդրկովկասյան երեք պետությունների փոխհարաբերություններին, Անտանտայի, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի համար մղվող զինված պայքարին, ինչպես և հանրապետության ներսում զինված գործողություններին: Բացի այդ, տարբեր երկրների արխիվներում պատմաբանը հայտնաբերել է ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական կառավարություններին՝ Կովկասում իրենց ներկայացուցիչներից ուղարկված հազարավոր ուղերձների բնագրեր և պատճեններ, գտել է նյութեր, որոնք չեն պահպանվել հենց Հայաստանում: Ուսումնասիրելով այդ արխիվները՝ կարողացել է հասկանալ տերությունների իրական քաղաքականությունը, որը հաճախ հակասում էր հրապարակային հռչակագրերին: Ինչպե՞ս են դասավորվել Ռիչարդ Հովհաննիսյանի հարաբերությունները հայ պատմաբանների հետ՝ հարցին նա պատասխանել է հետևյալ կերպ. «խորհրդային Հայաստանի շատ գիտնականներ իրենց համակրանքը բացահայտ դրսևորելու հնարավորություն չունեին, սակայն ինձ աջակցում էին անձնական մակարդակով, աշխատում էին ապահովել օգտակար հրատարակություններով և նպաստում էին Երևան այցելություններիս: Նույնիսկ պաշտոնական որոշ շրջանակներում չէին առարկում, երբ իմ գիտական աշխատանքի ընթացքում ԽՍՀՄ-ում ուսումնասիրման համար փակ հարցեր էի բարձրացնում: Ուրախ եմ, որ Ղարաբաղյան շարժումն սկսվելու հետ, պատմական կոնֆլիկտը հասկանալու համար, մարդիկ անդրադառնում էին նաև իմ գրքերին: Ուսումնասիրելով Առաջին հանրապետության պատմությունը՝ կարելի է եզրակացնել, որ այն խնդիրները, որոնց նա ստիպված եղավ բախվել, դարձյալ օրակարգ մտան հայկական անկախ պետության համար: Դեռ շատ բան պետք է վերցնենք 1917-1921 թթ. փորձից»:

Իմ կողմից նշեմ, որ խորհրդային պատմագրության մեջ արգելված էր 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օբյեկտիվ ուսումնասիրությունը, բայց փոխարենը ամեն կերպ խրախուսվում էին Հայաստանի կոմկուսի, կոմերիտմիության, խորհրդային շինարարության, Մեծ Հայրենականին մասնակցած հայկական դիվիզիաների պատմությանն առնչվող «թեզաբեր» թեմաները: «Ձևական» հայրենասիրության թեմաները գերիշխող էին և իրենցով ստվերում էին «ազգային վտանգավոր» թեման:

Հայաստանում Ռիչարդ Հովհաննիսյանը հաճախակի և սպասված հյուր է: Առաջին անգամ այցելել է 1959 թվականին: Այդ տարիներին մարդիկ վախենում էին հանդիպել արտասահմանցիների հետ: Տողերիս հեղինակին բախտ վիճակվեց Ռիչարդ Հովհաննիսյանին հանդիպել Մոսկվայում և ուղեկցել նրան Հայ հին և միջնադարյան գրականությանը նվիրված միջազգային գիտաժողովում: Ասեմ, որ ամենուրեք զգում էի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների սևեռուն հայցքները:

Ռիչարդ Հովհաննիսյանն իր բազմահատոր աշխատության գլխավոր գաղափարը համարում է Առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի իրավահաջորդային կապը: Գիտնականը համոզված է՝ եթե չլիներ Առաջին հանրապետությունը, Հայաստանը կարող էր առհասարակ չլինել:

Շնորհիվ Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի շրջանակում Ռիչարդ Հովհաննիսյանի առաջադեմ գործունեության՝ այսօր ունենք Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 800 ականատեսների ձայնագրությունները: Նրանցից այսօր ողջ են մի քանիսը: Վկաները չկան, բայց կան նրանց վկայությունները:

Իմ ընկալմամբ՝ Ռիչարդ Հովհաննիսյանն իր ազգի մեծ հայրենասերն է, Հայ Դատի երդվյալ« անզիջում ջատագովը: Մեծ հայ, որը կյանքի է կոչել մեր ազգային գաղափարը և ուսմունքը:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Apr 6, 2009 9:51