ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 30, 2011 12:22 - 1 քննարկում

«Եվրազէս»-ը զգուշացավ ուտող-ուրացող վարչապետի ախորժակից…

Փող չտվեցին սկանդալի պատճառո՞վ

Ինչպես տեղեկացնում է ռուսական մամուլը, նոյեմբերի 28-ին Եվրազէս-ը չի քննարկել Հայաստանի հայտը Նաիրիտ գործարանը վարկավորելու վերաբերյալ: Մինչ այդ, Ռուսաստանը հայտարարել էր Նաիրիտին 400 մլն դոլար վարկ տալու հնարավորության մասին:

Հնարավոր է, դա կապված է սկանդալային պատմության հետ, որը բռնկվեց քաղաքացի Հարություն Առաքելյանի նամակից հետո, որում Նաիրիտ գործարանի ներկայիս վիճակի համար մեղադրանքներ էին ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Առաքելյանը փաստացի վարչապետին մեղադրել է մեքենայությունների, գործարանի կանխամտածված սնանկացման եւ մի քանի տասնյակ միլիոն դոլարի յուրացումների մեջ այն վարկից, որը տրվել էր գործարանի առողջացման համար:

Հայաստանի իրավապահ մարմիններն առայժմ չեն հայտնել, թե արդյոք հարուցվել է քրեական գործ նամակում եղած փաստերի հիման վրա, թեեւ ինքը վարչապետը դիմել է գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու փաստերը: Սակայն, երեւում է, միջպետական մակարդակի սկանդալների լռության մատնելու պրակտիկան շարունակվում է:

Հետաքրքիր է, որ նման պատմությունները, որպես օրենք, կապված են Ռուսաստանի հետ, որտեղ գործում են նույն արատավոր բիզնես օրենքները, ինչպես Հայաստանում: Իշխանության ու բիզնեսի սերտաճումը, ՀՀ եւ Ռուսաստանի իշխանությունների ոչ իրավաչափ հարաբերությունները հանգեցնում են նրան, որ կատարվում են ոչ այնքան օրինական գործարքներ, միջպետական պայմանագրերի անվան տակ կնքվում են պայմանագրեր, իսկ երբ իշխանությունը փոխվում է, այդ «կեղտը» խրճիթից չի հանվում: Բացառություն է թերեւս միայն Լուժկովի դեպքը, ով, երեւում է, ինչ որ մեկին բավական «բարկացրել էր»:

Նման պատմություն «ի հայտ եկավ» նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ կարեն Կարապետյանի պարագայում, որին ռուսական մամուլում կապեցին Հայաստանի էլեկտրական ցանցերից 30 մլն դոլարի անօրինական դուրսբերման հետ: Մամուլում տեղեկություն եղավ, որ հենց դրա հետ էր կապված նրա պաշտոնանկությունը:

Նմանապես լռություն է Սիլվա Համբարձումյանի հետ կապված պատմության շուրջ, ով Սյունիքի մարզպետին մեղադրեց թանկարժեք սարքավորումների գողության մեջ: Գործ հարուցվեց, սակայն Խաչատրյանին չառաջարկեցին նույնիսկ ժամանակավորապես արձակուրդ գնալ մինչեւ հանգամանքների պարզումը:

Նաիրիտին վարկավորելու Եվրազէսի փաստացի մերժումը նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս չի ուզում թաքցնել այլոց աղբը: Հնարավոր է՝ դա ուղղված է կոնկրետ անձանց, որնց Ռուսաստանը չի ուզում տեսնել Հայաստանի իշխանության մեջ:

Ամենաահավորը, սակայն, այն է, որ հայաստանում չկա մեկը, ով հասարակական-քաղաքական մակարդակով բարձրացնի այս սկանդալային պատմությունների հարցը: Ոչ մի կուսակցություն, ոչ մի նախաձեռնություն չպահանջեցին Նաիրիտի ու Էլեկտրացանցերի հետ կապված պատմությունների անհապաղ հետաքննություն:
Նաիրա Հայրումյան

 

12:43:42 – 30/11/2011


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Naira
Dec 1, 2011 4:11