Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, July 19, 2011 20:11 - 1 քննարկում

Նախագահը՝ խաղամոլ, վարչապետը՝ գանձագող, խորհրդականը՝ մանկապիղծ…


Երեկ «Ազգային Գաղափար» լրատվամիջոցի լրագրող Ավետիս Բաբաջանյանը հանդես էր եկել «վերլուծական» հոդվածով, որտեղ տեղ էին գտել գնահատականներ ՀՌԱԿ շուրջ տեղի ունեցած իրադարձությունների, Հարություն Առաքելյանի ՀՌԱԿի ատենապետի պաշտոնից կամավոր հրաժարվելու մասին` որակելով այն մտացածին պատճառաբանությամբ, կամ ՀՌԱԿ-ը չի կարողանում հարաբերություններ հարթել վարչակազմի հետ… իսկ այսօր ՀՌԱԿի վրա հարձակում է գործել նախկին ռամկավարական «ԱԶԳ» օրաթերթը: Այս հարցերի պարզաբանման  համար  էլ  դիմեցինք Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության փոխատենպետ Հարություն   Առաքելյանին:

 

Պարոն Առաքելյան, ծանոթացե՞լ եք Ձեր մասին «Ազգային Գաղափար» եւ «Ազգ»-ի վերլուծություններին:

-Իհարկե ծանոթացել եմ:

Եվ ինչ

-Առանձնապես  ոչինչ: Իսկ  ձեզ մոտ հարց չի առաջանում, թե այս ինչ հիստերիա է ուղված իմ եւ ՀՌԱԿ-ի դեմ այս ամառվա շոգին, որն վերջին օրերին իրականացնում են պնակալեզ լրատվամիջոցների «վերլուծականների» շարանի տեսքով:

-Իհարկե շատ զարմանալի է:

-Սկսեմ Ավետիսից: Նա իմ ատենապետության առաջին օրից է կեղտ շաղ տալիս իմ հասցեին` դեռ 2003 թվականից: Ուղղակի այն ժամանակ նա Նիկոլ Փաշինյանի կողակիցն էր, իսկ հիմա նախագահականի: Այնպես որ, շատ հանգիստ եմ վերաբերվում նրա «մտքի» գոհարներին, մանավանդ որ «վելուծականը» գրելիս նրա ուղեղի ոչ բոլոր կիսագնդերն են լիարժեք աշխատել` հավանաբար շոգը իր գործը արել է… հակառակ պարագայում անիմաստ կլիներ իմ եւ ներկայիս ՀՌԱԿ ատենապետի միջեւ «սեւ կատու» փնտրել  կամ  ներկայացնել որպես տարբեր  քաղաքական  ուղեգծի  հետեւորդների:

Ուզում եք ասել, որ ՀՌԱԿում ամեն ինչ հանգիստ է:

-Ոչ, ՀՌԱԿ-ում  հանգիստ  չէ, նախընտրական  շրջան  է, այսինքն՝ բնական աշխատանքային  անհանգստություններ  են,  կարծում եմ, շատ կուսակցություններում, որոնք  պատրաստվում են  մասնակցել  ընտրությունների, նույն պատմությունն է:

-Իսկ «Ազգ»-ի քննադատական հոդվածին ինչ կասեք:

-Այդ  թերթոնի խմբագիրը լավ կանի սկզբում բացահայտի, թե ինչքանով է վաճառել  թերթը  Արա Աբրահամյանին ու ընդհանրապես իր վաշխառուական գործունեությունը սփյուռքում, որտեղ էլ հենց այդ մականունը ունի: Գիտեք կան բաշիբոզուկների մի խումբ, որոնք իրենց հացը վաստակում են մեզ մրոտելով: Աշխարհասփյուռ վաշխառուներին ես իմ պատասխանս վաղուց եմ տվել:

-Գալով  աշնանային  զարգացումներին  ցանկալի է իմանալ` դուք ձեր անելիքները արդեն հստակացրե՞լ եք կամ մո՞տ եք դրան:

-Կոնկրետ ես իմ անելիքները վաղուց եմ հստակեցրել եւ բաշիբոզուկների հիստերիան պայմանավորված է դրանով, բայց ՀՌԱԿ-ի ճակատագիրը վաղուց մեկ անձ չի որոշում, առջեւում համագումար ունենք, այնտեղ էլ կուսակցությունը  կարտահայտի իր միասնական քաղաքական որոշումը գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը կարող է արտահայտվել միայնակ կամ դաշինքով մասնակցելու մասին: Կարճ ասած, ինչ քաղաքական որոշում էլ որ կայացնենք` ամեն  ինչ  բաց  է  լինելու  թե՛  մամուլի,  թե՛  հանրության  առջեւ:

Լավ, ի՞նչ կասեք Բաբաջանյանի այն մտքին, թե ՀՌԱԿի հաջողությունների հասնելու հիմնական խնդիրը դուք էիք, եւ ներկայիս ատենապետը ստիպված պետք է հարաբերությունները լավացնի վարչակազմի հետ:

-Դա Ավետիսի ամենաթույլ արգումենտն է: Տղան պատվերը ստացել է ՀՌԱԿ-ում արհեստականորեն խնդիրներ ի հայտ բերելուն ուղղված եւ «վերլուծական» է գրել ու վռազ-վռազ թուղթ մրոտել, հակառակ պարագայում գոնե կուսումնասիրեր ՀՌԱԿ ներկայիս ատենապետ Էդվարդ Անտինյանի ելույթները, որտեղ նա երբեմն ինձանից առավել ծայրահեղ որակումներ է տալիս վարչակազմի հասցեին:

Կոնկրետ ո՞ւմ մասին:

-Դե, ասենք, Սերժ Սարգսյանի խաղամոլության, վարչապետի երկիրը կառավարելու անունակության ու հովանավորչության, ընդհանրապես Հանրապետական կուսակցության ներքին գզվռտվոցի մասին: Ես գոնե քննադատում էի առանց պիտակավորումների` չհաշված գանձագող վարչապետիկը, հետեւաբար, եթե ՀՌԱԿ-ը ուզենա իր հարաբերությունները հարթել վարչակազմի հետ, ապա Ավետիսի համար առավել հավանական իմ թեկնածությունը պետք է քննարկեր, որպեսզի փորձեր ՀՌԱԿ-ում խնդիր առաջացնել: Ամփոփելով միտքս ուզում եմ նշել, որ այսօր ՀՌԱԿ-ում չկան վարչակազմի հետ որեւէ հարաբերություններ հաստատելու տրամադրություններ, քանի որ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմը իրար մեջ  արդեն բաժանել են գալիք  պառլամենտի  տեղերը  եւ  այդ  քայլն ուղղված  է  նաեւ  ՀՌԱԿ-ի  դեմ:

Կնշեք, թե որտեղ կարող ենք տեսնել Էդվարդ Անտինյանի որակումներն ուղղված վարչակազմին:

-Համացանցում բազմաթիվ են նրա ելույթները: Խնդրեմ, նայեք նրա  տված հարցազրույցները  «ԳԱԼԱ» հեռուստատեսությանը եւ կտեսնեք ինչքան բոբիկ վերլուծական է գրել Ավետիսը (http://www.youtube.com/watch?v=IvlkAyC8a5A&feature=related):

Պարոն Առաքելյան, փաստորեն դուք ներկայացրեցիք ՀՌԱԿի նեղացածությունը վարչակազմից եւ դրա համար չեք տեսնում հետագա համագործակցություն նրանց հետ:

– Գիտեք, որեւէ նեղացածության հարց չկա, ուղղակի վարչակազմ-լեւոնականներ տանդեմը անազնիվ խաղ է տանում եւ բացահայտ հայտարարում է, որ ապագան կանխորոշված է, սակայն ինչպես իր վերջին ասուլիսում նշեց Էդվարդ Անտինյանը, այս խաղի առաջացման պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է ու այստեղ պետք չէ փնտրել ժողովրդի շահը: Նրանք լավ թատրոն խաղացին, օրինակ՝ Ազատության հրապարակի ազատագրումը ոստիկաններից, որտեղ էլ Լեւոնը գրպանից հանեց եւ ընթերցեց հրապարակի ազատագրմանն ուղղված ճառը, հավանաբար Մատենադարանից մինչեւ Ազատության հրապարակ ընկած տարածությունը անցնելու երթի ընթացքի ժամանակ էր գրել, կամ նրա այցելությունը քրեակատարողական հիմնարկ՝ Նիկոլին տեսնելու, քանի որ համոզված էր, որ տեսակցության հետ կապված խնդիրներ չեն լինելու` նույնիսկ Նիկոլի փաստաբանի տեսակցության անկարողության ֆոնին… ո՞ր մեկն ասեմ…

Բայց սա չէ վտանգավորը, այլ այն, որ մեր թշնամիները` մեր կեղծ բարեկամների ձեռքերը բռնած արագացնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը`  հօգուտ իրենց: Իսկ Սերժ Սարգսյանը այլեւս չի կարող ասել, թե որեւէ փաստաթուղթ ստորագրելու պարագայում կստեղծվի ներքին լարվածություն Հայաստանում, քանի որ մեր ոխերիմ բարեկամները միանգամից կփաստեն Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան զույգի “քաղաքական մշակույթին հարիր” փայլուն համագործակցության մասին: Հետեւաբար, ազատագրական պայքարի ժամանակ լուրջ դերակատարություններ ստանձնած Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ մնացած հայորդիների հանդեպ երկու կողմից էլ իրականացվող “սեւ փիառը” տեղավորվում է “երկխոսողների” անազնիվ գործունեության մեջ: Այսինքն՝ նրանք երկուսով` Սերժը եւ Լեւոնը աշխարհասփյուռ հայությանը կանգնեցրել են տխուր փաստի առջեւ: Այս ամենն է պատճառը, որ ես չեմ տեսնում հետագա համագործակցություն վարչակազմի հետ: Իմ ընկերների հետ միասին մեր գործունեությունը տեսնում ենք միմիայն ազգային դաշտում, հետեւաբար համոզված եմ, որ գալիք համագումարում մեր հետագա քաղաքական որոշումները միտված կլինեն նույն կերպ մտածող անհատների եւ կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Իսկ եթե մոտ ապագայում, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթուղթ ստորագրվի ու տարածաշրջանում տիրի խաղաղություն, կողջունե՞ք:

-Նախ սկսեմ նրանից, որ ՀՌԱԿ-ը սկսած 2003 թվականից, հիմք ընդունելով ՄԱԿ-ի ընդունած բազմաթիվ կոնվենցիաները, Ադրբեջանի տարածքում հայության հանդեպ 1988-1994 թվականների դեպքերը որակել է ցեղասպանություն, իսկ ազատագրված տարածքները՝ որպես փոխհատուցում այդ ցեղասպանության դիմաց Արցախի Հանրապետության մաս համարել: Այսինքն՝ ՀՌԱԿ-ը այս հարցը տեսնում է որպես Հայ Դատի բաղկացուցիչ մաս, որի պատասխանատուն եմ աշխարհասփյուռ մեր կառույցի մեջ: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից որեւէ փաստաթուղթ ստորագրելուն, ապա այն կարող է վերաբերվել միմիայն Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների հարաբերություններին, հետեւաբար Սերժ Սարգսյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության՝ իրավունք չունի մեկ այլ հանրապետության ճակատագրին վերաբերվող փաստաթուղթ ստորագրելու,  նրա լիազորությունները սահմանափակված են Հայաստանի Հանրապետության սահմաններիով: Հակառակ պարագայում այդ փաստաթուղթը միջազգային օրենքների տեսանկյունից կլինի ոչ օրինական: Հետեւաբար, խաղաղության ամենակարճ ճանապարհը Արցախի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ վարչակազմի եւ Ադրբեջանի հանցագործ  կառավարության  բանակցությունների նստելն է:

Տեսնում եք չէ, Ավետիսի ծակ պրոֆեսորությունից ուր հասանք: Մի զարմացեք, դեռ շատ հակահիգիենիկներ իրենց «տաղանդը» կցուցադրեն, չէ՞ որ առջեւում ընտրություններ են, իսկ նրանք Պազոլինիի պես շատ սոված են… շատ սոված…

 

Հարցազրույցը   վարեց

Լաուրա   Անտոնյանը

MAXINFO

 



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jul 21, 2011 0:27