ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 4, 2009 13:23 - 1 քննարկում

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ «ՊԱՅԹԵՑՐԱԾ» ԳՈՐԾԵՐԻՑ

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

«Ես մինչև հիմա ինքնասպանություն չեմ գործել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը»: Սրանք 19 տարեկանում մահվան դատապարտված Արթուր Մկրտչյանի բառերն են: Դրանք դեռ կախված են օդում, ինչպես և այն ճշմարտությունը, որ այդպես էլ այս տարիների ընթացքում Արթուրին չհաջողվեց լսելի դարձնել Նուբարաշենի թիվ մեկ մեկուսարանի պատերից այն կողմ: Ճշմարտության չբացահայտմամբ շահագրգիռ էին հենց նրանք, ովքեր ի զորու էին քանդել հանցագործության կծիկն ու անմեղ տղային վերադարձնել ազատությունը: Այսօր արդեն Արթուրի լինել-չլինելու հարցը որոշողներից մի քանիսը իրենք են հայտնվել նրա կարգավիճակում, մյուսները տեղ են զբաղեցնում վերին էշելոններում: Դեռ…
Մահապարտի իր խցից Արթուր Մկրտչյանը 1997թ. սկսած բողոքներ է հղել հնարավոր բոլոր ատյաններին (Գլխավոր դատախազին, ՆԳ և ԱԱ նախարարներին, ՀՀ գլխավոր և զինդատախազներին, ՀՀ նախագահներին՝ սկզբում Լևոն Տեր-Պետրոսյան, ապա՝ Ռոբերտ Քոչարյան), դիմել է հացադուլի, սակայն ապարդյուն. բոլոր դիմումներն, ի վերջո, վերադարձվում էին Զինվորական դատախազություն, իսկ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը միանշանակ մերժում էր նոր քննություն անցկացնելու բոլոր պահանջները:
Այսօր Ջհանգիրյանը որոշել է գայլի իր դիմակը փոխարինել «քաղբանտարկյալի» լուսապսակով. սա ամենամեծ ծաղրն է, որ կարող էր երբևէ հասցվել Թեմիդային: Միայն Արթուր Մկրտչյանի գործի օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե Գագիկ Ջհանգիրյանի ու նրա նմանների համար «քաղբանտարկյալ» հռչակվելը ինչու է դարձել կյանքի ու մահվան հարց. նրանց ձեռքի մի շարժումով խեղված բոլոր ճակատագրերի բացահայտման դեպքում` մահապարտի դատավճիռն ամենամեղմ հանգուցալուծումն է լինելու Հայաստանի Երրորդ հանրապետության «դիսիդենտների» համար:1997թ. հունիսի 18-ին Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիան 5 զինծառայողի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտեց 19-ամյա Արթուր Մկրտչյանին: Դեպքը տեղի էր ունեցել 1996թ. հունիսի 11-ին Նոյեմբերյանի Կոթի գյուղում գտնվող զորամասի թիվ 18 պահակակետում: Զինվորական ծառայություն իրականացնող 7 զինվորներից 5-ը սպանվում են. Արթուր Չալաբյան, Արմեն Մանուկյան, Էմիլ Մաթևոսյան, Արմեն Մխիթարյան, Վարդան Մարտոյան: Ողջ են մնում երկուսը՝ Արթուր Մկրտչյանն ու Վիգեն Ծատուրյանը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ի՞նչը կարող էր դառնալ վեց ճակատագրերի կործանման պատճառ, եթե, իհարկե, սեփական ընկերների մահվան մեջ անմեղ մարդուն մեղադրելը Դոստոևսկու ոճրի՝ անպայմանորեն պատիժ ենթադրող հրամայականով, Վիգեն Ծատուրյանի համար ևս կործանված ճակատագիր չի վերապահում. սեփական խղճի հետ ապրելը շատ ավելի բարդ է, եթե, իհարկե, այն չես կորցրել: Այն, որ անկախության առաջին քայլերն անող Հայաստանի անկախ բանակը պետության առավել քան խոցելի օղակն էր, հայտնի է բոլորին: Պատերազմի տարիներին բոլոր հրեշավոր սպանություններն ու չբացահայտված հանցագործությունները սքողվում էին Արցախյան հերոսամարտով: Հետագա տարիներին որքան էլ վիճակը փոխվեց, այնուամենայնիվ, այդպես էլ չշտկվեց: Հարցերն այդպես էլ մնում են անպատասխան. լավագույն դեպքում ամեն ինչ վերագրվում է ոսոխի չարագույժ գնդակին:
Բանակն ապրել ու շարունակում է ապրել սեփական արտադրության օրենքներով ու կանոններով: Այդ օրենքները կամ դրանց իսպառ բացակայությունն առավել վտանգավոր են սահմանամերձ զորամասերում: Հենց նման մի զորամասում էլ տեղի է ունենում այս սպանությունը: Թիվ 18 հենակետ կոչվածը խիստ պայմանական մի բան էր՝ գաղտնիքի մշուշով պարուրված: Այստեղ տեղի էին ունենում մութ գործեր: Զոհված Վարդան Մարտոյանի հայրը պատմում էր, որ դեպքից 10 օր առաջ ցանկանում էր որդուն տեղափոխել այդ զորամասից, բայց նա չի համարձակվում: Հարևան Սայաթ-Նովա գյուղից Արարատ Պողոսյանը նույնպես ծառայել էր թիվ 18 հենակետում: Դեպքից մեկ շաբաթ առաջ ծնողները որդու խնդրանքով նրան տեղափոխում են մոտակա Կողբի զորամաս, իսկ երեք ամիս անց ստանում որդու խոշտանգված դիակը: Հիմնական խոսակցությունները թիվ 18 հենակետում զենքի վաճառքի հետ են կապվում: Մինչև 1996թ. ՀՀ ստացված բուլղարական 10 հազար ավտոմատներից Պաշտպանության նախարարությունում հաշվառվում են ընդամենը երկու հազարը: Մնացածի հետքը այդպես էլ չեն գտնում: Սա ընդամենը մի դեպք է: Այդ անհետացած զենքերով էլ հենց իրականացվում էին գործարքները: Անգամ շշուկներ կային, որ թիվ 18 հենակետից զենք էր վաճառվում սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիներին: Եվ շատ հավանական է, որ այս գաղտիքն էլ դարձել է շատերի կործանման պատճառը. պատկերացնել կարելի է ժողովրդի ցասումը, եթե բացահայտվեր, որ անգամ պատերազմի տարիներին խրամատի այս կողմում կռվող մեր զինվորին զենքը հասցնելու փոխարեն` այն վաճառել է թշնամուն՝ ապահովելով բուդոների, գասպարյանվովաների, ջհանգիրյանների անպատժելիության հետևանք լկտիությունը:
Հենց այս դժոխային իրականության խավարում էլ խաչ է քաշվում անմեղ պատանու ազատության վրա: Արթուր Մկրտչյանը 18 հենակետում չէր էլ ծառայում: Նա ծառայում էր 17-ում, իսկ 18 հենակետ գալիս է անզեն, քաղաքացիական հագուստը վերցրած՝ արձակուրդ գնալու նախօրեին: 5 զոհվածներից աչքաբացը Էմիլ Մաթևոսյանն էր. լինելով ծնողազուրկ՝ մնացած մորաքրոջ խնամքին, օրերով անցկացնում էր տանը, ֆռֆռում ըստ պահանջի՝ ռեստորաններ և այլն: Հենց նա էլ Արթուր Մկրտչյանին ասել էր, թե «AKCY» ինքնաձիգեր կան, հարկավոր է գնորդ գտնել: Երբ Արթուրը գալիս է թիվ 18 հենակետ, Էմիլը ՊՆ պետհամարանիշով «Նիվա» ավտոմեքենայով հենակետ եկած ՌՈ երեք աշխատակիցներին ներկայացնում է իբրև իր ծանոթներ: Սրանք էլ հենց ինքնաձիգերը բերողներն էին: Երկուսին Արթուրը աղոտ է հիշում. մեկի անունն Արմեն էր: Երրորդը մինչև օրս էլ Արթուրի հիշողության մեջ է իր «լկտի ժպիտով»: Տասը րոպե հետո խոսակցությունը վերաճում է թունդ վիճաբանության: Թե ի՞նչ չեն կարողանում կիսել հանցավոր գործարքի մասնակիցները, Արթուրին այդպես էլ մնում է անհայտ: Երեքից մեկն ավտոմատն ուղղելով նրան՝ ստիպում է ծնկի գալ: Այնուհետ լսվում են կրակոցներ: Թե ինչու՞ են իրեն ողջ թողնում, Արթուրն այդպես էլ չի հասկանում. հասկանում է, երբ արդեն բռնելուց հետո ամեն ինչ բարդում են իր վրա: Ոճրագործությունը քողարկելու համար անհրաժեշտ էին վկա և մեղադրյալ, վկա դառնում է Վիգեն Ծատուրյանը, իսկ մեղադրյալի դերը ընկնում է հանցագործության ժամանակ ծնկաչոք, գլուխը խոնարհած Արթուր Մկրտչյանին: «Նիվայով» եկած երեքը Արթուրին կարգադրում են մնալ տեղում, ասելով՝ «կգանք քեզ կտանենք մեզ մոտ»: Երբ որոշ ժամանակ է անցնում, շոկի մեջ գտնվող պատանին ոտքի է ելնում, դուրս գալիս և նոր միայն խրամատում տեսնում դիակներ: Վախեցած, չհասկանալով` ինչ է եղել, գլխապատառ փախչում է:
Վահրամ Խոռխոռունին Ռազմական ոստիկանությունը ոտքի է հանում: 14 օր շարունակ շրջափակում են Նոր Հաճնում գտնվող Մկրտչյանների բնակարանը՝ ահաբեկելով բոլորին: ՌՈ բերման են ենթարկում Շամշադինում ծառայող Արթուրի եղբորը՝ Գուրգենին: Նրան ենթարկում են անասելի խոշտանգումների Արթուրի ներկայությամբ. էլեկտրաշոկ, քիմիական թունավորումներ, ծեծ. Գուրգենը մինչև հիմա էլ հոսանքից վախենում է:
ՌՈ-ում շաբաթներ շարունակ պահվում է նաև Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը: Դեպքից 3 ամիս անց նրա վրա էլ են քրեական գործ հարուցում՝ կաշառք տալու մեղադրանքով (որդու հրամանատարին 50 դոլարանոց ձայնագրիչ էր տվել՝ արձակուրդի թույլտվության համար) և դատապարտում 3,5 տարվա ազատազրկման:
«Փոխանակ տղայիդ վրայից դիակները պակասեցնես, դեռ բողոքում ես», – ասել էր գործի նախաքննությունը վարող, զինդատախազության քննիչ Սուրեն Թարվերդյանը: Իսկ տղայի վրա քրեական գործ ու դիակներ «կարող» հիմնական ձևարարներից մեկը հենց Թարվերդյանն էր, իսկ ուղղորդող թելերը ՌՈ պետի տեղակալ, հետո արդեն պետ Վլադիմիր Գասպարյանի ձեռքում էին: Վախեցած, խոշտանգված 19-ամյա Արթուրին Ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին օրերին այցելում է հենակետ եկած երեքից այն մեկը իր լկտի ժպիտով՝ մոտ 30 տարեկան, ալեխառն մազերով, հասակը մոտ 170 սմ: «Եթե հիմարություն անես, եղբայրդ մեզ մոտ է, կարող է` կախված գտնեն, չհաշված ընտանիքիդ անդամներին»: «Նա ինձ դեղ սրսկեց, որից անջատվեցի: Երբ հաջորդ օրը ուշքի եկա, վիճակս անտանելի էր. սիրտս արագ խփում էր, ոսկորներս ցավում էին, բավական էր ինձ կպչեին՝ գոռում էի: Զուգարան գնալու համար ծեծ կերա. իրենց անհանգստացրել էի: Երեկոյան սիրտս վատացավ: Մտան, մի քանի հատ դուբինկայով տվին, տեսան, որ իսկապես վատ եմ»:
Հայրն էլ պատմում էր, որ Արթուրն ամեն ինչի գնաց՝ վախենալով եղբոր ու իրենց համար. «Ես ոչինչ, կդիմանամ, Գուրգենը չի դիմանա»,- ասել է նա: Քննիչ Թարվերդյանը խոշտանգված ու վախեցած 19-ամյա պատանուն, որ փորձում էր պատմել եղելությունը, համոզում է ամեն ինչ վերցնել իր վրա` խոստանալով, որ այնպես կանի, որ մի 8-10 տարի կտան:
Դատավարությունը վերածվում է խեղկատակության: Անգամ սպանվածների ծնողները դատավարության ընթացքում համոզվում են, որ շինծու գործի հետևանքով իրենց զավակներին գումարվում է ևս մեկ զոհ՝ հանձին «մումիայի կերպարանք ստացած» Արթուր Մկրտչյանի: Կցված փաստաբանը զինդատախազությանը հավատարիմ Պահլավունին էր: Մկրտչյանի ընտանիքի հրավիրած փաստաբան Համլետ Մաթևոսյանի առաջ էլ մշտապես արգելքներ են դրվում: Արգելքներ դնողներից էր ՀՀ զինդատախազ Գևորգ Մարգարյանը, որ դիմում էր իր տեղակալ, հետո արդեն ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին՝ կարծիք հայտնելու համար ինչ-որ հարցի կապակցությամբ ու մերժում ստանում՝ պատճառաբանությամբ, թե «փաստաբանն իր գործողություններով ապակողմնորոշում է քննությունը»:
Դատարանի դահլիճում Արթուրի ծնողները հաճախակի էին տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Կտրիճ Սարդարյանի որդուն, գեներալ Բուդոյի՝ ՆԳՆ 10-րդ վարչության պետ Ռոման Ղազարյանի տղային (սա հայտնի է առանձնահատուկ լկտիությամբ), որ մշտական ցուցումներ էին տալիս միակ վկա Վիգեն Ծատուրյանին, որի իրարամերժ ու անհեթեթ ասածների հիման վրա էլ Արթուր Մկրտչյանը դատապարտվում է մահվան: Անգամ զոհվածների ծնողներն են բողոքում` տեսնելով, թե ինչպես է քննիչ Թարվերդյանը առանձին հանդիպում ու ցուցումներ տալիս Վիգեն Ծատուրյանին, այն դեպքում, երբ քննիչին վկայի հետ հանդիպել արգելվում է օրենքով: Նույնիսկ սկզբից մինչև վերջ հեքիաթի կանոններով շարադրված ու իրենց իսկ պատրաստած քրեական գործով չեն կարողանում հասնել նրան, որ գոնե փորձաքննության արդյունքները համապատասխանեն: Ամեն ինչ լպրծուն էր ու խայտառակ, ինչպես ՀՀՇ-ն ու նրա պարագլուխները: Արթուրը դատապարտվում է մահվան` վկա Վիգեն Ծատուրյանի ցուցմունքներով, որ քնած է եղել կացարանում և արթնացել միայն, իր ասելով, հինգերորդ զինվորի սպանությունից հետո: Նրան իբր հաջողվում է կռվի բռնվել ու Արթուրի ձեռքից խլել ինքնաձիգը: Մկրտչյանը իբր երկու զինվորի սպանել է խրամատում՝ ԱԿ-74 ինքնաձիգից, իսկ Ծատուրյանն ու քնած երեք զինվորները 100 մետր հեռավորության վրա չեն լսել արձակված յոթ կրակոցները: Հանցագործության գործիքի վրա չեն հայտնաբերվել Արթուր Մկրտչյանի մատնահետքերը: Նրա հագուստի վրա արյան հետքեր ևս չեն հայտնաբերվել:
Ավելի անհեթեթ են դատախազության առաջադրած հանցագործության շարժառիթները: Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, Արթուր Մկրտչյանը Էմիլ Մաթևոսյանին սպանել է թղթախաղի 100 դոլար պարտքի համար (Արթուրը իրականում պարտք է եղել հինգ տուփ ծխախոտ, ինչը՝ 4000 դրամ, փոխանցել է Էմիլին մի քանի զինվորների միջոցով, որոնց պնդել է կանչել վկայության, սակայն դատավոր Սերժ Ավետիսյանը խաբել և չի կանչել), Արթուր Չալաբյանին` 1,5 տարի առաջ ունեցած վեճի համար (այն դեպքում, երբ Մկրտչյանը մեկուկես տարի առաջ այդ զորամասում չի էլ ծառայել), Արմեն Մանուկյանին այն պատճառով, որ թույլ չի տվել Չալաբյանին սպանելուց հետո փախուստի դիմել: Իսկ Մխիթարյանին ու Մարտոյանին` հոգեկան հուզմունքի ազդեցության տակ:
Հանցագործության գլխավոր շարժառիթ են դարձնում Էմիլի՝ 100 դոլարի հասցված պարտքը, բայց չգիտես ինչու, Արթուրն առաջինը սպանում է Արթուր Չալաբյանին: Իսկ թե ինչու է դրանից հետո ուզում փախուստի դիմել, առանց Էմիլին սպանելու, ևս մնում է անպատասխան:
Փորձաքննության արդյունքները հակասում են դատավճռում նկարագրվածին: Մխիթարյանի ինքնաձիգից արձակված 6 փամփուշտից ոչ մեկը, որով իբր Արթուրը սպանել էր խրամատում հայտնաբերված երկուսին, խրամատում չեն հայտնաբերվել, 6 պարկուճից հայտնաբերվում է միայն մեկը: Խրամատում հայտնաբերվում են Մանուկյանի ինքնաձիգից կրակված 5 պարկուճը: Խրամատում հայտնաբերվել է մի գնդակ, որը, ըստ ձգաբան փորձագետների, չի կրակվել թիվ 18 պահակակետում եղած զենքերից: Ապացուցված է նաև, թե իբր Էմիլ Մաթևոսյանին սպանել են մահճակալին պառկած, բայց թե ինչպե՞ս է նրա դիակի տակ կրակած պարկուճ հայտնաբերվել, քննությունը չի պարզել:
ատավճռով ընդունված պայմաններին չեն համապատասխանում նաև արձակված կրակոցների ուղղությունները: Գտնվելով խրամատում` Արթուրը կարողացել է Չալաբյանի գլխին կրակել վերևից ներքև, իսկ Մանուկյանի վրա՝ ներքևից վերև, ինչպես նաև` հետևից առաջ ու առաջից հետ ուղղություններով, ընդ որում, ոչ թե կրակահերթով, այլ մեկական կրակոցներով: Եվ դա այն դեպքում, երբ խրամատում սպանված զինվորները զինված են եղել, ավելին, Մանուկյանի ձեռքին եղել է լիցքավորված և կրակելու պատրաստ ինքնաձիգ:
Հայտնաբերված անհայտ պարկուճը, կրակված գնդակների ուղղությունները խոսում են այն մասին, որ սպանությունները չէր կարող կատարած լինել մեկը. դրանք կատարվել են խմբի կողմից: Կատարել են հենց Զինվորական ոստիկանության այն երեք աշխատակիցները, որոնց մասին խոսում էր Արթուրը, բայց որին ոչ ոք այդպես էլ լսել չէր ուզում: Չլսելով էլ, անմեղ, ճակատագրի հարվածի տակ ծնկաչոք վիճակում հայտնված պատանին ոտքի ելնելով, դառնում է մահապարտ ու 1997թ-ից մահապարտի իր խցում սպասում դատավճռի իրականացմանը, մինչև 2003թ. այն փոխարինվում է ցմահ ազատազրկման:
Տարիները չեն ընկճել Արթուրին, ոչ էլ բանտի պատերը դարձրել հանցագործ: Արթուրի հետ հանդիպումը, իրոք, անսպասելի էր ինձ համար. հնարավոր հանցագործի փոխարեն ես տեսա միայն կիրթ ու լրջախոհ մի երիտասարդի, որ բնավ չէր չարացել ճակատագրի հարվածներից:
Զինդատախազ Ջհանգիրյանին ուղղված իր նամակներից մեկում Արթուրը գրում է. «Պարոն դատախազ, վաղ թե ուշ իրականությունը դուրս է գալու ջրի երես: Ինձ պարզապես հետաքրքիր է, երբ ամեն ինչ պարզաբանվի, դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք, որ անմեղին դատեցիք, թե՞ կասեք տեղի է ունեցել անփութություն»: Բարու և չարի, խղճի մշտարթուն պահապանի մասին չխեղաթյուրված պատկերացումներով դատապարտյալը խղճի է կոչում մի մարդու, որ վաղուց այն կամ վաճառել է սատանային, կամ էլ, ինչպես Նիցշեն է ասում` «թե խիղճդ վարժեցնես, այն կծելիս էլ կարող է քեզ համբուրել», վարժեցրել ինչպես որ հարկն է:
Գագիկ Ջհանգիրյանն այս գործով հետաքրքրվում է միայն դատաքննության փուլում, քանի որ մեծ փողերի հոտն առնելով` հասկանում է, որ անմասն է մնացել դրանից: Հանդիպելով զինդատախազի հետ` Արթուրը նրան պատմում է իրողությունը և հավատում, որ, ի վերջո, այս ողջ անհեթեթությանը վերջ կտրվի: Ջհանգիրյանը հանձնարարում է «շարունակել օպերատիվ հետախուզական աշխատանքները»: Սակայն օպերատիվ գործողություններն ուղղված էին ո՜չ թե Արթուրի արդարացմանը, այլ` հասանելիք լափը ստանալուն: Սա ահազանգ էր ազատության մեջ գտնվող երեք հանցագործներին ու նրանց բազում հովանավորներին: Վովա Գասպարյան, Գևորգ Մարգարյան, Սուրեն Թարվերդյան, Բուդո, Գագիկ Ջհանգիրյան. սրանք այն գլխավոր գործող անձինք են, որ Արթուր Մկրտչյանի քրեական գործի բեմադրության ողջ ընթացքում ուղղորդեցին ու իրենց արյունոտ ձեռքերում պահեցին անմեղ պատանու փրկության բոլոր ելքերի բանալիները: Դրանք իսպառ փակվեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանը, ստանալով իր «թուլափայը», սկսեց մերժել բոլոր հնարավոր ատյաններին ուղղված Արթուրի բողոքները, որ, իբրև վերջնական կետ, վերադարձվում էին զինդատախազություն: Մեկուսարան այցելած Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս Արթուրի բողոքին ի պատասխան ասել էր. «Իսկական սպանողներին գտիր, ես քեզ կազատեմ»:
Սպանված հինգ զինծառայողների ծնողները մինչև օրս էլ հավատացած են, որ իրենց որդիների սպանության իրական մեղավորներն ազատության մեջ են: Իսկ Արթուր Մկրտչյանն արդեն 13 տարի Նուբարաշենի ցմահ ազատազրկման դատապարտվածների մեկուսարանում կրում է ուրիշի պատիժը… Սակայն հույսը վերջինն է մահանում, և Արթուրն ու այդ ողբերգությունից բոլոր տուժողները դեռ հավատում են, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, և արդարությունը կվերականգնվի:

AZAT



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Yes Siss Mmasiss
Feb 5, 2009 22:50