Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, November 27, 2008 23:01 - 3 քննարկում

ԻՆՏԵԼԵԿՏԸ` ԱՌԱՆՑ ՈԳՈՒ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔԻ

Hrayr գրել է:
Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի կողմնակիցների և հակառակորդների վեճը բռնել է Հայաստանը: Մինչդեռ նորից դրված է մեր ինքնաճանաչման խնդիրը: Անգիտությունից ծնված այդ աղմուկին չեմ ուզում խառնվել, բայց ֆորումի ընթերցողին որոշեցի հանձնել մի հատված իմ «Երրորդ hանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը» գրքից: Այդ հատվածը ձոնում եմ Հայաստանի Առաջին նախագահին` նրա և բոլորիս ինքնաճանաչման համար: Եվ այսպես.
ԻՆՏԵԼԵԿՏԸ` ԱՌԱՆՑ ՈԳՈՒ ԵՎ ԿԱՐԵԿՑԱՆՔԻ
Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական դիմանկարը
Երրորդ Հանրապետությունը կերտողների մեջ առանձանում են երեք հայորդիներ, որոնց Բնությունը և Հայրենիքը օժտել էին բարձր շնորհներով: Պետականության ստեղծումը, ի վերջո, մշակութային աշխատանք է, և պետականությունն էլ ազգի մշակույթի կարևոր բաղադրիչն է: Եվ այնպես եղավ, որ անկախ պետականության ստեղծման համար ժամանակը ասպարեզ հանեց մշակույթի` գիտության, գրականության և արվեստի գործիչներին: Սրանց մեջ ահա առանձնանում են այս երեքը, որոնցից մեկն արդեն զոհվել է, բայց երե’քն էլ ասպարեզի վրա են – մյուս երկուսը այսօր էլ դեր ունեն (և ձգտում են ունենալ երկրի կյանքում): Ի դեմս այս երեք հայ մարդու` հայ մշակույթը – լեզուն, հոգեկերտվածքը, աշխարհընկալումը ` բախվեցին համաշխարհային նյութին, ապրելակերպին, արժեքային համակարգերին: Հայն ու մնացյալ աշխարհը, այս էլ ո’րերորդ անգամ, ելան իրար դեմ: Եվ այս անգամ ճակատագիրը ի~նչ գերազանց ընտրություն էր արել, ի~նչ զավակներ էր կռվի ասպարեզ հանել, – և գուցե նրա համար, որ պարտության դեպքում միջակությունը չասի, թե ես լինեի` կհաղթեի, այլ պարտության բուն պատճառը քննվի ու բացահայտվի: Եվ գուցե պարզվի նաև, որ ոչ թե պարտություն է եղել, այլ քաղաքակրթական կատակլիզմ, դաս, ուսուցում ` ազգի աչքը բացելու, իրական հաղթանակը կռելու համար: Եվ թող մեր աչքի առջև ելնեն այդ երեք կյանքը – հայոց ժառանգականության այդ երեք կրողները: Եվ արդ` ինչու՞ նրանք պարտվեցին համաշխարհային նյութապաշտությանը:
Նրանցից առաջինը` հայոց լեզվամտածողության գագաթներից մեկը, Արևելքի լույսերի մեջ շողացող ինտելեկտը, Ս. Գրքի աշխատասիրողն ու թարգմանիչը: Նա մի ազատաբաղձ համայնքից է սերել, ազատություն բառը նա մայրական անունի ու կաթի հետ է ըմպել, նրա ընտանիքում ծփացել է հայ մշակույթը – գրաբարը, նրբաշեշտիկ արևմտահայրենը` մեր շքեղ պոեզիայով: Տոհմիկ ընտանիքի հեղափոխական, անհաշտ, հզոր հոգին իր զավակին ուղարկել էր հայոց նորագույն պատմությունը կերտելու:
Մենք հնարավորություն չունենք այդ հոգու ժառանգաբանական, հոգևոր, մարդկային ու սոցիալական ամբողջությանը հասու լինել, նրա խորքում ընթացող կռվի արտաքին հետևանքներն են միայն մեր առջև: Այժմ արդեն անկասկած է, որ հարթակի տիրակալը, ոտքի ելած զանգվածների սիրելին, Շարժման առաջին իսկ օրերից գաղտնի կենտրոնների ուշադրության կենտրոնում էր, իսկ իշխանության գալուց հետո` աշխարհակարգն իր ամբողջ դիվանագիտական, քաղաքական, լրատավական և տնտեսական զորությամբ ելել է նրա’ – Հայաստանի’ դեմ` հաղթելո’ւ, տիրելո’ւ, ուծացնելո’ւ համար: Ի՞նչ ուներ այդ հոգին` աշխարհակարգի հետ երկխոսության ու պայքարի մեջ մտնելու համար: Ի՞նչն էր գերակշռում ու տիրում նրա մեջ – մայրենի մշակույթն ու ոգին և նրանցից ծնված խոնարահությունը, թե՞ ներկա աշխարհի նյութական հաջողությունն ու փառքը և նրանցից ծնված գոռոզությունը: Եվ տեսանք այն, ինչ տեսանք.- ոգու ճանաչողություն չկար, կար միայն հզոր ինտելեկտ: Նյութապաշտությունը ելավ նրա դեմ նույն զենքով ` ինտելեկտի և նյութի զենքով, – համաշխարհային վիշապի համար դժվար չէր` ոտնատակ անել եղեռնի, գաղթի, օտար ափերի, դժվարին վերադարձի ու նորածին պետականության անփորձ ժառանգին, համոզել նրան իր ամենազորության մեջ, դարձնել իր գործակիցը: Չի բացառվում, որ վիշապն ուղիղ և ցինիկ տեքստով նրա առջև դրել է հրամանը `թե Հայաստանը չի կարող մեկ միլիոնից ավելի բնակիչ ունենալ և պահել: Ոչ ոք չգիտե և չի իմանա, թե ինչպես է եղել, բայց արտագաղթի ծրագիրը իրագործվեց բացառիկ ու հրեշավոր ճշգրտությամբ: Վիշապը հաղթում էր հային, քայլ առ քայլ գրավում նրա ներքին հայկական տարածքները: Նրա շոշափուկները հասան հայորդու հոգու աստվածային կայծի տիրույթին և նրան նույնիսկ մութ խառնեցին` վնասելով այն բարձր տիեզերական հատկանիշը, որ կարեկցանք է կոչվում: Այս տարիների մեջ կարեկցանքի մի շեշտ, խղճի մի ելևէջ, ափսոսանքի մի հնչյուն չի հնչել նրա շուրթերից: Ոսկեղենիկ գրաբարը նահանջում էր արևմտյան բանկերի ու օթյակների լեզվի առջև, Հայ մշակույթը` կեղծ մշակույթի, Հայաստանը` աշխարահակարգի, հայությունը ` ազգուցեղ չճանաչող աշխարհի առջև: Գործիչն անպաշտպան էր, նրա ոգին չուներ այն պաշտպանիչ լուսաճաճանչ թաղանթը, որն ստեղծվում է սեփական ազգի առաքելության ու նպատակների գաղափարախոսությամբ: Ներզգայորեն հասկանալով, որ իրեն ախտ է զարկել, նա հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծիք է – կեղծիք է հայոց էպոսը, լեզուն, հոգեկերտվածքը, ուժը, առաքելությունը, որ նոր զորություն էին առել Աստվածորդու Ուսմունքով: Նա չէր էլ տեսել այն, ինչ պարտավոր էր տեսնել զուտ մասնագիտության բերումով – հայոց աստվածաշունչ հերոսների բարոյական մաքրությունը` ի տարբերություն նրանց հակառակորդների` սկսած Հայկի ու Բելի ժամանակներից մինչև մեր օրերը: Միթե նա ` խորզգա հետազոտողը հասու չէր, որ աշխարհը ստեղծման պահից բարոյապես երկբևեռ է, այդ երկբևեռությունը առավել խորացել է Լուսակիր Հոգու անկումից հետո, հասել է իր գագաթնակետին Աստվածորդու զոհաբերության ժամին և երկազարամյա ընթացքի մեջ մոտենում է պարպման ու հանգուցալուծման ահեղ օրվան: Եվ հասու չէր, որ Հայ Ազգը` կրակն ու ոսկին իրարից չտարբերող հավերժ մանուկը, հետն էլ Արարչին արժանի մշակույթ ստեղծած Թլոր Դավիթը ` Լուսավոր բևեռի ուժակիր էություններից է, զորավոր հոգի, աշխարհի բարոյականության պահապան: Եթե Հայ Ազգը ցանկանում է իր բնօրրանում ` Հայկական Բարձրավանդակում կերտել մի պետականություն ու կենսակերպ, որի հիմքում դրված լինեն հայ մշակույթն ու հավատը, նաև Լուսավոր բևեռի բոլոր համամարդկային արժեքները, ապա սա հենց ազգային գաղափարախոսությունն է ու ազգային ծրագիրը: Երբ մեր առաջնորդը մերժում էր հայոց ազգային գաղափարախոսության գոյությունը` մերժում էր ոչ միայն աշխարհի երկբևեռ կառույցը, այլև հայ ազգի վաստակած տեղը նրա մեջ: Բայց, ավա~ղ, այդ մերժումը ծնունդ չէր անգիտության, այլ խավարի բևեռի աշխարհընկալման ու գործելակերպի ուղղակի արտահայտությունն էր, նրա կոշտ ու բռնադատող հանձնարարությունը: Համաշխարհային այս բևեռը` զորացած խավարի իշխանի և նրա հետևորդների անդուլ գործունեությամբ, իր մեջ է առել ներկա աշխարհակարգի ֆինանսական հզորությունը, վերազգային տնտեսական ու քաղաքական կառույցները, մոլորակային հիվանդ ապրելակերպը և այն ապահովող գաղափարական, տեղեկատվական և զինական լծակները: Այս բևեռը աշխարհին ու ժողովուրդներին համոզում է, որ կա պետության ստեղծման մեկ արժանի ձև – ժողովրդավարական պետության ներկա ձևը, կա ամեն ազգի ապրելակերպի արժանի մեկ մակարդակ – ներկա միջազգային չափանիշները, կա անձի ու ազգի վարքի մեկ բարձրագույն նպատակ – սեփական շահի հետապնդումը, կա մարդկությանը արժանի մեկ տիրակալ– նյութն ու հարստությունը: Եվ ներկա աշխարհակարգն էլ այդ բևեռի ծնունդն է, պատանդն ու զոհը` միաժամանակ: Եվ ահա, երբ Հայաստանի առաջնորդը կեղծիք անվանեց ազգային գաղափարի հիման վրա ազգային պետություն ստեղծելու նպատակը` նա Հայաստանը հանձնեց աշխարհակարգի ողորմածությանը` հայակական սկիզբը քառատելու և ոչնչացնելու համար: Թե Հայաստանը ինչ դիվային նրբությամբ ու ձևերով զարկվեց` գրել ենք արդեն (տես գրքի I-III գլուխները), և նորից դառնանաք մեր առաջնորդի ողբերգությանը:
Նյութապաշտության վիշապը գործում էր անվրեպ, – երեկվա համեստ մտավորականի ձեռքին մի հարուստ երկիր էր, որ պետք է մասնավորեցվեր, դրան միացավ վարկերի հորդառատ առուն, որը ևս նրա վերահսկողության տակ էր: Այսօր նունիսկ աշխարհին հայտնի են այն հրահանգները, որով գործում են աշխարահակարգի գործակալները – երկրի ղեկավարին մղել դեպի հարստացման տենչը, հստակ արձանագրել նրա անկումը և նրան դարձնել իրենց շահերի անմռունչ ու մինչիմահ ծառայողը:
Կարո՞ղ էր Հայաստանի առաջնորդը խուսափել այդ դառը ճակատագրից: Սա քաղաքական հարցադրում չէ, այդ հարթության վրա պատասխան չկա, ներկա քաղաքագիտությունը անզոր է քննելու այս հարցը: Անձեռնահաս են նաև գործչի այն քաղաքական հակառակորդները, որոնց վերլուծությունը գործում է «ազնիվ-անազնիվ» հատկանիշերի տիրույթում: Այստեղ մեզ կարող է օգնել Կյանքի այն գիտությունը, տիեզերածին այն Գիտելիքը, որ չի դասավանդվում համալսարանական ամբիոններում:
Արդեն գրել ենք, որ երկիրը կռվի էր հանել և քաղաքականության առաջին գիծ էր բերել իր լավագույն զավակներին – հայ մշակույթի կրողներին: Երկրի Առաջին նախագահին սնել էին գրաբարը, Ս. Գիրքը, հանճարաշատ ու առասպելական Ասորեստանը, արևելյան ու արևմտյան լեզուները: Եվ ի~նչ շնորհներ էին տրված նրան – կայծակնարագ մտածողություն, Ճոխ ու հանճարեղ լեզու, արևելյան տիրակալի կամք ու համառություն, արևմտյան մտածողի բազմաշերտ ինտելեկտ: Եվ ինչպե՞ս եղավ, որ աշխարհակարգի ուղիղ ու անողոք հարվածներից նրա անհատականությունը ճաքեր տվեց, չկարողացավ պահպանել իր բնիկ ամբողջականությունը և բարոյապես հանձնվեց նյութապաշտության նախահարձակ ուժերին: Եվ ի’նչ փնտրում էլ անենք, ի’նչ պատասխան էլ տանք` թերի է լինելու… Քանզի ո՞վ կարող է Ստեղծողի գործած հյուսվածքը քանդել, պատճառների ու հետևանքների ամբողջ կծիկը ազատել և ճշմարտությունը տեսնել:
Սակայն մարդուն հասանելի դասն առնելու հրամանը կա, Հայրենիքի այս զավակի դառը փորձությունը ուսուցման նյութ է նոր եկող գործիչների համար: Ուրեմն, առնենք այդ դասը:
Եթե գիտելիքի ծով հավաքես քո մեջ, ինտելեկտդ շողա և հազար-հազարներից մտովի բարձր լինես, աշխարհի տերն էլ դառնաս, կա մի պարզ գիտելիք, խոնարհություն ծնող մի պատճառ, մի զուսպ հավատ առ այն, որ քեզանից վեր իմացության մի անպարփակ օվկիանոս կա, որի մի կաթիլն ես, մի մշտարթուն Հոգի կա, որի հրամանի տակ ես, մի ամենատես աչք կա, որ զննում է էությանդ խորքերը: Այս բնագիտակա’ն, հու’յժ գիտական, երկնակամարին դաջվա’ծ, արևով հաստվա’ծ, Բանբեր Աստվածորդով մե’կ անգամ էլ հայտնված ճշմարտությունը ե՞րբ պետք է մտնի հասարակական–քաղաքական գործածության մեջ, դառնա հանրագիտարանի հոդված, բուհական ծրագրի հատված, կրթության նյութ ապագա գործչի համար: Թե չէ` մեր գործիչը մի օր հարթակ կբարձրանա, զանգվածների ու ազգի սրտին կտիրանա, իրեն կիսաստված կզգա և այդպես էլի չի իմանա, որ իրենից վեր ու իրեն շարժող Ազգի Ոգի կա, աներևույթ զորավարներ ու սրբեր կան և վերջապես` Արարիչ-Աստված կա: Եվ ինչքան խորն է լինում այս ճշմարտության հետ կապի խզումը, ինչքան խեղված է լինում ներզգայական գիտելիքը և ինչքան մեծ է լինում տեղեկատվական-ինտելեկտուալ փքուն տարողությունը` այնքան մեծ է լինում գործչի գոռոզությունը: Ինտելեկտուալ համակարգը` խիստ զարմացած իր պարունակությամբ, թև առած իշխանությունից ու հաջողությունից ` անջատվում է այն սնուցող Արևից, որ Սիրտն է, սրտի մեջ ապրող արևամիջուկից, որ Հոգին է, հոգու մեջ ապրող աստվածային կայծից, որ Ոգին է: Երբ հզոր ինտելեկտը և այն կրողը` մարդկային ուղեղը, անջատվում են այս եռապսակ աստղից, նրանից ճառագայթող Սիրուց, Կարեկցանքից ու Իմաստությունից, ահա այնժամ գալիս է գործչի վերջը: Ինչքան էլ մեծ լինեն նյութական գիտության ձեռքբերումները, առանց սրտի գիտության ` ուղեղն անտեր, վտանգավոր, չարագույժ մի ուժ է` կործանարար աշխարհի ու երկրի, ընտանիքի ու անհատի համար: Նյութական ինտելեկտը, օգտապաշտության այդ ասպետը, առանց Սիրո Ակունքի, չի ճանաչում ոչ Բնության օրենք, ոչ Գթություն, ոչ չափ ու սահման: Նայե~ք այսօրվա քաղաքակրթության ղեկավար այրերին, որոնց առաջնորդությամբ հոշոտվում է մոլորակի մարմինը, հյուծվում են մարդկության բարոյական ուժերը, – և ինքնագոհ դեռ կարծում են, թե բարիք են բերում իրենց երկրներին:
Եվ ի~նչ ցավ Հայ Ազգի համար, որ Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը իր աշխարհայացքով ու բարոյականությամբ չտարբերվեց նրանցից և նրանց նպատակներին ծառայեց: Ինչու՞ վճռական պահերին նրա մեջ հայկականությունը չապստամբեց, չելավ ոտքի ու չգոչեց. – Ես Արևելքի զավակն եմ, հայ մշակույթի զինվորն եմ, Կիլիկիո տան շառավիղն եմ. թույլ չեմ տա նվաստացնել իմ հպարտ հայրենիքը:
Թե՞ նրա մշակութային սնունդը պակաս է եղել, թե՞ նրան չէր հասել, էության մաս չէր կազմել հայոց էպոսի հերոսների բնավորությունը, նրանց հոգևոր մաքրությունից ծնված ուղիղ դիվանագիտությունը, գեղջկական-հրեղեն քաղաքականությունը:
Երևույթի պատճառը թերևս ավելի խորն է և գնում դեպի ազգերի էվոլյուցիայի բուն խորքը: Նախահայր Հայկի ժամանակներից սկսած, երբ հայ հերոսը ելնում ու մարտնչում էր այլ քաղաքակրթության, գրեթե միշտ ` սեմական ծագման դյուցազունների հետ, – ահա այդ ժամանակներից օտարների հետ մշտական շփումը մուտք բացեց աշխարհում տիրող նյութապաշտական և եսակենտրոն սկզբի առջև: Հազարավոր տարիների մեջ արիական ազգերի, այդ թվում հայ ազգի հերոսական ու մաքուր էության մեջ շատ կորուստներ եղան, շատ բան եղծվեց և երրորդ հազարամյակի սկզբին այդ ազգերի հոգևոր տարածքները ամբողջովին գրավված էին: Հայ Ազգը թերևս լիներ ամենապահպանված արիական – քրիստոնեական օրրանը, և մեր նոր անկախության հաստատման և ինքնուրույն գոյության առաջին իսկ պահից` նրա մեջ հոգևոր և նյութապաշտական սկիզբները ելան իրար դեմ: Եվ առավելությունը նյութածին աշխարհայացքի կողմն էր, նրան օգնում էին աշխարհակարգի հզոր ուժերը, հայկական սկզբի պարտությունն այս անգամ կանխորոշված էր: Երրորդ Հանրապետության առաջին նախագահի պարտությունն այդ ահեղ կռվում ևս կանխորոշված էր: Նրա աչքն ու սիրտը ուղղված էին դեպի արևմտից թագավորի քաղաքը, որի խարջատուն նա դարձավ: Նա մեր փոքր Մհերը չէր և ոչ էլ իր կինը Գոհար Խանումն էր, որ ասեր նրան.
Արևմտից թագավոր մեր մոտեն խարջ կառնի,
Էն խարջ որ կտրեցիր,
Ես քեզ կնիկ, դու ինձ մարդ:
Եղավ ճիշտ հակառակը – հայ թագավորական զույգը խոնարհվեց արևմտից թագավորի կուռքերի առջև` ի կորուստ և ի վիշտ հայրենի սրբատեղիների: Ավա~ղ, մեր թագավորի կինը, նոր ժամանակներում մեր առաջին թագուհին այլազգի եղավ, նրա սիրտը չցավեց մեր անլույս օրերի ու տարիների, հայրենիքը լքող քարավանների համար: Մենք չկարողացանք հայացնել մեր թագուհուն, այնքա’ն հայ դարձնել, որ նա աձնազոհ թռչունի նման իր թևերը տարածեր հայ մանուկների, անհայր ընտանիքների, մեր անլույս տների վրա, խնամեր ու պահպաներ մեզ, ուղղեր իր թագավոր-ամուսնու ընթացքը: Մենք կանչեցինք նրան.
Օտար զարմի’ց ես դու,
Քո սիրտ հեչ չի ցավի,
Վե’ր էլի, վե’ր…
Սակայն նա մնաց ուրիշ մշակույթի, հոգեբանության ու արժեքների կրող և չարձագանքեց մեր կանչին: Միջազգային կազմակերպությունները նկատեցին, որ անհնազանդ ազգին թևաթափ անելու համար հենց այս թագուհին է պետք, և ուշադրություն ու կոչումներ ընծայեցին նրան: Մեր թագավորն էլ չուզեց կամ չկարողացավ հայացնել նրան, այլ ինքն օտարացավ, սրտի մեջ հեռացավ մեզանից, և մենք կորցրեցինք մեր այս զավակին:
Արևմուտքը մի նշանակալի, բայց ժամանակավոր հաղթանակ տարավ Արևելքի հանդեպ: Այդ ծանր ճակատամարտի առաջին զոհը եղավ Երրորդ Հանրապետության հիմնադիրը. – նա ճակատագրի վճարով արեց իր գործը, դարձավ երկրի նախագահ, իր վրա կրեց կանխորոշված պարտության բոլոր հետևանքները, նրա անունին հասան հազարավոր մարդկանց անեծքները, տեղահան ընտանիքների հուսահատ հեծեծանքները: Հայ հավաքականությունը այս զավակի կողմը միշտ նայելու է սիրո և ատելության, գնահատանքի և ափսոսանքի, օրհնության ու անեծքի այն այրող զգացումով, որ ծնում է նրա ողբերգական կերպարը, և միայն Հատուցման Օրենքի տիեզերական հաշվեկշիռն է որոշելու, թե ի’նչ հատուցում, ի’նչ ձևով և ե’րբ է սպասում Երրորդ Հանրապետության առաջին նախագահին: Լ. ԴՌՆՈՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Nov 27, 2008 23:40