ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, April 16, 2011 9:59 - չքննարկված

Ձանձրալի ճաղարաբանություն. «Ամեն էշից ընկած դեռ Կոնգրես չէ, ամեն էշ նստած՝ Քրիստոս չէ» թեմայով:

Օգնեցեք երրորդ ուժին

Լիզա Ճաղարյան
Մի բուռ ազգ ենք վերջապես: էս ի՞նչ ենք անում, էս ի՞նչ անտարբերություն է մեր բազմաչարչար հայրենակիցների նկատմամբ: Մարդիկ պայքարում են օրուգիշեր, պայքարում են անձնազոհաբար, պայքարում են քափուքրտինք մտած, միով բանիվ՝ խոսում են ու խոսում, խոսում են ու խոսում, ու տեսնում ենք ախր, որ որքան շատ են խոսում, կներեք՝ պայքարում, այնքան խճճվում են: Տեսնում ենք ու անգթաբար լռում, տեսնում ենք ու ձեռք չենք մեկնում:

Մարդիկ սրտանց ուզում են, որ Հայ ազգային կոնգրեսը սխալներ չանի, գրեթե կյանքները չեն խնայում հանուն ՀԱԿ-ի «բյուրեղացման», մեկը մյուսից խելացի առաջարկներ են անում, հորդորում են, պահանջում, հայհոյում, նույնիսկ հանուն երկրի ապագայի՝ անգթորեն ստում են, բայց՝ հե՛չ… Հայ ազգային կոնգրեսն իր էշն է քշում, ու անտարբերության մատնված Երրորդ ուժն ավելի ու ավելի է խրվում անորոշության ճահճի մեջ:

Հազարադեմ է ախր էս մեր Երրորդ ուժը: Մի խումբը պայքարի «քաղաքակիրթ» ուղին է ընտրել եւ ժամանակ առ ժամանակ նամակներ է հղում «մեծարգո նախագահին» կամ «մեծարգո քաղաքապետին» կամ՝ մեկ այլ «մեծարգոյի» ու… Կոնգրեսին մեղադրում է վճռական եւ կտրուկ քայլերի չդիմելու եւ իշխանությունների հետ համագործակցելու համար: Մի խումբը, բան է թե՝ իր ընդդիմադիր կածանով վճռականորեն դեպի լուսավոր ապագա ընթանալիս իշխանավոր է տեսնում, հայրաբար եւ եղբայրաբար կամ քույրաբար եւ կնաբար ողջագուրվում է ու ձեռի հետ ակնարկում, որ իրենց էլ մի կտոր հացի տեր դարձնեն, դե՝ մի բուռ ազգ ենք, ու… Կոնգրեսին մեղադրում է, որ վճռական ու կտրուկ քայլերի չի դիմում եւ իշխանությունների հետ համագործակցում է:
Մի խումբը սեփական մեջլիսն է ստեղծել, ու այնտեղ մուտք գործելու համար անպայման պետք է անդամագրվես՝ «ազատորեն» տեսակետդ հայտնելու համար, անդամագրվելուց էլ ստացվում է՝ էդ խմբի համակիր ես, ու էդպես մնում ես երկու քարի արանքում՝ փիքր անելով, թե որտեղ է սկսվում հանդուրժողականությունը եւ որտեղ է ավարտվում՝ Կոնգրեսի առաջնորդի հանդուրժողականության եւ անհանդուրժողականության բացահայտման սուրբ գործին լծված էս խմբում: Ու թե թյուրիմացաբար էլ մուտք գործես ու հակաճառես, «տեսնողները» պատմում են, որ մի այնպիսի «հանդուրժողական» շան լափ են թափում «տեսնողների» գլխին, որ սրանք էնտեղից գլուխներն ազատում են այդուհետ անհանդուրժողական դառնալու վճռականությամբ: Կարճ ասած, այս խմբի բանուգործն էլ Կոնգրեսի անհանդուրժողականությունը «վկայող» տվյալներ հավաքելն է, ու մեկ էլ… Կոնգրեսին մեղադրում են, թե ինչու վճռական ու կտրուկ քայլերի չի դիմում եւ իշխանությունների հետ էլ, բա չեք ասի, համագործակցում է:

Մի խմբի առաջնորդն էլ մարդկությանը դեռեւս «անհայտ», անասելի կտրուկ, աննախադեպ միջոցի դիմեց՝ հացադուլ հայտարարեց՝ ծոմի քնքշանվաղ շղարշով: Այդ ընթացքում «ողջ առաջադեմ» հայությունը՝ ցնցված այդ աննախադեպ քայլից, նրան գուրգուրեց ու փայփայեց եւ այդ ծոմի արտացոլանքում տեսավ ու փառաբանեց հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը… Այդ «ողջ առաջադեմ» հայության շարքերում էին ե՛ւ սեփական տան պատերի ներսում անձնազոհաբար «պայքարող» մտավորականները, ե՛ւ զինված պայքարի ջատագովները, ե՛ւ այս նույն ծոմապահին պատերի տակ հեգնողներն ու տարիներ շարունակ նրա մասին քամահրանքով արտահայտվողները, ե՛ւ սեփական թույնից ու չարությունից վաղուց ի վեր դեղնականաչած որոշները, որոնց հոգիներն անսպասելի պարուրել էր բարեգթության հոգեթով մշուշը… Ավելին, պարզվեց՝ մեր հարգարժան ծոմապահը, փաստորեն, նաեւ գերմարդ է, որովհետեւ տասնհինգ օր շարունակ ջրի հույսին էր մնացել, բայց ե՛ւ աչքերն էին կայծկլտում ամեն մի ընդդիմադիր կամ իշխանավոր այցելուի տեսնելիս, ե՛ւ ոտքերն էին ամուր ու աներեր հենվում մայր հողին՝ ամեն մի ընդդիմադիրի եւ իշխանավորի ընդառաջ գնալիս, ե՛ւ սիրահոժար ու շատ հոդաբաշխ հարցազրույցներ էր տալիս ԶԼՄ-ներին: Ախր հիշում եմ էսօրվա պես, թե ինչ «թույլիկ-մույլիկ» էին մեր 88-ի հացադուլավորները, երրորդ օրվանից հազիվ էին բերանները բացում ու մի քանի բառ ասում, ասելիս էլ՝ շունչները կտրվում էր, ողջ օրն էլ պառկած էին անցկացնում՝ կիսափակ աչքերով: Բա հետին թվով չասե՞ս՝ թափներդ էդքան էր, ի՞նչ էիք մեյդան ընկել, հիմա նայեք էս գերմարդուն ու հետին թվով ամոթից գետինը մտեք՝ ճլորել-վեր էիք թափել Հրապարակում:

Վերջը: Աստված իր ու իր դաշնակցադեմոկրատակոմսոմոլախառն կցած-կցմցած խմբի հետ… Բայց այս խումբն էլ է մեղադրում Կոնգրեսին՝ կտրուկ եւ վճռական պայքար չմղելու եւ իշխանությունների հետ համագործակցելու համար: Կտրուկ ու վճռական պայքարի դժգոհ պահանջատերերն էլ պտտվում են էս խմբի շուրջը, մտածում են՝ սատանան ու՞մ հետ չի կատակում, ի՞նչ իմանաս՝ եթե էսպես «աննախադեպ» ծոմ պահեց, եթե նույնքան անձնազոհաբար հիմա էլ երեքժամյա «լռության ուխտ» են անում իր համակիրները, մեկ էլ տեսար, ու մի բան ստացվեց:

Մի խումբ էլ կա. այս խմբի շեֆը քսանամյա ջահելների դասակ է կազմել, կոնսպեկտները տվել ձեռները, որ բերանացի սովորեն, թե ոնց է Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզեցել իր իշխանության օրոք ազատագրած Ղարաբաղը ծախի, ու եթե գա իշխանության՝ ոնց է անմիջապես իրականացնելու իր էդ «կիսատ մնացած երազանքը»: Ու էս շեֆը ասպարեզ է նետել էս ջահելներին, որ ինտելեկտուալ դասեր տան կոնգրեսականներին: Էս խեղճ էրեխեքն էլ ախր էնքանը գիտեն, ինչքանը կոնսպեկտում գրված է, ու կրկնում են, կրկնում են, կրկնում են, «ընդմիջումներին» էլ… Կոնգրեսին մեղադրում են կտրուկ եւ վճռական պայքար չմղելու եւ իշխանությունների հետ համագործակցելու համար: Ու բան է թե՝ շատ նեղն ընկնեն, կհայտնվի կոնսպեկտի հեղինակը ու «պպզողական» մակարդակի մի այնպիսի սեանս կտա, որ նույնիսկ «ողջ առաջադեմ» հայությունը կշշկռվի… Եղել է, եղած բան եմ ասում:

Դե, Կարապետիչի խմբի մասին բան չեմ ուզում ասել. անձրեւը կարգին կտրվի, արեւը կարգին դուրս գա՝ նոր կասեմ: Բայց մեր մեջ մնա՝ Կարապետիչն էլ է Կոնգրեսին մեղադրում կտրուկ ու վճռական քայլերի չդիմելու եւ իշխանությունների հետ համագործակցելու համար:

Կարճ ասած, սարուձոր չընկնենք ու նորից փաստենք, որ հազարադեմ է էս մեր Երրորդ ուժը ու էսքան իմաստունների, էսքան քաջարիների, էսքան անձնազոհների առկայության պարագայում խառնաշփոթն անխուսափելի էր, որովհետեւ էս մարդիկ անկեղծ չեն, ու պետք է օգնել, որ քարը փեշներից թափեն ու խոստովանեն, թե ինչ է իրենց ուզածը:

Կասեք՝ Կոնգրեսն էլ է բազմադեմ: Ճիշտ է: Այստեղ նույնպես տարբեր հայացքների ու գաղափարախոսությունների տեր մարդիկ են հավաքված: Բայց այս մարդկանց հաջողվել է միավորվել, որովհետեւ մի նպատակի համար են պայքարում՝ երկիրը թոթափել ավազակապետերի լծից: Դրանից հետո ով ում հետեւից կգնա, ով ում կընտրի երկրի նախագահ, կյանքը ցույց կտա՝ ազատ են թռչնակի պես:

Էս հազարադեմ Երրորդ ուժի նպատակն էլ է մեկը՝ Կոնգրեսի թուլացումը: Բայց չեն խոստովանում, հակառակը՝ երեսպաշտություն են անում, թե իբր ուզում են, որ Կոնգրեսն ավելի ուժեղանա: Չծավալվեմ. Կոնգրեսի ուժեղացումը ցանկացողները հանրահավաքներից առաջ չեն վազի իշխանությանը ծառայող հեռուստաէկրաններից Կոնգրեսին փնովելու՝ տեսեք-տեսեք, անաչառ ենք: Ինչու՞ են սրանք պայքարում Կոնգրեսի դեմ. դրդապատճառները հազար ու մի են: Մեկն իր հավակնությունների ձեռն է կրակն ընկել, մյուսի ականջին պապան ասել է՝ որ մեծանաս, նախագահ ես դառնալու, երրորդը հույսը կտրել է, որ իր մերձավորը նախագահ կդառնա՝ մուռն է հանում, չորրորդն ընդամենն ուզում է, որ ինչ-որ մարդիկ իրեն ասեն՝ մալադե՜սսս, հինգերորդն էլ ուզում է էն որսորդին հետ բերել, որ ում հերը չի հասցրել անիծի՝ անիծի ազգուտակով. լիքը պատճառներ կան: Այսինքն, թռչեն երկինք, իջնեն ներքեւ, ինչ էլ անեն երրորդուժականները, վերջում ստացվում է, որ նույն բանն են ուզում՝ ինչ որ իշխանությունները: Դե, իսկ ավազակապետերի էս ցանկության դրդապատճառը մեկն է. Կոնգրեսին թուլացնելով՝ երկարաձգում են իրենց իշխանության տարիները, որովհետեւ եթե նույնիսկ հրաշք պատահի, ու էս Երրորդ ուժն իրոք ուժ դառնա, դրա համար առնվազն եւս մի տասնյակ տարի պետք կլինի: Իսկ եթե էլի հրաշք պատահի՝ չկարողանան իշխանությունը պահել, իշխանության եկած Երրորդ ուժն իրենց կանաչ ճանապարհ կտա, որ վայելեն իրենց կուտակած թալանը: Երրորդ ուժը բարի է, հանդուրժող է, Երրորդ ուժը ախր հասկանում է, որ մի բուռ ազգ ենք: Երրորդ ուժը կասի, որ ավազակապետերն էլ են «դրագան» բաներ արել իրենց «դրագան» բաներ ունեցող Սերժիկ Սարգսյանի ու իր նախորդի՝ ԶԼՄ-ների հաշվին սեփական միլիոններն ավելացնող որսորդի հետ միասին, եւ կլծվի Կոնգրեսի առաջնորդի ու Կոնգրեսի համակիրների դեմ գործեր սարքելու ազգանվեր առաքելությանը:

Ա՛յ, եթե էս մեր Երրորդ ուժը բացճակատ հայտարարի, որ իր միակ նպատակը Կոնգրեսի թուլացումն է, մի ակնթարթում կդառնա մի մարմին՝ ոնց որ էն մեր իմացած այր ու կինը:

Ասե՛ք, մի երկմտե՛ք: Միանգամից կդառնաք հզորագույն կառույց: Նույնիսկ կոալիցիոն կուսակցություններն ու «ընդդիմադիր» դաշնակները կմիանան ձեզ: Դրանից հետո թե էս երկրից ինչ կմնա՝ ինքս չգիտեմ, բայց դե «դրագաններով» որ հավաքվեք իրար գլխի, մի ելք հաստատ կգտնեք: Գոնե ձեր ու ձեր մերձավորների համար հաստատ կգտնեք: Երկրի հերն էլ անիծած:

Եթե Երրորդ ուժի կայացմանը օգնող այլ առաջարկներ կան, արտահայտվեք, ներս մի գցեք: Վերջիվերջո, մի բուռ ազգ ենք:

Լիզա Ճաղարյան

Ապրիլ 14, 2011

  • տպելու համար


Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ