ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, August 7, 2010 16:34 - 2 քննարկում

Մայր աթոռը հնարավորինս քողարկում է պրոբլեմը…

աղբյուր http://www.lragir.am/armsrc/interview37414.html

«ՃԱՆՃԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ»
prev next

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում ստեղծված վիճակի մասին է մեր հարցազրույցը Արթուր Ավթանդիլյանի հետ, ով ժամանակին եղել է այդ ճեմարանի սանը:

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի սաների եռօրյա դասադուլը դադարեցվել է, քանի որ Մայր աթոռից պատվիրակություն է մեկնում Կալկաթա: Առհասարակ ճեմարանի հետ կապված խնդիրները տարիներ շարունակ եղել են, անգամ նախկին տնօրեն Սոնիա Ջոնին հեռացրին, բայց փաստորեն ոչինչ չի փոխվել: Այս ճեմարանում 1994-ին երեք ամսով ուսանել եք նաև Դուք ու հետո պարզապես դիմել փախուստի: Ինչո՞ւ:

Այս ընթացքում ուշադրությամբ հետևել եմ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կատարվող իրադարձություններին, հիմնականում այն պատճառով, որ 94-ին երեք ամսով այնտեղ եմ ուսանել, որից հետո հետ եմ եկել ոչ միանշանակ տպավորություններով: Ինչ վերաբերում է այս օրերի դասադուլին և հացադուլին, ապա պետք է ասեմ, որ մեկ ամիս առաջ լուրջ կոնֆլիկտ էր ծագել Կալկաթայի ճեմարանի ուսանողների և ճեմարանի ղեկավարության, մասնավորապես Հայր Խորենի միջև, որի ամենասուր դրսևորումը եղել էր հետևյալը. ինչ-ինչ զանցանքների պատճառով որոշվել էր մի աշակերտի հեռացնել դպրոցից, որը, ի դեպ, մի քանի ամսից ավարտելու էր դպրոցը, ինչը հանդիպել է աշակերտների քիչ թե շատ միասնական դիմադրությանը: Կոնֆլիկտը հաղթահարելու համար ճեմարան է հրավիրվել ոստիկանություն, և շատերի կողմից նշվում է, որ սա աննախադեպ է ճեմարանի ամբողջ պատմության մեջ: Կոնֆլիկտի ընթացքում եղել են հերքումներ և հայտարարություններ ինչպես աշակերտների, այնպես էլ Մայր աթոռի կողմից:

Ես գիտեմ, որ Դուք հետ եկաք ճեմարանում տեղի ունեցած անկարգությունների, բարոյահոգեբանական բարդ մթնոլորտի պատճառով:

Ես կցանկանայի մի քիչ հեռվից գալ. ճեմարանը շուրջ 180 տարվա կյանք ունի: Խոսքը գնում է նրա պատմության ժամանակակից փուլի մասին, որը մոտավորապես սկսվում է 80-ականների կեսերից: Այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. բոլորս գիտենք, թե հայ վաճառականությունը մի քանի դար ինչ ֆինանսական կապիտալ է ունեցել Հնդկաստանում: Եթե չեմ սխալվում, Գանդիի հրամանագրով որոշում կայացվեց, որ հայկական առևտրական և տնտեսական կապիտալն իրավունք չունի ծախսվելու Հնդկաստանից դուրս: Դրան զուգահեռ սկսվեց մի գործընթաց` հնդկահայ համայնքի ծերացում, այսինքն` երիտասարդները մեկնում էին, հետ չէին գալիս, ու ըստ էության` ծերերն էին մնացել. փաստորեն այդ հարստությունը մնում էր անտեր: Այդ ընթացքում արդեն որոշում կայացվեց ճեմարանի բազայի հիմքի վրա /այնտեղ երկու դպրոց կա` Մարդասիրական ճեմարանը և Դավիթյան օրիորդաց վարժարանը/ «թարմ արյուն» բերել գաղութ` ապահովելու այդ կապիտալի հետագա տնօրինումը: Այդ գործընթացը սկսվեց 80-ականների կեսերին, երբ բերեցին առաջին խումբը, որը բաղկացած էր իրանահայերից: Երկրորդ փուլը եղավ 93 թվականի վերջերին` մի խումբ որբեր Գյումրիի մանկատներից, և կոնկրետ իմ հոսքը` մոտ 40 հոգի, եղավ 94-ի գարնանը:

Արթուր, սակայն շատ կարճ տևեց Ձեր այնտեղ մնալը, ինչո՞ւ, ի՞նչ խնդիրներ առաջացան:

Իրականում սարսափելի անառողջ մթնոլորտ էր տիրում. ճեմարանը վերածվել էր դասական ստրկատիրական կարգեր ունեցող մինի պետության, որը փաստացի մեկուսացված էր դրսի աշխարհից, այդ թվում նաև ֆիզիկապես /այն պարսպապատ էր/, որտեղ աշակերտների շրջանում հստակորեն կար ձևավորված երեք դասակարգ` իրանահայ ուսանողներ, որոնց մեծագույն մասը աչքի էր ընկնում շատ լավ ֆիզիկական տվյալներով: Նրանք հանդիսանում էին այսպես կոչված բուրգի գագաթը: Բուրգի երկրորդ հատվածում Գյումրիի որբերն էին, իսկ 3-րդը մենք էինք: Ու եթե ավելի համառոտ ձևակերպեմ այդ երեք դասակարգերի փոխհարաբերությունները, ապա մեր և գյումրեցիների հոսքը հանդիսանում էր իրանահայերի ճորտը, մենք էլ առանձին, շատ առումներով հանդիսանում էինք գյումրեցիներինը:

Իսկ ինչո՞ւ գնացիք և ինչո՞ւ այստեղից սկսեցին տանել, սոցիալակա՞նն էր պատճառը, և ի՞նչ սկզբունքով էին ընտրություն անում աշակերտների մեջ:

Որքան ես հիշում եմ, կար մեկ հիմնական կազմակերպիչ` Հովսեփ Սեֆերյանն էր, որն այդ ժամանակ Հնդկաստանում Հայաստանի պատվո հյուպատոսն էր /հիմա Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոսն է/: Նրան համարում եմ մեր խմբի ծայրահեղ ծանր վիճակի հիմնական պատասխանատուներից մեկը. նույնիսկ անմեղության կանխավարկածի կիրառման պարագայում նա պարտավոր էր մշտապես տեղյակ լինել, թե ինչպես են ապրում իր իսկ կողմից բերված երեխաները: Իսկ թե ինչո՞ւ Հայաստանից, պատճառները մի քանիսն էին. հիշենք այդ ժամանակվա Հայաստանի իրավիճակը. 94 թվականը այսպես կոչված ծանր տարիների վերջին տարին էր, կապը, կոմունիկացիան արտաքին աշխարհի հետ շատ թույլ էր` ի տարբերություն Եվրոպայի հայկական գաղութների, երկրորդ` դարձյալ պայմանավորված էր սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններով, և այս պայմաններում հեշտ էր ստանալ ծնողների համաձայնությունը, և երրորդ` Հայաստանում չկար Կալկաթայի ճեմարանի իրականության մասին տեղեկանալու այլընտրանքային հնարավորություն: Առաջ անցնելով ասեմ, որ նույնիսկ մեր ծնողներին ուղղված բոլոր նամակները գրաքննության էին ենթարկվում, հեռախոսազրույցները լսվում էին: Դրանք նրանց համար երաշխիք էր աղբը տնից չհանելու: Ի դեպ, Հայաստանում Ճեմարանում տիրող դրության մասին բարենպաստ տեղեկատվություն տարածելու գործը վերապահված էր Սերգո Երիցյանին` իր «Կարծիք» հաղորդաշարով (վերջինս ստեղծվել էր հենց այդ նպատակով): Հիշողները պատմում են, որ այդ հաղորդաշարի ամեն երկրորդ ռեպորտաժ պատրաստվում էր հենց Կալկաթայից:

Իմ այնտեղ գտնվելը երեք ամիս տևեց. Ես պարզապես կուրվագծեմ, թե ինչ մթնոլորտ էր տիրում. բոլոր երեխաները ենթարկվում էին մշտական ֆիզիկական բռնության /օրը մի քանի անգամ/ամենաչնչին զանցանքների պատճառով, տիրում էր բանակային տրամաբանություն. մեկի սխալի համար պետք է պատասխան տան բոլորը: Սարսափելի վիճակ էր առողջապահական տեսակետից. ճանճի նման մալարիա էին ընկնում և միակ օգնությունը, որ ցույց էր տրվում, ջերմիջեցնող հաբերն էին: Իմ ծանոթներից մեկը, ով ավելի ուշ եկավ, հասցրել էր 8 անգամ մալարիա ընկնել, որից հետո դա նրա մոտ դարձել էր խրոնիկական: Ամենաէական հարցը, որ կար այնտեղ և իմ ենթադրությամբ շարունակվում է պահպանվել, հետևյալն էր. ճեմարանի վարչակազմն ինքնամեկուսացվել էր երեխաների կյանքից: Տնօրինությունը գտնվում էր ճեմարանի շենքի երկրորդ մուտքում, բայց մեզ համար նույնն էր, ինչ գտնվեր լուսնի վրա կամ այլ աշխարհամասում, որովհետև ոչ մի կերպ չէինք զգում նրա ներկայությունը մեր առօրյայում: Այդ տեսակետից մենք հիշեցնում էինք «Ճանճերի տիրակալը» ֆիլմը` մի տարածքում փակված երեխաներ և երիտասարդներ, որոնք պետք է ինքնակազմակերպվեին` այդ գործընթացին հատուկ բոլոր բռնությունների ու դաժանությունների կիրառմամբ: Մեր նկատմամբ կիրառվող ֆիզիկական պատիժներն աննկարագրելի էին: Տեսել եմ, թե ինչպես են ծեծել 9-10 տարեկան երեխաների: Քնասենյակներում ոջիլը նույնքան սովորական երևույթ էր, որքան աղեստամոքսային խնդիրները և հասարակածային արևից ջերմային հարված ստանալը: Իսկ ստեղծված իրավիճակի մասին չէին կարող հայտնել, որովհետև, կրկնեմ, նամակները կարդում էին, հեռախոսազրույցները լսվում էին: Ես ու ընկերոջս եղբայրը բառացիորեն փախանք այնտեղից: Հերթական հեռախոսազանգի ժամանակ ծնողներս, զգալով, որ մի բան այն չէ, ասացին, որ իրենց հարցերին պատասխանեմ միայն այո կամ ոչ, և ես հասկացրեցի, որ ես այլևս չեմ ոզում մնալ:

Մեզ հետ բերեց Հովսեփ Սեֆերյանը: Ընդ որում, Մոսկվայում նա փորձում էր մեզ համոզել և հետ տանել: Մեր վերադարձից հետո այստեղ մեծ սկանդալ եղավ, ծնողներ հավաքվեցին: 90 տոկոսով երեխաներին բերեցին, կաթողիկոսին նամակ գրվեց:

Իսկ ո՞ւմ ենթակայության ներքո է գտնվում ճեմարանը:

Ընդհանրապես Հայաստանից Կալկաթա աշակերտներ տանելու գաղափարն առաջ է քաշվել Վազգեն Ա կաթողիկոսի կողմից: Մեր հոսքը ևս ուղարկվել է Հնդկաստան այդ գաղափարի շրջանակներում: Ճեմարանը միշտ եղել է Մայր աթոռի վերահսկողության տակ, իսկ 1999-ից` արդեն լիակատար ենթակայության տակ: Սակայն կոնկրետ 1993-94 թթ. երեխաների խմբերը բացարձակապես անտեսված էին Էջմիածնի կողմից: Կանխելով հնարավոր փաստարկները տեղեկացված չլինելու վերաբերյալ` ասեմ, որ գրեթե միշտ մեզ հետ էր մնում հնդկահայության հոգեւոր առաջնորդ Տեր Սահակ քահանա Սահակյանը, որը շատ հաճախ ականատես էր ֆիզիկական բացահայտ բռնությունների, սակայն նախընտրում էր ձեռնպահ մնալ: Ավելին, «իր ասելիքը տեղ հասցնելու համար» նա ինքն էր հաճախ ապտակում մեզ, իսկ կիրակնօրյա պատարագներին նրան օգնում էին իրանահայ մի շարք ուսանողներին, որոնց մի մասը ամենասադիստական հակումներ ունեցողներն էին:

Իսկ ի՞նչ սկզբունքով են երեխաներին ընտրում:

Մեր ծնողներին խոստանում էին, որ մենք կստանանք միջազգային ստանդարտներին համապատասխան անվճար կրթություն, որից հետո երեխաներն իրենց կրթությունն անպայման կշարունակեն Եվրոպայում: Ընդ որում, պետք է իմանայինք որոշակի անգլերեն, սակայն 40 հոգուց ես և ընկերս միայն անգլերեն գիտեինք: Իսկ ինչպես էին ընտրվում, իհարկե կաշառքով, որը տրվում էր ԿԳ համապատասխան աշխատակցուհուն:

Ստացվում է 16 տարվա մեջ որևէ բան չի՞ փոխվել:

Հենց այն պատճառով, որ Մայր աթոռը հնարավորինս քողարկում է պրոբլեմը` տեղեկատվություն չկա, հետևապես պրոբլեմ չկա տրամաբանությամբ: Կարող եմ ենթադրել, որ լուրջ հոգեբանական վիճակում են գտնում բոլոր սաները: Նորից կարդացեք բռնությունների նկարագրությունները և ապա պատկերացրեք, որ հիմնական զոհերը 8-14 տարեկան երեխաներն էին: Իսկ ո՞վ է պատասխանատու երեխաների հոգեկան խեղման համար, այդ երեխաներին հասցված տրավմաների համար ո՞վ է պատասխանատու` թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայում:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Aug 8, 2010 19:45