ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, March 3, 2013 18:48 - 2 քննարկում

Կազատվի արդյո՞ք ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի անձնական սադրանքից և սարսափից: Թե ամեն ինչ կմնա Ռաֆֆու ուսերին:

Մարտի 2-ին Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա հետ եւս մի քանի պատվիրակներ, հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա պատվիրակությանը՝ ԲՀԿ գրասենյակում: Կարելի էր կարծել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակ էր անցել «բարեւի» արշավի շրջանակում, բայց հանդիպումը տեւել է երեք ժամ: Բարեւի համար երեւի թե երեք րոպեն բավարար էր, հետեւաբար երեք ժամը հուշում է, որ եղել է այլ խոսակցություն: 

Հանդիպումը փակ է եղել: Բաց քաղաքականության եւ շփումների հավատամքով գործող Րաֆֆի Հովհաննիսյանը փաստորեն հերթական փակ հանդիպումն է ունենում: ԲՀԿ-ի հետ Ժառանգության հանդիպման մասին ԲՀԿ-ի հաղորդագրությունը չափազանց արարողակարգային է: Ժառանգությունը կարծես թե փոքր ինչ ավելի խոսուն է եղել, հայտնելով, թե Ծառուկյանը հավաստել է, որ եղել են ու լինելու են ժողովրդի կողքին, ու նաեւ պայմանավորվել են գործակցել ստեղծված ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում նաեւ արտահերթ քայլերի լուրջ: 

Հետաքրքրական է սակայն, որ ԲՀԿ-ի հետ հանդիպման մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե որեւէ հաշվետվություն չի տվել Ազատության հրապարակին, չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երեք ժամ: Ո՞վ է լիազորել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հանդիպումը: Ինչու նա, որ հրապարակից հարցնում է դիմել ՍԴ, թե ոչ, ձեւավորել ստվերային կառավարություն, թե ոչ, չի հարցրել՝ ԲՀԿ-ի հետ հանդիպման գնա՞լ, թե ոչ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ձեւավորում է վերկուսակցական, քաղաքացիական, ժողովրդական շարժում, ինչու է գնում կուսակցական պատվիրակությունների հանդիպման: 

Մի քանի օր առաջ նա հայտարարեց, թե Ժառանգության խորհրդարանական խմբակցությունը գործում է ինքնուրույն, ինքը տեղյակ է, բայց ինքն Ազատության հրապարակի մարդն է եւ ունի մի պահանջ՝ Սերժ Սարգսյանին: Ինչու՞ ԲՀԿ-ի հետ բանակցելու չի գնում Ժառանգության խմբակցությունը, հենց սեփական, ինքնուրույն նախաձեռնության եւ խորհրդարանական գործընթացի շրջանակում: 

Հարցերն իսկապես շատ են, առավել եւս, որ կա գլխավոր անպատասխան հարցը, որից ԲՀԿ-ն խուսափում է փետրվարի 18-ից հետո՝ ճանաչու՞մ է Սերժ Սարգսյանի վերընտրությունը, հաղթող է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ համարում է, որ պետք է լիներ առնվազն երկրորդ փուլ, քանի որ չի հաղթել ոչ ոք: 

Կոնկրետ հարցերից խուսափելը ԲՀԿ փորձված մարտավարությունն է, «հաջորդ դասի» տեխնոլոգիան, որի հանրային «էֆեկտիվությունը» արձանագրվել է մի քանի անգամ: ԲՀԿ-ն մշտապես լինելով ժողովրդի կողքին, թույլ է տվել, որ ՀՀԿ-ն ապահով նստի ժողովրդի գլխին: 

Ի՞նչ է փնտրում Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ի մոտ: Ի՞նչ արտահերթ լուծումներ: ԲՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին օգնելու է Սերժ Սարգսյանին հրաժարակա՞ն պարտադրել ու ստանձնել նախագահի պաշտո՞նը: Իսկ ու՞ր են գնալու հաջորդ օրը ՀՀԿ բացարձակ մեծամասնության պատգամավորները: Միանալու են Ժառանգության երեք պատգամավորների՞ն, թե ԲՀԿ-ի երեսունյոթ հոգանոց խմբակցությանը, որի շնորհիվ ԲՀԿ-ն դառնալու է խորհրդարանական բացարձակ մեծամասնություն: Ի՞նչ է անելու նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կապիտալիստների այդ բացարձակ մեծամասնության դեմ: 

Իհարկե, քիչ հավանական է, որ Բարգավաճ Հայաստանը կգնա այդ սցենարին: Բարգավաճ Հայաստանը դրան կգնա գրեթե լիակատար երաշխիքներ ունենալու պարագայում, որ հնարավոր կլինի հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին: Իսկ առայժմ ԲՀԿ-ն ընդամենը մտածում է քաղաքական դաշտի երկրորդ հորիզոնականը Ժառանգությանը չզիջելու մասին, միաժամանակ փորձելով իր կշիռը բարձրացնել ՀՀԿ մոտ՝ Սերժ Սարգսյանին սպառնալով, որ եթե չկիսվի իշխանությունը, ապա ԲՀԿ-ն կարող է իշխանության բերել Ժառանգությանը: Միգուցե Ժառանգությունն էլ փորձում է համանման սպառնալիքն ուղղել Սարգսյանին, որ եթե չգնա էական փոխզիջումների, ապա Ժառանգությունը դաշինք կկազմի ԲՀԿ-ի հետ: 

Այդ ամենը շատ է նման ՀԱԿ-ԲՀԿ դաշինքին, պարզապես այն, ինչ այդ դեպքում տեղի ունեցավ երկարատեւ գործընթացի արդյունքում՝ ՀՀԿ հետ անհաջող երկխոսության ամիսներ, հետո ԲՀԿ հետ դաշինքի ամիսներ եւ այլն, այժմ տեղի է ունենում այսպես ասած արագացված կարգով: Ըստ ամենայնի, ինչ որ մեկն անպատրաստ է լինելու այդ արագությանը եւ մնալու է հետ: Հետ մնացողը կարող է լինել թե Ժառանգությունը, թե ԲՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանը: Թեեւ ամենահավանական հետնապահի դերում կարող է կրկին հայտնվել հասարակությունը, եթե քաղաքացիականությամբ ծնվող շարժման առաջին թոթովանքը շատ է հիշեցնում «քաղաքագիտերենը»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Vaneci
Mar 3, 2013 19:06