ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, March 27, 2009 11:15 - 1 քննարկում

ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ…

ԱՄԱԼՅԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ
Անսպառ են մարդկային հիշողության հնարավորությունները, բայց կան իրողություններ, դեպքեր, որոնք մեր կենսագրության օրգանական մասը լինելով, կամա թե ակամա, աստիճանաբար խունանում են մեր մտապատկերում կամ երբեմն էլ գաղտնիության շղարշով պատվում:
Անկախացման էյֆորիայի մեջ «թավշյա հեղափոխության» տղաները, ինչպես ասում են, ձեռքի հետ շատ արժեքներ դեն նետեցին, անաղարտ կենսագրություններ սևացրին ու շատ մարդկանց հանիրավի պաշտոնանկ արեցին` թացը չորին խառնելով… 1988-ին Բելառուսից Երևան տեղափոխված խորհրդային սպա Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) նույնպես իր մաշկի վրա զգաց «թավշյա հեղափոխականների» ուժը: Թե ո՞ր մեղքի համար` գեներալ-մայորը մինչև օրս էլ դեռ չգիտի…
Անկախության, Խորհրդային Միության կազմից դուրս գալու պահանջներով հայտնի շարժումն արդեն սկսվել էր, երբ նա Հայաստան եկավ: Քանի որ խորհրդային բանակի սպա էր, ուստի քաղաքականությամբ չպետք է զբաղվեր: Հետևաբար մինչև 1990 թ. դասավանդեց գյուղակադեմիայում: Լրջախոհ զինվորականն այդպես երկար շարունակել չէր կարող, քանի որ ադրբեջանական գրոհայինները` օգտվելով Խորհրդային Միության զինված ուժերի «բարեգթությունից», Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում սկսեցին թալանն ու սպանությունները, անասնագողությունը: Նրանց օգնում էր խորհրդային զինվորը, որովհետև Ադրբեջանն ու իր ղեկավար Մութալիբովը Միությունը պահպանելու կողմնակից էին, այդ իսկ պատճառով վայելում էին Գորբաչովի համակրանքն ու օգնությունը: Իրենց վայրագություններով նրանք փորձում էին վախեցնել, լռեցնել հայերին:
– Պրն Տեր-Թադևոսյան, ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք մարտական դիրքերում..
-1990 թ. որպես խորհրդական ընդունվեցի «Սասունցի Դավիթ» ջոկատ և անմիջապես ձեռնամուխ եղա ջոկատի մարտիկների մարտունակության բարձրացմանը: Իսկ երբ ձևավորվեց Հայաստանի պաշտպանության կոմիտեն, նրա կադրերից մեկը դարձա: Այնուհետև 1991 թ. մեկնեցի Լեռնային Ղարաբաղ:
– Եվ նշանակվեցիք, եթե չեմ սխալվում, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:
– Այո՜, երբ ես տեղափոխվեցի Ղարաբաղ, այնտեղ Պաշտպանության կոմիտեի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ընդունվեցի այդ կոմիտե: Բայց մինչև օրս էլ ինձ համար անհայտ է, թե ո՞ւմ և ի՞նչ հրամանով ես նշանակվեցի Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:
– Պրն Տեր-Թադևոսյան, գաղտնիք չէ, որ որպես ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գլխավորել եք նաև Շուշիի ազատագրման պլան-օպերացիան: Փայլուն հաղթանակից հետո Ձեզ հաղթության դափնի շնորհելու փոխարեն, Լևոն Տեր-Պետրոսյանն ազատեց պաշտոնից: Ո՞ր մեղքի հանար:
– Ես չեմ կարող ասել` դա Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էր, թ՞ե Վազգեն Սարգսյանը: Կռիվը կռիվ է մնում: Թշնամու դեմ ես կռվում, բայց գաղտնիք չէ, որ ժամանակի քաղաքական ղեկավարները նույնպես իրար դեմ էին կռիվ մղում, որը պատերազմի ժամանակ իր բացասական հետևանքներն է ունենում: Շուշիի ազատագրումից հետո նման մի դեպք եղավ, որն էլ իր տխուր, բացասական հետևանքն ունեցավ: Երբ հունիսին Գերագույն խորհրդի նիստ գումարվեց, Դարաբաղի նոր նախագահ պիտի ընտրվեր, երկու հակադիր ուժերի` դաշնակների և ՀՀՇ-ի ընդհարում տեղի ունեցավ: Դաշնակներն ուզում էին Շահեն Մեղրյանին ընտրել, որը 33 ձայն հավաքեց, իսկ ՀՀՇ-ն` Ռոբերտ Քոչարյանին: Եվ ինձ խնդրել էին օգնել այդ հարցում: Դա անընդունելի էր, քանի որ ինձ համար միակ թանկ բանը` բանակի միասնությունն էր: Նստաշրջանում քննադատեցի ինչպես դաշնակներին, այնպես էլ ՀՀՇ-ին` սատար չկանգնելով ո՜չ մեկին, ո՜չ էլ մյուսին: Հունիսյան այդ ողբերգական ու ողբալի օրերից մինչև օրս պատմությունը դեռ լռում է: Ավարտն էլ նույնքան ողբերգական էր, քանի որ ներքին մարտից ու պայքարից 10 օր անց կորցրինք Շահումյանը և Մարտակերտի շրջանի մի հատվածը: Ես արդեն ազատված էի պաշտոնից…
– Պրն Տեր-Թադևոսյան, տեսակետ կա, որ Շուշիի ազատագրման պլան-օպերացիայից Լևոն Տեր-Պետրոսյանն անտեղյակ էր, թեև գտնվում էր Իրանում, և ավետիսը նրան այնտեղ հասավ: Բայց մի՞թե հնարավոր է երկրի նախագահից գաղտնի նման օպերացիա իրականացնել, թե՞ դա, ավելի ճիշտ, դիվանագիտական քայլ էր…
– Կարծում եմ, որ նախագահը գիտեր, որ Շուշին պիտի ազատագրվի: Նրան այդ մասին զեկուցել էին:
– Խոսքը մայիսի 8-ի օպերացիայի՞ մասին է:
– Ոչ, այդ օրվա մասին նա չգիտեր, քանի որ գտնում էին, որ դեռ պատրաստ չենք այդ օպերացիային: Մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք դեռ պիտի իրականացնեինք: Գիտեմ, որ շատ բան եք ուզում իմանալ, բայց կան բաներ, որ զանգվածային լրատվամիջոցների համար չեն, և հրապարակել չենք կարող` խուսափելով բացասական արձագանքներից: Շատ գործոններ կան, որոնց մասին հնարավոր էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտեր կամ նրան թյուրիմացության մեջ էին գցել:
– Պրն Տեր-Թադևոսյան, պատրաստ չլինելու մեկ գործոն գոնե կարո՞ղ եք նշել:
– Ադրբեջանը Շուշիում 2500 զինվոր ուներ: Ըստ զինվորական օրենքի, կանոնադրության, մեր ուժերը երեք, չորս անգամ պիտի գերազանցեին հակառակորդի ուժերին: Այսինքն` մենք առնվազը 10 հազար զինվոր պիտի ունենայինք` Շուշիի օպերացիան սկսելու համար: Պատրաստ չլինելու հանգամանքը նաև դրանով էր բացատրվում:
– Նման արդյունք ունենալու համար գուցե երկա՛ր սպասեինք:
– Այո, իսկ մինչ այդ ամեն օր Շուշիի հրետակոծությունից Ստեփանակերտում խաղաղ մարդիկ էին զոհվում: Ժողովրդի հավատն արդեն սպառվել էր: Սպասելն անիմաստ էր: 72 հրամանատարներից չգտնվեց մեկը, որ մերժեր օպերացիա սկսելու առաջարկը, ինչն էլ իրագործվեց առանց հայաստանյան կողմի թույլտվության: Այո, օպերացիայի սկսման թույլտվություն մենք Հայաստանից չենք ստացել: Շատերն այդ հաղթանակը իմ անձի հետ են կապում, բայց եթե չլիներ 72 հրամանատարի, զինվորների նվիրումն ու միասնությունը, դժվար,թե հաջողության հասնեինք: Զինվորների մարտական ոգին, ռազմական փորձն ու հմտությունը մեծ դեր խաղացին օպերացիայի հաջողության գործում:
– Ժողովրդական մի խոսք կա. մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա: Մինչև 10 հազար զինվոր ունենայինք, ով գիտե թե ի՞նչ կլիներ, խաղաղ բնակչության շրջանում որքա՛ն զոհեր կունենայինք: Չէ՞ որ Շուշիի ազատագրումից հետո միայն ստեփանակերտցիք դուրս եկան նկուղներից: Գուցե բարին դա էր, չէ՞ որ համարձակությունը գործի կեսն է: Դա Ձե՞ր համարձակ քայլն էր…
– Ո՜չ, ոչ իմ: Ես Պաշտպանության կոմիտեում էի, որը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, և կարծում եմ, որ տեղի Պաշտպանության կոմիտեի համարձակ որոշումն էր:
– Թեև այդ հարցին մասնակիորեն պատասխանեցիք, այնուհանդերձ, պրն Տեր-Թադևոսյան, պատրաստ չլինելով հանդերձ` մենք փայլուն հաղթանակ գրանցեցինք, որից հետո այնքա՛ն տարվեցինք այդ հաղթանակի էյֆորիայով, որ մոռացանք, որ թշնամին կարող է մեզ պատժել: Եվ դա շատ չուշացավ` հունիսի 13-ին ընկավ Շահումյանը, իսկ հուլիսի 4-ին` Մարտակերտը…
– Դա արդեն հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների որոշելիք խնդիրն էր: Շահումյանի պարտության ժամանակ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հետախուզության ժամանակ կոպիտ սխալներ թույլ տրվեցին: Գիտեինք, որ հակառակորդը մեծ գումարներով արագ կարողացավ հավաքագրել Կիրովաբադում գտնվող խորհրդային բանակի նախկին սպաներին, ովքեր անփող էին, սոված, նաև մեծ թվով վարձկաններ գնեց: Իսկ մենք քնած էինք: Գիտեք, պատերազմում շատ հակասական գործոններ կան, որոնք էլ ժամանակի ընթացքում ցանկանում են թաքցնել: Թող 10, 20 տարի թաքցնեն, բաց մեկ է, ճշմարտությունը ի վերջո կբացահայտվի և ժամանակն ամեն ինչ տեղը կդնի, անգամ` ով ինչ է արել, ինչ է տվել այդ պատերազմին:
– Ասում եք` 10, 20 տարի… Շահումյանի անկումից, Մարտակերտի գաղթից արդեն 17 տարի է անցել, սակայն մինչև օրս ժողովուրդը մի ճշմարիտ խոսք չի լսել: Ասում են, որ գաղտնիության կնիքով փաստաթղթեր կան… Մինչև ե՞րբ պիտի յոթ փակի տակ մնան դրանք, չէ՞ որ եղածն արդեն եղած է…
– Շատ բան է պարզ, բայց այն որպես ճշմարտություն չեն ուզում ընդունել: Օրինակ` ինչո՞ւ 1992թ. հունիսի 4-ին Ստեփանակերտում հայ զինվորը զինվորի դեմ դուս եկավ և մեկ օրվա մեջ թշնամի դարձան: Ինչո՞ւ այդ հարցը չդրվեց, չլուծվեց հենց այն ժամանակ, որպեսզի չլիներ, ասենք, 1996թ. կամ մարտի 1-ը: Գնալով մեր մեջ խորանում է թշնամությունը, թեև տեղն եկած ժամանակ ասում ենք, որ դա չէ մեր ուզածը և այդ ուղղությամբ իբր բոլորս ենք աշխատում: Երբեմն ուզում ենք լավ բան անել Հայաստանի համար, բայց արդյունքում, ինչպես միշտ, վատ բան է ստացվում: Մարտյան դեպքերը մեր այն ծաղիկներն էին, որ ցանեցինք 1992 թ. Ստեփանակերտում, այնուհետև ջրեցինք 1996-ին…: Ինչո՞ւ պետք է մեր ազգը պառակտվի ու իրար դեմ դուր գա…
– Պարզվում է` պատերազմում հաղթեցինք, բայց դիվանագիտության ոլորտում այն դեռ շարունակվում է: Որպես զինվորական, ինչպե՞ս եք տեսնում այդ թնջուկի լուծումը:
– Բանակցություններ են գնում: Միջազգային իրավունք հասկացություն գոյություն ունի, նմանատիպ կազմակերպություններ կան: Պետք է փոխադարձ զիջումների գնալ, որոնք, իհարկե, կհանգեցնեն սահմանների փոփոխման: Ես որպես զինվորական կարծում եմ, որ մեր սահմանի յուրաքաչյուր փոփոխություն մեր դեմ կարող է լինել: Իսկ քաղաքագետներն ինչպիսի լուծում կգտնեն, չգիտեմ: Օպտիմալ տարբերակն այն է, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր եղած սահմանը: Իսկ եթե այն փոփոխության ենթարկվի` որոշակի դժվարություններ կունենանք: Պատմությունը ցույց է տվել, որ դիվանագիտության դաշտում միշտ պարտություն ենք կրել; Չգիտեմ, կկարողանա՞նք գոնե հավասար արդյունքով ավարտել այդ բանակցությունները:
– Պարոն գեներալ, այսօր շատ է խոսվում բանակաշինության մասին: Շատերն են իրենց տեսնում այդ ակունքներում, հպարտանում դրանով: Մինչդեռ իրական նվիրյալները համեստորեն լռում են: Մի քիչ խոսեք, անկեղծացեք այդ խնդրի շուրջ…
– Բանակաշինության գործում շատերն են ծանրակշիռ դեր ունեցել: Դա շատ լուրջ թեմա է, ուստի անուններ տալուց վախենում եմ շատերին նեղացնեմ, քանի որ, ըստ էության, դժվար է բոլորին թվարկել: Այնուհանդերձ, Դալիբալթայանը, Արտուշ Հարությունյանը (զինկոմ), Միքայել Հարությունյանը (նախկին շտաբի պետը), գեներալ-լեյտենանտներ` Տեր-Գրիգորյանց և Անդրեասյան: Փոխգնդապետ Իսագուլով և ներկայիս շտաբի պետ Խաչատուրով: ՊՆ-ում աշխատող շատ գեներալներ, ինչպիսիք են Փայտյանը, Բաղմանյանը, Գզողլյանը, որոնք ժամանակին ջոկատների հրամանատարներ էին: Իհարկե, եղան նաև ոչ զինվորականներ: Մենք չպետք է մոռանանք նաև նրանց, ովքեր ժամանակից շուտ հեռացան կյանքից` զոհվելով մարտադաշտում: Մասնավորապես` Լեոնիդ Ազգալդյանին, Յուրա Հովհաննիսյանին (26-ի Յուրա), Աշոտ Ղուլյանին (Բեկոր): Բանակի հիմքերն ամուր ու առողջ եղան նաև շնորհիվ բարոյապես և հոգեպես ամուր կամավորական, ֆիդայի տղաների շնորհիվ, ինչպիսին էիք Թաթուլ Կրպեյանը, Պետրոս Ղևոնդյանը և շատերը: Նրանք իրենց գործով, կյանքով ապացուցեցին, որ ամեն գնով պետք է պահել-պահպանել Հայրենիքը: Գիտե՞ք այնժամ ինչ էր հուշում մարդկային ու զինվորական տրամաբանությունը. որ հակառակորդի մեծաթիվ ուժերին, որոնց անվերապահորեն միացել էր նաև Խորհրդային Միության զինուժը, փոքրիկ Հայաստանը պիտի ինչ-որ զիջումների գնա: Բայց Թաթուլի, Պետոյի, Լեոնիդի պես մարդիկ համոզեցին, որ պետք է Հայրենիքը միայն ու միայն պաշտպանել, այլ ոչ թե հարձակվել…: Եվ հենց դրա մեջ էին այդ տղաների համն ու հոտը, մեծությունը: Եվ այսօր այդ տղաներին միայն առիթից առիթ ենք հիշում, մինչդեռ նրանց մասին առիթ-անառիթ պիտի խոսել, որպեսզի նրանցով սերունդ դաստիարակվի:
Հ.Գ. Այո՜, այդ ամենից հետո դժվար չէ կռահել, թե Արկադի Տեր-Թադևոսյանն ինչո՞ւ ազատվեց պաշտոնից: Մնում է պարզել, թե ո՞ւմ հրամանով` ԼՏՊ-ի, թե՞ Վազգեն Սարգսյանի: Եթե առաջինի, ապա ով-ով, գոնե Վազգեն Սարգսյանը, որ այդքան սիրում էր հպարտանալ Շուշիի հաղթանակով, կարող էր միջամտել գործին, իսկ եթե վերջինիս հրամանով, ապա մնում է մեկ պարզ հետևություն անել. մի՞թե այդ հպարտությունն ընդամենը ձև էր…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

gvg
Mar 28, 2009 22:40