ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 25, 2010 10:37 - 4 քննարկում

Հարություն Առաքելյան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը վարում է հարցի ոչ արդարացի լուծման քաղաքականություն»

Երեկ ՀՀ Գրողների Միության մեծ դահլիճում տեղի ունեցած արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը հնչեցրեց կուսակցության հայտարարությունը.

Ստորև ներկայացնում ենք այն.

Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության Հանրապետական Վարչությունը հետեւելով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին , արձանագրում է

– ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրների ներկայացուցիչները վարում են հարցի ոչ արդարացի լուծման քաղաքականություն` բացահայտ հետապնդելով արցախյան հարցի կարգավորման խնդիրը սեփական շահերին ծառայեցնելու գործունեություն, արդյունքում ցուցաբերելով երկակի ստանդարտներ` ազգերի ինքնորոշման եւ սահմանների անձեռնմխելիության միջազգային նորմերի հանդեպ, օգտագործելով դրանք իրենց համար որպես «խաղաքարտ»:

– թե Ռուսաստանի, թե եվրոպական եւ թե ամերիկյան արտաքին գերատեսչությունների պատասխանատուների կողմից Հայ Ազգի ճակատագրի հանդեպ դատավորի կեցվածք ընդունելը դարձել է սովորույթ եւ վերջիններս անամոթաբար հայտարարում են, թե արցախյան հարցի լուծումը չունի եզրեր ոչ Կոսովոյի, ոչ Աբխազիայի եւ ոչ էլ Օսեթիայի ինքնորոշման միջազգային իրավունքի հետ:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երկրներն սկսել են մի մրցավազք Ադրբեջանին հաճոյանալու համար, եւ ամեն մեկը յուրովի է նպաստում հարցի ադրբեջանական կողմի շահավետ լուծմանը` ճնշումների ենթարկելով Հայաստանին բոլոր հնարավոր լծակներով, չխորշելով Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի ինքնապաշտպանական գործողությունները ահաբեկչական-անջատողական հարթություն տեղափոխումից,

– Հայաստանյան մամուլում տարածվող պարտվողական տրամադրությունները` թե արդեն հարցը լուծված է, «հողերը» հետ են տրված, մնացել է Լաչինի միջանցքի լայնության հարցը եւ նմանատիպ տխմար մտքերը ներկա փուլում գնահատելով  վտանգավոր, այնուհանդերձ գտնում ենք, որ հայաստանյան  քաղաքական ընտրանին չի պատասխանել, թե ո՞վ է լիազորված Արցախի Հանրապետության եւ նրա օրինավոր բնակիչների անունից ճակատագրական որոշումներ «ստորագրող» անձը, կամ պետական ինստիտուտը, եւ ո՞ր օրենքով են հիմնավորված նմանատիպ լիազորությունները:

ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը հիմք ընդունելով Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող հակահայ քաղաքականությունը, որի մասին ՀՌԱԿ-ը տարիներ շարունակ բարձրաձայնել էր` առաջարկելով հստակ լուծումներ, այսօր էլ կուսակցությունը մնացել է նույն կարծիքին եւ գտնում է, որ առայժմ ուշ չէ կյանքի կոչել հարցի լուծման առաջարկված մեր տարբերակը, որը ներկայացված է ստորեւ.
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության ներկայությունը ԼՂՀ-ի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կազմակերպվող բանակցային գործընթացում` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանությունը հանդիսանում է հայ ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած պետական կառույց, որն արտահայտվել է 1988-1994թթ. ընթացքում Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի զտումների, ջարդերի ու սպանդների, հայերի գույքը թալանելու, պատմամշակութային արժեքները ոչնչացնելու միջոցով եւ այդ գործողություններն իրականացրել է պետական կառույցների` բանակի, տրանսպորտի ու կապի, ոստիկանության եւ կազմակերպված խուժանի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին` օրակարգի հարց դարձնել եւ ընդունել «1988-1994թթ. ադրբեջանական իշխանու-թյունների կողմից հայ ազգի հանդեպ իրականացրած ցեղասպանության մասին օրինագիծ, իսկ մերժման դեպքում` քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենք», հիմք ընդունելով այն փաստը, որ 1988թ.-ից սկսած ադրբեջանական կառավարությունները կազմակերպված ձեւով բնաջնջել են հայկական ծագում ունեցող Ադրբեջանի ՍՍՀ-ի քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառել մասսայական ոչնչացման զենքեր:

3. Համախմբել հայկական կողմի միջազգային իրավունքի մասնագետներին, պետաիրավագետներին եւ պատմաբաններին (օգտագործել նաեւ սփյուռքի հնարավորությունները) իրավաբանորեն գրագետ ձեւակերպվելիք հայցի շուրջ` Հաագայի միջազգային դատարանում` ընդդեմ 1988-ից մինչեւ 1994 թվականների ադրբեջանական կառավարության:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պաշտոնապես դիմել Հաագայի միջազգային դատարան ընդդեմ ադրբեջանական 1988-1994թթ. կառավարության` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ հայահոծ այլ բնակավայրերում հայերի հանդեպ էթնիկ զտումներ, ջարդեր ու սպանդներ, թալան եւ կողոպուտ իրականացնելու մեղադրանքով:
Հաագայի միջազգային դատարանին ներկայացնել թե ԼՂՀ, թե Հայաստանի խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենքերի, ցամաքից եւ օդից հայկական բնակավայրերի (քաղաքները եւ գյուղերը) ռմբակոծման բազմաթիվ փաստերը եւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի կողմից:

5. Ադրբեջանական կառավարությունների կողմից էթնիկ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունն ապացուցող փաստեր ներկայացնել միջազգային իրավապաշտպան եւ մարդու իրավունքները քարոզող շահագրգիռ կազմակերպություններին: Միջազգային կառույցներում հայկական հարցի արդարացի լուծմանն ուղղված երկակի ստանդարտներից խուսափելու համար ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը ներկայացնում է թուրքական եւ ադրբեջանական կառավարությունների իրականացրած ցեղասպանությունների համառոտ համեմատական աղյուսակ (կցվում է), որտեղ մարդկության հանդեպ իրականացրած հանցագործությունը պատկերված է իր 3 բաղկացուցիչ փուլերով:

6. Հայկական աշխարհասփյուռ քաղաքական ընտրանին ենթարկել զորաշարժի, ընդդեմ մարդկության հանդեպ 1988-1994թթ. ադրբեջանական կառավարությունների իրականացրած հանցագոր-ծությունների` հիմք ընդունելով Միացյալ Ազգերի կազմակերպության 1948թ. ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ այն պատժելու մասին», ինչպես նաեւ 1968 թվականին ընդունված «Մարդկությանդեմ իրականացրած հանցագործությունների նկատ-մամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները:

Հայաստանի Ռամկավար Ազատական
Կուսակցության Հանրապետական Վարչություն




4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարինե Հայրապեյան
Oct 26, 2010 13:50