ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 20, 2011 12:51 - 1 քննարկում

2011-ի արդյունքները. Ռոբերտ Քոչարյանին սպասելիս

19-12-2011 09:54

Ավարտին է մոտենում 2011-ը, որը բուռն էր քաղաքական իրադարձություններով: Տարեսկզբին երկիրը ցնցեցին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բազմահազարանոց հանրահավաքները, որոնց բազմամարդության համար ՀԱԿ ղեկավարությունը պետք է մեծապես շնորհակալ լինի նաև իշխանությունների ապաշնորհ սոցիալական քաղաքականությանը, մասնավորապես Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: ՀԱԿ ղեկավարությունը հանրահավաքները բարեհաջող կերպով տեղափոխեց ժողովրդի և փորձագետների համար այդպես էլ անհասկանալի «քաղաքական երկխոսության» դաշտ, որի միակ իրական ձեռքբերումն ընդդիմության համար դարձավ 2008-ի մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածների համաներումը:

Աշնանն իշխանությունը, ի դեմս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ), ՀԱԿ-ի ձեռքից խլեց նորությունների գլխավոր մատակարարի դրոշը՝ սկսելով իշխանության կառույցներում հրաժարականների և վերադասավորումների շքերթը: Սկզբից այդ հրաժարականները հույսեր արթնացրեցին, որ իշխանությունը վերջապես ցանկություն ունի ինչ-որ բան բարելավել երկրում, բայց դրանք ցույց տվեցին, որ փոխվեցին միայն իշխանության դեմքերը, իսկ աշխատանքի ոճը մնաց նույնը: Դրա վառ ապացույցն է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը ոստիկանապետի պաշտոնում իր ձախողված աշխատանքի իրական գնահատականի փոխարեն ստացավ նախագահի խորհրդականի պաշտոնը՝ երևում է իր «հաջող» աշխատանքը երկրի ղեկավարի մոտ շարունակելու համար:

Ընդհանրապես այս տարի իշխանությունն առատաձեռն էր խոստումներ և հայտարարություններ կատարելիս: Սկզբից նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց կառավարությանը շտապ բարելավել ժողվորդի կյանքը, միաժամանակ խոստանալով, որ այն դեպքում, եթե երկրում իրավիճակը մինչև մայիս-հունիս չբարելավվի, կառավարությունում կթռչեն գլուխներ: Մայիսն անցավ, հունիսը՝ նույնպես, նույնիսկ աշունն ավարտվեց, սակայն կառավարությունը հանգիստ շարունակում է աշխատել իր սովորական ռեժիմում՝ աճպարարություն անելով երկրում կյանքի բարելավման մասին վկայող վիճակագրական տվյալներով, որոնք, չգիտես ինչու, անշնորհակալ և անհասկացող ժողովուրդը չի զգում իր կաշվի վրա և, չդիմանալով հայրենիքի «հրաշալի» կյանքին, բռնում է արտագաղթի ուղին:

Պետք է նշել, որ Հայաստանից արտագաղթի նոր և ահագնացող ալիքը դարձել է երկրի կարևորագույն խնդիրներից մեկը, որը սպառնում է շուտով դառնալ ազգային անվտանգության և ընդհանրապես հայ պետականության ամենագլխավոր սպառնալիքը: Խոսելով արտագաղթի մասին՝ կարելի է նաև նշել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից օրինակ վերցնելու փոխարեն, ում օրոք գրեթե հաջողվել էր դադարեցնել արտագաղթը, Սերժ Սարգսյանը որոշեց արտագաղթի ծավալներով հասնել և առաջ անցնել առաջին նախագահից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից: Միաժամանակ Սերժ Սարգսյանի օրոք հայերը պատրաստ են արտագաղթել նույնիսկ Ալթայ, միայն թե լքեն Հայաստանը:

Ուստի զարմանալի չէ, որ նման ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում ժողովրդի մեջ խոսակցություններ են սկսվել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու անհրաժեշտության մասին: Չէ որ հայ ժողովրդի հիշողությունից չէին կարող ջնջվել տնտեսական աճի երկնիշ թվերը, բնակչության կենսամակարդակի արագ բարելավումը, հստակ և վստահ արտաքին քաղաքական ուղղությունը, որը շահավետորեն տարբերվում է ներկա երերուն իշխանությունից, որն ապրիլի 24-ին նախորդող գիշերը թուրքերի հետ ստորագրեց արձանագրությունները:

Երկրորդ նախագահը չէր կարող անմասնակից մնալ՝ հետևելով հայրենիքում տիրող դրությանը: Իսկ ներկա իշխանության արտաքին քաղաքական ընթացքով և ներքաղաքական իրավիճակով անհանգստացած լինելը նշմարվում է նրա հարցազրույցներում: Զարմանալի չէ, որ դրանցից մեկում նա հստակ նախանշել է այն պայմանները, որոնց դեպքում նա կվերադառնա մեծ քաղաքականություն. 1) Հայաստանի տնտեսությունում կայուն իրավիճակի և մարդկանց բարեկեցության բարելավման բացակայություն և որպես հետևանք անելանելի տրամադրությունների և արտագաղթի աճ, 2) տարբեր սոցիալական խավերի պահանջարկ մեծ քաղաքականություն վերադառնալու համար, 3) նրա ներքին համոզմունքը նրանում, որ նա ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը: «Այդ երեք գործոնների առկայության դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել»,- ասել է Քոչարյանը:

Ինչպես տեսնում ենք, առաջին երկու պայմաններն առկա են, մնացել է երրորդը՝ հենց Ռոբերտ Սեդրակովիչի ցանկությունը: Մնում է միայն հուսալ, որ բանը ծայրահեղ միջոցներին չի հասնի, այլապես սարսափելի է պատկերացնել երկրի ապագան` ներկա ընթացքը շարունակելու պարագայում:

Ք. Վ.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅ
Jan 3, 2012 12:46