ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, December 25, 2011 2:40 - 6 քննարկում

Չէ´, պարոն Մերուժան, դուք մեր մտավորականը չեք, հաստա´տ: Մեր սերունդը չի ուզում Ձեզ նման «վա՜յ մտավորական»:

Մի հին լուսանկար կա, որում երևի կռվի տարիներին Հրանտ Մաթևոսյանը հանդիպում է կռիվ գնացող զինվորների  հետ:
Ինձ թվում է` մտավորականների հանդիպում է, քանի որ էնտեղ Հրանտից
բացի էլի մտավորականներ կան և, եթե չեմ սխալվում, նրանցից մեկը Մերուժան  Տեր-Գուլանյանն է:
Շատ լավ փաստ է, հայ մտավորականները ոգևորում են կռիվ գնացող զինվորներին: Մի քանի օր առաջ Քաջարանում էինք:
Իմացանք, որ Սյունիքի «հերոս» մարզպետը գալիս է գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ: Երբ եկավ մարզպետի սև մեքենաների շքախումբը, մեզ համար մի
փոքր անակնկալ էր, որ մարզպետի  մեքենաներից առաջինը իջած «շլյապայով» և շարֆով տղամարդը ներկայացավ որպես գրող, հպարապակախոս,  մտավորական Մերուժան Տեր-Գուլանյան:  Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու էր  Սյունիքի մարզպետը` իր շքախմբով և իրեն  մտավորական անվանող Մերուժան  Տեր-Գուլանյանը ոտքից մինչև մազերի  ծայրը սև շորեր հագած եկել հանդիպման:  Սկզբում մտածեցինք` գուցե  համաշխարհային նորաձևություն թելադրողները Ձմեռ 2011-12-ը հայտարարել  են սև գույների ՁՄԵՌ, որպեսզի մարդը  լավ երևա համատարած սպիտակ ձյան ֆոնի վրա: Գուցե, չգիտեմ: Բայց շատ շուտով մենք համոզվեցինք, որ դա ուներ բոլորովին այլ բացատրություն, որը ընդհանրապես կապ չունի համաշխարհային նորաձևության հետ:
Մարզպետը իր աշխատակազմով եկել էր  Քաջարան` գյուղի թաղմանը և իր հետ  բերել էր հայտնի մտավորականին, որպեսզի վերջինս մի ճոխ մահախոսական
կարդար «հանգուցյալ» գյուղի համար:  Բայց…բայց ի զարմանս իրենց, նրանք հանդիպեցին դեռևս ապրող, շնչող և  ավելին` հողի համար կռիվ տվող գյուղին  ու գյուղացուն:
Ցավոք սրտի, մեր մտավորականը  չկարողացավ կարդալ նախօրոք պատրաստած  մահախոսականը, ընդհակառակը` նրա գալու նախորդ օրը գյուղում հարսանիք էր եղել:  Էնպես, որ «սիրելի´» Մերուժան, կներեք,  որ առանց Ձեր կարծիքը հաշվի առնելու և  Ձեզ տեղյակ պահելու շարունակում են  ապրել, հարսանիքներ անել, երեխաներ  ունենալ և հողը պահել թե´ թուրքերից և  թե´ «հայերից»:
Հա´, չմոռանամ, մի կարևոր բան էլ,  չնայած Դուք շատ ջանք էիք գործադրել
Ձեր արտաքին տեսքը մտավորականին նմանեցնելու համար, բայց ցավում եմ` մի
տեսակ չէր ստացվել: Ախր ոնց ասեմ, մտավորականը «շլյապայով» ու վզին շարֆ փաթաթելով չի էլի:
Մի ուրիշ, շա՜տ փոքրիկ, բայց կարևոր բան  էր պակասում, չգիտեմ` ինչ, բայց հաստատ պակասում էր, ու էդ պակասը արտաքինի հետ ոչ մի կապ չունի:
Պարո´ն մտավորական, երկու ժամից ավել  ջուր ծեծելու փոխարեն, բարի լինեիք մտնել գյուղացիներից մեկի տուն ու  սեփական աչքով տեսնեիք, թե ինչպես է
ապրում գյուղացին, հետաքրքրվեիք նրա  առողջությամբ, գոնե իմացա՞ք չորս հերթափոխով աշխատող գյուղացու աշխատավարձի իրական չափը, նեղություն տայիք Ձեր ոտքերին և մտնեիք Քաջարանի հիվանդանոց և մտածեիք, թե Դուք քանի
վայրկյան կպարկեիք այդ հիվանդանոցում: Դե իհարկե, Դուք իրավունք չունեք Ձեր
«պայծառ» և «ստեղծագործ» ուղեղը ծանրաբեռնել նման մանրուքներով, ու՞մ է հետաքրքիր գյուղացու ապրուստը կամ առողջությունը:
Ձեր գրիչը պետք է գովերգի միայն մեր  «հերոս» մարզպետներին և «բարերար»
օլիգարխներին (հետաքրքիր է` ինչ արժե  մարզպետ կամ օլիգարխ գովերգելու մեկ տառը):  Պարոն Տեր-Գուլանյան, Ձեր խոսքերի մեջ  անընդհատ շեշտում էիք, թե
կառավարությունը որոշել է, որ հողերը  հանքին տալը հանրային գերակա շահ է:
Ա´յ պարոն մտավորական, Ձեր գալուց առաջ  մի քարտեզ վերցնեիք ու քարտեզի վրա  գտնեիք Քաջարան գյուղը և եթե դպրոցում Ձեզ բացատրել են, թե ինչ բան է  մասշտաբը, հաշվեիք, թե Քաջարան գյուղը  ինքան է հեռու Նախիջևանի սահմանից: Մի փոքր մտածեիք էլի, սահման պահող գյուղացուն տնից զրկելը, ո՞նց կարող է  լինել գերակա շահ, սահման պահող  զինվորի թիկունքին կանգնած գյուղը
վերացնելը ո՞նց կարող է լինել գերակա  շահ: Եվ այն էլ այն դեպքում, որ այդ  գերակա շահ կոչվածը բարձում են վագոններ և նավերը ու տանում Գերմանիա:
«Հեռատես» և «ազգասեր» է մեր  մտավորականը, խոսք չունեմ: «Տո´ խելոք,- կասեր Հրանտ Մաթևոսյանի  հերոսներից մեկը,- որ գյուղացին  զինվորի մեջքին չլինի, որ գյուղը  զինվորի թիկունքում կանգնած չլինի, էդ զինվորը ի՞նչը պիտի պահի»: Մի քիչ մտածեք, ա´յ մտավորական, գրող, հրապարակախոս:
Չէ´, պարոն Մերուժան, դուք մեր մտավորականը չեք, հաստա´տ: Մեր սերունդը չի ուզում Ձեզ նման  «վա՜յ մտավորական»: Մեր պատկերացրած մտավորականը պետք է գար Քաջարան գյուղ, և եթե նույնիսկ  Քաջարանը սահմանամերձ չլիներ և այնտեղ  բնակվեր թեկուզ և մի ծերունի, մեր մտավորականը պետք է կանգներ այդ ծերունու կողքին և չթողներ, որ որևէ օլիգարխ կամ կառավարություն վերացնի  այդ ծերունու տունն ու գյուղը:  Էլ ի՞նչ ասենք սահմանամերձ ու բնակեցված գյուղի մասին, թեկուզ և 60-70  հոգանոց (ինչպես Դուք եք ասում, որը  ճիշտ չէ):
Մեր պատկերացրած մտավորականը  կառավարությունից և հանքատերերից
պետք է պահանջի, որ հայ գյուղացին ոչ մի խնդիր չունենա, որ հանքում աշխատող
բանվորը վճարվի իր աշխատանքին համապատասխան, որ ստանա իսկական  բուժօգնություն, որ ապրի մարդուն վայել, որ չորս հերթափոխով չաշխատի, որ մթերային խանութներից պարտք չանի ու  էսպիսի շատ ու շա՜տ խնդիրների մասին
պետք է բարձրաձայնի մեր մտավորականը:  Մեր պատկերացրած մտավորականը
պարտավոր է ճշմարտությունը ջրի երես  հանել, պարտավոր է ճշմարտությունը
ասել ամենքին ու ամենուրեք` լինի երկրի  նախագահը, կառավարությունը կամ
օլիգարխը:
Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է պաշտպանել գյուղը,
բնությունը, ամեն մի ծառը, ծաղիկն ու քարը:
Չէ´, պարոն Մերուժան Տեր-Գուլանյան,  դուք մեր սերնդի մտավորականը չեք, մենք ուրիշ սերունդ եք: Դուք մնացել եք անցած դարի 60-70-ական թվականներում ու
գյուղացու հաշվին  հանքարդյունաբերություն զարգացնելը,  մեր սերնդի մտավորականը պահանջատեր է  և ոչ թե խնդրող:
Մեր սերունդը հոգնել է խնդրելուց, լացելուց, աղաչելուց, ողբալուց ու վախենալուց:  Էլ չկան նման բաներ, ժամանակները  փոխվել են, Ձեր հոգնած ոտքերը այլևս  չեն հասցնում ժամանակի հետևից (չնայած  չեմ կարծում, որ երիտասարդ տարիներին քայլել եք ժամանակին համընթաց):  Թեկուզ և ման գաք մարզպետների ու  օլիգարխների թանկարժեք ու սև մեքենաներով, մեկ է, չեք հասնելու ժամանակի ետևից, մի պարզ պատճառով,  Դուք գնում եք հակառակ ուղղությամբ:  Իսկ հիմա այն հին լուսանկարի ու Հրանտ  Մաթևոսյանի մասին:
Ամաչե´ք այդ լուսանկարի համար:  Հրանտ Մաթևոսյանի ամեն մի տողը, ամեն
մի բառը գյուղացու, ծառի ու կենդանուգովերգությունն է:  Հրանտը իր ամբողջ գիտակցական կյանքը  նվիրել է գյուղացուն ու գյուղին, իսկ ստեղծագործություններում պատկերել է  գյուղացու և բնության հանճարեղ ներդաշնակությունը:  Ամեն ինչ արել է , որ քաղաքաբնակներին  և առավել ևս աթոռներից կառչած  պաշտոնյաներին հասկացնի, որ  գյուղացուն չի կարելի պոկել իր հողից  ու արմատներից, որ էս երկրի իրական տերը գյուղացին է:
Իսկ դուք ի՞նչ եք անում…ասում եք` գյուղը կիսավեր է , 60-70 հոգի է բնակվում,
թքած նրանց վրա, վերջնականապես ավիրեք, ոչնչացրեք, ջնջեք երկրի երեսից:
Գյուղացուն պոկեք իր արմատներից ու  տարեք բանտարկեք բետոնի, պանելի մեջ:
Է՜հ, ինչ իմանար Հրանտ Մաթևոսյանը, թե  իրականում ով է քայլում իր կողքով:
ԱՄՈ´Թ: Եվ մի ապտակ Ձեզ Հրանտի կողմից,  որը չի ջնջվելու Ձեր երեսից
հազարամյակների ընթացքում:
Եվ վերջում մի շատ կարևոր բան էլ. վերևում` երկնքում, մեր ՄԵԾԵՐԸ`  ԹՈՒՄԱՆՅԱՆԸ , ՉԱՐԵՆՑԸ, ՀՐԱՆՏԸ, ՍԱՀՅԱՆԸ, ԿՈՄԻՏԱՍԸ, ՆԱՐԵԿԱՑԻՆ, մի խոսքով մեր ազգի մեծերը` մեր Աստվածները, նստած են  մի մեծ, ընդհանուր սեղանի շուրջ  աշխարհի ՄԵԾԵՐԻ հետ ու վերևից արթուն աչքով հսկում են, թե ինչ է կատարվում  երկրի երեսին: Ու ամեն անգամ, երբ դուք  Ձեզ մտավորական եք անվանում, մեր  Աստվածները ամոթից գլուխները կախում  ու կարմրում են: Եվ որպեսզի մեր Աստվածներն էլ երբեք  նման ամոթալի վիճակի մեջ չհայտնվեն,  մենք` երիտասարդներս, Ձեզ մտավորական կոչվելու իրավունքից հետայսու զրկում  ենք:
Դուք արդեն ոչինչ եք, դուք չկաք, սև «շլյապայով» ու շարֆով մահացած ստվեր
եք մեզ համար:

Հարություն Կարապետյան
Քաջարանց այցելած բնապահպաններ

 



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Կարեն Բալոյան
Dec 25, 2011 2:57