ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, December 5, 2009 1:18 - 8 քննարկում

Կեցցե մեր արդար դատարանը, աշխարհի ամենա~արդարը…

http://armar.am/2009/12/04/կեցցե-մեր-արդար-դատարանը-աշխարհի-ամեն/
Դեկտեմբեր 4, 2009թ. 19:40

FemidaԱյսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և` հաշված րոպեների ընթացքում ավարտվեց  դատական նիստը, որտեղ պետք է քննվեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի։

Դատավոր Կարինե Պետրոսյանի թեթև ձեռքով դատական այս ատյանում գործը րոպեների ընթացքում կարճվեց։ Որևէ պարզաբանում, որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ  դատական վարույթ ընդունված այս գործը կարճվեց առանց քննության, չհնչեց գործը քննող դատավորի կողմից։ Որևէ հիմնավորում չկար նաև կողմերին տրամադրված վճռի ամբողջական տեքստում։ Փոխարենը՝ դատավորն իր խոսքը եզրափակեց` այս գործի հետ ամենևին կապ չունեցող մի նախադասությամբ. «Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից  1 ամիս  հետո։ Վճիռը չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»։ Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են։

Մենք փորձեցինք կայացված վճռի և, ընդհանրապես, այս դատական գործի մասին իմանալ «Կովկաս» ինստիտուտի շահերը պաշտպանող Վահագն Գրիգորյանի կարծիքը։ Ինչպես և երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում և դրա ավարտից հետո, այսօր ևս` ակնհայտ էր, որ Վ. Գրիգորյանն ուղղակի խուսափում է լրատվամիջոցների հետ շփումից։

Թերևս նկատելով, որ իր խույս տալը փախուստի պես մի բան է ստացվում,  Գրիգորյանն, այնուահանդերձ, որոշեց պատասխանել մեր` մեկ-երկու հարցին: Նկատեց, թե իր կարծիքով, հայցն ընդհանրապես ենթակա չէր դատարանում քննության, որովհետև, իր մեկնաբանմամբ,  այն իր մեջ վեճ չէր պարունակում։ Մեր հաջորդ հարցին, թե՝ այդ դեպքում ի՞նչ հարթության մեջ պետք է  «քննության առնել» Հայոց Ցեղասպանությունը  ժխտողների գործերը, պատասխանող կողմի ներկայացուցիչը պատասխան չուներ, հետևապես,  նախընտրեց լռել ու ոչինչ չասել… Այսինքն, նույն Գրիգորյանի  տրամաբանությամբ, քաղաքացիական որևէ գործ քննելու համար նախ պետք է «ակնհայտ վիճահարույց» թեմա լինի, մինչդեռ, նույն անձի դիտարկմամբ` ցեղասպանության հերքումը վիճահարույց թեմա չէ։

Ի՞նչ է ստացվում. ենթադրվում է, որ այս թեման դատարանում քննելի դարձնելու համար, երևի թե, պետք է մեկի բերանը ջարդել,(բնականաբար, Հայոց Ցեղասպանությունը հերքել հանդգնողի), որ հետո արդեն՝ ոչ քաղաքացիական վարույթով, մանր խուլիգանության հոդվածով ներկայանաս  դատարան ու վերջինիս  ստիպես քննել այդ «խուլիգանության» դրդապատճառը հանդիացող վեճի էությունը…

Պարզաբանելով կայացված վճիռը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն  Արմեն Այվազյանը նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչն արդեն իսկ ակնկալվում էր` երեկ տեղի ունեցած դատական նիստում ներկայացրած հայցի և դրա պահանջների նկատմամբ դատավոր Կարինե Պետրոսյանի    անլուրջ վերաբերմունքից։

«Այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն առանց որևէ բացատրության` կարճվեց։ Իհարկե, այս վճիռը բողոքարկվելու է բոլոր ատյաններով, սակայն պետք է հասկանանք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը  անխուսափելիորեն հանգեցնելու էր նաև նման երևույթների, որ ՀՀ դատական իշխանությունը ևս ստանձներ ի կատար ածել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ուղղված գործողություններ, այդ թվում հրաժարվեր պաշտպանել հայ ժողովրդի ազգային արժանապատվության հարցը` դատական կարգով քննելուց։ Այսինքն՝ մենք ունենք պետական համակարգ, որի և’ գործադիր, և’ դատական իշխանությունը քայլեր է կատարում, որոնք կտրուկ հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և աջակցում են Հայաստանի և հայ ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թուրքիային, նրա հակահայկական քաղաքականության մեջ։ Կարճելով այս գործը, նույնիսկ հնարավորություն չտալով, որ մենք դատական կարգով ներկայացնենք ու պաշտպանենք մեր իրավունքները, դրանով իսկ այսօրվա դատավորը դուռ բացեց, որ վաղը Հայաստանում ազատորեն հրապարակվեն Հայոց Ցեղասպանությունը ժխտող հոդվածներ, գրքեր, հնչեն ելույթներ, իրականացվի համակարգված քարոզչություն։ Վաղ թե ուշ, այսօրվա դատավորը կրելու է իր արարքի  պատասխանատվությունը, և կրելու է` ՀՀ դատական իշխանության առջև»,- հայտարարեց  Արմեն Այվազյանը։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի շահերը ներկայացնող  փաստաբան Արթուր Գրիգորյանը իրավական տեսանկյունից պարզաբանելով կատարվածը նշեց, որ եթե կար գործի քննությունը դատարանում բացառող հանգամանք, այդ դեպքում, ի սկզբանե, այդ գործը դատական վարույթ չպետք է ընդունվեր։ Իսկ եթե ընդունվել է ու նշանակվել է դատավարություն, ապա…  «Սա ինքնին մտածելու տեղիք է տալիս։ Նշանակում է, որ այդ չակերտավոր կարճման հիմքերն ի հայտ եկան հետագայում ՝ պայմանավորված ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում և  քաղաքական»:

Նշվեց նաև, որ այս վճռով, ըստ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի կետի, խախտվել է «Արարատ» ռազմավարագիտական  կենտրոնի իրավունքը։ «Վճիռը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, եթե այնտեղ էլ նույնանման պատասխան տրվի, անպատճառ բողոք կներկայացվի նաև վճռաբեկ դատարան։ Եթե այնտեղ դարձյալ նույնը  որոշվի, ապա ՀՀ-ի դեմ հերթական գործը կներկայացվի Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը։

Գոհար Փիլթոյան



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

MAX
Dec 5, 2009 4:53