ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, February 28, 2011 11:54 - 2 քննարկում

ՀՐՈՎԱՐՏԱԿ: – Երբ ձեզ մղում են կաշառք տալու, մի՛ հապաղեք, այլապես հետո կգան բարձրաստիճան սրիկաները՝ փոխնախարարների առաջնորդությամբ, և ձեր խնդիրը կդառնա միայն «Հրապարակ»-ի սալահատակ:

Ես զոհվածի ժառանգ չեմ, հայրս էլ պատերազմում չի զոհվել

24/02/2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ հայրը` Սպարտակ Ռուբենի Ղարիբյանը, հայրենիքի համար ծանր տարիներին` 1992-ին, չնայած  տարիքին (այդ ժամանակ 66 տարեկան էր) լինելով կադրային սպա, մեկնեց պաշտպանելու հայկական հողը եւ 1993թ. մայիսի 2-ին զոհվեց Լաչինի շրջանում, մարտական գոծողությունների ժամանակ:

Հայրս «Սյունիք» աշխարհազորի, հետագայում գումարտակի շտաբի պետն էր: Հետմահու նա պարգեւատրվեց Արիության մեդալով: Պարգեւները հանձնել են ինձ՝ որպես նրա ժառանգի: Պատերազմի տարիներից մինչ այսօր տարբեր վարչական մարմինների պաշտոնատար անձինք ամպագոռգոռ հայտարարություններ են անում իբր այն ուշադրության մասին, որը ՀՀ-ն հատկացնում է զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու նպատակով: Ինչո՞ւ «իբր»: Պարզաբանեմ:

Մի՞թե կարելի է ուշադրություն համարել այն, որ վարչական մարմինը, որ պետք է կատարի որեւէ գործողություններ, ստեղծում է մի իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ստիպված են լինում դիմել նորին մեծություն կաշառքին, հակառակ դեպքում այդ ուշադրությունը չի կատարվի: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի N 57 որոշումը, որ կայացվել էր 2003թ. ապրիլի 14-ին,  եւ որի համաձայն պետք է բարելավվեին իմ ու մորս՝ Սեդա Գրիգորյանի բնակարանային պայմանները, որպես ծանր հիվանդությամբ տառապող անձի եւ որպես Սպարտակ Ռուբենի Ղարիբյանի ընտանիքի անդամների, հանձնվեց ՀՀ ՊՆ-ին ի կատարում: Անցան տարիներ: Սակայն մեզ վերաբերող որոշումն ի կատար չէր ածվում: Ես բազմիցս դիմել եմ այս կամ այն պատասխանատուին, սակայն ապարդյուն: Ինձ ասում էին, որ գումարը պաշտպանության նախարարության կողմից հենց այնպես չեն տալիս, եւ պետք է գտնել այն «բարերարին», որը կմիջնորդի եւ համաձայնության կգա կոնկրետ անձի հետ այն մասին, որ տրամադրվելիք գումարի մի մասը կհանձնվի այդ կոնկրետ անձին, եւ միայն այդ ձեւով կբարելավեն զոհվածի ընտանիքի անդամների բնակարանային պայմանները:

Համաձայնվեք, որ նման սրիկայություն եւ այլանդակություն դժվար է պատկերացնել: Իսկ ես, ՊՆ-ում չունենալով որեւէ «ծանոթ» կամ «բարեկամ», սպասում էի մեր հերթին: 2005թ. մայրս մահացավ, այդպես էլ չտեսնելով պետության կողմից բնակարանային պայմանների բարելավում: Անցան էլի տարիներ: 06.10.2010թ.  դիմեցի ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետին, խնդրելով տեղեկություններ տրամադրել թաղապետի N 57 որոշման կատարման վերաբերյալ, եւ 20.10.2010թ. ստացա  տեղեկանք այն մասին, որ 26.12.2009թ. բնակարանային հանձնաժողովը նիստում քննարկել է ընտանիքիս բնակարանային պայմանների բարելավման հարցը եւ որոշել է  մերժել ֆինանսական միջոցների տրամադրումը, պարզաբանելով, թե ես չեմ հանդիսանում իմ հայր Սպարտակ Ռուբենի Ղարիբյանի ընտանիքի անդամ, համաձայն «Զինծառայողների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 09.06.2005թ. 947-ն որոշման՝ ես չունեմ զոհվածի ընտանիքի անդամի կարգավիճակ:

Ես գտա նշված օրենքն ու որոշումը եւ պարզեցի, որ վերը նշված իրավական ակտերում չկա որեւէ դրույթ, որը կվերաբերի նրան, թե ես, որպես չափահաս անձ՝ հանդիսանում կամ չեմ հանդիսանում զոհվածի ընտանիքի անդամ:  Ինձ հաջողվեց նաեւ ձեռք բերել այն որոշումը, որով մերժվում էր ինձ տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այդ որոշումը կազմվել է իմ բացակայությամբ, այսինքն՝ վարչարարությունը կատարվել է կամայականորեն:

Ապացուցվում է, որ ութ սպա, որոնց գլխավորում էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը, ստորագրել են, որ չպետք է կատարեն թաղապետի որոշումը, այն դեպքում, երբ թաղապետի որոշումն իր ուժը չի կորցրել եւ զոհվածի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման մասին օրենքի պահանջը չի վերացել: Եվ այդ սրիկայությունը կատարվում է պաշտպանության փոխնախարարի կողմից:

Սպարտակ ՂԱՐԻԲՅԱՆԻ որդի



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Menua
Feb 28, 2011 15:02