Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, October 11, 2009 22:05 - 3 քննարկում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ «ՇԻԼԱ ԵՓՈՂ» ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ….

Է՜հ, աշխա’րհ, աշխա’րհ….Լոս Անջելսում ինչե՜ր ասես որ չտեսանք, է՛լ ներգաղթային կեղծ վիզաներ պատրաստող հյուպատոս, է՛լ հանցավոր գործունեություն ծավալած հյուպատոսական ներկայացուցչական կազմ, իսկ այսօր, արդեն՝ «շիլա եփող» գլխավոր հյուպատոս:
Փորձենք այս վերջինը մանրամասնել: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Լոս Անջելեսում մեծ իրարանցում է՝ (գրեթե Սփյուռքի բոլոր հատվածներում) նախագահի համահայկական շրջագայության հետ կապված: Այդ պատճառով, տարբեր հեռուստակայաններով կազմակերպվել էին հեռուստատեսային հաղորդումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև արձանագրությունների խնդրի շուրջ:
Լոս Անջելեսում, այս առումով, ՀԱԿ-ը, ՀՌԱԿ-ը, ՀՅԴ-ն, Հնչակյան կուսակցությունը, Հայ Միացյալ Երիտասարդական կազմակերպությունը համախմբվել էին՝ մեկ գաղափարի շուրջ, այն է՝ կասեցնել արձանագրությունների ստորագրման և Հայոց Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու գործընթացը, որն էլ, իր հերթին՝ մեծ իրարանցում էր առաջացրել Լոս Անջելեսում:
Վերոնշյալ կազմակերպությունները, կուսակցուցությունները Հոլիվուդում և Բեվերլի Հիլզում հոկտեմբերի 4-ին կազմակերպել էին բազմահազարանոց ցույցեր՝ այդ խնդիրների և նախագահի այցի առիթով: Իհարկե, այդ մթնոլորտը երևի այդպես չշիկանար, եթե Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, մինչև նախագահի այցը հրավիրեր սփյուռքի ավանդական կուսակցուցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, և փորձեր հանդարտացնել առանց այն էլ այդ լարված մթնոլորտը: Նա պետք էր, նախօրոք, հեռուստաժամերով հանրության հետ ելույթներ ունենար, քանի որ նա ի պաշտոնե ներկայացնում է Լոս Անջելեսում ՀՀ պետականությունը: Վերջինս, անտեսելով այդ կարևոր հանգամանքը, սեպտեմբերի 26-ին «Հորիզոն» հեռուստաընկերությամբ, ընդամենը մեկ անգամ, հարցացրույց ունենալով, էլ ավելի բորբոքեց առանց այն էլ արդեն երկպառակտված հանրությանը, անտրամաբանական, դիվանագետի մասնագիտությանը անհարիր արտահայտությամբ:
Գ. Հովհաննիսյանը «անզգուշորեն» շոշափելով Հայոց Ցեղասպանության իրողությունը, այն անվանել է «պատմության էջերում կնճռոտ հարցեր» : Սա, արդեն, չափն անցնել է նշանակում: Գրիգոր Հովհաննիսյանը ի պաշտոնե իրավունք չուներ նման ձևով արտահայտվելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:
Ի դեպ՝ գլխավոր հյուպատոսը խաղաղ ցուցարաների դեմ հատուկ ոստիկանական խմբեր էր կանչել նախագահի այցի օրը Beverly Hilton հյուրանոցի դիմաց: Ոստիկանության հատուկ ջոկատները մոտոցիկլետներով մտել էին բազմահազարանոց ցուցարաների մեջ, որի պատճառով տեղի են ունեցել բախումներ նրանց միջև:
Լոս Անջելեսի հայությունը միգուցե այդպիսի ընդվզումներով չդիմավորեր իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Լոս Անջելես ժամանած ՀՀ նախագահին, եթե, նախօրոք, ՀՀ գլխավոր հյուպատոսը իրեն արժանի դիվանագիտական կոչմանը, ժամանակին աշխատեր սերտ կապեր հաստատել համայնքի բոլոր շերտերի հետ, այլ ոչ թե «շիլա եփեր», արհամարեր հանրությանը և իրեն իրավունք վերապահեր Հայոց Ցեղասպանությունը «պատմության կնճռոտ հարցեր» որակավորելով: Ի պատասխան հանրությանը հասցրած վիրավորանքին հեռուստահաղորդումներից մեկում, ելույթ ունեցողները արտահայտվեցին, որ հակառակ դեպքում վերջինս է կանգնելու կնճռոտ հարցերի առջև:
Համոզված ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռքում այդպեսի «ընդունելություն» կազմակերպելու համար չի ների նրան , և կարճ ժամանակահատվածում պաշտոնանկ կանի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:
Այստեղ են ասել՝ գլխավոր հյուպ ատոսը Լոս Անջելեսում մեծ «շիլա» է եփել, թող նստի ու ինքն էլ ուտի:

Տիգրան Հովսեփյան
և
մի խումբ սփյուռքահայեր Լոս Անջելեսից



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armenian Boy
Oct 12, 2009 12:03