ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 2:01 - չքննարկված

ԿԱՊԿԱԶ ԹԱՄԱՇԱ (Ե.ՉԱՐԵՆՑ)

ՍԿԻԶԲԸ` ԱՄԵՆԱՎԵՐՋԻՑ…

Տեսարանը բեմ է, բեմի վրա —
թամաշա շանց տվողը՝ Ղարան է
ՂԱՐԱ
Ընկերնե՛ր,
Էս ես եմ սարքե ձեզ համար:
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ:
Ոչի՛նչ,
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին,
Ինչերիդ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»:
Էդպիսի խոսքեր ճռճռան,
Էդպիսի շորեր մե թավուր,
Ձեր պա՞պն է տեսե երազում:
Հասկանո՞ւմ եք.
Ասենք թե մե օր
Էդպես են պաչե-պաչպչե,
Էդպես են համոզե իրար.
սիրեկանն ասել է՝ հա,
Աղջիկը` չէ՛:
է՛.
Էլ ինչո՞ւ են շանց տալիս հիմա
Էդ բոլորը Փափազն ու Օրին.
Որ ի՞նչ,
Թո՛ղ”
Թող լիզեն իրար,
Թող պաչեն-պաչպչեն ոնց կուզեն:
Հասկանո՞ւմ եք.
Կյա՛նքը
Էդպես էր առաջ.—
Ուտել,
Պաչել,
Բզել:
Կյանքը:
Հա՛ :
Էդպես էր առաջ:
Ծորում էր՝ յուղ, պանիր, շոկոլադ, շաքարե
հրեշտակ մեջը սեր:
Բայց ո՞ւմ,
Ո՞ւմ կյանքն էր էդպես շաքարած.—
Իհարկե՝ ո՛չ իմ, ո՛չ ձեր:
Իհարկե,
Չասեք թե չկա
Էդ բոլորը կյանքում մեր էսօր:
Էդպես է սիրում,
Համոզում,
Էդպես է պաչում էսօ՛ր էլ իր «սրտի
սիրած աղջկան»:
Ամեն մե կնյազ,
Դուքընչի,
Ամեն մի գիմնազիստ քոսոտ:
Հենց նա՛ էր,
Կամ իրա քեռին,
Կամ ախպերը,
Կամ քեռու տղեն,
Որ երեկ թքում էր մեր ռեխին,
Ասում էր մեռի,
Կամ գաթա թխե, որ ուտեմ:
Էդպե՞ս էր.
չէ՞.
Իսկ էսօր,
Ծակն է մտե:
Էլ չկա:
Յոխտուր:
Փաս: —
Էս մասին է հենց սա գրած:
Բա՞ս:
— ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ—
(Ինտերնացիոնալ)
ՂԱՐԱ
Ինտերնացիոնալից հետո խոսում է
ձեռով-ոտով.
Ընկերնե՛ր:
Մեր,
Հենց էս մեր
Կապկազում-հիշո՞ւմ եք ոնց էր -չէ .
Որ ասեմ — վախենամ խնչեք:
Ընչի՞.
Չունքի որ տեր էին էստեղ` հայ, ռուս,
թուրք, վրացի կնյազը, խանութպանը,
տերտերը, աղամելիքը,
վարժապետը, մոլլան, հարբած
դոլքընչին:
Կամ—
Հենց էս մեր թառռոնը պետական.
Ի՞նչ էր առաջ.
Հիշո ւմ եք «պառ-լա՛-մե՛նտ»:
Այսինքը…
Ո՞նց ասեմ…
Նո՞ւ.
«Երկու տիրոջ ծառա»—
Համ է՛ս, համ է՛ն:
Հիմի՞:
Հիմի, դե, էս շենքում-պետական
Թառռոն է, Կապկազում-սավետ.
— Ո՞նց եղավ բա էդ.
Էս բոլորը ո՞նց եղավ աբա:
Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞:
Թող նայե հիմի ով կուզե.
Թող նայեն թե մարդ, թե կին:
Բավական է էստեղ ձեզ հուզեն
Միմոսով, քինով, անհայտ տիկինով,
Ծծերով տկլոր մի էգի:
Հասկացա՞ք:
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան —
Հայ,
Ռուս,
Թուրք,
Վրացի,
Խանութպան,
Տերտեր ու փաշա:
— Թառռո ն:
Չէ մի չո՛ռ:
Կախաղա՛ն:
— Ցի՛րկ:
Թամա՛մ թամաշա:
Ի՞նչ է.
Սովոր էին
Էս բեմում երևալ թագով:
Թո՛ղ,
Թո՛ղ գան Փափազն ու Օրին
Ձեզ համար խաղան ղարագյոզ…
(էստեղ տալիս է զանգը Ղարան,
հետո՝ ետ գալիս կանգնում է
ժողովրդի առաջ):
ՂԱՐԱ
Էստեղից սկսվում է թամաշեն:
Չորս աչքով աշե՛ք:
Տեսնո՞ւմ եք.
Բեմը —
Դատարկ է, բան չկա.
Ոչ անտառ,
Ոչ օթաղ,
Ոչ էլ ուրիշ դեկոր:
Մենակ մե զանգ վերից քաշ է տված
թոկով:
Դեմը մեկ էլ — մե չարխ,
Որ դառնում է հաճախ.
Փոխում է գույնը՝
Սև է,
Դառնում է ալաճա,
Հետո — կապույտ,
Դեղին—
Նայած տեղին:
Ամա թե էդ չարխը ներկած —
Դեպի աջ շուռ գա կդառնա ճերմակ,
Դեպի ձախ — կարմիր.
Մե խոսքով շուռ գալն էլ չարխի—
Մեկ է թե շուռ գալն աշխարքի:
Ընկերնե՛ր:
Էս մեկը լա՛վ հասկացեք:
Աշխարքում — էրկու ռանգ կա միշտ.
Մեկը —
Նրանցը —
Բոզ, կապույտ, դեղին, ալաճա,
գինեռանգ կամ սև
Մե՛կ է:
Մերը — կարմիր:
Հասարա՞կ է:
Ըլի՛ հասարակ:
Աշխարքն էլ էսպես է միշտ էղե:
Ի՞նչ.
Ուրի՞շ մասալ են ձեզ արած…
Սո՛ւտ է:
Ձեր գլուխն են եղե:
Մենք հիմի շանց կտանք խալխին
Էդ բոլոր խաղերը լկտի…
Դեպի բեմը
Է՛յ,
Փաշա՛,
Տերտե՛ր,
Խանութպա՛ն, —
Բե՛մ ելե՛ք դե:
Էս խոսքերի վրա չարխը դառնում է
արագ: — Դրսում` աղմուկ, հարայ-հրոց,
ուռռա: Ղարան քաշվում է մե կողմ.
մտնում են աղմուկով — հայ, թուրք,
ռուս, վրացի, կնյազ, աղամելիք,
չարչի, մոլլա, գյուղացիք ադվակատ,
կոշկակար, վարժապետ, մուսավաթ,
դաշնակ, մենշևիկ, կադետ — ամեն
տեսակ մարդիկ: Մե խոսքով` ով որ
կար, չկա, կա դեռ: Ղարան բերում
դնում է մի դատարկ տակառ, ինքը
կանգնում է վրան:
Ընկերնե՛ր:
Երեկ
Մեր թագավոր Կոլին թռցրել են թախտից:
Ընկել է գլխիվեր, ոնց որ լխկած դդում:
Ընտրված է ժամանակավոր կառավարություն:
Բոլորը մեբերան` աղմուկ, հարայհրոց, ուռռա:
Ղարա ժողովրդին.
է,
Հիմի ես գնամ էստեղից` թող իրենք
խաղան:
Մենշևիկ թռչում կանգնում է տակառի վրա:
Ես — նախագահ:
Լսեցե՛ք:
Թագավորը չկա.
Մենք
Հիմի
Ամենքս
Տնով — տեղով
Ընտրելու ենք էստեղ սահմանադիր ժողով:
Ընկերնե՛ր:
Ում պիտի ընտրեք:
Իհարկե նրան, ով խոստանում է ձեզ տալ
Հաց, ջուր, տուն, 8 ժամվա աշխատանք,
տոն օրերին փստա:
Ամխանագեբո՛ -չվենի —
Ձայն տվեք No առաջինի՛ն…
ՄՈԻՍԱՎԱԹ հրում գցում է սրան՝ ինքը կանգնում է
տակառի վրա:
Յոլդաշլա՛ր,
Չհավատաք իթին:
Ինչների՞դ է փստան:
Փըս-տա՛…
Չէ մի զար-զահար-զահրումար-ֆլան — ֆստան:
Ուզո՞ւմ եք ձեզ տան լո՛ւ-լա՛-քյա-բա՛բ, փի՛-թի՛, —
Ձայն տվեք Մուսավաթի՛ի՛ի՛ն:
Յա՛ ,
Մուսուլման յոլդաշլա՛ր:
Յաշասըն հուրիաթ,
Մուսավաթ,
Աղալաթ —
Յաշասըն միլլա՛թ:
ԴԱՇՆԱԿ գցում է սրան, ինքը կան գնում է տակառի վրա:
Է՛յ,
Սիրելի մոլլա՛ —
Ուզո՞ւմ ես սիլլա՛
Փի՛-թի՛…
Է՛ս է կգա քթիդ:
Ի՞նչ.
Ադալա՞թ…
Թուրքին քշենք հալա —
Հետո ադալաթ:
Ընկերնե՜ր,
Առաջ հալա տանք ռեխին դրսի,
Հետո ներսի.—
Ձա՜յն տվեք ¹ չորսի՛ն…
Էս Ժամանակ կողքից գալիս են հաը,
թուրք, ռուս, վրացի խոխեք՝ բանվոր—
զինվոր տղեք: Կրծքները բաց, ամեն
մեկը Մասիս կամ Ղարադաղ
ձեռքներին կարմիր բայդաղ: Կնյազ,
մոլլա, աղամելիք չարչի,
վարժապետ, մենշևիկ, մուսաքութ,
դաշնակ.
Ա՛խ —
Վախից թափվում են գետին, հետո կամաց-կամաց քաշվում կանգնում են
մեդի:
ԲԱՆՎՈՐ թռչում կանգնում է աթոռի վրա:
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ր,
Ամխանա՛գեբո,
Յոլդաշլա՛ր:
Թագավորը հե՛չ:
Թագավորը որ կար —
Էդ մեկ է թե — մոլլա մուղսի,
Կնյազ Բեբութով,
Դուքընչի Մարգար:
Այո՛:
Թագավորը որ կար — ինչո՞վ էր թագավոր.
Նրանով, որ ուներ՝
Կնյազ քեռուտղա,
Մոլլա խնամի,
Դուքընչի քավո՛ր:
Էդպես չի՞…
ԲՈԼՈՐԸ մեբերան.
ԿՈՐ-ՉԻ՛ —
ԿՈՐ-ՉԻ՛-ԿՈՐՉԻ՛:
ՄԵՆՇԵՎԻԿ մոտենում է կամաց, ձեռաց խառնվում է բանվոր տղերանց:
ԴԱՇՆԱԿ ետևից գալիս բռնում է Մենշևիկի թևից:
ՄՈՒՍԱՎԱԹՆ էլ կամաց մոտենում է իբրև թե ակամա:
ԲԱՆՎՈՐ ուզում է շարունակի ճառը:
ՄԵՆՇԵՎԻԿ, ԴԱՇՆԱԿ, ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռա՛, ուռռռա՛, ուռռռռա՛ա՛ա՛ա՛:
ԲԱՆՎՈՐ միամիտ, հալած յուղ կարծելով դրանց փչած քամին.
Ճի՛շտ է…
Դրանք մեբերան.
Ճի՛շտ է, ճի՛շտ, ճի՛շտ է:
ԲԱՆՎՈՐ ոգևորված
Տավարիշչի՛ :
Էսպե՛ս:
Թագավորը չկա:
Հիմի պետք է, որ մենք
Թռցնենք —
Նրա քեռուն, տղին, թոռին, ծոռին,
քավորին, քավորի աղջկան:
Տավարիշչի՛,
Կորչի՛ն
Մոլլան, տերտերը, կնյազը,
բուրժուազին, չարչին:
ԲՈԼՈՐԸ մեբերան
ԿՈՐՉԻ՛Ն-ԿՈՐՉԻ՛Ն-ԿՈՐՉԻ՛Ն,
ՄԵՆՇԵՎԻԿ էստեղ սիրտ առնելով մե քիչ` խոսում է ժպիտը դեմքին.
Ընկե՛ր բանվոր,
Ե՛ս եմ:
Կարելի՞ է խոսեմ…
Առանց սպասելու որ ասեն՝ սկսում է խոսել:
Տավարիշչի՛.
Ճիշտ է.
Թագավորը որ կար—
Ընկեր բանվորի ասածի նման` լիրբ էր,
մեր արյունն էր ծծում, բորենի էր ագահ:
Թագավորը չկա:
Բայց ի՞նչ: —
Ընկեր բանվորի ասածի նման՝ կենդանի են կնյազը, վաճառականը,
աղամելիքը, չարչին:
Ճի՛շտ է. նրանք են մեր թշնամին հիմի:
Բայց դուք—
Մոռանում եք, որ կա-արտաքին թշնամի`
Նեմե՛ց,
Թուրք:
Դուք գիտե՞ք, որ դրանք թե գան`
Թագավորին նորից կնստացնեն թախտին:
Ի՞նչ կմնա—
Էլ ի՞նչ…
Ոսկի ձկնիկի առակը գիտե՞ք.—
Նո՛ւյնը կլի:
Էս խոսքերի վրա` չարչին վարժապետը, ադվակատը, կնյազը,
աղամելիքը հավաքվում են էլի:
Խառնվում են իրար, աղմուկ, հարայ — հրոց, ուռա:
N 5 այսինքը ԲԱԼՇԵՎԻԿ
Տավարիշչի՛:
Սո՛ւտ է.
Թե որ թողնենք` սրանք մեզ հենց հում-հում կուտեն:
Էստեղ ԴԱՇՆԱԿ
Հայրենակիցնե՛ր:
Սո՛ւտ է:
Առաջ դեռ հալա թուրքին քշենք Իզմիր —
Հետո,
Կամաց-կամաց,
Թե կուզեք -կհասնենք սոցիալիզմի:
Էստեղ դրսից աղմուկ: Գալիս է զինվորի ձենը՝ զիլ ոնց որ ձեն քամու:
Տավարիշչի՛:
Էլ չե՛մ ուզում կռվեմ:
Դալո՜յ-դալո՞յ-դալո՛յ:
ՁԱՅՆԵՐ
Ո՞նց թե…
ՁԱՅՆԵՐ
Ընչի՞…
ՁԱՅՆԵՐ
Լա — իլ — լա հ — ուլ-Ալլահ:
ԱՐՁԱԳԱՆՔ
Հայ — հո՛ւո՛ւո՛ւ…
Էստեղ դիմացեն իմացեք գալիս է զինվորը ռուս, էն որ առել էր Վան, Բիթլիս, Երզնկա, Տրապիզոն, Էրզրում:
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛,
Լսե՛ք.
Հիմի գնում եմ ես,
Որ խշտիկով քշեմ բուրժուազին թախթից.
ՁԱՅՆԵՐ
Լսե՛ք — լսե՛ք -լսե՛ք:
ԶԻՆՎՈՐ
Ամեն ազգ ինքն է տեր
Հիմի իրա բախտի:
Էս խոսքերի վրա՝
ԿՆՅԱԶ
Յաշասը՛ն:
ԱՂԱՄԵԼԻՔ
Գաումարջո՛ս:
ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռռա՛ա՛ա:
ԿԱԴԵՏ
Հայ զահրումա՛ր:
ՁԱՅՆԵՐ
Ի՞նչ է որ…
ՁԱՅՆԵՐ
Ի՞նչ…
ՁԱՅՆԵՐ
էլ ի՞նչ…
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛,
Ես
Գնում եմ է ստեղից:
Թողնում եմ ձեզ էլի՝
Գյուղ, քաղաք, հող, թոփ, թվանք,
թուր, երկաթուղի:
ՁԱՅՆԵՐ
Լսե՛ք, լսե՛ք,լսե՛ք:
ԶԻՆՎՈՐ
Էս բոլորը մենք — զոռով ենք վերցրե,
Էս բոլորը — ձեզ.
Ձե՛րն է եղե,
ԿՆՅԱԶ
Կեցցե,
ԱՂԱՄԵԼԻՔ
Կեցցե տղեն:
ԶԻՆՎՈՐ
Եղբայր ենք մենք հիմի:
Ամեն ազգ ի՛նքն է տեր իրա կալին,
կթին:
Էստեղ վազում է ջուրը — մոլլի, կնյազի, աղամելիքի, մուսավաթի քթից:
ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛:
Դե,
Մնաք բարո՛վ հիմի:
Թողնում ենք, ոնց որ կա, ձերը ձեզ:
Խնդրում ենք լավից-վատից ձեր
եղբայր զինվորին — ներեցեք:
Վերցնում է զենքը միամիտ,
Դառնում է, որ գնա Ռուսեթ, ետևից մոլլան ու մելիքը նայում են խեթ:
ԱՂԱՄԵԼԻՔ
Խփե՞նք…
ՄՈԼԼԱ
Խփե՞նք:
ԿՆՅԱԶ
Խփենք:
ՄՈԼԼԱ — նշան է անում.
Լա-իլ-լա՛հ:
ԿՆՅԱԶ
Գլխին տանք` մայրիկը լա:
Էստեղ աղամելիքը զինվորին խփում է քացով, խլում է զենքը ձեռից. նրան օգնում է ետևից իրա կնյազ — քեռին:
ԲԱՆՎՈՐ թռչում է վրա.
Ո՞ւմ եք խփում, լրաբե՛ր:
ԿՆՅԱԶ ձեռքով խփում է գլխին.
Ցի՛ց, մասխարա՛,
Քո գործը չէ՛.
Լռի՛ր:
ԱՂԱՄԵԼԻՔ ինքն էլ խփելով բանվորի գլխին.
Լա՛վ է ասում քեռին:
Էստեղ մեր ընկեր բանվորին օգնության են գալիս մյուս տղերքը դեմից, բայց մոլլան, վաճառականը, կնյազը, դուքանչին՝ մե խոսքով մենշևիկը, դաշնակը — մուսավաթը
նրանց քշում են բեմից:
ԿՆՅԱԶ ինքը հաստ ու կոլոտ, բեղերը ցից ու սուր, խոելիս գինու պես կչկչում է լեզուն:
Ամխանագեբո՛ մոլլա ու չարչի:
Տավարիշչի՛:
Ռուսը ա՛րարիս-մեռավ:
Բոլորը մեբերան
Ուռռա՛, ուռռռա՛, ուռռա՛ա՛ա:
ՄՈԼԼԱ
Լա-իլ-լահ:
ԿՆՅԱԶ
Խոսքը ձերն է, ամխանագո՛ մոլլա:
ՄՈԼԼԱ ելնում կանգնում է տակառի վրա:
Աղալա՛ր:
Ուռուսը որ կար — հերն էր մեր մեծ՛
Մեռավ:
ժառանգություն թողեց — հողեր, գյուղեր, տեղեր, թոփ, թվանք, զենք:
Մենք—
Որդիներն ենք նրա.
Եկեք էդ բոլորը կիսենք:
ԴԱՇՆԱԿ գլխի դեռ չի ընկել, խոսելիս մոլլին ասում է ընկեր:
Ո՞նց թե, ընկե՛ր մոլլա:
ՄՈԼԼԱ
Դո՛ւ ես ընկե՛ր, հայվա ն:
ԱՂԱՄԵԼԻՔ
Շո՛ւն:
Գյավո՛ւր:
Ի՛թ,
Ձեռքը վեր է քշտում՝ ուզում է խփի դաշնակի քթին:
ՄՍՆՇԵՎԻԿ աղամելիքի թևը քաշելով.
Վախտը չի , կացո՛ , վախտը չի՛:
Մոլլին քաշում է վար՝ ինքը կանգնում տակառի վրա:
Ամխանա՛ գեբո ,
Չարչի՛, մոլլա՛, մելի՛ք,
Ինչքան էլ գզգզենք իրար — եղբայրներ ենք
էլի:
Հիմի լսեք-ասեմ.
Էս բոլոր դավին դառաբեն վճռելու համար
Եկեք կառավարություն հիմնենք`
Անունը Սեյմ,
ԴԱՇՆԱԿ
Ո՞նց թե, ընկեր կնյազ:
ՄԵՆՇԵՎԻԿ
Շա՛տ հասարակ:
Մեզնից-ես,
Ձեզնից — դու,
Նրանցից մելիքը կամ մոլլան…
ԲԱՆՎՈՐ, որ նորից եկել է առաջ.
Բաս մե՞նք,
Տավարիշչի՛,
Ընկերնե՛ր,
Յոլդաշլա՛ր:
ԱՂԱՄԵԼԻՔ խփում է գլխին,
էլի՞ —
ԿՆՅԱԶ օգնում է նրան.
Կեցցե՛ս, աղամելիք:
ԴԱՇՆԱԿ խփում է բանվորին քացով:
ՄԵՆՇԵՎԻԿ ոգևորելով դաշնակին.
Գա՛ ումարջոս, կացո՛:
Բանվորին քշում են դուրս: Հետո ելնում է մենշևիկը սկսում է կարդալ:
ՄԵՆՇԵՎԻԿ կարդում է.
Հանուն փորի մեր մեծ,
Հանուն մոլլի միրքի,
Վարժապետի քթի.
Խանութպանի ձիրքի,
Որպեսզի ինչ որ կա մեր մեջ հալալ կիսենք`
Հիմնում ենք կառավարություն-Սեյմ:
Ես — նախագահ,
Երկուսդ — օգնական,
Բանվորներին քիշմիշ, ժողովրդին
կակալ:
ԴԱՇՆԱԿ
Կարելի՞ է խոսեմ, ընկ. նախագահ:
ՄԵՆՇԵՎԻԿ
Չէ՛:
Ի՞նչ պիտ ասեք հիմի դուք կատարված փաստին.
Կուզեք — գնանք նիստի՛:
Բոլորը մեբերան.
Գնա՛նք, գնա՛նք նիստի:
Ելնում են դուրս: Չարխը՝ սև, դեղին, ալաճա՝ դառնում է արագ:
Գալիս է Ղարան:
ՂԱՐԱ գնացողներին.
Մի սրա՛նց:
Սրա՛նց մի մտիկ:
Թռչում նստում է չարխի վրա, գոռում է էնտեղից.
Ընկերնե՛ր,
Ռուսեթում իշխանությունն անցել է սավետին:
Իսկ սրա՛նք —
Տեսա՞ք ոնց թխեցին բանվորների քթին:
Թռչում է ցած. ժողովրդին.
Բա՛ս:
Սե՛յմ,
Հիմի լսե՛ք ասեմ:
18 թվին
Հիշո՞ւմ ե ք դաշնակը, մենշևիկը,
մուսավաթը
Կարսը թուրքին տվին —
Բաթումն էլ ետևից:
Թռչում նստում է տակառին: Երգում է.
Ես նստե՛լ եմ բոչկին,
Բոչկեն կա՛-թո՛ւմ է:
Չխենկելին Պոլիս գնաց
Ծախեց Բա՛-թումը:
Է՛խ Կա՛ր-ճիկյա՛ն,
Էդ ուր գը-նում ես.
Կարսը տվիր, ձեռիդ մնաց
Լխկած դը-դումը.
— Կարսը տվիր ձեռիդ մնաց
Լխկած դը-դումը :
Շուրջը նայելով.
Գեգեչկորին սոցիալի՛ստ է:
Չխենկելին — բո՛զ,
Ժողովրդին էս երկուսը
Ծախեցին անփող:
Կե-ցի՛ր, սպասի՛ր,
Կգա բալշևիկը.
Կը-տա, կըկտրի
Երկուսիդ շլինքը:
Էստեղ դրսից ոտնաձայն: ՂԱՐԱՆ լռում է վախեցած: ՓԱՇԱ մտնում է ուռած-փքված, ասես թե մարդ է կուլ տվե. ոտքերին՝ չաքմա, գլխին — ֆես:
ՓԱՇԱ
Ի՞նչ ձեն էր էս,
Ո՞վ կա էստեղ:
ՂԱՐԱ
Ե՛ս…
Համեցեք նստե՛ք:
ՓԱՇԱ
Ցնդե՞լ ես, ի՛թ մասխարա:
Դուն ո՞վ ես, որ քեզ հետ նստեմ:
Ի՛նչ — է՛ — էս — տե՞ղ:
ՂԱՐԱ
Էստեղ… Սե՛յմ:
Այսինքը, ներողություն, փաշա, —
Թառռոն է, թամաշա:
ՓԱՇԱ բարկացած տալիս է մի սիլա ռեխին. Ղարան թռչում է տեղից:
Էստեղ մտնում է ԳԵՐՄԱՆԱՅԻՆ (սպա):
ԳՐՄ. ՍՊԱ
Շա՛:
Վա՞ս մախեն զի, փաշա՛:
ՓԱՇԱ գլուխ տալով.
Ես… ոչի՛նչ.
Խրատում եմ մե քիչ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Զե՛յռ գութ:
Ալզո՛, հե՛ռռ,
Աբա մի քիթդ դեսը բե՛ր:
Խափում է Ղարայի ռեխին,
Է՛ս քեզ խրատ ինձնից:
Կանչի՛ր մեծիդ:
ՓԱՇԱ խփելով ետևից.
Դե շո՛ւտ:
Հայդե՛:
Կորի՛,
ՂԱՐԱ կանչում է վախեցած.
Գե՛-գե՛չ-կո՛րի:
Վազում է դուրս: ԳԵԳԵՉԿՈՐԻ մտնում է սուս ու փուս, խոնարհ, չոքում կանգնում է ետևի ոտքերի վրա.
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Խորի՜ն հարգանքներս, հե՛ռռ ու փաշա՛:
Վաղուց է սպասում էինք ձեզ:
Թե ոչ չէիք եկե վա՛յ մեզ:
Ես,
Հանուն սոցիալիզմի,
Պատրաստ եմ, թե կուզեք, թռչել Կարսից Իզմիր:
Միայն թե ոտքը ձեր,
Հե՛ռռ ու փաշա :
Բայլշեվիկին ճիզմի:
ՓԱՇԱ բարկացած — վախեցած
Իզմի՛ր… Ի՞նչ Իզմիր, ընչի՞ Իզմիր: ԳԵԳԵՉԿՈՐԻ
Հե՛ռռ գեներալ,
Փաշա՛ ,
Լսե՛ք մեզ մի…
ԳԵՐՄ. ՍՊԱ խիստ: .
Հե՛ռռ,
Ոտքի՛,
Վախտը չէ լացի, կոծի, սոցիալիզմի,
ուշացած աղոթքի:
Քաշում կանգնեցնում է ոտքի:
Ի՞նչ է էստեղ:
Ասե՛ք:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Էստեղ…
Սեյմ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Ի՞նչ,
Ի՞նչ սեյմ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Այսինքը…
Ե՛ս եմ:
Մեկ էլ…
Մեկ էլ…
ԳԵՐՄ. ՍՊԱ
Էյ, հե՛ռռ:
Մեկել-մեկել չկա:
Հասկացա՞ր:
Ո՛չ սեյմ,
Ո՛չ Կապկազ,
Ո՛չ էլ խուրդա-մուրդա…
ՓԱՇԱ
Ճի՛շտ է:
Ի՞նչ սեյմ, օղրա՛շ,
Մեզ համար թե՛ սեյմ, թե՛ բարդակ…
ԳԵՐՄ. ՍՊԱ.
Լա՛վ:
Վե՛րջ:
Դու լռի՛ր, փաշա :
Իսկ դու,
Հե՛ռռ սոցիալիստ,
Լա՛վ լսիր հիմի.
— Սեյմ-մեյմ, սոցիալիզմ-մոցիալիզմ-
Չկա.
Քամի՛,
Մենք,
Ես ու փաշեն,
Եկել ենք ձեր գործերին աշենք:
Հիմի լսե՛ք — ասեմ.
Դուք էգուց սեյմը կցրեք,
Կդառնաք տերություն երեք,
Կամ, կուզեք — չորս, հինգ, վեց, յոթ, ութ
Մենակ թե Ռուսը-կափո՛ւտ:
Հասկացա՞ք,
Էսպե՛ս:
Էգո՛ւց,
Իսկ մենք—
Գալիս ենք-գնանք Բաքու:
Գո՞ւթ:
Թխեցի՞նք:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Շա՛տ գեղեցիկ.
Օգուտ:
Մեզ օգուտ,
Մեզ օգուտ,
Փաշին օգուտ,
Բալշևիկին — կափո՛ւտ:
ԳԵՐՄ. ՍՊԱ
Գո՛ւթ, գո՛ւթ, գո՛ւթ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մենակ թե ազատեք կարմիրներից մեզ էն.
ԳԵՐՄ .ՍՊԱ սեղմելով ձեռքը
Ալզո՛,
Հե՛ռռ,
Աուֆ-վիդերզեե՛ն,
Փաշա նույնպես սեղմելով ձեռքը: Ինքնիրեն.
Չո՛խ սալամաթ:
— Սոսիալիստ դի թամա՛մ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ մենակ.
Շենի ճիրիմե՛, կա՛ցո,
Էգուց,
Էնպես տանք բայլշևիկին քացով,
Որ թռչի մինչև Սպիտակ ծով:
Բա՞ս:
Ծափ է տալիս, կանչում է Ղարային.
Աբա՛,
ՂԱՐԱ ներս է վազում.
Էստի՛ եմ, պարո՛ն,
Էստի՛:
ԳեԳԵՉԿՈՐԻ
Կանչի՛ր նիստի՛:
ՂԱՐԱ դուրս.
Է՛ս սահաթիս—, պարո՛ն:
ԹՈՓՉԻԲԱՇ մտնում է կամացուկ-կամացուկ, փորը-թոփ, թշները-բոքոն, աչքերը — ձու:
ԹՈՓՉԻԲԱՇ ինքնիրեն.
…Մի գաթա թխած…
ԳեԳեՉԿՈՐՈՒՆ
Արդե՛ն…
ԳԵԳԵՉԿՈՐ
Արդեն, աղա՛:
Հիմի,
էս սահաթից,
Տերություն ենք մի-մի…
Ես — Սաքարթվե՛լո,
Դու — Ազրբայջա՛ն,
Դաշնակը…
ԹՈՓՉԻԲԱՇ մատների կոմբինացիա.
Բո՛ւ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Էգուց…
ԹՈՓՉԻԲԱՇԵՎ
Յաշասը՛ն Բաքու:
ԿԱՐՃԻԿՅԱՆ էս խոսքերի վրա՝
մտնում է արագ, հուզված:
Ի՞նչ կա էլի…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ոչինչ: Նի՛ստ:
Նստեցե՛ք, պարո՛ն մինիստր:
ԹՈՓՉԻԲԱՇԻՆ
Դո՛ւք էլ:
ԹՈՓՉԻԲԱՇ Կարճիկյանին.
ինքնիրեն.
Քիչ է մնում թքեմ…
Նստում ենք
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Նիստը հայտարարում եմ բացված:
Առաջին հարց.
Կապկազի բաժա…
ԿԱՐՃԻԿՅԱՆ վախեցած
Բաժա՞…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
…նումը:
ԿԱՐՃԻԿՅԱՆ դողահար
նումը…
ԹՈՓՉԻԲԱՇԵվ
… նո՛ւմը:
ԳԵԳԵՉԿՈՐԻ արագ
Ընդունո՞ւմ եք:
ԹՈՓՉԻԲԱՇ արագ
Այո՛, գասպադին մինի՛ստր:
ԳԵԳԵՉԿՈՐԻ Կարճիկյանին.
Իսկ դո՞ւք:
ԿԱՐՃԻԿ, գլուխը կորցրած.
Ընկերնե՛ր…
Էս… երա՞զ է, թե նի՞ստ է:
Էրզրում…
Կարս…
Բաթում…
Նեմեց…
Թուրք…
ԹՈՓՉԻԲԱՇ զզվանքով.
Դդո՛ւմ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Դդո՞ւմ…
Ընչի՞ դդում…
Ի՞նչ դդում…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ընկերնե՛ր,
Էս սահաթից ես ինձ
Հայտարարում եմ Սաքարթվելոյի
կառավարություն:
ԹՈՓՉԻԲԱՇ
Ես — Ազրբեյջանի:
ԿԱՐՃԻԿՅԱՆ շվարած.
Իսկ ե՞ս…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ձեզ,
Պարոն Կարճիկ ուստա՛,
Մնում է հայտարարել ծովից-ծով
Հայաստան:
ԿԱՐՃԻԿՅԱՆ ոգևորված.
Հաստա՛տ:
Հայտարարում եմ ծովից-ծով
Հայաստան:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ուրեմն, գա՛ումարջոս Սաքարթ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Ազր…
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Հայաս…
ՂԱՐԱ բեմի ետևից.
Յա՛շասըն Կապկազ:
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Ընկերնե՛ր,
Նիստը հայտարարում եմ փակված:
Դուրս: Վազում են գազեթ ծախողները՝ հայ, թուրք, ռուս:
— Գազե՛թ, գազե՛թ, գազեթ…
— Հորիզոն…
— Սա՛քարթվելո…
— Մշա՛կ…
— Թուրքերը հասել են Ղարաքիլիսա…
— Բալշևիկները Գանձակ…
— Գերմանացիք ջարդվել են
Վերդենի տակին…
Վազում են դուրս: Գալիս են նորերը:
— Վեչերնի, վեչե՛րնի, վեչե՛րնի…
— Լեհաստանի նոտան Չիչե՛րինին…
— Ապստամբություն Կարմիր
Բանակում…
— Բալշևիկները թողե՛լ են Բաքուն…
— Բիչերախո՛վ…
— Համազա՛սպ…
— Այոլլո՛…
— Լլո -լլո — ա՛ լլ ո՛ ո՛ո՛…
Վազում են դուրս: Գալիս են նորերը:
— Սենսա՛ցիա,
— Սենսա՛ցիա…
— Սենսա՛ցիա…
— Պերեմիրյե՛:
— Պերեմիրյե՛…
— Պերեմիրյե՛…
— Ահարոնյանը գնում է Վերսայլ…
— Քաջազնունին պրեմյեր…
Վազում են դուրս: Գալիս է վազելով Ղարան ձեռքին թուր:
ՂԱՐՍ խփում է օդին աջ ու ձախ.
— Մե՛կ, երկո՛ւ,
Ռա՛զ, դվա,
Է՛րթի, օրի՛,
Ա՛յն, ցվա՛յ,
Ե՛ք, դո՛ւ,
Режь,
Վո՛ւր,
Կտրի՛,
Քցի՛,
Տա՛ն,
Տա՛ս,
Տո՛ւր:
Կանգ առնելով.խռով
Հետո՞ …
Հասկանո՞ւմ եք՝
Չո՛րս տարի կռվե՝
Հիմի եկել են թե —
Պեր-րե-միր-յե՛:
Ընչի՞.
Չունքի որ առուտուր չունի Բեռլինի,
Փարիզի, Լոնդոնի. Նյու-Յորքի
դուքընչին:
Ամա թե Ռուսեթում տեսա՞ք —
Մեկ, երկու, երեք —
Բուրժուազին թռավ ի վերին վերև:
Իսկ էստե՞ղ.
Էստեղ էս պարոնները նստե
Համոզում են մեզ թե
Ըսենց-ընենց,
Ռուսեթում հեղափոխությունը քնեց,
Լեռ էր մուկ ծնեց,
Մեռավ…
Էս խոսքերի վրա
Քիչ է մնում գոռամ`
Յաշասըն, Գեգեչկորի, ուռռա՛ա՛,
էսպե՛ս էլ մասխարա — դուռա՞կ:
Չէ՛,
Քո՛ւռակ,
Կատարյա՜լ քուռակ.
Էս էլ — ջեր քնքուշ ասած.
Իսկ թե ճիշտը կուզեք —
Ավազա՛կ,
Թամա՛մ ավազակ:
Ընչի՞.
Այ ասեմ` աշեք.
Մինչ հիմի ո՞վ էր էստեղ,—
Հաստափոր դուքընչին,
Գերմանացի սպան,
Ֆեսավոր փաշեն:
Իրենք վերը նստած,
Ջեբների՛ն կանֆետ ու փստա,
Ժողովրդին դդում —
Անունը դեմոկրատիկ
Հանրապետություն…
Լա՛վ:
Ինչ որ տեսանք — ջեր հեչ:
Գլխավորը առաջն է հալա:
Էստեղ հեռախոսի զանգ: ՂԱՐԱՆ մոտենում է չարխին, ձեռքը դնում է ականջին, իբր ուզում է խոսա. Սկսում հազալ.
Ալո՛.
Ո՞րտեղից է:
Փարիզի՞ց…
Պոլսի՞ց…
Բաթումի՞ց…
Ի՞նչ…
Նորությո՞ւն…
Հեռախոսի տրուբկեն իբր նետում է ցած, գոռում է վախեցած.
— Անգլիացիք մտել են Բաթո՛ւո՛ւմ…
ԿԱՐՃԻԿՅԱՆ էս գոռոցի վրա մտնում է արագ.
Ի՞նչ…
Ո՞վ…
Անգլիացի՞ն…
ՂԱՐԱ
Այո՛, պ. մինիստր:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ո՞ւր է..
Շո՞ւտ կհասնի մեզ, թե …
ՂԱՐԱ վազելով դուրս.
Հիմի կգա էստեղ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ ուրախությունից գլուխկոնծի՝ երգում է:
Վերջա՛պես հա՛-սա ես իմ մուրազի՛ն…
Կտրում է էս խոսքերի վրա, կանգնում է ոտքի, խոսոսէ է ինքնիրան.
Էսպե՛ս:
Անգլիացին:
Մեր հզոր,
Խելացի,
Դաշնակից-դրացին:
Ցույց կտա բոլորին:
Կթռչեն,
Կկորչեն —
Ռուսը,
Թուրքը,
Ազրբեյջանցին,
Կակուլի-վրացին:
էստեղ-ե՛ս կմնամ նստած,
Կե՛ր, խմի գինի ու փստա,
Վերչապես, Կարճիկ ուստա՛,
Կունենաս Թիֆլիսից — Պոլիս Ծովից-ծով Հայաստան:
Ոգեվորվելով:
Հա՛յ,
Հո՛ւ
Ո՞վ կա էստեղ,
էլ ո՞վ:
Տա՛մ,
Զարկե՛մ,
Կրակե՛մ,
Թռցնե՛մ,
Ծովից-ծով Հայաստան ծնեմ—
Թռչելով,
Պարելով,
Երգելով…
ԱՆԳԼԻԱՑԻ — մտնում է հանգիստ, կամացուկ: ՂԱՐԱՆ է անգլիացի հագած: Ձեռին կարդոնե մի ձու, խնձոր կամ ներկած շաքար:
Կարճիկյանին.
Ալ՞ո,
Մի՛ստր-նախագահ…
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ե՛ս եմ, մինիստր-գեներալ:
Բարի եկաք:
Լավ եկաք:
Ժամանակի՛ն եկաք:
Էնքան սպասեցինք դարձանքջարդած
կակալ…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Գո՛ւդ: Գո՛ւդ:
Հասկանում եմ մե խոսքից հենց ձեր:
Է՞է՞է՞…
Ասացե՛ք, պ. Կարճիկյան,
Դուք…
Ինչքա՞ն ունեք—
Թոփ,
Թվանք,
Թվանքի պատրոն,
Թվանքի ձեթ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ինչքա՛ն որ կուզեք, տե՛ր:
ՂԱՐՍ.-ԱՆԳԼ.
Գո՛ւղ: Գո՛ւդ:
Շա՛տ գեղեցիկ:
Էդ բոլորը դուք կտաք հալա —
Կքշենք բալշևիկի վրա —
Լա՞վ: –
ԿԱՐՃԻԿՅԱՆ ոգևորված.
Ց՛ըն,
Ցա՛ն,
Ցի՛ն,
Շա՛տ գեղեցիկ.
Հենց է՞ս…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Այո՛:
Առայժմ — էս:
Իսկ ձեզ, պ. մինիստր,
Մերոնք ուզում են ձեզ տան
Միացյալ ու անկախ Հայաստան:
ԿԱՐՃԻԿՅԱՆ մտահոգված.
Իսկ թո՞ւրքը…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Թուրքին կքշե՛նք:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Վրացի՞ն…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Դրան էլ կքշենք:
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ազրբեյջանը բա՞…
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Նրա՛ն էլ:
ԿԱՐՃԻԿՅԱՆ գլուխկոնծի.
Տա՛շ-տա՛շ-տա՛շ,
Էսպիսի բաներ:
էստեղ Գեգեչկորին ու Թոփչեբաշը մանում են արագ, գալիս կանգնում են անգլիացու առաջ, հրհրում են իրար.
ԳԵԳԵՉԿՈՐԻ՝
Նախ ե՛ս…
ԹՈՓՉԻԲԱՇ
Նախ ե՛ս…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մի՛ ստր-գեներալ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մի՛ ստր-գեներալ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Բարի՛ ե՛կաք…
ԹՈՓՉԻԲԱՇ
Բարի՛ ե՛կաք…
ԳԵԳԵՉԿՈԻ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ…
ԹՈՓՉԻԲԱՇ
Դուք տեղ ունեք, գեներա՛լ…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր սրտերի…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մեր գլխի…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր Հոգու…
ԹՈՓՉԻԲԱՇ
Մեր աչքերի՛…
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Մեր ռեխի՛ ,
Մռութի, երեսի…
ԹՈՓՉԻԲԱՇ
է՛,
Մեր փեյղամբարի մորուսի վրա…
ԿԱՐՃԻԿՅԱՆ կանգնել է մե դի, խորամանկ ժպտում է, ոնց որ մի բան գիտի, ոնց որ խղճում է դրանց, մեռնում է ամոթից.
Սրա՛նց մի մտիկ,
Սրա՛նց.
Քիչ է մնում սողան փորոտիքի վրա
Որ ի՞նչ.
Բո՛լորիդ էլ քշելու ենք.
Բո՛-լո-՛րիդ:
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Ը՛սսս:
Սո՛ւս:
Ըզգացված եմ:
Ելե՛ք:
Ես
Ձեզ
Լա՛վ իմացե՛ք
Հաշտություն եմ բերե.
Դրա համար սակայն
Դուք պիտի տաք —
Թոփ, թվանք, թվանքի պատրոն, մե խոսքով՝ ինչ որ կա, մնացել է հալա, ունեք — պետական, հնուց, ռուսական:
Հասկացա՞ք:
Պիտի տաք,
Ինչ որ թողել են հալա գերմանացին ու փաշեն,
Ընչի՞
Որ աշխարքի ռեխից բալշևիկին քշենք:
Բոլորը մեբերան.
Յաշասըն:
Գա՛ումարջոս:
Կեցցե՛ս:
ՂԱՐԱ-ԱՆԳԼ.
Իսկ ձեզ,
Պ. մինիստրներ,
Էս — (ցույց է տալիս ձեռի ձուն)
Ով որ ձեզնից խլեց —
Նա կլի Կապկազի միահեծ:
Արա բռնե՛ք:
Ինքնիրեն.
Հե՛նց որ իրանք կռվեն
Ես
Ինչ որ կա-չկա էստեղ—
Կհանեմ էն մյուս դռնեն…
Նետում է ձուն դրանց, դրանք հասնում գզգզում են իրար:
ՂԱՐԱ ելնում կանգնում է տակառի վրա. խոսում է ինքնիրեն.
Վայրենինե՛ր:
Ցեղե՛ր:
Եվ էսպես հե՞շտ է մի՛թե ձեր գլուխը
եղել…
Հիմի կուտեն իրար`
Հայը թուրքին,
Թուրքը հային,
Հայը վրացուն,
Վրացին ետ նորից թուրքին —
Է՛սպես էլ խելացի երկի՛ր.
Է՛սպես էլ դրկից…
Օ, երկի՛ր, երկի՛ր…
Կանչի՛ր,
Գլխին տո՛ւր,
Առ կեր…
Ա՛յ քեզ բարքեր…
Օ տե՛մպորա, օ մո՛ռես,
Օ Զանգեզուր, օ Գո՛րիս…
Էս խոսքերից հետո ՂԱՐԱՆ դեմքի դիմակը դեն է գցում փաթով, ետ նորից դառնում է
ՂԱՐԱ. երգում է մասխարա.
Այ ղարագյո՛զ, ղա՛րագյոզ,
Վա՛յ մռութիդ, ղա՛րագյոզ,
Սրանց մտի՛կ, ղա՛րագյոզ:
Ձեռաց գտի՛, ղա՛րագյոզ:
Թռչում է ցած. ձեռաց գլուխներին տալով բաժանում է դրանց, ետ նորից ձևանում է հաշտարար գեներալ.
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք:
Պատ-րա՛ստ:
Երեքը մեբերան.
Մենք — մի՛շտ -պատբաստ,
Տե՛ր — -գեներալ:
ՂԱՐԱ
Շագոմ-ա՛րշ:
Ինքը ընկնում է առաջ: Դրանք — հետևում են նրան: Ելնում են դուրս:
Սուս: Բեմը դատարկ է, բան չկա: Չարխ: Սև է, դեղին է, կապույտ, դառնում է ալաճա: ՂԱՐԱՆ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ.
ՂԱՐԱ
Բա՞ս:
Տեսա՞ք սրանց կերած կարագը:
Ինչքան էլ հաստ մանես սրանց`
Կասեն բարակ է:
Ընչի՞.
Սրանց կարող է սաստի բալշևիկի ղամչին:
Կամ չէ՝
Սրանց մեկ-մեկ կանչես,
Ռեխներին խնչես,
Ասես՝ տերությունը թան չէ,
Ամեն ավազակի բան չէ.
Բա՛:
Սրա՛նց մի մտիկ հաբա — Ինքը վազում է գուրս: Դրսից — աղմուկ, տրաք-տրաքոց, ուռա:
Լցվում են ԶԻՆՎՈՐՆԵՐԸ բեմի ետևի կողմից՝ հայ, վրացի, թուրք,— հոշոտում են իրար: Ամեն ազգի զինվորի ետևից գողեգող դրանց մեծերը քշում են դրանց առաջ, քշում են իրար վրա, սիրտ են տալիս.
«Յաշասըն»
«Գաումարջոս»
«Ուռռա»:
— Տո՛ւր:
— Վո՛ւր:
— Ջա՛ն:
— Շե՛նի:
— Չվենի:
«Գաումարջոս Սաքարթվե՛լո»
«Յաշասըն Ադրբեյջան»
«Մե՛-ր — հայրե-նի՛ք»…
Էս հարայհրոցում մի կողմից ծակից երևում է ռեխը անգլիացու, կամ, կուզեք, իտալացու, ամերիկացու մեկ է. մենակ թե խաղալիս ռեխը դեղին ներկեք: Նայում է ուրախ-ուրախ,
ձեռքերը քսում է իրար, կնյազը, տերտերը, մելիքը, չարչին, վարժապետը շրջապատել են նրան, նայում են հարայհրոցին, ուրախ են, շատ են ուրախ, ուտում են, խմում են արաղ. բեմի վրա — աղմուկ, հարայհրոց, թոփ, թվանք, թուր, կրակոց ու կրակ:
Էս ժամանակ բեմը ԲԱՆՎՈՐՆԵՐՈՎ լցվում է արագ: Գալիս խառնվում են կռվողներին, համոզում են դրանց:
— Խի՞եք կռվո՞ւմ:
— Ընչի՞:
Ցույց տալով մեկնումեկին.
— Տո՛, տո՛ւր դրա դնչին…
— Ո՞ւմ համար եք կռվում…
— Չարչո՞ւ — մելիքի՞ — աղի՞…
ԶԻՆՎՈՐՆԵՐ
— Լսե՛ք, լսե՛ք տղին,
— Տվե՛ք Գեգեչկորու ռեխին…
— Կարճիկյանի քթին…
— Մուսավաթի միրքին:
ՄԻ ԲԱՆՎՈՐ ԲԱԼՇԵՎԻԿ
— ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
— Ինտերնացիոնալ երգի՛ …
(Սկսում է)
— Տվե՛ք, տվե՛ք դրանց…
Կորչի՛ն…
— Դալո՛յ…
— Դալո՛յ…
Բեմից քշում են դրանց՝ մռութներին տալով, բեմը լցվում է ժողովրդով: Դրոշակներ: Պլակատներ: Լենինի, Մարքսի նկարներ ՂԱՐԱՆ գալիս է բեմ. պատից-պատ քաշում է
պլակատ ֆոնը սև, տառերը-կարմիր:
ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ,
ՄԻԱՑԵ՛Ք
Էս ժամանակ ահա չարխը դառնում է էլ ավելի արագ, փայլում է, ոնց որ ալ
կրակ վառվի — դառնում է ԿԱՍԿԱՐՄԻՐ ՂԱՐԱ թռչում նստում է չարխի վրա,
դեպի ետ հանում է լեզուն, հետո ճառ է ասում.
— ԸՆԿԵՐՆԵ՛Ր,
Տեսա՞ք Կապկազի թամաշեն.
Ես կուզեի միայն, որ ոչ թե մենակ աչքերով.
Այլ խելքով է՛լ աշեք—
Ու էն լրբերի կերած թանապուրը հիշեք:
Ընկերնե՛ր.
Էս ե՛ս եմ գրե ձեզ համար,
Աջողիլ եմ կամ շա՛տ, կամ քի՛չ:
Ոչինչ:
Բավական է ինչքան ձեզ խաղան —
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին:
Քիչ էլ թող մեր խալխը նայե
Դաշնակի ջարդած քթին,
Մենշևիկի մրոտած խելքին:
Մուսավաթի միրքին:
Բավական է թառռոնը պետական
Օթելլոներ ծրի.
Տեսա՞ք մեր խոխեքը դրանց
Ո՞նց թռցրին…
Ընկերնե՛ր:
Աջողած էր, թե չէ էս թամաշեն —
Մե՛կ է.
Բանն էն է որ բռնենք մեր թշնամու բկեն.
Հասկացա՞ք,
ացա՞ք,
աք,
քը,—
Հիմի ո՞ւր են դրանք –
ՄԿԻ ԾԱԿԸ…
Էլ չկան:
Մտել են ծակը մկան:
Էլ յո՛խտուր:
Ա՛րարիս.
Нету.
Փա՛ ս.
Բա՞ս:
ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ…
Էստեղ ՂԱՐԱՆ չարխից թռչում՝ կանգնում է ժողովրդի առաջ. Գոռում է —
ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱ՛Լ…
Բեմը և ժողովուրդը երգում են միասին.—
— Ելի՛ր ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ:
Արդեն վառվում են մեր սրտերը,
Արդեն կռվի ենք մենք ձգտում:
Այս հին աշխարհը կվարենք մենք
Մինչև հիմքերը — և հետո
Մեր նոր աշխարհը կշինե՛նք մենք,
Ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ:
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:
Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը,
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքա՛ն.
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական:
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր —
Խփե՛նք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ:
Սա՛ է…
Լոկ մե՛նք, ճորտեր ու բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է —
Կորչի հարուստը թող տզրուկ:
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն ե՛ն ու մերը կմնան:
Սա՛ է վերջին կռիվը
Եվ պայքարը մեր մեծ:
Ինտերնացիոնալը
Աշխարհը կփրկե:
1923

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ամենասկզբից նորից կարդալ, «ընկերներ»-ի փոխարեն  «պարոններ»: Երկրորդ ընթերցմամբ հասնելով «ինտերնացիոնալ»-ին ձեր ճաշակով երգեք համաշխարհայնացման ռոք-«ժողովրդավարական» երգեր կովկասյան լեզուներով, մինչև տեսնենք ինչ կգրի մեզ Չարենցը «այն ԱՇԽԱՐՀից»: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ, 2011թ.
ՍԿԻԶԲԸ` ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ