ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, March 10, 2010 14:00 - 3 քննարկում

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը (գինեգործ Պողոս Պողոսյանի դուստրը, 01-99-ից) մաշկահան է արել Հայաստանի մշակույթը: Տիկինը ժառանգել է հորից գինու տիկ պատրաստելու գաղտնիքը: Խեղճ ՀՀ նախագահ Գարսեվան….

ԹԵԼԵՐԸ ԴԵՊԻ ՆԱԽԱՐԱ՞Ր ԵՆ ՏԱՆՈՒՄ

*

article’s photo
Թե՞ նա ամեն ինչից անտեղյակ էր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 3-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախկին խորհրդական, այնուհետեւ մշակույթի նախարարության իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Արեգ Հայրապետյանը։

Վերջինիս տան խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ Ա.Հայրապետյանի անվամբ պատրաստված երկրորդ անձնագիր, ինչից ելնելով թերեւս կարելի է ենթադրել, որ նա նախապես հոգացել է իրադարձությունների ծայրահեղ զարգացման պարագայում Հայաստանից ճողոպրելու հնարավորության մասին, սակայն, ինչպես արդեն հասկանալի է, չի հասցրել։

Ա.Հայրապետյանը կալանավորվել է մշակույթի նախարարության հետ կապված սկանդալային փաստերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Այդ փաստերի մի մասը բացահայտվել էր դեռ Վերահսկիչ պալատի կողմից։

ՎՊ-ին մասնավորապես հայտնի էր դարձել, որ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համար նախարարության եւ «Ինօրիենթ» ՍՊԸ-ի միջեւ 11.05.2007թ. կնքվել է թիվ 3 պայմանագիրը։ Դրա տեխնիկական բնութագրով նախատեսվել է մշակել «Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թվականների ռազմավարություն», այդ փաստաթղթից բխող նոր իրավական ակտեր եւ գործող իրավական ակտերում նախատեսվող փոփոխություններ եւ լրացումներ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հնագիտական պեղումների մասին», «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին իրավական ակտերը։

Այդ աշխատանքների գնման գին է սահմանվել 19 010 000 դրամ։

Ավելի քան 19 մլն դրամը կարծես քիչ համարելով, բացի նշված պայմանագրից, մշակույթի նախարարության եւ «Ինօրիենթ» ՍՊԸ-ի միջեւ 21.12.2008թ. կնքվել է թիվ 31 պայմանագիրը, որով նախատեսվել է հիշյալ «ռազմավարության» լրամշակման աշխատանքների կատարում մինչեւ 2008թ. հունվարի 31-ը, եւ այդ նպատակով 950 000 դրամի հատկացում։ Պայմանագրերով սահմանված 19 960 000 դրամը փոխանցվել է ընկերությանը։

Այստեղ միանգամից մի շարք հարցեր են առաջանում։

Նախ. ինչո՞ւ են աշխատանքները պատվիրվել մի ընկերության, որի մշակած «Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թվականների ռազմավարություն» կոչված փաստաթուղթը կարճ ժամանակ անց, հենց 2008թ. դրությամբ թերի լինելով, արդեն լրամշակման կարիք է ունեցել։

Երկրորդ. եթե իրոք ունեցել է դրա կարիքը, «Ինօրիենթ» ՍՊԸ-ից ինչո՞ւ չի պահանջվել, որ իր մշակած փաստաթղթի թերությունն անվճար շտկի, դրա փոխարեն, ինչո՞ւ է մոտ 1 մլն դրամի լրացուցիչ գումար հատկացվել։

Երրորդ. մշակույթի նախարարը կամ նախարարությունն ինչո՞ւ են աշխատանքները պատվիրել մի ընկերության, որի հիմնադիրը մշակույթի նախարարի խորհրդական, այնուհետեւ հիշյալ վարչության պետն էր, եւ ի սկզբանե պարզ էր, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման, դրանց գնահատման, ընդունման հարցում կարող է եթե չասենք կոռուպցիոն ռիսկ, տնավարի մոտեցում լինել։

Չորրորդ. մշակույթի նախարարն ինչո՞ւ է իր 08.05.2007թ. թիվ 233-Ա հրամանով Ա.Հայրապետյանին նշանակել «2007թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախարարությանը հատկացված 19 010 000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, երբ նախարարին ի սկզբանե չէր կարող պարզ չլինել, որ Ա.Հայրապետյանը տեխհսկողություն պետք է իրականացներ իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊԸ-ից, ըստ էության, ինքն իրենից ծառայությունների գնման գործընթացի նկատմամբ։

Ի վերջո, հինգերորդ հարցը, որ թերեւս ամենակարեւորն է. մշակույթի նախարարն իր, իր տեղակալների եւ խորհրդականի, նախարարության իրավաբանական վարչության պետի եւ այլ աշխատակիցների սրբազան պարտականության կատարումն ինչո՞ւ է վճարովի սկզբունքով պատվիրել մի մասնավոր ընկերության, այդ ընկերությո՞ւնն էր մշակելու եւ նախորոշելու մի ողջ պետության մշակույթի զարգացման հնգամյա ռազմավարությունը։ Դե, եթե այդպես էր, էլ ո՞րն էր նախարարի ու նախարարության անելիքը։

Մեր համոզմամբ, հիշյալ ռազմավարությունը հենց այն փաստաթուղթն էր, որը պետք է մշակվեր մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակող-իրականացնող մարմնի՝ մշակույթի նախարարության կողմից։ Պետք է մշակվեր նախարարի, նրա տեղակալների, խորհրդականների, նախարարության համապատասխան մասնագետների գաղափարների, մտահղացումների հիման վրա, նրանց համատեղ աշխատանքի արդյունքում, եւ ոչ թե՛ վճարովի սկզբունքով պատվիրվեր ինչ-որ մասնավոր ընկերության։

Այս առումով, կարծում ենք, ավելորդ չէ նշել նաեւ մի ուշագրավ հանգամանք. ՎՊ-ի ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ինօրիենթ» ՍՊԸ-ի գործունեության հասցեն՝ Երեւան, Բուզանդի թիվ 53 տուն, գոյություն չունի, իսկ ընկերության միակ մասնակիցը գրանցված է ՀՀ տարածքից դուրս, բրիտանական Վիրջինյան կղզիներում (օֆշորային գոտի)։

Ըստ ՎՊ-ի, մշակույթի նախարարությունում առկա չէր (բացառությամբ հանձնման-ընդունման արձանագրությունների) հիշյալ ՍՊԸ-ի կողմից աշխատանքների կատարումը հավաստող որեւէ փաստաթուղթ, որը կհիմնավորեր նրա կողմից իրավական ակտերի մշակման աշխատանքների կատարումը, հետեւաբար այդ ընկերությանը իրավական ակտերի մշակման նպատակով վճարված 19 960 000 դրամի ծախսը փաստաթղթերով հիմնավորված չէ եւ ենթակա է վերականգնման պետական բյուջե։

ՎՊ-ն իր այդ ստուգման նյութերը երկար ժամանակ չէր ուղարկում գլխավոր դատախազություն (չնայած վերջինիս պահանջին), իսկ երբ ուղարկեց, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ նրա օժանդակությամբ հիշյալ վարչության պետ Ա.Հայրապետյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության համաձայն, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Ա.Հայրապետյանը կազմակերպել է նախարարության եւ իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊԸ-ի միջեւ իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման 11.05.2007թ. պայմանագրի կնքումը, որով նախատեսված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու դիտավորությամբ, որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կեղծ եզրակացությունները։

Մշակույթի նախարարի խորհրդական, վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ն.Տեր-Վարդանյանն էլ, նույն տեղեկատվության համաձայն, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, իր հերթին, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները։ Նշված գործողությունների հետեւանքով Ա.Հայրապետյանը հնարավորություն է ստացել եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը՝ պետությանը պատճառելով էական նյութական վնաս։

Քրեական գործի հարուցումից հետո բացահայտվել են մի շարք փաստեր, որոնց մասին, սակայն, չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության շահերից։ Այնուամենայնիվ, վերոնշյալ փաստերին ծանոթ լինելով, դժվար չէ նկատել, որ մշակույթի նախարարությունը ավելի քան 19 մլն դրամի աշխատանքների պայմանագիր կնքելով «Ինօրիենթ» ՍՊԸ-ի հետ, վերջինիս պատվիրել է նաեւ մշակել «Հնագիտական պեղումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ այն դեպքում, երբ «Հնագիտական պեղումների մասին» օրենք Հայաստանում պայմանագիրը կնքելու պահին գոյություն չի ունեցել եւ առ այսօր էլ գոյություն չունի։

Այս «կուրյոզ», խայտառակ փաստի համար, կարծում ենք, պետք է պատասխան տան ոչ միայն Ա.Հայրապետյանը եւ Ն.Տեր-Վարդանյանը, այլեւ մշակույթի նախարարը, «Ինօրիենթ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքողը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրավապահները Ա.Հայրապետյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել են մշակույթի նախարար Հ.Պողոսյանի ստորագրությամբ չլրացված, ինչպես ասում են, դատարկ բլանկ (պաշտոնաթուղթ)։ Չճշտված տեղեկությունների համաձայն, հայտնաբերվել են մեկից ավելի չլրացված պաշտոնաթղթեր, որոնց վրա նախարարի ստորագրությունից բացի, նաեւ նախարարության կնիքն է եղել։

Սակայն եթե այս վերջին տեղեկություններն էլ մի կողմ թողնենք, քանզի չճշտված են, այն, ինչ ստույգ է (թեկուզ այդպիսի մեկ պաշտոնաթղթի հայտնաբերումը), միանգամայն բավարար է հեռուն գնացող հետեւությունների համար, քանզի այդպիսի պատահականություն չի լինում։ Ամբողջ խնդիրն այն է, թե պաշտոնաթղթի տակ նախարարի՞ ստորագրությունն է, թե՞ այն կեղծված է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար առգրավված պաշտոնաթուղթը հանձնվել է դատաձեռագրաբանական փորձաքննության։

Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ հիշյալ պաշտոնաթղթի տակ հենց նախարարի ստորագրությունն է, բնավ չենք զարմանա։ Ինչո՞ւ…

Մշակույթի նախարարը Ա.Հայրապետյանին ոչ միայն պարզապես վստահել, այլեւ նրա նկատմամբ առանձնահատուկ եւ ուշագրավ վերաբերմունք է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նախարարն իր հրամաններով առնվազն երեք անգամ ստեղծել է այլ խնդիրների հետ կապված տեխնիկական հսկողության հանձնաժողով, երեքի նախագահ էլ նշանակել է այն ժամանակ իր խորհրդական Ա.Հայրապետյանին եւ, նույնիսկ օրենսդրությունը խախտելով, այդ հանձնաժողովին վերապահել պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման կամ ստորաբաժանումների լիազորությունները։ Ինչո՞ւ, առանց որեւէ շահագրգռությա՞ն…

Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով), 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (նույն հանցագործությանն օժանդակելը), ինչպես նաեւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով հարուցված քրեական գործը, որը նախաքննության համար անցյալ ամիս փոխանցվել էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, այժմ արդեն վերցվել եւ քննությունը շարունակելու համար ուղարկվել է ազգային անվտանգության ծառայություն։
* ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա
Mar 11, 2010 4:37