ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 11, 2010 23:18 - 1 քննարկում

Պատմությունը կրկնում ենք

Ոչ դարավոր պատմությունից դասեր սովորեցիքն, ոչ էլ վերջին 200 տարվա պարբերաբար կրկնվող փաստերից: Ոչինչ չենք ուզում սովորել: Դարավոր սխալները շարունակում ենք: Փոխանակ հույսներս մեզ վրա դնելու, հայամետ, հայակենտրոն (տվյալ դեպքում պետականություն կառուցելու) քաղաքականություն վարենք, նորից ապավինում ենք ուրիշներին, քանի որ ամբողջ ազգին կերակրում են, թե մենք ինքնուրույն ապրել չենք կարող (սակայն ինքնուրույն թալանել կարող ենք)…

Նորից երկփեղկել են ազգը` ռուսի հետ, թե արևմուտքի (որը շատ անորոշ ձևակերպում է): Նորից չեն ասում եկեք համախմբվենք, միաբանվենք, հզոր ուժ դառնանք և այդ հզոր ուժով քայլենք աշխարհի հետ, աշխարհի օրենքներով: Այսինքն աշխարհի հետ խոսենք հավասարը հավասարի հետ և ոչ թե քծնենք կամ խնդրենք, որ մեզ վերցնենք իրենց թևի տակ, իսկ երբ իրենց թևը քաշեն, մնանք անտեր ու մոլորված…

Ներկա աշխարհում (ինչպես նաև հնում) բոլոր պետությունները պայքարել են արևի տակ իրենց տեղը պահպանելու համար ու կազմել են միավորումներ իրենց նպատակներն իրագործելու համար:

Ի հարկե այսօր նույնպես հրամայական է որևէ միավորմանը մասնակցելու կամ ինչպես իրենք են ասում ռազմաքաղաքական բլոկի մեջ մտնելը: Ցանկացած բանական մարդ չի առարկում այս փաստի շուրջ: Մենք առարկում ենք այս ձևը, որը որդեգրել է այսօրվա Հայաստանը իր ողջ 20 տարվա գոյության ընթացքում: Չկարողացան և չուզեցին անկախ պետություն ստեղծել (փաստերը այնքան շատ են, որ առարկման ենթակա չէ) և այսօր ուզում են ծվարել ռուսի թևի տակ, իբրև թե մեր անվտանգությունը միայն նրանք կարող են պաշտպանել մեր դարավոր թշնամուց: Կրկնեմ, ես դեմ չեմ որևէ բլոկին միանալուն, ես դեմ եմ նման ստորացուցիչ ձևով միանալուն:

Բանից դուրս եկավ, որ մենք ոչինչ չարժենք Ռուսաստանի պետության շահերի համար և մենք խնդրում ենք, որ նա մեզ պաշտպանի… Իսկ խնդրողին ինչպես են պաշտպանում, մեզ ապացուցել է մեր պատմության շուրջ 1800 տարիները:

Կրկնում եմ, յուրաքանչյուր պայմանագրին միանալը կամ պայմանագիր կնքելը երկկողմ հավասար և փոխշահավետ հարաբերությունների հաստատում է և ոչ թե ամեն ինչ տալ մեկին ու ասել, դե դու ինձ պաշտպանի:

Իրականում Հայաստանը կարիք ունի այս տարածաշրջանում խաղաղ զարգանալու, բայց Ռուսաստանն էլ ունի սեփական նկատառումները մեր տարածաշրջանում ամրանալու և ամրապնդվելու: Դե ուրեմն երկուսիս շահերն էլ համընկնում են: Ինչո՞ւ պայմանագիրը չի կնքվում այս սկզբունքներից ելնելով…

Պայմանագրի մեկ այլ վտանգի մասին: Ինչպես վերևում նշեցի, մենք չենք ձերբազատվել այն տհաս մտքից, թե մենք չենք կարող ինքնուրույն ապրել, մենք չենք հասկացել, որ մեզ մեզանից լավ ոչ ոք չի պաշտպանել ու չի պաշտպանինի: Ուստի ասելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանությունը հանձնելով ռուսներին մեզ այլևս վտանգ չի սպառնալու, դա լոկ խապկանք է կամ ինքնախաբեություն:

Հետևելով այս կարևոր թեմայի ասպես կոչված “համաժողովրդական” քննարկմանը, տեսանք, որ շատ քչերն են դեմ պայմանագրին: Շատերը չհասկացան, որ այս պայմանագիրը մեր ազգի համար ունենալու է հաշիշի ազդեցությունը: Բոլորը բառախաղերով մի փոքր դեմ ըլալով կողմ կարտահայտվեին, չհիմնավորելով թե ինչու են կողմ կամ ինչու են դեմ:

Մենք դեմ ենք, քանի որ կրկնվում է պատմական սխալը. նորից ապավինում ենք ուրիշին, մենք դեմ ենք քանի որ երկրի ղեկավարությունը իր անկարողությունը ու թալանը պահպանելու համար խաղում է ժողովրդի զգացմունքների հետ, նրան կապելով իր դարավոր “բարեկամին”: Դե դուք ուզում էիք, մենք էլ կնքեցինք, էլ ի՞նչ եք ուզում, ապրեք խաղաղ ռուսի հետ… Բայց ինչ է լինելու հետագայում, իրենք պատասխանատու չեն, իրենք իրենց ձեռքերը լվացին:

Մենք դեմ ենք, որ անկախ պետության ձեռքերը կապեցին, մեզ զրկեցին սթափ մտածելուց ու գործելուց, մեզ զրկում են մեր պատմական պահանջատերը լինելուց: ԽՍՀՄ-ը Թուրքիային հայտարարել էր, որ ինքը հողային պահանջ չունի (մենք այդ ժամանակ նրա կազմում էինք), իսկ անկախ Ռուսաստանը շարունակում է իր հարաբերությունները զարգացնել այդ նույն Թուրքիայի հետ և մենք ինքնուրույն հանդես գալու իրավունքից զրկվում ենք:

Հատուկ չեմ նշում տնտեսական ճորտացումը, քանի որ յուրաքանչյուր նոր բան հանձնելով ռուսական կողմին մեր ղեկավարները լցնում են սեփական գրպանը կամ դառնում բաժնետեր:

Ուրեմն անկախ, ազատ Հայաստան ուզողները չկարողացան հաղթահարել կոմսոմոլներին, որոնց երազանքը “առաջին” դեմք դառնալն էր և ոչ թե ազատ Հայաստանի կառուցումը և նրանց լոզունգն էր. “Հավերժ ռուս ժողովրդի հետ”: Բայց ինչ կարգավիճակով, դա նրանց երբեք չի հետաքրքրում…

Հ.Գ. 2 օրից անկախության հռչակման 20-րդ տարեդարձն է: Ինչպես միշտ ժողովուրդը կմնա անտարբեր, էկրանները կգրավեն նախկին տափակ ոչինչ չասող դեմքերը: Ահա թե ինչպես է առժեզրկվում մեր անկախությունը:

http://gavareci.livejournal.com/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Haik
Sep 12, 2010 10:57