ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 6, 2010 16:10 - 1 քննարկում

Չքավորները կողոպտում են միմյանց, դատավորների բիզնեսը եռում է՝ ամիսը տարվա տեղ են ծախում, իսկ հարուստները մնացել են զարմացած… Երանի Երանուհի Սողունյանին:

Հայրենասեր թաղային ոստիկանը չկաշառվեց և գործ հարուցեց հարստացած և հղփացած եռյակի դեմ:

  • article's photo

    «Ես իմ արածների համար չեմ զղջում: Որովհետեւ էս դարում անմեղ մարդ չկա, ես մենակ Աստծու դեմ կըրնամ ընձի մեղավոր ճանչեմ: Սաղ կյանքս քուչեքը գողանալով եմ մեծցել: Ինչ արել եմ` ճիշտ եմ արել»,-հայտարարեց ավազակային հարձակման համար մեղադրվող, 1982 թ. ծնված Լյովա Հակոբյանը:Լյովայի հանցակից, 8-ամյա կրթությամբ Ջանիկ Սարգսյանն անչափահաս է, իսկ խմբի ղեկավար համարվում է 1989 թ. ծնված, 8-ամյա կրթությամբ Քնարիկ Մաթեւոսյանը, ում ծրագրմամբ էլ իրականացվել են բոլոր ավազակային հարձակումները:

    Վերջինս, լինելով ամուսնալուծված եւ նախկին ամուսնուց ունենալով երկու տարեկան տղա, 2009 թ.-ից փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել անչափահաս Ջանիկ Սարգսյանի հետ, հղիացել նրանից, սակայն երեխան ծնվելուց հետո մահացել է:  2009-ից Քնարիկը, Ջանիկը եւ Լյովան վարձով բնակվել են նախ Գյումրիում, ապա` Ախուրյան գյուղում:

    Այդ ընթացքում Ջանիկն աշխատել է շինարարությունում` որպես բանվոր, եւ երբ ազատվել է աշխատանքից, եռյակը հայտնվել է սոցիալապես ծանր պայմաններում: Նախաքննության ընթացքում Քնարիկը պատմել է, որ ինքն է առաջարկել տղաներին հափշտակություններ կատարել եւ այդ կերպ գոյատեւել: Լյովան եւ Ջանիկը համաձայնվել են:

    Դատարանում Քնարիկը ժխտեց, որ իր ցուցումներով են կատարվել ավազակային հարձակումները` ասելով, թե իբրեւ իրեն ծեծել ու տների տեղը ցույց տալ պարտադրել է Լյովա Հակոբյանը: Դա հաստատեց նաեւ ամբաստանյալը` նշելով, թե Ջանիկը եւս մեղք չունի, ճիշտ է, ուղեկցել է իրեն, բայց չի մասնակցել բուն գործողություններին, ընդհակառակը, մի դեպքում անգամ օգնության է հասել տուժողին եւ խլել իր ձեռքից:

    Իսկ նախաքննությամբ պարզվել է հետեւյալը: Քնարիկը տղաներին առաջարկել է մտնել արեւածաղիկ վաճառող Լիդա Պողոսյանի տնակ` ասելով, թե ծեր կինը հաստատ գումար կունենա հետ գցած: Երեքով տաքսի մեքենա են վերցրել, գնացել Հնոցավան թաղամաս, որտեղ գտնվել է Լիդայի տնակը: Մեքենան կանգնեցնելով քիչ հեռվում եւ վարորդին ասելով, թե գույք կա վերցնելու` Քնարիկը մատնացույց է արել տան տեղը, ինքը մնացել է մեքենայի մեջ, իսկ տղաները գնացել եւ մոտ կես ժամից վերադարձել են: Վարորդին ասել են, թե տանը մարդ չի եղել:

    Տուժող Լիդա Պողոսյանը պատմեց, որ դեպքի օրը, ժամը 20:00-ի սահմաններում տանը մենակ է եղել: Դուռը թակել են երկու երիտասարդներ ու արեւածաղկի սերմ խնդրել: Երբ ինքը շրջվել է, տղաներից մեկը մի ձեռքով փակել է բերանը, իսկ մյուս ձեռքով սեղմել պարանոցը` փորձելով խեղդել: Միեւնույն ժամանակ ձեռքով մի քանի անգամ հարվածել է դեմքին եւ վնասել աջ քունքային հատվածը:

    Այդ ընթացքում մյուս տղան մտել է հյուրասենյակ, հափշտակել 20.000 դրամ, հետո երկուսով դիմել են փախուստի: 20 հազարը եռյակը ծախսել է անձնական կարիքների համար: Որոշ ժամանակ անց Քնարիկն առաջարկել է կրկին հափշտակություն կատարել` մատնանշելով Մանուշյան թաղամասում տնակում միայնակ բնակվող Գոհար Բոյաջյանին:

    Տղաները համաձայնվել են եւ Ախուրյանից երեքով, անծանոթ տաքսի մեքենայով գնացել Մանուշյան թաղամաս: Ջանիկն իր հետ վերցրել է կենցաղային դանակ եւ կանացի սեւ զուգագուլպա: Քնարիկը տան տեղը ցույց տալուց հետո մնացել է մեքենայի մեջ:

    Դատարանում տուժող Գոհար Բոյաջյանը պատմեց, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում տանը մենակ է եղել, հեռուստացույց է դիտել: Շքամուտքի դուռը  բաց է եղել, եւ ինքը թակոցի ձայն չի լսել: Հանկարծ հյուրասենյակի դուռը բացվել է, եւ երկու հոգի դիմակներով մտել են ներս: Մեկի ձեռքին դանակ է եղել: Վերջինս մոտեցել է իրեն, դանակը դրել կրծքավանդակին, բռունցքով հարվածել, պառկեցրել է բազմոցին` պահանջելով հայտնել փողերի տեղը: Այդ ընթացքում մյուս տղան վերցրել է DVD նվագարկիչը, 4 հատ լազերային սկավառակ,  «Մոտոռոլա» մակնիշի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 18 հազար 900 դրամ եւ սկահակի միջից շոկոլադե կոնֆետներ:

    Հաջորդ օրը Ջանիկը եւ Լյովան գնացել են Մուշ թաղամաս, որտեղ Ջանիկը 10 հազար դրամով վաճառել է նվագարկիչը գործով վկա Հովհաննես Յենգոյանին` ասելով, թե իրենն է: «Չուլոչնի» թաղամասում տղաները 3 հազար դրամով իրացրել են տուժող Գոհար Բոյաջյանից հափշտակած հեռախոսը:

    Դատարանում վկա Հովհաննես Յենգոյանը հաստատեց, որ իրեն զանգահարել է Ջանիկն ու ասել, որ ուզում է նվագարկիչը վաճառել: Ինքը նրան կանչել է Մուշ-2 թաղամաս: Քանի որ նվագարկիչը տուփով է եղել, իր մտքով անգամ չի անցել, թե գողացված է: Գնել է 10 հազար դրամով:

    Դատաքննության ընթացքում, վկայի ցուցմունքի ժամանակ տեղի տվեցին ամբաստանյալ Լյովա Հակոբյանի նյարդերը: Վերջինս հարձակվեց Հովհաննես Յենգոյանի վրա` ցինիկաբար նետելով. «Էս չհասկացա, ցուցմունք ես… տուֆտու գոնիշ…»: Դատավոր Հ. Մովսեսյանի կարգադրությամբ ամբաստանյալը հեռացվեց դատարանի դահլիճից, մինչեւ վկայի ցուցմունքի ավարտը:

    Մեկ այլ տուժողի` Մարգարիտա Ալեքյանի վրա կատարած ավազակային հարձակումը եռյակը պլանավորել է 2009 թ. դեկտեմբերի 16-ին: Քնարիկն ասել է, որ կինը ծեր հոր հետ բնակվում է իրենց նախկին թաղամասում եւ, իր տեղեկություններով, տոկոսով փող է տալիս: Այդ օրը եռյակը 2 անգամ այցելել է Մարգարիտայի տուն, սակայն տանը մարդ չի եղել: Հաջորդ օրը կրկին գնացել են` մտածելով, որ այս անգամ բախտները կբերի:

    Տուժող Մարգարիտա Ալեքյանի ցուցմունքների համաձայն` 2009 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում դուռը թակել են, ինքը ձայն չի հանել, սկսել են թակել պատուհանը: Հասկացել է, որ անծանոթներ են, բայց տեսնելով, որ թակոցները շարունակվում են, ստիպված ձայն է տվել: Իր հարցին` «ով է», պատասխանել են, թե Ալվարդն է ուղարկել: Մտածելով, որ խոսքը ամուսնու քրոջ մասին է, բացել է դուռն ու տեսել 2 անծանոթ տղաների: Վերջիններս ձեւացրել են, թե ճանաչում են Մարգարիտայի բարեկամուհի Ալվարդի տղաներին, եւ երբ Մարգարիտան հարցրել է, թե ինչով են նրանք զբաղվում, Լյովան ասել է` ոչ մի բանով:

    Տեղյակ լինելով, որ Ալվարդի երեխաները աշխատանք ունեն, Մարգարիտան կասկածել է: Փորձել է զանգահարել  Ալվարդին: Այդ ընթացքում Ջանիկն ընդհանրապես չի խոսել, իսկ Լյովան հանկարծակի ջուր է ուզել: Մարգարիտան սեղանի վրա դրված ապակե ջրամանից ջուր է լցրել եւ տվել տղային: Այն պահին, երբ հեռախոսը միացել է ու Մարգարիտան փորձել է պարզել, թե այդ ինչ տղաների է իր տուն ուղարկել Ալվարդը, Լյովան, սեղանի վրայից վերցնելով մածունի ապակե տարան, հարվածել է Մարգարիտայի գլխին:

    Աղմուկից անհանգստացած հիվանդ ծերունին փորձել է բարձրանալ անկողնուց: Տեսնելով այդ` Ջանիկը հարձակվել է ծերունու վրա, բռունցքով մի քանի անգամ հարվածել դեմքին: Դրա հետեւանքով ակնոցը կոտրվել է, ու փշրված  ապակին վնասել է Սարգիս Ալեքյանի աչքը: Ստացած մարմնական վնասվածքներից ծերունին կուրացել է:

    Լյովան ապակե ջրամանով եւս մեկ անգամ հարվածել է Մարգարիտայի գլխին: Կինը ուշաթափվել է: Երբ հայր ու աղջիկ ուշքի են եկել, պարզել են, որ տղաները Սարգիս Ալեքյանի մատից հանել են ամուսնական մատանին, տարել են Մարգարիտայի դրամապանակը` մեջը 4000 դրամ, եւ երկու բջջային հեռախոսները:

    Հափշտակած հեռախոսների քարտերը տղաները շպրտել են: Դեպքի օրը հափշտակած «Սիմենս» մակնիշի բջջային հեռախոսը Ջանիկի ձեռքից ընկել եւ կոտրվել է, «Նոկիա» հեռախոսը շուկայում վաճառել են անծանոթ մի տղայի` 15 հազար դրամով: Նույն օրը Քնարիկը, Ջանիկն ու Լյովան գնացել են Երեւան եւ «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող ոսկու շուկայում հափշտակած ոսկե մատանին 105 հազար դրամով վաճառել երիտասարդ մի կնոջ:

    Ամբողջ դատավարության ընթացքում ամբաստանյալ Լյովա Հակոբյանը ջանում էր մեղքն իր վրա վերցնել` հայտարարելով, որ երեք դրվագներում էլ ինքը մենակ է գործել: «Ես գողցել եմ, հա էլ պիտի գողնամ,- հայտարարեց Լյովա Հակոբյանը,- ես մենակ եմ եղել, մենակ էլ դատեք էրթամ, էս սրանց ընչի եք հետս դատում»:

    6-րդ դասարանի կրթությամբ այս դեռահասը մանկուց եղել է հորեղբոր խնամքին, ավելի ճիշտ` աչքաթող արված, որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանում:

    Դատավարության ընթացքում Լյովան տուժողներին ու վկաներին սպառնում էր` ասելով, որ «բերդից դուրս գալուց հետո անպայման այցելելու է իրանց»: Նույնը խոստանում էր քննությունն իրականացրած քննիչներին: «Ես ոչ հայերեն գիտեմ կարդալ, ոչ ռուսերեն, իրանք ըսին, իրանք գրին, ընձի էլ դեմ տվին, թե` ստորագրե: Вот и вся любовь»,- իր պատկերացրած բառապաշարով արտահայտվեց ամբաստանյալը:

    Մեղադրող դատախազ ժորա Սադոյանը դատարանից պահանջեց Քնարիկ Մաթեւոսյանին եւ Ջանիկ Սարգսյանին դատապարտել 10 տարվա, իսկ Լյովա Հակոբյանին` 9 տարվա ազատազրկման:

    Հանրային պաշտպան Աշոտ Հովսեփյանն էլ իր պաշտպանական ճառում նշեց, թե դատավարության ընթացքում միայն Լյովա Հակոբյանն է ընդունել իր մեղքը, իսկ Քնարիկն ու Ջանիկը հրաժարվել են, մանավանդ որ նախաքննության ընթացքում տուժողները Քնարիկին չեն տեսել, իսկ Ջանիկն էլ դրսում է սպասել, ինչպես ներկայացրել էր Լյովան: Նա առաջարկեց Լյովա Հակոբյանի նկատմամբ կիրառել Քր. օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասը, իսկ մյուս երկուսին ազատ արձակել դատարանի դահլիճից:

    Իրենց վերջին խոսքում Ջանիկն ու Քնարիկն ասացին, որ զղջում են կատարվածի համար եւ խնդրեցին մեղմ պատիժ: Ի դեպ, Քնարիկի քույրը եւս ազատազրկված է, իսկ եղբայրը վերջերս է վերադարձել կալանավայրից: Լյովա Հակոբյանը հայտարարեց, որ ընդհանրապես չի զղջում արածների համար եւ վերջում էլի շեշտեց. «Ես մենակ եմ եղել, էս մարդկանց ընչի՞ հետս կճամփեք, ընտեղ մարդիկ չեն ուղղվի»:

    Դատարանն ապացուցված համարեց 3 ավազակային հարձակում իրականացրած Լյովա Հ.-ի, Ջանիկ Ս.-ի եւ Քնարիկ Մ.-ի մեղքը` առաջինին դատապարտելով 8 տարվա, վերջին երկուսին` 8 տարի 6 ամիս ժամանակով: Քանի որ նախաքննության ընթացքում Քնարիկը երկրորդ երեխայով հղի էր եղել եւ չէր կալանավորվել, դատարանը որոշեց նրան կալանքի վերցնել հենց դատարանի դահլիճից:

    Առաջին ամուսնությունից ծնված 2 տարեկան տղային հանձնեցին տատի խնամքին` վերջինիս դիմումի համաձայն: Անդրադառնալով տուժողներ Լիդա Պողոսյանին, Գոհար Բոյաջյանին եւ Մարգաիտա Ալեքյանին պատճառված վնասի պահանջներին` դատարանը գտավ, որ դրանք ենթակա են բավարարման ամբաստանյալներից` համապատասխանության կարգով:

  • Երանուհի Սողոյան HETQ

Խեղճ երեխեքը նստելու են…  ծովից-ծով:



    1 քննարկում

    You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

    Արամ Մկրտչյան
    Sep 7, 2010 10:14