ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, May 28, 2011 3:04 - 1 քննարկում

«Ամերիկացիները զարմանում են` եթե այդքան փաստաթղթեր ունեք, ինչո՞ւ եք լռում»

«Ամերիկացիները զարմանում են` եթե այդքան փաստաթղթեր ունեք, ինչո՞ւ եք լռում»
Մայիս 27, 2011թ. 15:00

Ara Papyan-ArmAr.amԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունած Իրավարար վճիռը բազմաթիվ փաստաթղթերի շարքում ամենահիմնավորն է, որի վրա խարսխվում է հայոց պահանջատիրությունը: Բացառիկ փաստաթուղթը երբևէ չի դրվել շրջանառության մեջ: Ամերիկյան արխիվներից պեղել-հանելով` քաղաքագետ Արա Պապյանը փաստաթուղթը Հայաստան է բերել` 90 տարի անց այն վերահրատարակելու նպատակով:

Հարցազրույց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ.
-Անտեսելով բոլոր հակադարձումները, Ձեզ հաջողվեց տարիների ընթացքում գոնե հայ հասարակությանը իրազեկել այս կարևորագույն փաստաթղթի մասին: Շեշտում եք` Իրավարար վճռի պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի լինելը ստորագրած երկրների համար, մասնավորապես, ԱՄՆ-ի, քանի որ կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Հետաքրքիր է, ԱՄՆ-ի իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են փաստաթղթի առնչությամբ:
-Պետական արձագանքները շատ զուսպ են: Ամերիկյան որոշակի շրջանակներ ընդամենը ասում են` ցույց տվեք մեզ այդ փաստաթուղթը, ծանոթանանք: Այսինքն, փաստաթղթից անտեղյակ են: 1920-ի նոյեմբերի 22-ին, որոշումը կայացվելուց հետո, Իրավարար վճիռն ընդամենը մեկ անգամ` 1921-ի հունվարի 21-ին է տպագրվել: Այն շրջանառության մեջ պետք է դնեինք մենք` հայերս, ինչը չի արվել: Այսօր նկատելի է մեծ հետաքրքություն փաստաթղթի նկատմամբ: Կան մարդիկ, ովքեր սպասում են տպագրմանը, անգամ ուղարկել են իրենց հասցեները, որ փոխանցեմ իրենց:
-Հիմնականում ամերիկյան ո՞ր շրջանակներն են հետաքրքրված Հայաստանի համար կարևոր այս փաստաթղթով:
-Նրանք նախկին պաշտոնյաներ են, գործող դիվանագետներ, դեսպաններ: Անուններ տալ դեռ չեմ նախընտրում: Կարևորն այն է, որ այդ մարդիկ ուզում են սկզբնաղբյուրին ծանոթանալ: Առավել հետաքրքրված են ամերիկացի իրավաբանները, ցավոք, առավել, քան հայաստանյան: Ամերիկացիները գիտակցում են, որ գործ ունեն ժամանակային սահմանափակում չունեցող իրավական լուրջ փաստաթղթի հետ, որը կարելի է ճիշտ օգտագործել: Հայաստանում պատմաբանները, քաղաքական գործիչները հարցը մշտապես տեղափոխում են քաղաքական դաշտ, սկսում քննարկել Թուրքիայի, Հայաստանի ուժեղ-թույլ լինելը: Ինչը խիստ սխալ է: Երբ կստեղծենք իրավական ուժեղ հիմքեր, այդ ժամանակ թուրքերն իրենց ոտքով կգան մեզ հետ բանակցելու` կոմպրոմիսային լուծումներ գտնելու համար: Իսկ մինչ այդ մենք պետք է վերահաստատենք մեր իրավունքները:
-Իրավունքների վերահաստատումը հստակ քայլեր է ենթադրում, որո՞նք են դրանք:
-Առաջին. Իրավարար վճիռը մենք պետք է դնենք իրավագիտական շրջանառության մեջ. այսինքն` տպագրենք ու հասցնենք միջազգային դիվանագետներին, իրավաբաններին: Երկրորդ. պետք է ստեղծենք իրավական փաթեթ: Երրորդ, շատ կարևոր է փաստաթղթի վերաբերյալ մեր ձեռքի տակ անկախ փորձագիտական եզրակացություն ունենալը:
-Իսկ ի՞նչ կտա մեզ նման եզրակացությունը:
-Նախ այն բանակցային ցանկացած գործընթացում` թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների դեմ, կդառնա կարևորագույն լծակ մեր ձեռքում: 1920 թվականին Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացվել է հատուկ որոշում, և եթե մենք բարձր մասնագիտական կարծիք ենք ստանում, որ փաստաթուղթն այսօր ուժի մեջ է, ապա այն ինքնին հիմք է դառնում որոշելու Հայաստան-Ադրբեջան սահմանը: Մենք այն կդնենք համանախագահների առաջ, կասենք` շեշտադրումները փոխել է պետք: Փաստաթղթով մենք հստակ պատասխան ենք տալիս, որ ոչ թե, ինչպես Ադրբեջանն է ասում, Հայաստանն է օկուպացրել «ադրբեջանական» տարածքները, այլ կատարվել է ճիշտ հակառակը: Եթե Ադրբեջանի իրավական հիմքը միջազգային առումով մերժելի Կովբյուրոյի որոշումն է, ապա հայերիս ներկայացրած իրավական հիմքը Ազգերի լիգայի համապատասխան հանձնաժողովի որոշումն է:
Հաջորդը. եթե ունենանք առնվազն երեք հայտնի իրավաբանների մասնագիտական եզրակացությունը, Թուրքիայի խոսակցությունը Հայաստանի հետ բոլորովին այլ «երանգներ» կստանա: Եզրակացությունն ունենալուն պես մենք պետք է ՄԱԿ-ի կառույցներից մեկի միջոցով Իրավարար վճիռը փոխանցենք ՄԱԿ-ի դատարան և սկսենք դատական գործընթացը: Եթե այսօր օտարերկրյա դիվանագետները հետաքրքրված են փաստաթղթով, դա ամենևին պատահական չէ: ԱՄՆ-ն ու Եվրոպան այսօր չեն ուզում, որ Թուրքիայի հետ մեծ փոփոխություններ տեղի ունենան, բայց նաև հասկանում են, որ, անկախ ամեն ինչից, գործընթացը սկսված է: Մի կողմից գնում է Թուրքիայի իսլամացումը, որը բխում է թուրքերի ներքին մղումներից. Թուրքիան վերադառնում է իր արմատներին: Մյուս կողմից, քրդական գործոնը կարող է Թուրքիան պայթեցնել ներսից: Արևմուտքն իր ներկայիս քաղաքականությանը զուգահեռ հետաքրքրված է և այս փաստաթղթով, և մեր խնդիրը պիտի լինի հասունացնել հարցը, որ երբ գա մեծ հեղափոխությունների ժամանակը, պատրաստ լինենք, ու կարողանանք շահել, և ոչ թե կորցնել: Ի դեպ, ասեմ, որ հայաստանյան իշխանական շրջանակներում ևս կա հետաքրքրություն փաստաթղթի հանդեպ:
-Վիլսոնյան վճռի նկատմամբ թերահավատները հայտարարում են, թե այն իրավական ուժ չունի, քանի որ չի վավերացրել ԱՄՆ-ի Սենատը: Թերահավատների շարքում, ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարն է:
-Իրավարար վճիռը միջազգային որոշում է, որը կարիք չունի ամերիկյան Սենատի կողմից վավերացման: Էդիկ Նալբանդյանին ես չեմ հասկանում: Նա կրկնում է Անդրանիկ Միհրանյանի խոսքերը, իսկ վերջինս այս հարցում ոչինչ չգիտի և կրկնում է խորհրդային պրոպագանդան: Հավանաբար, երկուսն էլ շփոթում են ժամանակագրական առումով իրար շատ մոտ, սակայն երկու տարբեր` Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը: Դաշնակիցները` Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի առաջ դրեցին երկու հարց, որ. ա) ԱՄՆ-ը ստանձնի Հայաստանի մանդատը և բ) որոշի Հայաստանի սահմանները:
ԱՄՆ-ի Սենատը 1920 թ. մայիսի 24-ից հունիսի 1-ին քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ը Ազգերի լիգայի անդամ չէր: Մինչդեռ երկրորդին նախագահ Վիլսոնը 1920 թ. մայիսի 17-ին տվեց իր դրական պատասխանը: Սխալ պատկերացում կա, թե հայ-թուրքական սահմանը որոշել են հայերն ու թուրքերը: Ո՛չ: Մեծ տերություններն են դիմել ԱՄՆ-ին նման որոշում կայացնելու համար: Հայաստանն ու Թուրքիան էլ տվել են իրենց համաձայնությունը` ընդունել ու ճանաչել Իրավարար վճիռը Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի համաձայն: Իրավարար վճիռները «վերջնական են, անբեկանելի և կատարման համար պարտադիր»: Բայց, ցավոք, այն չիրականացավ, քանի որ որոշումը մտավ Ազգերի Լիգա այն ժամանակ, երբ շահառուն` Հայաստանի Հանրապետությունը, 1920 թ. դեկտեմբերի 2-ին, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլևս գոյություն չուներ` խորհրդայնացել էր: Այնպես որ, Նալբանդյանին` որպես վատ ուսանողի, կարելի է անբավարար նշանակել:
-Ցեղասպանության պատճառով հայերս մեր հայրենիքի մի հսկայական մասն ենք կորցրել, այսինքն, գործ ունենք հայրենազրկման փաստի հետ, ուրեմն, Թուրքիայից մեր պահանջը ոչ թե հողային է, այլ հայրենիքի: Ինչի մասին գրեթե չենք խոսում:
-Բոլոր ցեղասպանություններում, որոնց մասին այսօր խոսվում է` Հոլոքոստ, Կամպուչիա, Դարֆուր, բացակայում է հայրենազրկման կամ տարածքների կորստի փաստը: Միակ ցեղասպանությունը, որը ֆիզիկականի հետ հանգեցրել է նաև կենսական տարածքների կորստի, Հայոց ցեղասպանությունն է: Իսկ ի՞նչ է նշանակում կենսական տարածք. այն տարածքն է, որի կորստի պատճառով հայերը հայտնվել են այնպիսի աշխարհագրական իրավիճակում, որն ուղղակի բացառում է հայության զարգացման հնարավորությունները: Ցեղասպանության հետևանքն է, որ այսօր Վրաստանի լեզուն այսքան երկար է: Կորցրել ենք ելք դեպի ծով ու մնացել վրացիների հույսին: Իրավարար վճռով հայերին տրվեց խոստացված հայրենիքի 40 %-ը միայն: Հաշվարկը հստակ է, ամերիկացիները փայլուն աշխատանք են արել ու ապահովել այն մինիմումը, որով հայը կարող էր ապրել ու զարգանալ իր հողի վրա: Իսկ այսօր մենք ուզում ենք մարմնից կտրված մի մասնիկով, ինչպիսին ներկայիս Հայաստանն է, գոյատևե՞լ: Ինչպե՞ս կարող է մարդն ապրել ինքնուրույն, եթե ձեռքն ու ոտքը կտրված են: Նույն վիճակում է այսօր Հայաստանը: Մենք մնացել ենք այս մի փոքր հողակտորի վրա ու մեզ ներշնչում ենք, թե կարող ենք զարգանալ: Միամտություն է մտածել, թե այս ղեկավարները վատն են, վաղը կգան լավ ղեկավարներ ու ամեն ինչ լավ կլինի: Չի լինի: Երկրի տնտեսական վիճակի կայունացումը կախված է օբյեկտիվ գործոններից: Եթե չունենք ելք դեպի ծով, չունենք ռեսուրսներ, ոնց էլ կառավարվի երկիրը` առաջընթաց չի լինելու:
-Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, և Հայոց ցեղասպանության հարցը վաղ թե ուշ պետք է մտնի Միջազգային դատարան: Ի՞նչ հայցով պետք է հանդես գա պահանջատեր հայությունը:
-Միջազգային դատարան դիմելու համար մեր ձեռքի տակ նախ պետք է ունենանք իրավական փաթեթն ու փորձագիտական եզրակացությունը: Իսկ դատարան պետք է մտնել մեկ հարցով` ուժի մե՞ջ է Վուդրո Վիլսոնի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը:
-Բայց դրանով հարցականի տակ չե՞նք դնում փաստաթղթի իրավական արժեքը:
-Դիմել չի նշանակում կասկածի տակ դնել. մենք վստահ ենք, որ փաստաթուղթն ուժի մեջ է, և այդ քայլով ընդամենը վերահաստատում ենք փաստը: Տալիս ենք մեկ հարց, ստանում հստակ պատասխան: Մեզ պետք է, որ դատարանն ասի` այո: Մնացածն անիմաստ խոսակցություններ են, որի մեջ ներքաշում են մեզ ու շեղում: ՄԱԿ-ն ունի երկու մարմին, որոնց որոշումները պարտադիր են կատարման. մեկը Անվտանգության խորհուրդն է, մյուսը` Միջազգային դատարանը: Մենք պետք է ունենանք դատարանի որոշումը, որպեսզի կարողանանք դիմել Անվտանգության խորհրդին և ասել դատարանի որոշման հիման վրա` որպես գլխավոր ոստիկան, դու պարտավոր ես քայլեր ձեռնարկել որոշումը կյանքի կոչելու համար: Ինչ-որ մեկը պե՞տք է Թուրքիային պարտադրի, այդ ինչ-որ մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է լինելու: Նրանք, ովքեր ասում են, թե այսօր ժամանակը չէ, վաղը կուժեղանանք, նոր միայն հարցը կբարձրացնենք, կամ իրենք են միամիտ, կամ դիմացինին են միամիտի տեղ դնում: Մեզ համար պայքարի ռեալ ուղին իրավականն է, ուր և կարող ենք հասնել հաղթանակի:
-Այստեղ լուրջ գործունեություն պետք է ծավալի Հայաստանի Հանրապետությունը, որպես պահանջատեր: Նախագահ Սարգսյանի ցուցումով վերջերս ստեղծվեց պետական հանձնաժողով, դա գործնական քայլ կարելի՞ է համարել:
-Դրա փոխարեն ճիշտ կլիներ վարձել միջազգային իրավունքի երեք հայտնի մասնագետի և ձեռք բերել փորձագիտական եզրակացությունը: Եթե պետությունը կարողացավ համոզել հայ գործարարին 22 մլն դոլար ներդնելու Տաթևի ճոպանուղու կառուցման վրա, որը պարապ է մնալու, որովհետև մարդ չկա, նույն հային կարող է համոզել ավելի քիչ գումարով օժանդակել ազգային կարևորագույն հարցերի լուծմանը: Ես ՀՀ իշխանություններին առաջարկում եմ` եկեք Իրավարար վճիռը դնենք շրջանառության մեջ: Ամերիկացիները զարմանում են` եթե դուք այդքան փաստաթղթեր ունեք, ինչո՞ւ եք մինչ օրս լռում: Ավելին, մեզ չեն հասկանում անգամ թուրքերը: Իրենց հետ խոսել եմ, ասել, կարող ենք պայմանավորվել ու չբարձրացնել հողային պահանջ, ինձ պատասխանել են` դուք դա չեք կարող անել, որովհետև դա հող չէ, այլ հայրենիք է, ու քանի դեռ հայը որպես ժողովուրդ ապրում է, չի կարող հրաժարվել իր հայրենիքից:
Թուրքն էլ է հասկանում, որ հայն իրենն է ուզում, իրենից խլված հայրենիքը, որն իրավականորեն իրեն է պատկանում: ՈՒ նաև ուզում է, որ աշխարհը տեր կանգնի իր իսկ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմված, հաստատված և օրինապես ուժի մեջ մտած փաստաթղթին, ուզում է, որ վերականգնվի իր ոտնահարված արդարությունը:
Ժամանակն է Թուրքիայից պահանջելու` դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումը:
Զրույցը` Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԻ

ArmAr.am, «Իրատես de facto>



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

David
May 28, 2011 21:13