ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 6, 2011 11:16 - 6 քննարկում

Ե՞րբ են էս շռած ճամփեքի վրա հայ ուտելու: Լսենք ու ջիգյարով… տխրենք:

Երեւան-Հոպա. առեւտրականի չարչարանքը

2011-11-04 12:24:12

«Կյանք նայի էս յան, չես տենո՞ւմ ավտոբուսի քիթը,-հեռախոսով ասում է Զինան,-չտեսա՞ր, հըլը առաջ արի»:
Ո՞ւմ հետ ա խոսում, մա՞րդն ա, սիրա՞ծը, թե՞ օրթախը: Երեւի ընկերուհի-օրթախը, որտեւ Զինան ավտոբուսի մեջ բոլոր առեւտրականներին` կին- տղամարդ ասում է` կյանքս կամ արեւս:

Երեւան-Ստամբուլ ավտոբուսը անցնում էր էնտեղով ուր Զինան առեւտուր է անում` Հրազդան մարզադաշտի տոնավաճառի մոտով. «տեսա՞ր կյանք ջան, դե քեզ բարի առեւտուր»:

Ավտոբուսի ուղեւորների 91 տոկոսը առեւտրականներ են: Մենակ ես չեմ առեւտրական, Անահիտը, Անահիտի փորի միջի հինգ ամսեկան տղան, Խաչիկը, Արաքսը մեկ էլ մի սփյուռքահայ տղա:

-Նայեք հանկարծ չծխեք, ջուր չխմեք, ավտոբուսը ձեր համար չի կանգնելու, չորսը ժամը մեկ ենք կանգնելու,- հայտարարում է հոսթեսը: Ո՞նց թե, ասենք ջուր չեմ խմի, բա որ ճամփին առավոտվա խմածս լցվի միզապարկ ու զոռի՞: Տենց էլ եղավ ու արդեն Թալինից սկսած կամքի մեծ լարումով ձգմգվել էի որ հանկարծ տղամարդկային արժանապատվությունս մեզը չավերի շալվարի մեջ դուրս պրծնելով: Լավ էր, որ միզապարկիս քարը էրկու շաբաթ առաջ ջարդեցի, վրես նստեղ 180 հազար դրամ, բայց զատո էսօր կարում եմ մեզս պահեմ:

Գյումրիում Խաչիկը ոտի հելավ: Ուրեմն, մենակ չեմ Ստաբուլի ավտոբուսի օրենքի ու շեռը զոռելու հակամարտության մեջ: Մեր բախտի՞ց էր, թե՞ ամեն ռեյսին էլ Գյումրիում ավտոբուսը նոր ուղեւորներ ա վերցնում, էլի առեւտրական, ու չնայած հոսթեսը դեմս փակում էր, որ դուրս չգամ` մի ժամից Բավրա ենք հասնում դիմացեք, բայց մեզի նապոռը մարմինս նետեց դուրս հոսթեսին մի կողմ հրելով ու լավ էր, որ մի քսան մետրի վրա գարաժ կար, որի հետեւը Աստծուց բացի ոչ ոք չէր նկատում շիթը:

48 տեղանոց ավտոբուսում 54 հոգի կլիներ, մի քանիսը ոտի վրա էին, տաբուրետկեքը շարվեցին նստարանների արանքի նեղ միջանցքում, ոնց որ մարդիկ ոչ թե 30-32 ժամ ճափա էին գնալու այլ էրկու ժամանոց Երեւան-Գյումրի մարշրուտնին էին նստել:

«Լուս ջան,կարդացի Բավրայի անցակետում ավտոբուսի մեջ,- Բավրայում ավտոբուսը լռվեց վրացական մաքսակետի ավտոբուսների հերթում ու կոմպը բացեցի: Կերազեի՞ր հինգը տարի առաջ Վրաստանի սահմանին նեթբուքդ հանեիր մտնեիր ինտերնետ, կարդայիր Լուսինե Հովհաննիսյանի «Մեր հայի վագոնը» էսսեն ու ֆեյսբուքում քոմենթ գրեիր: Առաջին տողը. «Պատմում են, ինչպես հայ գաղթական կանայք մոտենում էին վագոններին, շոյում, ինչպես շոյում են տավարը եւ ասում` մեր հայ վագոնը դա՞ է»: Այս տողը Կոստան Զարյանի հուշերից է,առաջին տպավորությունը Խորհրդային Հայաստանից, ուր նա գալիս էր ապրելու: «Վագոնները հին են, կոտրված պատուհաններով, լոյսե զուրկ, անյարմար, բայց վերջապէս մերն են, մեր հոգու հետ կապւած, մեր կիսաքանդ տների առջեւ անցնող…»,- Լուս ջան, կուզեի տեսնեիր, որ հիմա էստեղ շոյելու բան էլ չկա, վրացական ավտոբուսով Թուրքիա ենք գնում, թուրքական երաժշտական կլիպներ նայելով: Ամեն ավտոբուսի վրա վրացի մաքսավորները մի ժամ ծախսում են, մերը յոթերորդն ա, մեզնից հետո իրեք հատ էլ կա: ամեն ավտոբուսում հիսուն-հիսունհինգ ուղեւոր: Այսինքն մոտ հինգ հարյուր հիսուն առեւտրական գնում են Ստամբուլ: Էստեղ հայկականը առեւտրականներն են մենակ, ուրեմն ո՞ւմ շոյել նոր եւս մի ավտոբուս եկավ պոչից: ասում են էսօր մոտ 15 ավտոբուս ա դուրս եկել»:

Ավտոբուսներն էլ վրացական են, շոֆերներն էլ վրացի, ովքեր միակն են ավտոբուսում, որ ծխելու իրավունք ունեն: Որտեւ Թուրքիան թույլ չի տալիս Հայաստանի ավտոբուս մտնի իր երկիրը: Լեխկավոյով՝ խնդրեմ, իսկ եթե ավտոբո՞ւս ես ուզում, սահմա՞ն ես ուզում բացվի, ասեմ ինչ անես` իրեք միլիոն ես մնացե՞լ, մի 200 հազարն էլ իմ ախպեր Ադրբեջանը թող մորթի, սիրտը հովանա, կթողեմ քո ավտոբուսով Գյումրիով Ղարս կմտնես, Ախթամարում էլ մոմ կվառես:

Բայց մեկ է հայերը ելքը գտնում են, Երեւանում վրացիների հետ օֆիս են բացում, վրացական ավտոբուսով են գնում Թուրքիա, ինչպես մկները, որ ինչքան էլ ծակ փակես իր պանիրը կգտնի մի անտեսված ծակով բունը կտանի:

«Վահան, արի էս երկրից գնանք, էս ապրելու տեղ չի»,-Լուսինեն արդեն քոմենթս կարդաց: Ես գնում եմ, բայց ժամանակվոր ու գնում եմ էն երկիրը որը օրանժի ռոմինգում սիրելի երկրների մեջ չկա՝ Թուրքիայի Հոպա քաղաքը(ռոմինգով դեպի էրեւան զանգի մի րոպեն 2760 դրամ):

«Ախպեր ջան, դու Հոպա՞ ես իջնում»,-հարցնում ա կողքիս տաբուրետկին նստած երիտասարդը, «Հա Հոպա», «Էլ ո՞վ կա քո հետ իջնող», «էնդեղ նստած էրկու հոգին», «Լավ ա, կգամ տեղդ նստեմ: Գայան,-ձեն ա տալիս հոստեսին, ես կգամ ստե կնստեմ»,- «չէ Կարեն ջան, էն Մարետը մեղք ա, հալից կընկնի ոտի վրա, թող ինքը նստի», «Հա, լավ իրեք հոգի են իջնում»:Մյուս հոստեսը ավելի խիստ ա. «Մարին, ես եմ նստում Հոպայում, էն հետեւը խաշվա»,-գոռում ա մի ուրիշ ուղեւոր, երբ պարզում ա, որ տեղ ա ազատվելու: «Չէ, չէ, էն հարուր կիլոյանոց կնոջը ո՞նց կայնցրած Ստամբուլ հասցնեմ»: Հոպայում իջնողների տեղերը գրավելու բազարը կարմիր թելի պես անցնում է ողջ ուղեւորության ընթացքում:

Հոստեսը ո՞րն ա: «Հոստեսը նոյւն ստյուարդեսան ա, ստյուարդը անգլերեն տղամարդ ուղեկցորդն ա, հոստեսը կին ուղեկցորդուհին, ստյուարդը անգլերենից անցել ա ռուսերեն դառել ստյուարդեսսա մենակ կանանց համար, հիմա էլ էստեղ հոստեսն ա մտել»,-բացատրեց Խաչիկը: Ու թեեւ մեր ավտոբուսում միային կին ուղեկցորդնուհիներ էին, բայց պարզեցի որ Ստամբուլի գծի կին, տղամարդ ուղեկցորդներին բոլորին հոստես են ասում. «Դուք խի եք առանց հերթի մտնում, էկեք հերթ կանգնեք,-ասում եմ Թուրքիայի սահմանին երկար ձգվող անձնագրային հերթի մեջ կանգնած, ուր առանց հերթի անձնագրերն են խոթում պատուհանի մեջ մի քանի հայեր, որոնք հաստատ մեր ավտոբուսից չեն: «Մենք հոստես ենք, մեզ առանց հերթ ա հասնում»,-պատասխանեց անձնագիր խոթող մի տղամարդ: Պարզ ա, Թուրաքական սահմանին կիսալուսնի տակ փակցված հայտարարությունների տակ չէրի գտնի որ Թուրքիայի հերոսներն ու վրացական ավտոբուսով Ստամբուլ գնացող խմբի հոստեսները անձնագրի պեչատը ստանում են առանց հերթի: Բան չկա, թող առանց հերթ անձնագիրը պեչատեն, խեղճ հոստեսին գործ չի, չարչարանք ա, մեր ավտոբուսում Գայանը քնել էր նստարանների արանքի նեղ միջանցքում, տաբուրետկեքը հանել տվեց ու մի էրկու ժամ քնեց, հոստեսին տեղ չի հասում ավտոբուսում:

Բայց մինչեւ Թուրքիայի սահման հասնելը դեռ տասը ժամ կար, հայեր ստուգելը վրացիներին հաստատ հաճույք է պատճառում:

«Էս վրացիք շատ կեղտոտ ժողովուրդ դուրս էկան, էսքան սպասացնել կլինի՞», ջղային ասեց Անոն, որ առավոտ լողացել էր, մազերը չէր չորացրել ու ամբողջ օրը փռշտում էր: Արաքսը աղոթել էր համ իրա համ իմ համար, որ ավտոբուսում անընդհատ հազից դուրս թռած վիրուսները չմոտենան մեզ: Ես էլ փոշամնեցի որ էլ Աստծուն չեմ հավատում, ու ինձ ստիպեցի գոնե Արաքսի աղոթքի զորությանը հավատամ: Արաքսն էլ գնում ա Ստամբուլ՝ աղջկա ու փեսի մոտ, սա նրա երկրոդ աքսորն ա հայ արվեստագետների հասարակությունից: Առաջին անգամ անհետացավ 98-ին, երբ ժամանակակից արվեստագետ տղերքի համերաշխությունը նրան դուրս մղեց միջավայրից: Արաքսը դարձավ հավատացյալ, ավետարանական ու ժամանակակից արվեստից բաժանվեց ու միացավ Աստծուն: Տասը տարվա անհետացման ընթացքում նոր սերնդի կին արվեստագետների համար Արաքսը դարձավ լեգենդ, լեգենդար Արաքս Ներկարարյանը ում կանացի ստեղծագործական ծանրակշիռ ներկայությունը չհանդուրժեց հայ պատրիարխալ արվեստագետների հասարակությունը: Արաքսը վերադարձավ ու իր քրիստոնեկան սիրով հիասթափեցրեց երիտասարդ կանանց ու նրանց թողեց առանց հերոսի: Աղջիկները ստիպված սկսեցին պատմություններ ստեղծել, թե իրենց հալածում են, որ լրացնեն հալածված արվեստագետ կնոջ բաց մնացած տեղը: Իսկ Արաքսն էլ, ավտոբուսում պատմեց, թե ոնց մի քանի օր առաջ իրեն հրավիրեցին կին արվեստագետների պրոյեկտին մասնակցելու, բայց երբ ինքը առաջարկեց հավատացյալ կանանց վերաբերյալ գործ, մանդրից ցրեցին: Ու հայդե Ստամբուլ: Հայ ժամանակակից արվեստագետներն էլ Առաքելական եկեղեցու պես աղանդներին չեն հանդուրժում:

«Անո ջան, տո խի հայե՞րն են լավը, ինչ կեղտոտություն գալիս ա մեր հայերից ա գալիս»,-քիթը փակ սվսվացնելով խոսում ա հետեւիս նստած կինը:

«Խի՞ ես տենց ասում Էլյա ջան, միշտ էլ թուրքը հանգիստ թողել ա անցել ենք, իսկ վրացին ի~նչ ա բերել գլխներիս, չես հիշո՞ւմ Սադախլո վրացիք ինչ էին անում, վեշս առել էր, ասում էր` հես ա կշպրտեմ, հայը տենց բան արե՞լ ա»: «Հայը չի արել, բայց ինչքան փող ա կլպել», «Հա կլպել ա բան չունեմ ասելու, բայց վրացու պես վեշերը ձեռներիցս չի առել, կամ վրացին փող չէր առնո՞ւմ», «հա, առնում էր, բայց հիմա էլ չի առնում, իսկ հայը առնում ա», «Չի առնում, բայց ժամերով կայնացնում ա սահմանին»:

Եթե ժամանակին դուրս գայինք, մաքսատուն շուտ հասած կլինեինք, տասին պիտի շարժվեր` ինն անց կես էստեղ կլինեք, չուշանաք, զգուշացրեց դիսպետչերը: Բայց տասնմեկի կողմերը բարձրացա ավտոբուս ու ի՞նչ, ուսապարկս չկա, դրել էի նստարանի կողքը, տեղը դատարկ ա, գողացան, ուր ա ուսապարկս, գողացան,-գոռում եմ: «Բա ինչի էիր դնում ավտոբուսի մեջ,-ասում է հոստեսը որ գողության մեղքը ավտոբուսի վրայից տեղափոխի ինձ վրա, «բա ուր դնեի»,- ջղային գոռում եմ, իջնում ավտոբուսից ու հոգեբանորեն ինձ պատրաստում առանց նեթբուքի, կնիքի, ֆլիպի, դիկտաֆոնի նյութեր սարքելու վիճակին: «Վահան, արի, կարո՞ղ ա էս ա»,- կանչեց Անահիտը: Չգիտեմ ով ուսապարկս տարել էր ուրիշ նստարանի դրել, վրան էլ ադյալ գցել: «Ախպեր ջան, մի բան կորի ես հանում փողը տալիս եմ»,-տեսնելով գտնված ուսապարկը ասեց ավտոբուս մտած գծի տնօրենը:

Խաշուրիում ռեստորանի դեմը փառք էր, տասի տեղը չորս ավտոբուս էր կանգնած: Խի էս Վրաստանում ուրիշ ռեստորան չկա՞, որ էկել մի ռեստորանի դեմն են փարախավորվել: Կլինի, խի չի լինի որ, բայց դու լինես ռեստորանի տերը խի պիտի թողես, որ ավտոբուսը ուրիշ տեղ կանգնի, եթե մենակ շաբաթ օրով Հայաստանից էկող 700-800 ուղեւոր կսպասարկես: Բայց որ մի քիչ էլ խելք ունենաս ու մենյուն գոնե, հայերեն չասեմ, ռուսերեն էլ չասեմ, որ վրացական արժանապատվությունը չվիրավորվի, անգլերեն էլ կախես, կարող ա պասաժիրն էլ ավելի թանկանոց բան պատվիրի, մեկ ա տանսվեց ժամում վրացերեն չես սովորի: Մենյուն մենակ վրացերեն կախած պատին, մատուղցող էլ չկա, որ հարցնես՝ ինչ ունեք, բուֆետի մոտ իրար գլխի լցված ստիպված պատվիրում ես էն ինչ հաստատ կլինի վրացական ճաշարանում՝ խաչապուրի ու լիմոնադ: Բայց փողի հարցում հեչ նացիոնալիզմ չունեն, ռեստորանում իրեք ձեւ կարաս վճարես՝ դրամ, դոլար, լարի: Կարող ա լիրա ու ռուբլի էլ վերցնեին, չես իմանա, մոտս չկար որ առաջարկեի: Դաժե զուգարանը՝ հիսուն ծեթրի ա, բայց հարյուր դրամով կարաս միզես:

Ավտոբուսում միակ մխիթարությունը Միմինո ֆիլմն էր, որ ընդհատվում էր վերջում նստած մայկով ուղեւորի գոռոցով. «Փեջը անջատի, հարթուկ ա ստե»: Լավ, խի կանդիցիաները չեն միացնում. «որտեւ չի աշխատում»:

Ի՞նչ արժի Ստամբուլի տոմսը»,-գնալուս նախօրեին հարցրեց ֆրանսիայի ազգականս, որ միտք ունի Թուրքիայում շրջագայել, «60 դոլար, մինչեւ Հոպա 40 դոլար», «Շա~տ էժան է»:

Հա, էնքան էժան, որ Հոպայում ավտոբոուսից դուս պրծնելու ցանկությունը գերազանցեց Անահիտի պրոֆեսիոնալ զգոնությունը ու նա մոռացավ վերցնել ֆոտոապարատի շտատիվը: Ասել էին գիշերըերկուսին կլնեք Հոպա, ոտներս դուրս դրինք վեցին:

Բայց բան չկա, ֆոտոապարատը վիդիոխցիկի վերածելու հույսը չտարավ իր հետ վրացական ավտոբուսը: Հոպան, թեեւ փոքր քաղաք է, բայց Երեւան չի, որ զիգզագ-միգզագ չափես ու շտատիվ չճարես: Լույսը բացվեց, Հեյամո հյուրանոցում նախաճաշ, կլիպ «Ադանա» երգի՝ «Կոտորածն անգութ»-ի երաժշտությաբ թրքուհու երգը՝ «Պատճառը սերն է» ու Հոպայի երկու փողոցներից մեկում, ըհը, կոմպ-մոմպի խանութ ու շտատիվ, որը Անահիտը պիտի կամ գետնին դներ կամ կարճացնելուց հետո փորին: Պտղի կենսագիրները կգրեն՝ Աբովյանը դեռ արգանդից սկսել էր աշխատել պահելով մոր ֆոտոխցիկը, երբ մայրը Հոպայի լեռներում մահմեդական համշենցիներ էր տեսագրում:

Իսկ Անոն էրկու օրից հետ կգնա Երեւան, էրկու շաբաթից կրկին կմեկնի Ստաբուլ՝ ամիսը էրկու անգամ ճամփին՝ տասը տարի ա ավտոբունսերի մեջ ենք: Հայ առեւտրականները` նրանք են Հայաստանի աղը:

Վահան Իշխանյան
Zham.am



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 6, 2011 12:09