ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, October 13, 2010 3:44 - 3 քննարկում

Ինտերնետում հայերենն անպաշտպան է

Լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի փաթեթն ու օտարալեզու դպրոցների բացման կառավարության նախաձեռնությունը վերջին ամիսներին հասարակական լայն շրջանների ուշադրությունը բեւեռեցին հայոց լեզվի պահպանության ցավոտ հարցին: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի դարաշրջանում պակաս կարեւոր ու օրախնդիր չէ նաեւ հայոց լեզվի պահպանությունը ինտերնետ միջավայրում: Այս տեսանկյունից հաճելիորեն զարմացրեց ինտերնետում (www.translator.am) անգլերեն-հայերեն ինտելեկտուալ օնլայն թարգմանչական համակարգի առկայությունը: Համակարգը մշակվել է Ճարտարագիտական համալսարանի մեքենայական թարգմանության լաբորատորիայի կողմից:

Նախագծի հիմքում ընկած է դեռ 1978-ին համալսարանի պրոֆեսորներ Սուրեն եւ Էդուարդ Մանուկյանների մշակած  տեքստերի ինտելեկտուալ վերլուծիչը: Մեզ հետ զրույցում տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն ասաց, որ թարգմանչի մշակման աշխատանքներն սկսվել են 2000թ.-ից: Իսկ նախագծի պրակտիկ մշակումներն իրականացվել են 2004-2006թթ.-ին: Պարոն Մանուկյանի խոսքով՝ նմանատիպ ինտելեկտուալ թարգմանչական համակարգի մշակումն ու շահագործումը հսկայական ծախսեր են պահանջում եւ ազգային-պետական կարեւորության հարց են:

«Հայերենը ժամանակին տուժել է ռուսաց լեզվի ճնշումներից, եւ մենք, կանխազգալով սպասվելիք վտանգները մեկ այլ օտար լեզվից՝ անգլերենից, փորձեցինք  նախահարձակ լինել եւ պաշտպանել մեր լեզուն անգլերենի էքսպանսիայից, որը սպասվում էր ինտերնետի մասսայականացմանը զուգահեռ: Այնպես անել, որ հայ մարդն ինտերնետ մտնելով՝ գոնե մոտավոր թարգմանություն ստանա անգլերենից, այնպես, ինչպես ռուսներն են օգտվում Promt-ից, բայց դա շատ թանկ հաճույք է:

Մի թիվ ասեմ՝ UNL կոչվող միջազգային համակարգի համար ճապոնացիները ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ 320 մլն դոլար էին ծախսել ու մեծ արդյունք չէին ստացել»,-նշում է պրոֆեսոր Մանուկյանը եւ հավելում, որ կոմերցիոն բնույթ չկրող համակարգի շահագործումն այսօր իրականացվում է առանց պետական աջակցության, մի խումբ քիչ վարձատրվող հայրենասերների կողմից՝ իր անձնական միջոցներով ու նվիրատվություններով: Իրենց  հաջողվել է մշակել այնպիսի տեխնոլոգիա, որն անգամ գերազանցում է «Google»-ի տեխնոլոգիային, որովհետեւ արհեստական  բանականության սկզբունքով է գործում:

2004-2006 թվականներին Սորոսի ֆոնդի, «Եվրասիա» հիմնադրամի, ինչպես նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տրամադրած միջոցներով հաջողվել է իրականացնել նախագծի ներդրումը:   2006թ. պետբյուջեից հատկացված 20 միլիոն դրամով մշակվել է ինտերնետից ստացվող թարգմանչական հայցերի զուգահեռ սպասարկումն ապահովող բազմամեքենայական սերվերային համակարգ (քլաստեր): Ժամանակին Անդրանիկ Մարգարյանի հրամանով ու հանձնարարականով կազմվել է նաեւ կառավարական հանձնաժողով, իսկ 2007-ին համակարգի սպասարկումը նախատեսվել է իրականացնել պետական միջոցներով: Սակայն այդպես էլ իրականություն չի դարձել ու մնացել է թղթի վրա:

«Մենք երկու եղբայրներով, մի խումբ հայրենասերների հետ, դա արել ենք եւ նվիրում ենք հայ ժողովրդին, բայց այն պետք է շահագործել, նախագիծը պետք է ժողովրդին ծառայի:  Ամեն մի հայ հայերեն կարդալու իրավունք ունի, պետությունը պարտավոր է ապահովել դա: Անդրանիկ Մարգարյանն այդքանը հասկանում էր»,-ասում է պարոն Մանուկյանը՝ շարունակելով. «2007 թվից մինչեւ այսօր հանձնարարականն արդեն 4-րդ տարին է՝ անհասկանալի հիմնավորումներով պտտվում է նախարարություններով ու կառավարության նիստի օրակարգ չի մտնում:

Ինձ մոտ տպավորություն է, որ հակահայկական ուժեր կան, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը: Այս 4 տարիների ընթացքում էկոնոմիկայի նախարարության կողմից ամեն ինչ արվել է, որ գործը կործանվի»: Հարցը 2009-ի հունիսի 27-ին քննարկվել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում, որի անդամ է նաեւ պարոն Մանուկյանը: Ոչ մի արդյունք: Պրոֆեսորը վերջին անգամ 2010-ի հուլիսին է գրավոր դիմել էկոնոմիկայի նախարարություն եւ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանից ստացել է մի պատասխան, որում «3-րդ դասարանցու տրամաբանությամբ» նշված է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել միջոցներ տրամադրել՝ մասնավոր ընկերությունների կողմից ծրագրի համաֆինանսավորման համար առաջարկությունների բացակայության պատճառով:

«Ես չեմ պահանջում՝ ինձ փող տվեք, ես պահանջում եմ՝ բյուջեի մեջ ավելացրեք կետ՝ միջոցներ տրամադրել ինտերնետ միջավայրի հայերենացման համար: Միայն ե՞ս պիտի դա անեմ: Եթե պետական քաղաքականություն վարվի, այլ նախաձեռնողներ էլ կհայտնվեն, ծրագրեր կառաջարկեն, մեր միջեւ մրցակցություն կլինի եւ արդյունքում կշահի հայ ժողովուրդը»,- իր տարակուսանքն է հայտնում Էդուարդ Մանուկյանը եւ հավելում. «Եթե նմանատիպ ծրագրեր չլինեն, մեր ազգը լեզուն կկորցնի: Արդեն մենք կորցնում ենք մեր լեզուն, որովհետեւ Ռուսաստանում ունենք 3 միլիոն հայ, որոնք  դժվարանում են հայերեն շփվել, սփյուռքն արդեն մեսրոպյան տառերն է մոռացել՝ օտարալեզու է, Հայաստանում մնացածներին էլ կամաց-կամաց կկորցնենք, որովհետեւ օտարալեզու դպրոցներ են բացում»:

Ի դեպ, խնդրից տեղյակ է նաեւ հանրապետության նախագահը, որը Հրանուշ Հակոբյանի միջոցով հանձնարարել է այդ գործը չմեռցնել: Սակայն սփյուռքի նախարարությունն ընդամենը 3 մլն դրամ է հատկացրել համակարգի արեւմտահայերեն հատվածը մեկ տարի սպասարկելու համար:

ՀԳ – Տարօրինակ ու զարմանալի է, որ իրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ջատագով համարող վարչապետ Տիգրան Սարգսյանն ազգապահպան այս նախագիծը զարգացնելու եւ նրա սպասարկումը պետական միջոցներով իրականացնելու համար քայլեր չի ձեռնարկում: Փոխարենը վարչապետը հարկատուների հաշվին 70 հոգանոց հսկա պատվիրակություն է իր հետ  Չինաստան տանում: Դրա համար հավանաբար պետբյուջեի սուղ միջոցները բավական են:

www.hraparak.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արաքսյա
Oct 13, 2010 10:51