ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, June 18, 2010 7:46 - 11 քննարկում

Վարչապետական «պաշտպանական» խաղեր կամ ումից է վախենում Սկումբրիեւիչը

Ստորեւ   ներկայացվող  մտորումների   առիթը,  որը  երկար   ժամանակ   հանգիստ  չէր  տալիս  ինձ այն էր, որ  հունիսի 2-ին, օտարալեզու դպրոցների խնդրին  նվիրված  Թեքեյան  կենտրոնում  կայացած  համաժողովին  հայտնի հայրենասեր  գիտնականների  հետ  մեկտեղ  իրենց մասնակցությունը բերեցին հայ իրականությանը քաջ հայտնի ագրեսիվ փոքրամասնություն հանդիսացող հակահայկականություն  քարոզողներ, հայոց  պատմության   զեղծարարներ   եւ  քաղաքական տարաբնույթ  բեւեռների ներկայացուցիչներ: Այս ամենի  մեջ  ինձ զարմացրեց  դահլիճի  միակարծությունը  հարցի  վերաբերյալ,  որտեղ  ելույթ  ունեցողների   ճնշող  մեծամասնությունը  գտնում  էր,  որ   օրենքի  փոփոխությունը  թելադրված  է  դրսից  ու  «մեջը  լուրջ  փողեր կան»:  Եվ  կարճ  ժամանակ  անց  շրջանառության  մեջ  դրվեց  մոսկվաբնակ հաջողակ  գործարար   Ռուբեն   Վարդանյանի   անունը:

Ելույթների  ընթացքում  ակամայից հիշեցի երկու ամիս առաջ կարդացած մի հրապարակում, որտեղ  նշվում էր, որ կայացած  գործարար,  հայ  իրականության  մեջ  իր  մտավոր  կարողությունները կապիտալի  վերածած   եզակի  անձնավորություն   Ռուբեն  Վարդանյանը  մտածում   է  թողնել  բիզնեսը   եւ վերադառնալ Հայաստան  ու  լրջորեն  զբաղվել  քաղաքականությամբ: Այդժամ առաջինը,  որ   մտածեցի  այն  էր,  որ  ահա  խնդրեմ,  եւս  մեկը  որոշել  է մուտք  գործել  հայաստանյան  չկայացած  քաղաքական  համակարգ  ու նրան  էլ,  ինչպես  նախկինում  դրսից  նման  փորձեր  կատարողներին` մեծ  հիասթափություն է  սպասվում  կարճ  ժամանակահատվածում:

Վերադառնալով  թեքեյանական համաժողովին, փորձեցի  ինքս ինձ  համոզել, որ այդպես էլ է լինում, հարցի  կարեւորությունից ելնելով` միավորվում են հայրենասերներ  ու տարբեր «կենտրոններից» ղեկավարվող եւ ուղղորդվող «մասնագետներ», մտավորականներ,  հասարակական  ու  իրավապաշտպան  գործիչներ:

Եվ մի պահ, երբ ընկերներիս հետ քննարկում էինք կատարվածը, հանգեցինք  այն  եզրակացության,  որ  ինչոր  մեկը  Ռուբեն  Վարդանյանի մեջ  տեսել  էր  իր պոտենցիալ հակառակորդին ու տխրահռչակ օտարալեզու  դպրոցների  խնդրին  նվիրված օրենսդրական փոփոխությունը  օգտագործել  նրան  նախօրոք վարկաբեկելու համար` մինչ  նա  «մուտք կգործեր»  հայաստանյան  քաղաքական  համակարգ: Այստեղ  արդեն  լուրջ  վերլուծությունների կարիք  պետք չեկավ ու պատկերը  բացվեց  ամբողջությամբ  այնպես,  ինչպես  արեւն  է  միանգամից դուրս գալիս խոժոռ ամպերի միջից:

Ընթերցողին   չտանջելու  համար  միանգամից  անցնեմ  եզրահանգման.

հաշվի առնելով  Ռուբեն Վարդանյանի մտավոր եւ ֆինանսական լուրջ  կարողությունները,  ինչպես նաեւ նրա  կապերը Ռուսաստանի քաղաքական  վերնախավի  հետ,  մոսկովյան  գործարարի  մեջ իրական հակառակորդ  է  տեսել  մերօրյա Սկումբրիեւիչը` ՀՀ ներկայիս վարչապետի  աթոռը  զբաղեցնողը,  որին  էլ  պատկանում  են  ազգակերտիչ ցնդաբանական  նախագծերը  ու  այդ  նախագծերի մեջ իր ուրույն տեղն ունի  Դիլիջանում  միջազգային  չափանիշներին  համապատասխանող դպրոց  ստեղծելը:

Պարզից   էլ  պարզ  է,  որ  Սկումբրիեւիչը  Ռուսաստանի  համար  վստահելի  գործընկեր  չէ  եւ  դրա  համար  էլ  ռուսաստանյան  վերնախավը կցանկանար  Համաշխարհային  բանկի  ու  Միջազգային  արժութային հիմնադրամի  դրածոյին  ու  նրա  թիմակիցներին  փոխարինել  ռուսական ուղղվածություն  ունեցող  քաղաքական  գործիչով  ու  նրա  թիմակիցներով:

Նաեւ  պարզ է, որ Ռուբեն Վարդանյանը օրենսդրորեն իրավունք չունի  զբաղեցնելու Հայաստանում  ընտրովի  պաշտոն (նախագահ, պատգամավոր),  քանի  որ  բոլորի  համար   բացահայտ  է,  որ  տարիներով  չի ապրել  Հայաստանում,  հետեւաբար  հենց  վարչապետի  պաշտոնի առաջարկությունն  է,  որ  նրան  «կպոկի»  իր  բիզնես  միջավայրից  ու կբերի  Հայաստան:  Այստեղ  է,  հավանաբար,  որ «տագնապ» հայտարարվեց  սկումբրիեւիչյան  ճամբարում ու մտածեցին  Ռուբեն Վարդանյանին  վարկաբեկելու  հստակ  ծրագրի  իրականացման մասին:

Մնացածը  ինչպես  ռուսական  ասացվածքում. «Ամեն  ինչ  գնաց  ինչպես կարագի  վրա»:  Հավաքագրվեցին  բոլոր  ուժերը եւ  շրջանառության  մեջ դրվեց  ապազգային  ծրագիր`  օտարալեզու  դպրոցներ  ունենալու  անվան տակ` չմոռանալով  նախօրոք  Ռուբեն  Վարդանյանին  խնդրել,  որ ֆինանսավորի  «ազգային»  կարեւոր  ծրագիրը,  որն  էլ  հավանաբար  տվել է  իր  համաձայնությունը`  չիմանալով,  որ  ներքաշվում  է  կեղտոտ  խաղի մեջ:  Եվ  երբ  սկսվեց  հասարակական  ընդվզում` օտարալեզու  դպրոցներ բացելու  մասին  օրենքի  փոփոխության  նախագծի  դեմ,  սկումբրիեւիչյան թիմը  մխրճվեց  հասարակական  բողոքի  ալիքի  մեջ եւ  որպես  ագրեսիվ փոքրամասնություն  փորձեց  երեւալ  Հռոմի  Պապից  առավել  կաթոլիկ` ելույթներ  ունենալ,  հոդվածներ  գրել,  նույնիսկ  երբեմն  ծայրահեղ որակումներ տալ Աշոտյանին` նրանից  բարձր պաշտոնյաներին քողարկելով  հենց  Աշոտյանով,  իսկ  հայաստանյան  «պատասխանատու» մամուլն  էլ  ժամեր  ու  էջեր  չխնայեց  լուսաբանությունների  համար:

Սկումբրիեւիչյան  ճամբարի  ներկայացուցիչները  զբաղեցնելով  Սերժ Սարգսյանի  շնորհ  արած  պաշտոնները,  նույնիսկ  չզլացան  բողոքի  ու ընդվզման  նախաձեռնությունը  վերցնել  իրենց  ձեռքը եւ  որպես  ասվածի ցայտուն  ապացույց`  ՀՀ  նախագահին  կից  Հանրային  խորհուրդը  հանդես եկավ  օրենսդրական  նախաձեռնության  դեմ:

Իսկ ով է  Հանրային խորհրդի ղեկավարը…. Այո’, Դուք ճիշտ եք համբերատար ընթերցող` Սկումբրիեւիչի քաղաքական կնքահայր հանդիսացող  Վազգեն  Մանուկյանը,  որին  բնական  է, որ  ձեռնտու  չէ  երբեք,  որ  Ռուբեն  Վարդանյանը  կամ  մեկ  ուրիշ  կայացած  ու մաքուր վաստակ  ունեցող  անձ  փորձի  նույնիսկ  մտածել  վարչապետի  աթոռն զբաղեցնելու  մասին: Նա  ու  իր  արբանյակները  դեմ  արտահայտվեցին նույնիսկ այն պարագայում, երբ երկրի նախագահը  կողմնակից էր օտարալեզու  դպրոցներ  ունենալու  օրենսդրական  փոփոխությանը:

Քանի  որ  խոսք  գնաց մամուլի  մասին, ապա առանձնակի  ուզում եմ շեշտել,  որ  հավատում  եմ  «Վեմ»  ռադիոկայանի  ղեկավար  Տեր  Մեսրոպ Արամյանի  հայրենասիրությանը  (չնայած նրա եւ վարչապետի երկարամյա սերտ հարաբերություններին), քանի որ հենց հայապահպանման մղումներից  էր  ռադիոհաղորդումներին  մասնակից  դարձնում  Հայոց Լեզվի  պաշտպանությամբ  հանդես  եկող  մտավորականներին  եւ լեզվի մասնագետներին: Ինձ  համար  նման  ձեւով մտածելու  հիմք  է տալիս  վերջերս  մամուլով  արտահայտած  նրա  հետեւյալ  մտահոգությունը.

«երեխաները հայերեն լեզվով խոսել, գրել, մտքեր արտահայտել չեն կարողանում։ Մեր ազգային դպրոցի հիմքը հայոց լեզուն և  լեզվամտածողությունը պետք է լինի, քանի որ այսօր իսկապես ոչնչանում է կրթական համակարգը»:

Այժմ  մի քանի խոսք հակահայկականություն քարոզող ագրեսիվ փոքրամասնության  ներկայացուցիչների  վերաբերյալ,  որոնք  մասնակցում էին  թեքեյանական  բողոքի  համաժողովին: Սրանք  դեռ  անցած  տարի, բառիս բուն իմաստով, «բռնվեցին գործի վրա»` հայոց պատմության զեղծարարության  գործում:  Օգտագործում  եմ  «բռնվեցին»   բառը,  քանի  որ  բացահայտվեցին  ոչ  միայն  կատարողներն,  այլեւ  պատվիրատուները:

Այո’,  իմ  համբերատար  ընթերցող, խոսքը  վերաբերում  է  տխրահռչակ ջեյմսռասելական  ագրեսիվ  խմբակին,  որոնց  ներկայացուցիչները  ծվարել են աշխարհի տարբեր անկյուններում «ստեղծված» ու «բուռն» գործունեություն  ծավալած  հայագիտական  տասնյակ ամբիոններում, որոնք  հանդիսանում  են  այն  «որջերը»,  որտեղից  քարոզվում  է, որ Հայ Ազգը  քոչվոր  է  եղել,  որ  քրիստոնեությունը  ավելի  ուշ  է  մուտք  գործել Հայկական  Լեռնաշխարհ  եւ  այլն: Չեմ  ցանկանում թվարկել «ռասելական»  զեղծարարությունները`  ակամայից  նրանց հակահայկական  գործունեության  քարոզիչը  չդառնալու  համար:

Մյուս  կողմից`  կուզենայի   միասին  մտածենք  ու  ընթերցողի  հետ  գտնենք  այս  հարցերի  պատասխանները.

-որտեղից   են  ճարվում  ահռելի  գումարներ  աշխարհի  տարբեր  երկրներում  տասնյակ  «հայագիտական  կենտրոններ»  ֆինանսավորելու համար,

-արդյոք  Համաշխարհային  բանկը կամ Միջազգային արժութային հիմնադրամը  անմասն  են  «հայագիտության»  «զարգացման»  վրա գումարներ  ծախսելու  գործընթացից,

-ինչու   է  այնպես  ստացվել,  որ  Հայաստանում  ոչ  միայն  վարչապետի, ֆինանսների  նախարարի,  Կենտրոնական  բանկի  նախագահի,  այլեւ նրանց  տեղակալների  ու  վարչության  պետերի  կադրային  հարցերը որոշում  են Համաշխարհային  բանկի  կամ  Միջազգային  արժութային հիմնադրամի  պատասխանատուները,  այն  պարագայում,  երբ  այս  պետական  պաշտոնյաները  աշխատավարձ  են  ստանում մեր վճարած հարկերից: Արդյոք այս դեպքում տեղին չէ հարցում անել ժողովրդական  ասացվածքով. «Խոտը  մենզանից  եք  ուտում, բայց  կաթը  հարեւանին  եք  տալիս»:

Պարզ   տրամաբանությունը  հուշում   է,  որ  հենց  Համաշխարհային   բանկն  էր,  որ  Ռուբեն  Վարդանյանի  մեջ  տեսավ  լուրջ  հակառակորդ  իր դրածոյի  հանդեպ  ու  փորձեց  վարկաբեկել  նրան,  քանի  որ  չի բացառվում,  որ  մոսկվաբնակ  գործարարը  ստանձնելով  վարչապետի պարտականությունները` կկազմալուծեր Հայաստանում գործող ապազգային  սկումբրիեւիչյան  ցանցը,  որը  տարիներ  շարունակ  ավերներ է  գործում  թե’  երկրի  պահուստային  ոսկին  «վաճառելով»,  թե’  «Նաիրիտ» գործարանի  միջոցով մեծ գումարներ «լվանալով», թե’ դրամը «արժեւորելով»  ու  հայ  արտադրողին  վերջնականապես  ոչնչացնելով,  թե’ պետական  պարտքը  մեկ տարվա մեջ քառապատկելով` գալիք սերունդներին  կախվածության  մեջ  պահելով   նույն   Համաշխարհային  բանկից:

Այսպիսով, օտարալեզու  դպրոցներ ստեղծելու  գաղափարը շրջանառության   մեջ   դնելու  միջոցով  իրականացվեց  «մեկ կրակոցով երկու  նապաստակ սպանելու»  գործողություն: Այժմ «խփված նապաստակները»  ներկայացնեմ  առանձին-առանձին:

«Առաջին զոհը»

Հայաստանում  15  օտարալեզու  դպրոցներ  ստեղծելը,  որտեղ  քիմիան, ֆիզիկան, աշխարհագրությունը եւ այլ առարկաներ օտար լեզվով դասավանդելը  անիրական  է  առաջիկա  5  տարիներին  եւ  Հայաստանում չկան նման մասնագետներ: Հետեւաբար  ստացվում է,  որ  իսկական նպատակը`  ՀՀ  Սահմանադրության  մեջ  լեզվի  մասին  օրենքը  հիմնովին վերացնելն է: Իրական  պատվիրատուն` Եվրախորհրդի կրթական հանձնաժողովն  է  (Բոլոնյան համակարգ),  որ  փորձում  է անգլոսաքսոնական  կրթակարգի  նմանությամբ  համասեռ  դարձնել Եվրոպայի  եւ  հարակից  պետությունների  կրթական  համակարգերը` դպրոցներից  մինչեւ  բարձրագուն  ուսումնական  հաստատությունները:

«Երկրորդ  զոհը»

Թե  ինչու  է  վարչապետը  «պատահաբար»  շրջանառության մեջ դրել ռուսաստանցի  գործարար  Ռուբեն  Վարդանյանի  անունը,  կարծում  եմ վերը  մանրամասն  ներկայացվեց: Ընդհանրացնելով  նշենք, որ վարչապետը  համաշխարհային  բանկի  դրածոն  է  եւ  բացահայտ ծառայում  է  արեւմտյան  ուժերին,  իսկ  իր  տերերն  էլ  իրեն են պաշտպանում ցանկացած «ոտնձգություններից»`  ցանկացած  մեթոդներով:

Ընթերցողներից  շատերին  հնարավոր  է թվա,  թե շատ  եմ  խորացել  ու փորձում  եմ  Հայ  Ազգի  թշնամիներ  գտնել  անտեղի:

Ո’չ,  սիրելիներս,  եւ  հազար   անգամ  ո’չ,  ես  կասեի   հակառակը` քիչ  եմ խորացել,  բայց  տա  Աստված`  թող  ես  ու  ընկերներս   սխալված  լինենք մեր   վերլուծությունների  մեջ,  եւ  նույնիսկ  մեր  ասածների  մեջ եթե  անգամ  5  տոկոսը  ճշմարտություն   լինի,  ապա  ազգովի  լուրջ  խնդիրների առաջ  ենք  կանգնած,  հետեւաբար  հարկավոր  է  սպասել ու պատրաստ  լինել  դիմագրավելու  մոտ  ապագայում   առավել   ապազգային   ծրագրերի ի  հայտ գալուն, որ նույնիսկ տխրահռչակ  հայ-թուրքական արձանագրությունները եւ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունները   մանկական   խաղեր   կթվան բոլորիս համար: Պատրաստ  եղեք: Քիչ մնաց:

Հարություն  Առաքելյան

Երեւան,  18 հունիսի, 2010թ.



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Stepan Sargsyan
Jun 18, 2010 11:22