ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 2, 2011 14:05 - 6 քննարկում

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (Հատվածներ Ա.Խաչատրյանի «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» գրքից)

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ (Հատվածներ Ա.Խաչատրյանի «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» գրքից)

Որքան շատ եմ ճանաչում Վազգենին,
այնքան շատ եմ հարգում Սերժին
(հանրային տեսակետ)

Ընդհանրապես պետության մեջ` դպրոցներում, հիվանդանոցներում և այլուր, ախտահանման, մաքրման միջոցառումներ անցկացնելու նպատակով տարին մի անգամ պետք է լինի համազգային սանիտարական օր: Բայց, ամենագլխավորը, անհրաժեշտ է տարին մի անգամ իրականացնել հակաբակտերիական միջոցառումներ հանրապետության բոլոր ծննդատներում, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում այնտեղ լույս աշխարհ չգան բակտերիաներ, որոնք ընդունակ են ապագայում թունավորելու ժողովրդի կյանքը և կործանելու նրա պետությունը1: Ես կառաջարկեի համազգային սանիտարական օր հայտարարել մարտի 5-ը` մի օր, երբ ծնվել է «սպարապետը» Երրորդ hանրապետության ճարտարապետներից և կործանիչներից մեկը:
Անսկզբունքայնությունը հայերի արատներից մեկն է: Սկզբունքները, որոնցով նրանք ղեկավարվում են, զուրկ են բանական և բարոյական հիմքից, իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առնչությամբ սկզբունքը փոխվում է` կախված տվյալ պահի մտայնությունից և այլ իրավիճակային ըմբռնումներից: Օրինակ` Հայաստանում ասում են. ՙՄահացածների մասին` կա՜մ ոչինչ, կա՜մ լավը՚: Այն, որ այս սկզբունքը ճիշտ չէ, դեռ դժբախտության կեսն է, բայց գոնե շնորհակալ ենք, որ այն կա, քանի որ առանց սկզբունքների ապրել ընդհանրապես չի կարելի: Բայց այն, որ նույնիսկ այս կեղծ սկզբունքն է օգտագործվում հանգամանքներին համապատասխան, արդեն անհարիր է առողջ բանականությանը: Մի քանի հոդվածներում ես բավական կտրուկ արտահայտվեցի Սարգսյանի մասին, և ինձ խնդրեցին հետագայում դա չանել, քանի որ մարդն այլևս ողջ չէ, մի խոսքով` անպարկեշտ է: Ես առարկեցի. իսկ ինչո՞ւ եք դուք բացասաբար արտահայտվում, ասենք, Ստալինի մասին, չէ՞ որ նա նույնպես կենդանի չէ: Իմ ընդդիմախոսները թոթվում են ուսերը` չիմանալով ինչ ասել, չնայած պարզ է, որ նրանք ընդվզում են քննադատական վերաբերմունքի նկատմամբ ընդդեմ կուռքի, որ դարձավ Վազգեն Սարգսյանը զոհվելուց հետո, և հանդես են գալիս նրա անառարկելի անձեռնմխելիության օգտին: Սակայն ես համաձայն չեմ այդպիսի հարցադրմանը, ավելին` ես դեմ եմ հանրային գիտակցության մեջ կուռքերի առկայությանը և կարծում եմ, որ նրանք պետք է տապալվեն, հակառակ դեպքում ոչ մի զարգացում տեղի չի ունենա: Դե իսկ մինչև այդ փառավոր ժամանակների գալը ես միշտ օգտագործելու եմ անձնական կարծիք արտահայտելու իմ իրավունքը, և, լինելով Հայաստանի հազվագյուտ լուսավորյալ քաղաքացիներից մեկը, որի համար գոյություն չունեն ո՜չ հերոսներ, ո՜չ կուռքեր, ո՜չ էլ որևէ մեկը, որին ես կարող էի ինձանից բարձր կամ ցածր դասել, միշտ պիտի իրերն իրենց, այլ ոչ թե ուրիշ անուններով կոչեմ: Հետևաբար, իմ սկզբունքն այս է. քաղաքական ֆիգուրի մասին պետք է և անհրաժեշտ է ասել ամեն ինչ` անկախ նրա ժամանակաշրջանից և այլ գործոններից, քանի որ քաղաքական ֆիգուրը մասնավոր անձ չէ, և իր կենսագործունեությամբ ազդում է միլիոնավոր քաղաքացիների ճակատագրերի վրա:
Եվ այսպես` Վազգեն Սարգսյան: Դա եզակի և ճակատագրական դեմք է Երրորդ հանրապետության պատմության մեջ: Նա պետության կազմավորման ակունքների
մոտ կանգնած չէր, իսկ դեպի բարձունքներ մղվեց ավելի ուշ, այսինքն` այն ժամանակ, երբ հեղափոխական ռեժիմին սպասվում էր անխուսափելի կերպարանափոխություն, այն է` պլուտոկրատիայի վերաճում հասարակական աջակցությունը պահպանելու և ազգային ռեժիմ դառնալու անկարողության հետևանքով: Իսկ Սարգսյանի առաքելությունը սահուն անցման և ռեժիմի անվտանգության ապահովումն էր: Դա ենթադրում էր պաշտոնական և ոչ պաշտոնական նոր հենարանների ստեղծում, քանի որ ռեժիմը չէր կարող օդից կախված մնալ` զրկված հասարակական վստահությունից: Նրան անհրաժեշտ էին նոր հենարաններ, որոնք ռեժիմի պահպանման և վերարտադրության գործում կարդարացնեին իրենց: Ինչպես տեսնում ենք, առաքելությունը բավականին տպավորիչ էր, ինչով էլ բացատրվում է Սարգսյանի հանդեպ ժողովրդի համընդհանուր ատելությունն ու կուռքերի կարգավիճակում նրան տեղավորելը իշխանության կողմից: Մի խոսքով` Հայաստանի այսօրվա քաղաքական իրականության նախագծման գործում Սարգսյանն ունի անհամեմատ մեծ լումա, քան որևէ մեկը` ներառյալ Տեր-Պետրոսյանը: Հետևաբար, հենց սա էլ նրա անձի նկատմամբ մեր կոշտ վերաբերմունքի պատճառն է:
Վազգեն Սարգսյանը ծնվել և մեծացել է Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում: Կրթություն չի ստացել (եթե այդպիսին չհամարենք ֆիզկուլտուրնիկի դիպլոմը ֆիզկուլտուրայի ինստիտուտից), փոխարենը աչքի է ընկել կոմերիտական գործունեության մեջ: Պատվամոլ էր, անգամ պատմվածքներ էր գրում (անտաղանդ): 1990թ. հայտնվեց խորհրդարանում, և այդ պահից սկսվեց նրա սրընթաց կարիերան: Տիրապետելով մի շարք կազմակերպչական ունակությունների` իրեն դրսևորեց ինքնապաշտպանական ջոկատների ձևավորման գործընթացում: Ձեռք բերեց Տեր-Պետրոսյանի վստահությունը, նրան հակասող մտքեր երբեք չէր արտահայտում: Դարձավ երկրի պաշտպանության առաջին նախարարը: Սակայն լինելով նացիոնալիստ և միջակ խելքի տեր մարդ` Սարգսյանը չէր կարող առանձնանալ ռազմական գերատեսչության ղեկավարման այդ արտակարգ դժվար շրջանում: Գործընկերների վկայությամբ` Սարգսյանը հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն էր, իրականացնում էր խելահեղ արարքներ: Օրինակ` հրամանատարները չէին համարձակվում նրան զեկուցել, այսպես ասենք, տհաճ տեղեկություններ չգունազարդարված տեսքով: Պետք էր նախ ինչ-որ կերպ ջրիկացնել այն, իսկ հետո հաղորդել: Ի դեպ, ակնհայտ ճշմարտության չընդունելը վտանգավոր բան է ղեկավարի համար, հատկապես ռազմական ղեկավարի, որն անպայման գործը կհասցնի կորստյան: Բացի դրանից, այդպիսի ղեկավարի հետ չի հարմարվի ոչ մի պարկեշտ անձնավորություն և պրոֆեսիոնալ, հետևաբար դժվար չէ կռահել, թե ինչ կարգի տարրեր են սովորաբար կուտակվում նրա շուրջը: Վազգեն Սարգսյանը իր այս հատկությամբ հսկայական կորուստ հասցրեց պատերազմի սկզբում 2: Մի խոսքով, մինչև 1992թ. օգոստոսը գործերը ռազմաճակատում վատթարանում էին, քանի դեռ Վազգեն Մանուկյանը չնշանակվեց պաշտպանական ոլորտը համակարգող պետական նախարար: Այս նշանակումից անմիջապես հետո իրավիճակը սկսեց արմատապես փոխվել. Ադրբեջանի տարածքում լռեցվեցին Զանգեզուրը ռմբակոծող կրակային կետերը, իսկ ավելի ուշ իրականացվեց Ադրբեջանի Քելբաջար շրջանի գրավման փայլուն գործողությունը: Բայց Սարգսյանը, մնալով պաշտպանության նախարարի աթոռին, շարունակում էր վնաս տալ գործին, և Տեր-Պետրոսյանը ստիպված էր նրան տեղաշարժել և այդ պաշտոնը նույնպես տալ Մանուկյանին: Հետաքրքրական է, որ իր ազատումից հետո ապագա ՙսպարապետը՚ եթերում ասում է, թե, իբր, ինքը գլուխ չհանեց, Վազգեն Մանուկյանը կօգնի հասնելու հաղթանակի, բայց
ինքը թիմից չի հեռանում, պիտի օգնի և այլն, և այլն: Մի խոսքով` Սարգսյանը նշանակվեց նախագահի խորհրդական և նրա ներկայացուցիչը սահմանամերձ շրջաններում: Փառք Աստծո, այդ կարգավիճակում շատ վնաս նրանից ռազմական գործերում չէր կարելի ակնկալել: 1993թ. օգոստոսին Տեր-Պետրոսյանը հեռացրեց Մանուկյանին երկու պաշտոններից` հավանաբար սարսափելով բանակում և հասարակության մեջ նրա ազդեցության հզորացումից: Հետաքրքիր է Սարգսյանի հրապարակային հայտարարությունն այս կապակցությամբ: Նա հրաժարվեց պաշտպանության նախարարի պաշտոնից` հիմնավորելով դա նրանով, թե իբր Վազգեն Մանուկյանից հետո իր համար դժվար կլինի աշխատել և առաջարկեց այդ պաշտոնում Սերժ Սարգսյանին, որը Ղարաբաղից փախել էր Սամվել Բաբայանից և անգործության էր մատնված Մոսկվայում: Իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո` արդեն 1995թ., երբ այլևս վտանգավոր չէր նրան պաշտպանության նախարարի աթոռին վերադարձնելը, Տեր-Պետրոսյանը կատարեց հերթական փոխատեղումը. Սերժ Սարգսյանին, որն, ի դեպ, փայլուն էր դրսևորել իրեն ռազմական գերատեսչությունում, ուղարկեց ԿԳԲ, իսկ իր հավատարիմ սիրելիին նորից նշանակեց պաշտպանության նախարար, որտեղ էլ նա մնաց ընդհուպ մինչև 1999թ.:
Եվ այսպես, արձանագրում եմ փաստ: Վազգեն Սարգսյանը չի իրագործել ոչ մի զինվորական սխրանք, չի կատարել ոչ մի երևելի գործ հաղթանակի համար: Սա ընդունում է ամեն ոք, ով ինչ-որ կապ ունի ղարաբաղյան կռվի հետ: Այս գրքի վրա աշխատանքի ընթացքում ես խոսել եմ բազմաթիվ հրամանատարների հետ, որոնք անցել են պատերազմը և անձամբ ճանաչել են Սարգսյանին: Տալիս էի միակ հարցը` թվեք ինձ Սարգսյանի մի քանի ձախողում պատերազմում: Բոլորի պատասխանը զարմանալիորեն նույնն էր` Վազգենի մոտ ամեն ինչն էր ձախողվում և առանձնացնել ինչ-որ մի բան անհնար է, մշտական ձախողումներ, առանց որևէ արդյունքի: Իսկ երբ հարցնում էի նրա որևէ դրական քայլերից, ես միայն տեսնում էի ուսերի շարժում: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…
Սակայն հաղթանակի պտուղները վայելելու համար Հայաստանում պարտադիր չէ ունենալ արժանիքներ, դրա համար բավական է ծնվել Վազգեն, իսկ դրանից հետո հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Վազգեն Սարգսյանի այս արժանիքները չի կարելի չընդունել: Հաստատագրեմ ևս մի փաստ. Վազգեն Սարգսյանը ոչ մի կապ չունի ազգային բանակի կայացման հետ, այդ գործում նրան վերագրվող հայրական վաստակները ամբողջովին կեղծիք են: Դա ժամանակակից առասպելաստեղծման տիպիկ օրինակ է` հաջողությամբ ներդրված հանրային կարծիքի մեջ: Մարդիկ, որոնք իրական կապ ունեն բանակի ստեղծման հետ, այսօր քիչ են հայտնի` դրանք հայ ծագում ունեցող սովետական սպաներ ու գեներալներ էին, որոնք ազգի համար դժվար ժամանակ երկրի կառավարության կողմից ներգրավվեցին այդ գործում, իսկ տեղի քաղաքական գործիչներից այդ հարցում զգալի օգուտ են տվել Վազգեն Մանուկյանն ու Սերժ Սարգսյանը:
Բայց անարդար կլիներ ընդհանրապես չնկատել նրա որոշ արժանիքները: Լինելով նախագահի խորհրդական և պետական նախարար` նա կարողացավ այնուամենայնիվ օգուտ տալ ընդհանուր գործին: Օրինակ` օգնեցին նրա կապերը մի շարք ռուս գործիչների հետ, աչքի ընկան նրա կոմերիտական կազմակերպչական հմտությունները (օրինակ` ռեսուրսների, նյութատեխնիկական միջոցների մոբիլիզացման և այլ հարցերում): Սակայն պետք է արձանագրել ևս մի փաստ. Սարգսյանը նշանավոր ոչինչ չի արել, իսկ պետությանը մատուցած նրա որոշ դրական ծառայությունները ի զորու կլինեին կոմսոմոլի ցանկացած ակտիվիստին: Այսպիսով, պատերազմի տարիներին Սարգսյանի կատարած աշխատանքին ՙսխրանքի՚ կարգավիճակ տալը անլուրջ է և վիրավորական այն տղաների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքն են զոհել հաղթանակի համար:
Վազգեն Սարգսյանը սպանվել է ութ տարի առաջ և այդ պահից էլ դարձել է կուռք: Դեռևս կյանքի ընթացքում նրան կպցրին ՙսպարապետ՚ կոչումը: Ինչպես տեսնում ենք` ո՜չ սպարապետի, ո՜չ էլ կուռքի հոտ նրանից անգամ չի գալիս, սակայն համաձայն հայկական ավանդապաշտության` դա պարտադիր էլ չէ: Հայերն այնպիսի գանգրենային ավանտյուրիստների են մեծարել, ինչպիսին է Դրոն, և ինչու չանել դա սիստեմատիկաբար, անկախ նրանից, թե ով կհայտնվի ձեռքի տակ` Վազգե՞նը, թե՞ մեկ ուրիշը: Կարևորը ժողովրդի սովորությունն է, իսկ թեկնածուներ գտնելը դժվար չէ, եթե իրենք չհայտնվեն:

Այժմ դիտարկենք Վազգեն Սարգսյանի հանցանքները, որոնք անձամբ ես վերագրում եմ քաղաքակրթականների շարքին:
Առաջին: 1992թ. հրաժարականից հետո Սարգսյանը, դժբախտաբար, մնաց քաղաքականության մեջ: Փաստորեն նա ազդեցություն ուներ հրամանատարների վրա, նրանցից շատերի հետ ընկերական և առևտրային սերտ կապերի մեջ էր: Հենց այս շրջանում Սարգսյանն սկսեց փողեր շինել, իսկ դրա համը զգալով` արդեն չէր կարող հրաժարվել դրա աղբյուրից` իշխանությունից: Աստիճանաբար ընդարձակելով ազդեցությունը զինվորական միջավայրում` 1993թ. ամռանը Սարգսյանը հասնում է ՙԵրկրապահ՚ կամավորական միության ստեղծմանը: Նրան առաջնորդում էր բանակի իրական տերը մնալու ձգտումը` անկախ պաշտպանության նախարարի անձից: Այստեղ հարկ է ասել, որ 1990թ., երբ տարերային կերպով հայտնվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, պետական իշխանությունն սկսեց անհաշտ պայքար նրանց ձեռնասուն դարձնելու նպատակով, այսինքն` անվերապահ ենթարկելու ռազմական գերատեսչությանն ու քաղաքական ղեկավարությանը: Իհարկե, Տեր-Պետրոսյանը չէր ցանկանում երկրում 1918-20թթ. օրինակով նոր խմբապետներ բազմացնել, և այդ պայքարի արդյունքը իրեն շատ սպասել չտվեց. ջոկատների քիչ թե շատ կարգապահությունն ու կենտրոնացված կառավարումը ապահովեցին, չնայած հարկ եղավ դաժանորեն պատժել մի քանի հատկապես կատաղի երկրապահների: Այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնում Վազգեն Մանուկյանը ներդրեց բոլոր ճիգերը կամավորական ջոկատների պրոֆեսիոնալացման գործում: Եվ ահա` ամպրոպը ճայթեց պարզ երկնքում. կատարված աշխատանքը ջուրն ընկավ` նախագահը վավերացրեց կամավորական հրամանատարների և երկրապահների հասարակական-քաղաքական կազմակերպության ստեղծումը: Դա նշանակում էր երկրում ազդեցիկ քաղաքական ուժի ծնունդը, ինչը, ըստ երևույթին, գիտակցվել էր Տեր-Պետրոսյանի կողմից: Հավանաբար Սարգսյանը կարողացել էր համոզել նրան, որ նոր միությունը ստեղծվում է նրա համար, ավելի ստույգ` քաղաքական դաշտի վերահսկման նպատակով, ռեժիմի համար ցավալի հետևանքներից խուսափելու համար: Նախագահը զգալով, որ կորցնում է համբավն ու վստահությունը ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ, ինչպես նաև հասկանալով, որ ժողովրդավարությունը Հայաստանում պետք է կառավարել, այլ ոչ թե խաղ անել, ողջունեց երկրապահների կազմակերպության ստեղծումը որպես ժողովրդավարությունը կառավարելու համար գրպանի գործիք:
կողոպուտը Ադրբեջանում, և՜ սովորական խուլիգանությունները, որ բազմիցս կատարել է նա հասարակության աչքի առջև3, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ սպանություններ կան նրա խղճի վրա, ավելին, առավել համարձակ չար լեզուներն անգամ հավաստիացնում են, որ Եռաբլուրում թաղվածների 20%-ը կյանքից հեռացել է նրա անմիջական աջակցությամբ, և ահա այսօր նա` սպարապետ Վազգենը, ննջում է իր զոհերի, կուռքերի, ընկերների և հայրենիքի համար զոհված բազմաթիվ անշահախնդիր մարդկանց կողքին: Մի խոսքով, կուռքի բարոյական կերպարը պարզ է, բայց պետք է մի երկու լրացուցիչ շտրիխ էլ ավելացնել:
Լևոն Տեր-Պետրոսյանին նա պարտական էր ամեն ինչով` և՜ կարիերայով, և՜ հարստությամբ, և՜ այն ամենով, ինչ ուներ: Նա հավերժ հավատարմության երդում էր տվել և խոստացել մինչև իր կյանքի վերջը ծառայել նրան ծառայողական շան կարգավիճակում (ի դեպ, կա այդ ՙերդման՚ բավական տպավորիչ տեսաերիզը): Թե ինչպես վարվեց սպարապետն իր հայր-ուսուցչի հետ, հայտնի է, բայց ավելի զզվելի է այն, որ նա կատարեց մինչև նախագահի հրաժարականը. հավանաբար շատերն են հիշում, թե ինչպիսի՞ հալածանքի ենթարկեց սպարապետը Տեր-Պետրոսյանին մամուլում` նախապատրաստելով համապատասխան գաղափարախոսական հիմնավորում իր պուտչին4: Այս բանից քիչ անց Սարգսյանը բոլոր առումներով դարձավ պետության մեջ առաջին դեմքը, քանի որ Քոչարյանը նրա համար սովորական ֆիգուր էր: Բայց դրա հետ էլ նա չհարմարվեց և կատարեց երկրորդ դավաճանությունը. միացավ Դեմիրճյանի հետ` ամրացնելու իր դիրքերը հրապարակային քաղաքականության մեջ և ազատվելու Քոչարյանից, որը նա նախատեսել էր, ինչպես ասում են, 2000 թ. հունվարին: Շատ յուրօրինակ վարվեց սպարապետն այն երկրապահների հետ, որոնք չէին ընդունում նրա վեհությունը և ստրկամտորեն չէին ենթարկվում նրան (խոսքը չվերահսկվող էլեմենտների մասին է). փաստորեն նրանք բոլորը պատերազմից հետո հայտնվեցին բանտում, շատերը` շինծու գործերով: Ինչ վերաբերում է նոքարներին, ապա սրանց հետ սպարապետը վարվում էր շների պես: Հայտնի է, որ մարդկանց ծեծուջարդը և տոտալ ստորացումը նրա վարչարարության հիմնական սկզբունքն էր: Իր մտերիմներից մեկին, որը երբեմն բողոքում էր երկրում հսկայական թերությունների համար, նա ասում է. ՙԻ՞նչ ես գլուխս տանում, դու մտածում ես` մինչև 70 տարեկանը ես չե՞մ հասցնի Հայաստանը դարձնել պետություն՚: Զարմանալի է, բայց փաստ` Սարգսյանը իրեն իրավունք էր վերապահել ցմահ իշխել պետությանը, իսկ թե ինչ հիմունքներով, քչերը կարող են պատկերացնել:

Հայաստանի պլուտոկրատական քաղաքական համակարգը` հիմնված բռնության, կոռուպցիայի, կամայականության և, ամենագլխավորը, իրավական դաշտից դուրս էլիտայի գոյության վրա, ես առաջարկում եմ անվանել ՙվազգենիզմ՚: Այդ համակարգը գործում է առ այսօր, այն մնացել է անձեռնմխելի, իսկ ողջ քաղաքական պայքարը երկրում տարվում է անհատների` Քոչարյանի և Սարգսյանի դեմ, որոնք սպարապետի հետ համեմատած հիրավի հրեշտակներ են:

1 Այդ հարցն ընդհանրապես պետք է համաձայնեցնել գինեկոլոգների և կենսաբանների հետ: Իրականում կա՞ արդյոք ունիվերսալ պատվաստանյութ կամ դրա նման մի բան, որն ընդունակ է վտանգազերծել ծննդատները բակտերիաների ծնվելուց: Ենթադրում եմ, որ սա լուրջ հարց է, և եթե հասարակական միտքը անկարող է (առայժմ) վտանգազերծել պետությունը վարակի ներթափանցումից իշխանության մեջ` ժողովրդի և երկրի համար բխող բոլոր ողբալի հետևանքներով, ապա, կարծում եմ, դրանով պետք է զբաղվի բնագիտությունը: Բայց զգուշացնում եմ՝ պետք է շտապել, այլապես հայկական հողը ևս մեկ Վազգեն Սարգսյանի չի դիմանա և կգահավիժի դժոխք: Կարծում եմ՝ այս հարցը լուրջ ուշադրության է արժանի:

2 Օրինակ` նա հսկայական վնաս հասցրեց Արծվաշեն անկլավի պաշտպանության և հանձնման ժամանակ: Այնտեղ ուղարկեց Երևանի փողոցներից հավաքված անփորձ տղաների, որոնցից շատերը զոհվեցին (ճշգրիտ տվյալներ կուռք-սպարապետի ապաշնորհության վերաբերյալ այսօր գտնել գործնականում անհնար է, սակայն, որքան հիշում են ականատեսները, այնտեղ զոհվեցին 25 նորակոչիկներ): Իսկ հետո խորհրդարանում, երբ նրան հարցնում են Արծվաշենի անկման պատճառների մասին, ասում է, թե այդ անկլավը դատապարտված էր կորստյան, այն պահպանելու հնարավորություն չկար: Այդժամ անվտանգության հանձնաժողովի անդամները հարցնում են նախարարին. «Իսկ ինչո՞ւ էիք դուք այնտեղ նոր մարդիկ ուղարկում ստույգ մահվան` փոխանակ կազմակերպելու բնակչության տարհանումը»: Նախարարը պատասխանում է. «Զորավիգ էի ուղարկում նրա համար, որ հետո ինձ չմեղադրեին, որ ես չեմ պաշտպանել Արծվաշենը»: Ապշեցուցի°չ ստրատեգիա է: Պաշտպանության նախարարը համոզված է անկլավի կորստյանը, բայց և այնտեղ է ուղարկում նորանոր մարդկանց, երևի, մեծ էֆեկտի համար: Այնուհետև Սարգսյանը լուրջ վրիպումներ թույլ տվեց Լաչինում և անգործությամբ էր զբաղված ադրբեջանական տարածքներից Զանգեզուրի գնդակոծման ժամանակ, երբ կարելի էր պարզապես մտնել այնտեղ և վերացնել կրակակետերը: Սակայն յուրաքանչյուր ձախողումից հետո դիմում էր ծայրահեղ պոպուլիստական միջոցների. կազմակերպեց ՙմահապարտների՚ հավաք, որն այժմ դիտվում է որպես անսահման արիության և տաղանդի ակտ և այլն, չնայած իրականում դա ապարդյուն և 70 զոհեր պահանջած ապաշնորհ ձեռնարկում էր: Ինչ վերաբերում է փողոցներում երիտասարդների որսին և նրանց հարկադրաբար ճակատ ուղարկելուն, ապա այդ մասին պետք է արտահայտվեմ առանձին: Այն, որ դա պետական իշխանության կողմից ծայրահեղականություն է և կամայականություն, իմ կարծիքով, ոչ մեկի մեջ կասկած առաջացնել չի կարող: Սակայն այդ կամայականությունը երկրի համար չէր կարող անհետևանք մնալ. հայտնի է, որ սպարապետի խևավարքությունը հրահրեց տղամարդկանց մասսայական փախուստներ երկրից, մի խոսքով, Հայաստանը այդ ժամանակից ձեռք բերեց նաև լուրջ ժողովրդագրական խնդիր: Բնակչության մասսայական արտահոսքը հենց այդ ժամանակ սկսվեց (հասկանալի է, որ բնակչության արտահոսքը միայն Սարգսյանի ծառայությունը չէ, քանի որ գոյություն ունեին լուրջ սոցիալ-տնտեսական պատճառներ, իսկ նա ընդամենը միայն գրգռեց դրանք և հետագայում արդյունավետ կերպով խթանեց): Շատերը չեն հիշում և, հավանաբար, շատերին չդիպավ այս ողբերգությունը, սակայն իրականում դրությունը իրոք անտանելի էր: Պատահել է, որ ամուսնացած տղամարդը դուրս է եկել տնից և անհետ կորել, որոնումները արդյունք չեն տվել, իսկ մեկ շաբաթ անց վերադարձել է Ղարաբաղից, սակայն` դագաղում: Մի խոսքով, սպարապետի քաղաքականությունը զինված ուժերի համալրման համար հազարավոր հայ օջախներ մարեց: Այսօր անվիճելիորեն կարելի է հաստատել, որ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտությունում կարող էր ունենալ 2000-2500 զոհ, այն դեպքում, երբ նրանց թիվը վերջնական արդյունքում կազմում է 7000: Ավելացնեմ, որ Վազգեն Մանուկյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ զենքի հետ կապ չունեցող մարդկանց կրակագիծ ուղարկելու արատավոր պրակտիկան վերացավ: Մարդկանց հավաքում էին համաձայն առողջ բանականության, զինկոմիսարիատների կանչերով և տեղաբաշխում էին նրանց՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի փորձը և հմտությունները:

3 Առաջին անգամ Վազգեն Սարգսյանը իր սիրած զբաղմունքին՝ ծեծին դիմեց դեռևս 1992թ. խորհրդարանի պատերի մոտ. ինչպես և վայել է բարձրաստիճան պետական այրին, նա այդ փորձն արեց… կանանց վրա: Ի դեպ՝, դա արեց ոչ մեկ անգամ: Հետագայում նա իր այդ հմտությունները փախանցեց ՙՙԵրկրապահ՚ կամավորականների միության՚ իր ճտերին: Այնպիսի փորձ կուտակվեց, որ առանց ճիգերի այս գանգրենավոր տարրերը 1995 թ. գարնանը իրականում ոչնչացրին յոթ կրոնական կազմակերպություններ (Եհովայի վկաներ, բողոքականներ և այլն): Այդ ակցիան կատարվեց խուլիգանության բոլոր օրենքներին համապատասխան, զինվոր-ազատարարները չէին խորշում ոչնչից, անգամ կանանց վրա գործադրվող բռնությունից: Քաղաքական բարձրագույն իշխանությունը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանգիստ վերաբերվեց կրոնական փոքրամասնությունները և աղանդները վերացնելու փաստին, իսկ հասարակական կարծիքը ցուցաբերեց հանդուրժողականություն՝ ելնելով հավանաբար հավատի մաքրության պահպանման նկատառումներից: Բայց մարդիկ այն ժամանակ չգիտեին, որ առաջիկայում իրենք կդառնան բռնության օբյեկտ երկրապահների համար, երբ սպարապետին անհրաժեշտ լինի կեղծել խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները: Կարելի է ենթադրել, որ աղանդների ջախջախումը սպարապետի և նրա թիմակիցների համար դարձավ գլխավոր խաղափորձի նման մի բան քաղաքական բռնության կամպանիայից առաջ, որն իրականություն դարձավ 1995թ.:

4 Երկրում հանրահայտ ընդդիմադիր լրագրողներից մեկը ինձ պատմեց 1998թ. հունվարին պաշտպանության նախարարությունում կազմակերպված ներկայացման մասին: Ուրեմն, բավական ճարպիկ վազգենամետ մի լրագրող հավաքում է մի քանիսին և նրանց տանում պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի մոտ՝ իբր թե մի բաժակ թեյի և հաճելի խոսակցության: Մի բաժակ թեյը Շիրխանյանի մոտ վերածվում է կոնյակի, իսկ Շիրխանյանը լրագրողներին խնդրում է օժանադակել բանակի հայրենասիրական ոգու բարձրացմանը և այլ անհեթեթություններ: Եվ ահա կերուխումի թեժ պահին, իբր պատահմամբ, տեղակալի մոտ է մտնում Վազգեն Սարգսյանը: Հաճելիորեն ուրախանում է հավաքված ընկերախմբով, նստում է, միանում խոսակցությանը: Հանկարծ լրագրողներից մեկը՝ հանդիպման կազմակերպիչը, հարցնում է նրան. «Պարո՜ն նախարար, իսկ ճի՞շտ է, որ Դուք երկրի նախագահի հետ լուրջ տարաձայնություններ ունեք Ղարաբաղի շուրջ»: Վազգենը կորցնում է ախորժակը, մռայլվում, մի խոսքով, ասում է. «Տղանե°ր, ես ձեզ կպատմեի, բայց ախր դուք այդ մասին կգրեք և աղմուկ կսարքեք»: Լրագրողները հասկանում են հրավերքի էությունը և համառում, որ սպարապետն արտահայտվի: Նա, իբր, ասում է. «Կասեմ, բայց աղմուկ չբարձրացնեք»: Եվ սկսում է հայհոյել Տեր-Պետրոսյանին, ընդ որում՝ ամենավերջին բառերով՝ դուրս գալով նորմատիվ բառապաշարի սահմաններից: Ասում է. «Նա ո՞վ է որ, ի՞նչ է իրենից ներկայացնում, ինքն ինչպե՞ս կարող է համաձայնվել վերադարձնելու անգամ մի թիզ հող, երբ ես ամեն առավոտ նայում է Եռաբլուրին և հիշում եմ զոհված տղաներին: Ինչպե՞ս կարող է նա վերադարձնել հողը, և ո՞վ նրան թույլ կտա»: Մի խոսքով՝ երկու ժամ այս ոգով նախարարը անարգում էր գերագույն գլխավոր հրամանատարին՝ ժամանակ առ ժամանակ խնդրելով, որ ներկաներից ոչ ոք չլուսաբանի այդ հակասությունը: Երևան վերադառնալու ճանապարհին հանդիպման նախաձեռնողը բոլոր լրագրողներին խնդրում է հրապարակել սպարապետի տեսակետը և նրա տարաձայնությունը նախագահի հետ:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Nov 2, 2011 17:27