ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 11, 2009 1:28 - 1 քննարկում

«ՄԵՆՔ ԱՅԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ԴԱ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ Է»

  • Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը Միացյալ Նահանգներ, առավել եւս դեկտեմբերի 7-ի հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի հետ, միջազգային լայն արձագանք է գտել: Այցի արդյունքները դեռեւս ամփոփվում են, սակայն առանց ամփոփման էլ ակնհայտ է, որ Էրդողանի այցելությունն ու հանդիպումը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության հարցերի պատճառով Թուրքիայի համար եղել են խնդրահարույց:

    Այլ կերպ, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման առումով համապատասխան քայլեր չկատարի, ապա հազիվ թե խուսափի ԱՄՆ-ի հետ վերստին հարաբերությունները սրելու հավանականությունից: Նման ենթադրության համար հիմք են տալիս նախագահ Օբամայի նախազգուշացումն ու վարչապետ Էրդողանի ելույթը:

    Ինչպես դեկտեմբերի 9-ի համարում նշել է «Հյուրիեթ» թերթը, Սպիտակ տանը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Օբաման ասել է. «Եթե թուրքական խորհրդարանը չհաստատի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունել»:

    Օբամայի այս նախազգուշացումն, ինչ խոսք, ամենեւին էլ ողջունելի չէ, որովհետեւ պատմական ճշմարտությունը ճանաչելու սպառնալիքով Թուրքիային սաստելիս Հայոց ցեղասպանությունն է չարչրկում: Համենայն դեպս, «Հյուրիեթը» չի նշում, Էրդողանը արձագանքե՞լ է Օբամայի նախազգուշացմանը, թե՞ ոչ: Սակայն գիտենք, որ Թուրքիայի վարչապետը, Նյու Յորքի turkishny.com կայքէջի վկայությամբ, ԱՄՆ նախագահի հետ հանդիպելուց հետո ուղեւորվել է Հոփքինսի համալսարան, որտեղ էլ հայտարարել է. «Իմ նախնիները ցեղասպանություն չեն կատարել, չէին էլ կատարի»:

    Սա նշանակում է, որ Էրդողանը, անկախ Օբամայի նախազգուշացումից, Հայոց ցեղասպանության հարցում վերահաստատել է Թուրքիայի ժխտողականության պաշտոնական թեզը: Ընդ որում, ոչ միայն Հոփքինսի համալսարանում: Նա, ինչպես դեկտեմբերի 9-ին վկայել էր «Զաման» թերթը, ամերիկյան PBS հեռուստատեսության էկրանից, ի պատասխան հաղորդավարի «Որքա՞ն ապացույցներ են դեռ անհրաժեշտ պատմությանը, որ Հայոց ցեղասպանության փաստը հաստատվի» հարցին, ասել է. «Նախ հենց սկզբից հստակ ասեմ. եթե դուք (այդ իրադարձությունները) ճանաչեք որպես ցեղասպանություն, խիստ կվշտացնեք մեզ: Մենք այդ ցեղասպանությունը բացարձակապես չենք ընդունում: Դա բացահայտ սուտ է: Պնդողներին կոչ եմ անում ապացուցել»:

    Էրդողանը միաժամանակ նշել է, որ Թուրքիան բացել է իր ախիվները, ինքը դեռեւս 2005-ին նամակ է հղել Հայաստանի նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պահանջելով բացել նաեւ հայկական արխիվները, փոխանակ կենտրոնանալու այս կարգի հարցերի վրա, ոմանք որոշումներ ընդունելու պահանջով գնում եւ քաղաքական գործիչներին են դիմում, ինչը չի կարելի արդարացնել:

    Էրդողանը, պատասխանելով «Ցեղասպանության թեման արծարծվե՞ց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը» հարցին, ասել է. «Այո, արծարծվեց»: Նա նշել է, որ Թուրքիան է սկզբնավորել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը եւ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, ավելացրել. «Մենք ինքնավստահ ենք»:

    Էրդողանը միաժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ասելով. «Տվյալ տարածքը օկուպացման տակ է գտնվում: Այս խնդիրը պետք է լուծենք: Ինչո՞ւ Մինսկի խմբի եռյակը 20 տարի շարունակ չի կարողանում լուծել: Հենց որ հիմնահարցը լուծվի, կխաղաղավի տարածաշրջանը: Ինչո՞ւ: Որովհետեւ կողմերի միջեւ առկա այս հիմնախնդրի կարգավորման դեպքում կվերանա ատելությունն ու հակակրանքը: Հարցի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել: Եթե այդ որոշումը կիրառվի, ապա կհաղթահարվեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա դժվարությունները»:

    Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների հաստատմանը, ապա Էրդողանը, ըստ «Զամանի», ընդգծել է, որ դրա առնչությամբ վերջնական որոշում կայացնելու իրավունքը Թուրքիայի ազգային մեծ ժողովինն է, որն այդ հարցում (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը) շատ զգայուն է եւ, իր կարծիքով, առանց ակնկալվող առաջընթացի, արձանագրությունները հազիվ թե հաստատվեն:

  • Հ. ՉԱՔՐՅԱՆ


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

YesSissMasiss
Dec 12, 2009 21:02