ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2011 22:13 - 3 քննարկում

ԻՆՉԻ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԳԱԶԻ ՇԱՆՏԱԺԸ

Monday, March 28, 2011

ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների անգամ ամենալարված պահերին, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները չէին կարողանում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Իրանում ատոմային զենքի ստեղծման անհրաժեշտ բաղադրատարրերի առկայությունը, Ամերիկայի պատգամախոս Զբիգնև Բժեզինսկին (ի դեպ` սերված լեհական ընտանիքից և ունի հայկական արմատներ) շարունակում էր պնդել ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման կարևորությունը` որպես Մերձավոր Արևելքում և Ներքին Եվրասիայում շատ խնդիրների լուծման և, իհարկե, նաև նավթի ու գազի ոլորտում հարցերի կարգավորման անհրաժեշտ գործոն։

Այդ գիծը Զ. Բժեզինսկին պաշտպանում է առնվազն քսան տարի, ինչն առաջ է բերել ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների բացահայտ դժգոհությունը, թեև քաղաքագետը պնդում է, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի նաև Իսրայելի անվտանգության ապահովմանը։ Մի այնպիսի քաղաքական նախագծող, ինչպիսին Զ. Բժեզինսկին է, չէր կարող չհասկանալ, որ վաղ թե ուշ «ձախողում» տեղի կունենա ամերիկա-թուրքական հարաբերություններում, բայց նախընտրում էր առաջ չանցնել իրադարձություններից, թեև եթե ուշադրությամբ խորամուխ լինենք նրա աշխատություններում, ապա կարելի է նկատել «Եվրասիական Բալկաններում» ԱՄՆ-ի նոր ռազմավարության կառուցման գործում Թուրքիայի տեղի ու դերի բացակայությունը։

Քաղաքագետին հաճախ հանդիմանում են, թե նա չի կարողացել կանխատեսել առանցքային շատ իրադարձություններ, բացի ԽՍՀՄ-ի փլուզումից, ինչի կասկածն ուներ անգամ խորհրդային մտավորականությունը, սակայն, հավանաբար, այդ կարգի քաղաքագետները հարկադրված են հրաժարվել հանճարեղ կանխատեսումների ճանաչված հեղինակ լինելու սնապարծությունից, քանի որ նրանց արտահայտած մտքերը կարող են նկատելիորեն սրբագրել միջազգային քաղաքականությունը։ Չնշելն ու չնկատելը ևս պրոֆեսիոնալ աշխատանք են։

«Ես սովոր եմ, որ իմ գործընկերները զրույցն սկսում են լարված, բայց խոսակցության վերջում նրանք անպայման ավելի մեծ ըմբռնում են հանդես բերում և իրենց ավելի անկաշկանդ են զգում։ Մտորելով տարածաշրջանի երկրների մասին, ես երբեք որևէ «թթու խոսք» թույլ չեմ տվել Հայաստանի հասցեին, և, իհարկե, ոչ այն պատճառով, որ իմ հեռավոր հայ նախնիները մի ժամանակ հասել են Լեհաստան, այլ այն, որ Հայաստանը կարող էր լինել ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերն ու բարեկամը»։

Ինչպես հայտնի է, ամեն լեգենդ նախապատմություն ու օրախնդրություն է պահանջում (գոնե մասնավոր զրույցներում), բայց պետք է խոստովանել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ «իրանական հեռանկարը» մեծ մասամբ բացատրվում է դեռևս 90-ական թվականների կեսերին սպասված` թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացմամբ և «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում լուրջ այլընտրանքի որոնմամբ։

Կասկած չկա, որ իրանական թեման հետաքրքրում է ոչ միայն ամերիկյան քաղաքագիտության երևելիին, այլև մի քանի ուրիշ ճանաչված քաղնախագծողների` կապված Ռուսաստանին առնչվող խնդիրների լուծման հարցի հետ, բայց հենց այս ուղղությունն էլ պայմանավորում է Թուրքիային փոխարինող գտնելու հնարավորությունների որոնումը` որպես տարածաշրջանում ռազմավարական դաշնակցի։

ԱՄՆ-ի առաջատար հետազոտական կենտրոնների ու հաստատությունների կայքերում հրապարակվող վերլուծական նյութերում վերջին ամիսներին նկատվում են շատ հետաքրքրական մտքեր, որոնք առաջին հայացքից կարող են որոշ շփոթվածության հետևանք թվալ։ Խոսքն այն մասին է, որ 2008 թ. ամռանը Հարավային Կովկասում տեղի ունեցած ռազմական բախումից հետո ԱՄՆ-ի ձեռք բերած «դրական հաշվեմնացորդի» հետ մեկտեղ, ինչն ամերիկացիներին հնարավորություն տվեց ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը շեղվել է իր գլխավոր աշխարհաքաղաքական խնդրից` Չինաստանին դիմակայելուց։

Այս միտքը ոչ այնքան համոզիչ, բայց, այնուամենայնիվ, անցնում է ամերիկյան մի շարք քաղաքագետների աշխատանքների միջով, այդ թվում` նրանց, ովքեր զբաղվում են Կովկասի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի խնդիրներով։ Եվ դա հասկանալի է, քանի որ Չինաստանի գծով ամերիկյան մասնագետները ներգրավված են ավելի նեղ խնդիրների լուծման մեջ և չունեն այն արտակարգ օժտվածությունն ու հոտառությունը, որ ներհատուկ է այդ տարածաշրջանների խնդիրներում մասնագիտացած վերլուծաբաններին։

Այսպիսով, բերվում է այն միտքը, թե ամերիկյան քաղաքականության մեջ նկատվում է հրապուրվածություն բավականին «շահեկան» թեմաներով, որպիսիք են Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը, ինչը շեղում է ԱՄՆ-ի ջանքերն ու ռեսուրսները, մինչդեռ աշխարհաքաղաքական այդ ուղղությունը, տևական հեռանկարի տեսակետից, սոսկ ստորադասված է գլխավոր նպատակին` Չինաստանին զսպելուն։

Այս կապակցությամբ կարելի է այն հետևությանը հանգել, որ Ներքին Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը կապված է ավելի լայնընդգրկուն խնդիրների հետ։ Սակայն նույնիսկ գերադաս դիրքերը Ներքին Եվրասիայում չեն կարող ապահովել պետությունների հուսալի ճակատի ստեղծում այդ խնդրի լուծման համար, և ամերիկացիները պետք է ռազմավարական դաշինք կնքեն Հնդկաստանի հետ` որպես գոյաբանորեն և գոյագիտորեն Չինաստանին դիմակա երկրի։ Ընդ որում, Հնդկաստանը, ամերիկյան նախագծողների հղացմամբ, ձգողության «բևեռ» պետք է դառնա Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածաշրջանների համար, որոնք Հարավային Ասիայի մեծ տերությանը պետք է տրամադրեն իրենց պաշարները։

2006 թ. Ջ. Բուշն ստորագրեց մի փաստաթուղթ, որը խնդիր էր առաջադրում կազմակերպել Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարների փոխադրումը Հնդկաստան։ Չնայած այդ փաստաթղթում ամբողջ Հարավային Ասիան, ներառյալ Պակիստանը, նշված էր որպես այդ պաշարների սպառող, բայց կասկածից վեր է, որ իսկական նպատակը Հնդկաստանի ուժեղացումն է և դեպի Չինաստան Կենտրոնական Ասիայի նավթի, գազի և մյուս հումքապաշարների վերակողմնորոշման կանխումը։ Առայժմ ԱՄՆ-ի այս ձեռնարկումը ոչ մի հաջողություն չի ունեցել, և Կենտրոնական Ասիայի ու Հնդկաստանի միջև, փաստորեն, բնական պաշարների փոխադրուղի գոյություն չունի։

Աֆղանստանը, որպես տարանցիկ երկիր, անմիտ երազանք է, իսկ Չինաստանը, ընդհակառակը, ակտիվորեն իրականացնում է նավթի ու գազի փոխադրումը, և դա շատ ձեռնտու է Ղազախստանին, Թուրքմենստանին և ՈՒզբեկստանին, որոնք իրենց էներգապաշարների արտահանման հուսալի, այլընտրանքային երթուղիների կարիք ունեն։ Արդեն այժմ էներգապաշարների այդ ներմուծումը նկատելիորեն փոխել է Չինաստանի արևմտյան նահանգների դեմքը։

Դա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին։ Հնարավոր է, ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ կտա, որ ոչ ավելի, քան 5-7 տարով Չինաստանը դառնա ավելի հզոր տերություն, բայց ապագայում ԱՄՆ-ը պետք է մշակի արդյունավետ տարածաշրջանային քաղաքականություն, որում Ռուսաստանի հետ կապված խնդիրները կդիտարկվեն որպես գլխավոր առաջադրանքի հավելված։

«Ծրագրի վերջում» Ջ. Բուշի վարչակազմը Հնդկաստանի հետ պայմանագիր է ստորագրում ատոմային էներգիայի օգտագործման և այլ խնդիրների շուրջ, ինչը, փաստորեն, հուսալի բազա է ապահովում ռազմավարական բնույթի ամերիկա-հնդկական դաշինքի ստեղծման համար։ Պետք է ասել, որ Ջ. Բուշի վարչակազմը մի քանի անգամ փորձեց Չինաստանի հետ ավելի վստահելի հարաբերություններ հաստատելու մոտեցումներ գտնել, բայց դրանք անհաջողության մատնվեցին։

Չինական արշավին և նրա հզորության աճին դիմակայելուն ԱՄՆ-ի անպատրաստության «դասական» օրինակ դարձավ Ռոբերտ Զոելիկի «ծրագրի» ձախողումը, որն ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ էր նշանակվել երկրորդ ժամկետով Ջ. Բուշի նախագահ վերընտրվելուց հետո։ Այդ նշանակումն անմիջականորեն կապված էր Չինաստանի առնչությամբ ծառացած խնդիրների լուծման հետ, և Ռոբերտ Զոելիկին այդ պաշտոնում հաջողվեց մնալ վեց ամսից ոչ ավելի։ Ռ. Զոելիկի հղացման հիմքում ընկած էին ոչ թե Չինաստանին դիմակայելու, այլ նրան համաշխարհային խնդիրների լուծման ոլորտ ներգրավելու մտադրությունները` ԱՄՆ-ի հետ առավելագույն համերաշխության պայմաններում։

Հավանաբար ԱՄՆ-ը վերջնականապես հրաժարվել է այդ ձեռնարկից և այն հետևությանն է հանգել, որ միայն ուժեղ ռազմաքաղաքական ու տնտեսական դիմակայությունը հնարավորություն կտա զսպելու Չինաստանին։ Այսինքն, շեշտը դրված է աշխարհատնտեսության վրա, և այդ նախագծին Իրանը կարող է նկատելի մասնակցություն ունենալ։

Իրանն ունի բնական գազի աշխարհի խոշորագույն պաշարները, որոնք այսօր աշխարհատնտեսական «հրատապ խաղի» առարկա են, թեև իրանական գազի օգտագործման խնդիրը վաղուց է քննարկվում համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպացիները հասկանում են, որ առանց իրանական գազի պաշարների իրենց չի հաջողվի հարկ եղածին պես բազմուղի դարձնել այդ վառելանյութի մատակարարումները և նվազեցնել կախումը Ռուսաստանից։ Ադրբեջանական գազը կարող է խաղալ սոսկ տեղային և սահմանափակ դեր։ Թուրքմենական գազը դեռևս մնում է կասկածելի տարբերակ, քանի որ դրա համար համառ պայքար է տեղի ունենում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։

Չնայած եվրոպացիներն առանց առանձնակի հաճույքի գազամուղ կկառուցեին Թուրքիայի տարածքով, նկատի ունենալով այդ երկրի հանդեպ, որպես գործընկերոջ, եղած անվստահությունը, բայց իրանական գազի ծավալները թույլ կտային նկատելիորեն մարել կասկածներն ու վտանգները։

Թուրքիայի համար «Նաբուկո» նախագծով գազամուղի կառուցումը և հատկապես իրանական գազի տարանցումը կնշանակեր ամուր կերպով ձեռքում պահել էներգապաշարների փոխադրման միջմայրցամաքային հանգույցի կարգավիճակը։ Թուրքիան հաճույքով կմասնակցեր Իրանի գազի արդյունահանմանը, և արդեն հայտարարել է այդ մտադրության մասին։ Բայց ԱՄՆ-ը կտրականապես դեմ է հանդես գալիս իրանական գազի արտահանմանը Եվրոպա և Իրանի մասնակցությանը «Նաբուկո» նախագծին։ Անտրամաբանական կլիներ կազմակերպել նավթի գնի աղետալի անկում և միաժամանակ Իրանի համար եկամուտներ ապահովել գազի արտահանումից։

Բայց հարց է առաջանում. արդի պայմաններում, երբ էներգետիկան հայտնվել է համաշխարհային քաղաքականության կիզակետում, Իրանի գազի պաշարները չեն կարող մնալ առանց պահանջարկի և չօգտագործվել երկար ժամանակ։ Իրավիճակը կստիպի լուծել այդ հարցը, և այն կլուծվի եթե ոչ ԱՄՆ-ի մասնակցությամբ, ապա այլ տերությունների։ ԱՄՆ-ի առջև ներկայում ծառացած են մի շարք խնդիրներ, այն է` թույլ չտալ, որ իրանական գազը գնա ոչ միայն Եվրոպա, այլև Ռուսաստան և Չինաստան։ ՈՒստի ԱՄՆ-ի նոր վարչակազմի առջև, այսպես թե այնպես, հարց է կանգնած` ո՞րն է չարիքների փոքրագույնը. թույլ տալ, որ գազը մատակարարվի Եվրոպա՞, թե՞ Չինաստան։ Այս կապակցությամբ էլ հրատապ կդառնան Զ. Բժեզինսկու գաղափարներն Իրանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Իրանը, որը ձգտում է առավելագույնս նվազեցնել կախումը նավթի արտահանումից, ջանում է նավթի արտահանումից ստացվելիք եկամուտները փոխարինել գազի արտահանումից ստացվող եկամտով։ ՈՒստի գազի թեման կարող է լավ հիմք դառնալ բանակցությունների և ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման համար։

Զ. Բժեզինսկին և նրա հետ համագործակցող վերլուծաբանները կարծում են, որ իրանական գազի փոխադրումը Եվրոպա վնաս չի պատճառի եվրոպական պետությունների էներգետիկ անվտանգությանը, և Իրանը չի կարող շանտաժել Եվրոպային, եթե այդ նախագիծը վերահսկի ԱՄՆ-ը։

Այս դասավորությունում և մտորումներում կա մի շատ խոցելի հանգամանք` Իրանի ու Ռուսաստանի միաբանության հնարավորությունը, երբ գազի շանտաժը կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների։ Այս վարկածն ամրապնդվում է նրանով, որ Ռուսաստանը, Իրանը և Քաթարը մտադիր են ստեղծել գազի OPEC և լրջորեն վերահսկել գազի շուկան ու գազափոխադրման նախագծերը։

Վերլուծելով ամերիկացի վերլուծաբանների վերջին ոչ ստվարաթիվ աշխատանքներն այդ թեմայով, կարելի է նկատել մի ինչ-որ «չինական արմատականություն». համաշխարհային նշանակության աշխարհատնտեսական նախագծերն ավելի ու ավելի են հարմարեցվում Չինաստանի շահերին ու ավելի շատ են հաշվի առնվում այդ տերությանն սպառնացող վտանգները։

Դրա հետ մեկտեղ, կա իրանական գազի առաքման երրորդ ուղղություն։ Դա Հնդկաստանն է, որը վաղուց ածխաջրածնային հումքի մեծագույն պակաս է զգում։ Փաստորեն, էներգետիկ գործոնը դարձել է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտ։

Այստեղ ծագում են հետևյալ հարցերը. որքա՞ն է ԱՄՆ-ը շահագրգռված եվրոպական պետությունների, մասնավորապես Գերմանիայի և Ֆրանսիայի, էներգետիկ հարցերի հաջող լուծմամբ, որքա՞ն է ԱՄՆ-ի համար ընդունելի էներգապաշարների տարանցումը Թուրքիայի տարածքով, որն ավելի ու ավելի է դառնում անվստահելի, ի՞նչն է ամերիկացիների համար ավելի կարևոր` Իրանի եկամուտների խոչընդոտո՞ւմը, թե՞ Հնդկաստանի հաջող զարգացումն ու Չինաստանի զարգացման զսպումը, կարո՞ղ է, արդյոք, դեպի Հնդկաստան իրանական գազի արտահանման կազմակերպումը հանգեցնել, այսպես կոչված, գազային OPEC-ի մասնակից երկրների պառակտման, եթե պարզվի, որ ընդհանուր շուկաներ դուրս գալու հարցերի քննարկման առարկա գոյություն չունի։

Ինչպես տեսնում ենք, երկիմաստ իրավիճակ է առաջանում, ուր չի կարող իր շահերը չունենալ Մեծ Բրիտանիան։ Եթե հարցնելու լինենք, օրինակ, «Բրիթիշ պետրոլեում» ընկերության վերլուծական խորհրդի փորձագետներին, ապա անկախ պատասխանից կարելի կլինի գուշակել, որ Մեծ Բրիտանիան ամենևին էլ շահագրգիռ չէ իրանական գազի արտահանմամբ ոչ Եվրոպա, ոչ էլ Չինաստան։ Բայց բրիտանացիներին առանձնապես անհանգստացնում է իրանական գազը Ռուսաստանի գազամուղ համակարգով դեպի Եվրոպա արտահանման հարցը։ Դա էական հարված կլիներ Եվրասիայում և Մերձավոր Արևելքում Մեծ Բրիտանիայի ոչ միայն էներգետիկ, այլև ամբողջ քաղաքականությանը։ Ինչ վերաբերում է իրանական գազը Հնդկաստան առաքելուն, ապա Մեծ Բրիտանիան քիչ հնարավորություններ չունի իր հսկողության տակ առնելու այդ նախագիծը։

Այսպիսով, Զ. Բժեզինսկու «իրանական ծրագիրը» միանգամայն այլ ընդգրկում է ստանում, և Իրանը որպես Ռուսաստանին դիմակայության գործիք օգտագործելու խնդիրը դառնում է մի հատվածը ավելի ընդարձակ ծրագրի, որի նպատակը, վերջին հաշվով, Չինաստանին զսպելն է։

Իհարկե, այդ դեպքում Հայաստանը կզրկվի իրանական գազն իր տարածքով դեպի Եվրոպա կամ Ռուսաստան տարանցելու որևէ հույսից, թեև գազի պաշարներն Իրանում այնքան հսկայական են, որ կարող են փոխադրման առնվազն երկու ռազմավարական ուղղություն ապահովել անհրաժեշտ քանակությամբ հումքով։
Իգոր Մուրադյան

Արթուր Արմին. //       ԱՆՐԱԴԱՐՁ Ի. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

իմֆորմացիան՝ աշխարհաքաղաքական շահերի ներկայացումն այստեղ ճիշտ է, Բժեժինսկին, համաշխարհային անգլո-ամերիկյան գլոբալիստների խմբի ստրատեգն է:
Վերադառնալով աշխարհա-տնտեսական քաղաքականությանը, Իգոր Մուրադյանը Հայաստանի համար ձեռնտու համաշխարհային տարբերակ, որ բոլորին ձեռք տա եւ հնարավոր լինի՝ չի առաջարկում: Տեսական ենթադրությունը կարող է ձեզ հուշել, որ եթե ԱՄՆ-ը Իրանի հետ ռազմավարական պակտ կազմի, ապա Կովկասի դրությունը լիովին փոխվում է, եւ Ռուսական գերակայությունը նվազում է, իսկ Հայկական գործոնը՝ ավելանում է: Իրանը, պատկերացրեք, որ միջուկային զենք ունի արդեն, եւ ԱՄՆ-ը ստիպված նրան առաջարկում է՝ Եվրոպական եւ Հնդկաստանի շուկան Իրանական գազի համար, բայց ռազմավարական ընկերներ դառնալու պայմանով: Եվ սա հնարավոր է: Այս դեպքում, Կովկասյան տարածաշրջանում իսկապես կփոխվեն հիմնական երաժշտություն պատվիրողները: ԱՄՆ-ը եւ Իրանը, ի տարբերություն՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի կմտնեն խաղի մեջ: Հնարավո՞ր է այս տարբերակը: Այո՛: Ոչ Իրանն է շատ հեռու միջուկային զենք ունենալուց, ոչ էլ քաղաքականության մեջ կան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ:
Արթուր Արմին



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Mar 30, 2011 2:36