ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, January 3, 2010 1:12 - չքննարկված

ԹՈՒՐԳՈՒԹ 0ԶԱԼ.«Հայերի ցեղասպանության հարցը նեղացնում է մեր սրտերը…»:

Մի առիթով Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալն ասել է. «Հայերի ցեղասպանության հարցը նեղացնում է մեր սրտերը: Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունել այն պետական մակարդակով և մեկընդմիշտ վերջ դնել բոլոր հարցերին»: Այս արտասովոր քաղաքական գործիչը ժամանակ առ ժամանակ իսկապես դիմում էր սենսացիոն հայտնությունների, ինչով էլ մշտական լարվածության մեջ էր պահում թուրքական քաղաքական վերնախավի կուռ շարքերը: Մի անգամ նա հրապարակավ անխոհեմ համարեց պաշտոնական Բաքվի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման պահանջին. «Մեր եղբայրների բարի վարմունքը, այն է` այդ պահաջը բավարարելը, հսկայական ողբերգությամբ կընդունվեր հայերի կողմից, իսկ 20 տարի անց արդեն ամբողջ Հայաստանը կվերածվեր թյուրքական պետության»: Նախագահը նկատի ուներ ոչ միայն Հայաստանի ադրբեջանցի բնակչության ավելի բարձր աճը, այլև հայերի ձուլումը թյուրքական միջավայրում` սահմանների թափանցիկության պայմաններում:
Ինչևէ, սակայն հենց 1991թ., նյույորքյան «Մեդիսոն» հյուրանոցում կայացած ընդունելության ընթացքում, որին նաև լրագրողներ էին մասնակցում, Թուրգութ Օզալն առաջին անգամ հայտարարեց. «Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունենք Հայոց ցեղասպանությունը և ազատվենք գլխացավից»: Նախագահի այս նախադասությունը հրապարակայնացրեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նյուհզեթ Քանդեմիրը, այն լայնորեն լուսաբանվեց թուրքական թերթերի էջերում: Մի փոքր ավելի ուշ Ստամբուլի «Մարմարան»մեջբերում կատարեց հենց Քանդեմիրից. «Թուրգութ Օզալը սիրում էր երբեմն յուրատեսակ մտքեր արտահայտել` բանավեճ մեջտեղ բերելու համար: Հայերի ցեղասպանության հարցը նման գաղափար էր: Ավելի ուշ մենք խոսեցինք նախագահի հետ և համոզեցինք նրան հրաժարվել դրանից»: Այնինչ, Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը Թուրքիայի այն ժամանակվա նախագահին (վախճանվել է 1993թ.) քաղաքական ձեռնարկ էր թվում, որը ոչնչի չէր պարտավորեցնում, բայց փոխարենը երկիրն ազատում էր հայկական լոբբիի կոշտ ճնշումից:
1983թ. հոկտեմբերի 18-ին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Սպիտակ տանը կազմակերպված հանդիպմանն են հրավիրվել ԱՄՆ էթնիկ համայնքների ռադիոկայանների և թերթերի խմագիրները: Հայկական թերթերից հանդիպմանը ներկայացված էին «Միրոր սփեքթեյթըր»-ը, «Հայրենիք»-ը, «Արմինիըն օբզերվըր»-ը և «Նոր կյանք»-ը: Ներկաների առջև ելույթ ունեցան Սպիտակ տան և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույնպես պատասխանեց ներկաների մի քանի հարցերի: Լոս Անջելեսի «Արմինիըն օբզերվըր» թերթի խմբագիր Օշին Քեշիշյանը հարց տվեց 1915թ. հայերի ցեղասպանության նկատմամբ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշման մասին (արդեն երկու տարի անցել էր Ռեյգանի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, սակայն հակառակ իր խոստումներին` պաշտոնական Վաշինգտոնի ղեկավարը մտադիր չէր ճանաչել և դատապարտել այդ հանցագործությունը): Պատասխանելով խմբագրի հարցին` նախագահը նշեց. «Ես ստիպված եմ հավատալ, որ այսօր գրեթե ոչ ոք չի մնացել, ովքեր ապրել են այդ սարսափելի ժամանակներում»: Բնականաբար, Ռոնալդ Ռեյգանի պատասխանը չբավարարեց Քեշիշյանին, և նա նրան նամակ ուղարկեց` պահանջելով ավելի հստակ ներկայացնել ԱՄՆ դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ:
Ի՞նչ նկատի ունեին, սակայն, Ռեյգանը և Օզալը: Ակնհայտ է, որ այդ երկու դիրքորոշումների միջև որոշակի կապ գոյություն ունի:
1968թ. նոյեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան կոնվենցիա ընդունեց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1970թ. նոյեմբերի 11-ին: Փաստաթուղթը պարզունակ է: Մասնավորապես, հոդ.1-ում ասվում է, որ վաղեմության ոչ մի ժամկետ չի գործում այնպիսի հանցագործությունների դեպքում, ինչպիսին է, օրինակ, ցեղասպանությունը: Հետաքրքիր է այլ բան. կոնվենցիայի ոչ մի հոդվածում, դրանք ընդամենը 11-ն են, ոչ մի խոսք չկա  հանցագործության մեջ այս կամ այն մեղավորի պատասխանատվության մասին: Պատկերավոր ասած` այս փաստաթուղթը կոչված է հաստատելու մի ինչ-որ միանգամայն ամորֆ բան:
1973թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև (թիվ 3074), որը, հավանաբար, կոչված էր լրացնելու այդ ակնառու բացը: Բանաձևը երկար անվանում ուներ. «Միջազգային համագործակցության սկզբունքները ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու, կալանավորելու, հանձնելու և պատժելու վերաբերյալ»: Համենայնդեպս, ինչ-որ որոշակիություն այս փաստաթղթում արդեն կար. «Ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, որտեղ էլ դրանք կատարված լինեն, ենթակա են հետաքննության, իսկ անձինք, որոնց վերաբերյալ կան նման հանցագործություններ կատարելու ապացույցներ, ենթակա են հետախուզման, կալանման, դատական պատասխանատվություն կրելու և մեղավոր ճանաչվելու դեպքում` պատժվելու» (3074 բանաձևի առաջին կետ):
Մեջբերված նախադասության (որը, նշենք, սույն բանաձևի մեխն է) բովանդակությունը, հավանաբար պետք է մեկնաբանել ոչ այլ կերպ, քան հետևյալ և նույնպես խիստ անորոշ ձևով. եթե անմիջական մեղավորները ֆիզիկապես այլևս գոյություն չունեն, սակայն առկա են բոլոր հետևանքները` և’ քաղաքական, և’ ազգային, և’ տարածքային, և’ ժողովրդագրական և այլն, ապա դատավարության ենթակայի չլինելու պատճառով գործը պարզապես կարելի է դադարեցնել: Հենց այս համատեքստում էլ հարկ է մեկնաբանել նախագահ Ռոնալդ Ռեյգանի` լրագրող Օ. Քեշիշյանին տված վերոնշյալ պատասխանի իմաստը («ես ստիպված եմ հավատալ, որ այսօր գրեթե ոչ ոք չի մնացել, ովքեր ապրել են այդ սարսափելի ժամանակներում»):
1948թ. կոնվենցիան, որի մասին այսօր հաճախ է խոսվում, Աստված գիտի, թե ինչ է: 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած և 1961թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած կոնվենցիան ավելի շատ հեռանկարային, քան հետահայաց-պատժիչ բնույթ ունի: Այն գլխավորապես ուղղված է ապագայում մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների կանխմանը, այլ խոսքերով` ա. ցեղասպանությունները, բ. ցեղասպանության իրականացման նպատակով դավադրությունները, գ. ցեղասպանություն իրականացնելու ուղղակի և հրապարակային սադրանքները, դ. ցեղասպանության իրականացման հանցափորձը, ե. ցեղասպանության հանցակցությունը սաղմնային վիճակում մեռցնելը («Կոնվենցիա ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա կատարման համար պատժվելու մասին», հոդ. 3):
Ցեղասպանության հանցագործություն կատարելու պատասխանատվության վերաբերյալ խոսվում է կոնվենցիայի 19 հոդվածներից 4-ում: Նշենք, որ խոսքը կրկին անձանց մասին է. «Ցեղասպանություն իրականացրած անձինք ենթակա են պատժի, անկախ նրանից` պատասխանատու, թե մասնավոր անձինք են» (հոդ. 4), «Ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրվող անձինք պետք է դատվեն այն պետության իրավազոր դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ չարագործությունը, կամ միջազգային այնպիսի քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն կոնվենցիայի կողմերի նկատմամբ, որոնք ընդունել են նման դատարանի իրավազորությունը» (հոդ. 6), «Մեղավորներին հանձնելու առնչությամբ` ցեղասպանությունը և հոդ. 3-ում թվարկված մյուս չարագործությունները քաղաքական հանցագործություն չեն համարվում» (հոդ. 7):
Ցեղասպանություն կատարած առանձին պետության (և ոչ թե առանձին անձի կամ անձանց խմբի) պատասխանատվության մասին անուղղակիորեն խոսվում է նշյալ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածում (9): Հենց այդ հոդվածից էլ պետք է ենթադրել, կառչել է պաշտոնական Անկարան: Իրադարձությունների զարգացումից կախված` սույն հոդվածի շրջանակներում հնարավոր է դառնում մոտակա հեռանկարի ուրվագծումը: Ամենայն հավանականությամբ, թուրք-հայկական հաշտության տխրահռչակ հանձնաժողովի կայացումը հիմքի մեջ հենվում էր 1948թ. ՄԱԿ կոնվենցիայի հոդ. 9-ի վրա. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը սույն կոնվենցիայի մեկնաբանման կամ կատարման հարցով, ներառյալ ցեղասպանություն կատարած այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի ցանկացած կողմի պահանջով»:
Միջազգային իրավունքի տարեգրքերում որևէ այլ նախադասություն չկա, որն այս կամ այն կերպ նախատեսում է հենց պետական և ոչ թե անձնական պատասխանատվություն ցեղասպանության իրականացման համար: Այս հանգամանքը նկատի ուներ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որը մի առիթով նշել է. «Հայերի ցեղասպանության հարցը նեղացնում է մեր սրտերը: Ավելի լավ չի՞ լինի արդյոք ընդունել այն պետական մակարդակով և մեկընդմիշտ վերջ դնել բոլոր հարցերին»:

DAVTYAN



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ