Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 15, 2009 22:26 - 2 քննարկում

Հարկավոր է միայն շատ սիրել Հայրենիքը….

Հարգելի Պրն Քիրեմիդջյան,
Գիտակցելով, որ ՀՀ ներկա կառավարությունը բացարձակ ապազգային է և հլու հնազանդը միջազգային մաֆիոզների, միևնույն ժամանակ կուզենայի այնուամենայնիվ այս ներքևում բերված նոր մոտեցումները տնտեսությունը կազմակերպելու մասին քննարկման առարկա դառնար ձեր հաղորդման մեծ լսարանի կողմից (եթե, իհարկե հարկ կհամարեք): Քանի որ ստեղծված կացությունից կարելի է դուրս գալ միայն ոչ ստանդարտ լուծումներ առաջարկելով հասարակությանը: Նոր մտքերը, խմորվելով հասարակության մեջ, կհարստացնեն այն,  կառաջացնեն նոր հույսեր ապագայի նկատմամբ: Որպեսզի շատ բառախաղով չտարվեմ ներքո շարադրվածը կգրեմ պոստուլատների ձևով կաշխատեմ չօգտագործել ոչ մի ավելորդ բառ, որպեսզի խնայեմ ձեր և բոլորի ժամանակը: (Նախորոք ներեղություն եմ խնդրում հայերենիս նկատվող թերությունների համար)
Նպատակ`
1.    Պահպանել հասարակության ազգային նկարագիրը, այսպիսով ապահովել  ազգային ինքնատիպ տեսակը և մշակութային ժառանգականության շարունակականությունը և ընտանեկան արժեքների հավատարմությունը:
2.    Բարեփոխել, ձևափոխել կամ ստեղծել այնպիսի կեցության կացութաձև, որը կապահովի ազգային համախառն արդյունքի համաչափ և արդար վերաբաշխում
Արձանագրելով ներկա տնտեսա-քաղաքական իրավիճակը պետք է փաստել`
ա.  Հայաստանը գտնվում է տնտեսական օկուպացիայի մեջ, որը արտահայտվում է տնտեսության 100% -ց դոլլարիզացիայով,
բ. Կոռուպցիան արմատացվել է  այնքան, որ դարձել է տնտեսական նորմ իր բոլոր կործանիչ հետևանքներով,
գ. Համախառն ազգային արդյունքի վերաբաշխումը հասարակության մեջ բացարձակ անհամաչափ է ու անարդար, որը արդյունքն է հարկահավաքման կոռումպացված ձևի
ե. Ազգային արժույթի` դրամի, նկատմամբ հասարակության վստահությունը շատ ցածր է, որը արդյունքն է բացարձակ սխալ և օտարածին դրամային (մոնետար) քաղաքականության
զ. Խորհրդային պետության համատարած պետական կամ հանրային սեփականությանը փոխարինած մեկ այլ ծայրահեղ մոդելը` համատարած սեփականության մասնավորեցումը, սպառնում մեր ազգային անվտանգությանը:
Միևնույն ժամանակ պետք է հաշվի նստել հետևյալ իրողությունների հետ`  առաջինը Հայաստանը ստանձնել է մի շարք միջազգային պարտականություններ, գլոբալիզացիայով պայմանավորված և  պետք է գիտակցել, որ այդ գործընթացին հակադրվելը մեր ուժերից վեր է: Երկրորդը` համաշխարհային պատմությունը և, մասնավորապես, մեր պատմությունն նույնպես ցույց տվեց, որ  հեղափոխությունը, որպես նպատակին հասնելու միջոց կործանիչ հետևանքներ է ունենում, քանի որ պարարտ հող է ստեղծում տարբեր հոգեկան անհավասարակշիռ մարդկանց  իշխանության տիրանալու համար: Եվ երրորդ ներկա իրավիճակից կարելի է դուրս գալ միայն նոր մոտեցումներ որոնելով թե կառավարման, թե մակրո տնտեսական համակարգերում: Չորրորդ` պետք է հաշտվել այն իրողության հետ,  որ ներկա կառավարությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար «իր հոգին ծախել է սատանային»` ի դեմս միջազգային արժույթի հիմնադրամի և միջազգային բանկի և այլ «սատանայածին» միջազգային հաստատությունների, և անհնար է, որ նա այս տեսակ  վաշխառու մտածելակերպով համազգային հարցեր լուծի :
Գիտակցելով այս ամենը, միևնույնն է,  հանրությունը չպետք է դադարի նոր մտքեր և մոտեցումներ որոնել և դարձնել այն հասարակության քննարկման առարկան, այսպիսով հնարավորություն կստեղծվի նոր մտքերի աստիճանաբար խմորումը հասարակության գիտակցությունում, որը հիմք կստեղծի ապագա սահուն ու անցավ բարեփոխումներ:
Իմ առաջարկությունս վերաբերվելու է մակրոտնտեսության հիմնական գործիք հանդիսացող դրամային կամ մոնետար քաղաքականությանը`
1.Ազգային դրամի փոխակերպման արժեքը պետք է լինի կայուն սպառողական զամբյուղի նկատմամբ (այն առաջնային ապրանքատեսակները, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու կենսական գոյությունը ապահովելու համար), այսինքն օրինակ 1000 դրամի ես պետք է կարողանամ նույն քանակության սպառողական զամբյուղից ապրանք առնեմ նաև հաջորդ տարի և 5-10 տարի հետո: Չեմ տեսնում ոչ մի դժվարություն դրա հաշվարկային արժեքը հաշվելու համար: Միայն դրա արդյունքում ազգային դրամը կարող է դառնալ ավելի գրավիչ, որպեսզի խնայողության միջոց քան այլ տարադրամն:
2. Ազգային դրամի փոխանակման արժեքը այլ տարադրամների նկատմամբ որոշվում է կառավարության և կենտրոնական բանկի համատեղ նիստում և ոչ թե ազատ շուկայական կանոններով (քանի որ դա իրական վտանգ է ստեղծում ազգային անվտանգությանը) հիմնվելով նախօրոք մշակված ռազմավարությունից:
3. Խստիվ արգելվելու է այլ տարադրամների կանխիկ շրջանառությունը ՀՀ տարածքում: Դա չի արգելելու տարադրամային հաշիվ ունենալ բանկում: Իսկ այն մարդկանց համար ովքեր գալիս են արտասահմանից`կլինեն դրանք ՀՀ քաղաքացիներ թե օտարերկրացիներ, կառաջարկվի մաքսատան մուտքի մոտ անմիջապես փոխանակել ՀՀ ազգային դրամի կամ ի պահ դնել անմիջապես բացված անհատական հաշվեհամարում, այսպիսով զբոսաշրջիկները կկարողանա օգտագործել իրենց փողերը փոխակերպված ՀՀ դրամի, իսկ ՀՀ քաղաքացիները կարող են պահել իրենց կանխիկ տարադրամը, կամ փոխանակելով ՀՀ դրամի, կամ ունենալ սեփական տարադրամային անկանխիկ հաշվեհամար: Ներկա տեխնոլոգիաների առկայության պայմաններում սա իրականացնելը լրիվ հնարավոր է, այսինքն կարելի է ապահովել համապատասխան սարքավորումներով մաքսատներին այսպիսով կանխարգելել ցանկացած ապօրինի տարադրամների մուտքը ՀՀ տարածք:
4. Օրենք է ընդունվում համաձայն, որի ՀՀ ազգային դրամը ամեն տարվա որոշակի ժամանակահատվածում պետք է տեղի  ունենում դրամափոխանակման միջոցառում, այսինքն կանխիկ դրամի տեսքը կամ գույնը ամեն տարի փոխվում է` օրինակ կարելի է հայտարարել, որ դեկտեմբերի 1 մինչև 31 կատարվում է փոխանակման միջոցառում, և հին կանխիկ դրամները չեն գործում ամեն տարվա հունվարի մեկից(անկանխիկ դրամը, իհարկե ոչ մի փոփոխության չի ենթարկվում): Միայն այս միջոցառման արդյունքում իսպառ կվերանա տնտեսության ստվերային մասը, կարելի է վստահաբար ենթադրել, որ կոռուպցիան համարյա իսպառ կվերանա քանի որ բոլորի եկամուտները 100 տոկոսով հաշվարկվելի կլինի: Այս միջոցառումը հրաշալի 100 տոկոսանոց տնտեսության վիճակագրության արդյունք կապահովի, հարկեր թաքցնելը անհնար կլինի:
5. Պետությունը փոխանակ կատարի տնտեսության ոստիկանի դեր` այսինքն մենակ հարկեր հավաքի,  պետք է նորից վերադառնա ակտիվ տնտեսության մեջ, որպեսզ ակտիվ տնտեսվարող: Առաջին հերթին պետությունը իր ձեռքը պետք է վերցնի հիմնական գնագոյացնող ապրանքների ներկրումն դեպի ՀՀ` օրինակ վառելիք, ցորեն և այլ: Երկրի ներսում`ոսկու, մոլիբդենի, պղինձի, ապագայում սպասվող ուրանի և այլ հումքային ապրանքների արդյունահանումը և հետագա վաճառքի վերահսկիչ փաթեթը պետք է գտնվի պետության ձեռքին: Այսպիսով տնտեսության դաշտը կարելի է կանխատեսելի դարձնել տնտեսվարողների համար ամբողջ տնտեսական տարվա համար, իսկ եթե գների փոփոխություն է պետք կատարել նշված ապրանքատեսակների նկատմամբ, դա պետք է հայտարարվի նախօրոք հաջորդ տնտեսական տարվանից մի երկու-երեք ամիս  առաջ: Երկրորդը պետությունը ակտիվորեն մասնակցում է աշխատատեղեր  ստեղծելու գործին, իհարկե նախօրոք մշակված ռազմավարական ծրագրերի հիման վրա: Եվ, որպեսզի ժողովրդի շահագրգռվածությունը մեծ լինի, այդ նոր աշխատատեղերը կարելի է ստեղծել բաժնետիրական ընկերությունների տեսքով, որի համամասնությունը կարելի է բաժանել հետևյալ սկզբունքով` նոր հիմնադրվող ընկերությունում պետության բաժնեմասը կլինի 90%, իսկ  տեղի համայնքինը 10% , հետագա զարգացման արդյունքում այդ համամասնությունը կարող է փոխվել կամաց-կամաց ընդհուպ մինչև 10% պետություն 90% տեղի համայնք համամասնությամբ, բայց ոչ երբեք 100% համայնքին սկզբունքով, այսպիսով պետությունը միշտ համ կվերահսկի համ էլ շահագրգիռ կլինի ընկերության հաջողությունով:
6. Տնտեսության վարկավորումը տեղի է ունենում մեկ կենտրոնից` օրինակ հանրային բանկից: Վարկավորումը տեղի է ունենում 0 տոկոսով: Վարկային  ռեսուրսների քանակը հստակեցվում է բյուջեով, տվյալ տնտեսական տարվա համար: Վարկավորման են ենթակա միայն կոնկրետ բիզնես ծրագրեր կամ բնակչության կոնկրետ սպառողական պահանջներ:
Այս միջոցառումների արդյունքում պետությունը կունենա կայուն դրամական միավոր, քանի որ վարկավորումը անտոկոս է (հիմնական ինֆլյացիոն աղբյուրը) և պետությունը մենատերն է հիմնական գնագոյացնող ապրանքների, ապա գները կլինեն կայուն և 100%վերահսկելի: Կոռուպցիան և կաշառակերությունը կվերանա: Այն տնտեսվարողները, որոնք արտահանման վրա են հիմնված իրենց ամբողջ գործարքները ազատ կարող են անել տարադրամային անկանխիկ  հաշվառումներով: Այն տնտեսվարողները, որոնք տարադրամային վարկեր կուզենան հանրային բանկը իրենց բիզնես ծրագրերից ելնելով կարող է վարկավորի այն: Բայց ամենակարևորը այս փոփոխությունների արդյունքում մեծ վերելք կապրի տեղական արտադրությունը: Այն մտավախությունը, որ մարդիկ կարող է իրենց խնայողությունները պահեն տարադրամային հաշիվներով չի լինի քանի որ ազգային դրամը կլինի կայուն և ավելի  գրավիչ բնակչության համար: Սա, իհարկե կարելի է ավելի մանրամասնել ընդգրկելով տնտեսության բոլոր շերտերը, որոնք կբարելավեն այս ամենամյա կանխիկ դրամափոխության արդյունքում:
Հարգանքներով`
Արմեն Սարգսյան,
Գլենդել



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Dec 16, 2009 20:47