Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 15, 2011 3:36 - 2 քննարկում

Հեռուստաարկղ, թե՞ աղբարկղ…

«Եթե ուզում ես նվաճել մի պետություն, այլասերիր այն» (այլասերող ֆրանսիացի արքայի մտքերից…)

Հանգստյան օր է… Գերհոգնած շաբաթից հետո, երբ արդեն ընթերցանությանդ հագուրդը բավարարել ես, որոշում ես մի քիչ էլ ցրվել հեռուստացույց դիտելով, ու եթե ընտրությունդ մեծ չէ (հերթական անգամ գրպանիդ պարունակությունն է որոշողը. գումար չունես «սպուտնիկ» կոչվածի համար), ուրեմն պատրաստ եղիր տեսնելու քաոս:

Ինչ-որ անհասկանալի լայն արտաքինով ու իր հաղորդմանը չհամապատասխանող լուրջ դեմքով մի աղջիկ, նիհար, իր ֆոնին հազիվ երևացող տղայի հետ, եթերը լցնում է դատարկ զրույցներով՝ սոցիալական սայթերի և զանազան-զարմանազան երկրորդական բնույթի առկա նորությունների մասին. միայն ապշել կարելի է, և ո՞ր պետությունն է նման շռայլություն թույլ տալիս: Պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հատուկ օրերի՞ են սպասում, որ ազգիս մեծերի մասին հաղորդումներ ցուցադրեն:

Բայց դա դեռ ոչինչ. նյարդային ցնցման մեջ կընկնեին մեր պապերը, եթե տեսնեին իրական շոու կոչված, այլասերվածություն սերմանող, մի քանի բարոյալքվածների խաղը, գուրգուրանքը, անկողնային տեսարանները…

Իսկ իմ նյարդերն ամուր են. իմունիտետի համար ես ամեն օր քիչ-քիչ ստանում եմ այս աղբը փողոցում, համալսարանում. տեսում եմ տղաների, որսի դուրս եկած թվացյալ համեստ աղջիկների` հայուհիների҄, դատարկապորտ ու դատարկախոս տղաների, որ լավագույն դեպքում ինտերնետում չաթ են անում «համեստ» հայուհիների հետ…

Հաջորդ աղբարկղը լրագրական կանոններից հեռու «Բարիլույս»-երն են, հաղորդաշարեր, որոնք տարբեր աղբարկղերում, տարբեր անտաղանդության աստիճան ունեցող մարդիկ են վարում, ու հասկանում ես, որ բարի լույսդ հարամվում է, լույսդ խավարում է: Տեսնում ես բազմոցին մեղկությամբ գահած մի անբարո «գրող» ու ցավի, որ, հոգեկան ոլորտում առկա իր խնդիրները լուծելու փոխարեն, մարդկանց խորհուրդներ է տալիս: Իմաստակներն այսօր իմաստուն են թվում, ու չկա անդերսենյան մանուկը, որ գոռա. «ԹԱԳԱՎՈՐԸ մե՜րկ է…»

Որքան կուզեի չշարունակել իմ հին մտահոգությունը…. բայց….

Դե ե’կ, Վարդապետ, ու մի խենթանա…

«Արմենիա» սրբազան անվանը հակադարձ համեմատական այլասերող էությամբ մի հեռուստաալիք այսօր talkshow հորջորջվող մի ապուշություն է հեռարձակում, մի անհաջող պատճեն ռուսական «Դետեկտոր…» կոչվածի: Այս մտահղացումը հեղինակած «գլուխը», նույնիսկ կրեատիվա է ցուցաբերել ու հավելել անվտանգության աշխատակիցների ներկայությունը հաղորդման մեջ:

Եվ ի՞նչ է քարոզում այս «Սուտն ու ճիշտը». սեռական հարաբերությունների բաց քննարկում, որ վաղուց է քարոզվում ազգակործան ու բարոյազրկող կենտրոնների կողմից… Անհեթեթ հայացքով հաղորդավարն էլ ինքնագոհ դերասանությամբ քարոզում է էշությունը` ինքն էլ չիմանալով կամ գուցե լավ իմանալով, թե ինչքան է նպաստում իր ազգի բարոյալքմանը, ինչ ջուր է լցնում աշխարհը կառավարող խելքակենտրոն կառույցների ջրաղացին…

Սա դեռ բավական չէր, մի խամաճիկ էլ մեկ ուրիշ այլասերող ալիքով քարոզում է ընտանիք գաղափարի կործանումը` իր «կիսաբաց պատուհաններով», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսական մեկ այլ էշության պատճեն…

շարունակելի….

Բավակա’ն է կապկեք, այն էլ …

Հ.Գ. Սրա հետևանքով է, որ այսօր մեր աղջիկները փնտրում են ոչ թե ավանդապահ ամուսիններ, այլ հարուստ սիրեկաններ, հագնում են միթիզանոց շրջազգեստներ ու լուրջ դեմքով դուրս գալիս տղաների որսի…

Զարուհի Դիլանյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Feb 15, 2011 11:05