ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, August 6, 2011 18:24 - չքննարկված

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. -Մարե՞լ, թե վերածվել ազգային շարժման ու վերազարթոնքի:

ՆԿԱՐՈՒՄ. Օջալանը օդանավի մեջ է: Նա ՄՕՍԱԴ-ի օգնությամբ օտար երկրում   առևանգվում է Թուրքիա, որտեղ նրան սպասում է ցմահ բանտարկություն:

Հայ էթնոկրոնական տարրը Արևմտյան Հայաստանում

 

Թուրքիայի հայությունը կենցաղահասարակական ներքին հարաբերությունների տեսանկյունից և ուծացման ենթարկվելու իմաստով մեծապես այլատարր է և ներկայանում է դիմագծային տարբեր տիպերով:

Թուրքիայի Հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանը 1980թ., Երուսաղեմում, բանախոսության մեջ հետևյալն է ասում գավառահայության մասին. «Ձեզ կներկայացնեմ գավառահայության չորս խավերը, ինչպես որ տեսել եմ նրանց.

ա -Հայեր, որոնք գիտակցաբար և կամավոր կերպով իսլամացել են, խզվել են հայությունից և ապրում են թուրքերի մեջ: Սրանք են, որ մինչև միլիոնի հասնում են իրենց թվով:

բ -Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են և քրդական աշիրեթական ձևերով ապրում են մեկուսի և չեն խառնվում:

գ -Կամա թե ակամա իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են և Պոլիս հաստատվելուն պես` դատարանի միջոցով իրենց անձնագրի վրայի «իսլամ» գրությունը «էրմենի»-ով են փոխարինում:

դ -Բուն գավառահայերը, որ պատիվ իրենց` հակառակ բոլոր զգալի և անզգալի դժվարություններին` հայ են մնացել, և այսօր Ստամբուլի հայության մեծագույն մասը նրանցից է բաղկանում»:

Թեև Շնորհք պատրիարքի այս տեղեկատվության համաձայն` ներկայիս կացությունը փոխված կարելի է համարել, այնուամենայնիվ, դա բավարար հիմք է հանդիսանում «Անատոլիայի» հայությունը տիպաբանական իմաստով բաժանել երեք էթնոկրոնական տեսակների:

«Պաշտոնական» հայություն

Այս տեսակը Հայ Առաքելական, Կաթողիկե կամ Ավետարանական եկեղեցիներին կապվող համայնքների տեսքով գոյատևել է զանազան նահանգներում և ավաններում: «Պաշտոնական» հայության կապը Կ.Պոլսի կազմակերպված համայնքի հետ քիչ թե շատ պահպանվել է մանավանդ պատմական Կիլիկիայում:

Հայության մյուս տեսակների համեմատությամբ` «պաշտոնական» հայության ներկա վիճակի մասին առավել շատ տեղեկություններ կան: Որոշ բացառությամբ նրա վիճակը այսօր ևս շարունակում է մնալ անմխիթար: «Թայմզ» օրաթերթը 1994թ. տվեց այն բանի ազդանշանը, որ Թուրքիայի դեմ մի նոր արշավ պիտի բացվի` քրիստոնյաների վրա ծանր ճնշումների առկայության հետ կապված: «Թայմզի» լուրը, մասնավորաբար, գրի է առնվել Թուրքիայի արևելյան նահանգներում ապրող քրիստոնյաների առնչությամբ:

1995թ. հրատարակված «Հայերն աշխարհում» համառոտ հանրագիտարանը «պաշտոնական» հայության թվաքանակը գնահատում է մոտ 10 հազար:

«Իսլամացած» հայություն

Այս տեսակը հիմնականում բաղկացած է պոնտահայ և համշենահայ, մանր ու խոշոր տոհմական խմբերից, որոնք իսլամացել են 17-18-րդ դդ. և բնակվում են սևծովյան ափերիզում, պատմական Ջանիկից (Սամսունից) մինչև հայ-վրացական սահմանները երկարող տարածքներում: «Իսլամացած» տիպն իր համեմատական լայն շրջագծում պարունակում է այստեղ նաև «կես-կես» և «հայ-լազ» կոչված խմբերին:

Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների լեզվաբանական շրջանակներում համբավ ունեցող Բերտ Վաուքսը համշենահայությունը հիմնականում բաժանում է երեք խմբի.

ա. արևմտյան համշենահայություն. Օրդուում, Տրապիզոնում և Ռիզեում ցրված, թուրքախոս և իսլամին հարած,

բ. արևելյան համշենահայություն. առավելաբար Արդվինում բնակվող, համշենահայ բարբառով խոսող և իսլամին հարած,

գ. հյուսիսային համշենահայություն. Վրաստանում և Ռուսաստանում բնակվող, համշենահայ բարբառով խոսող և քրիստոնյա:

Իսլամացած և Թուրքիայում բնակվող առաջին երկու խմբերի թվաքանակը գերակշռում է Թուրքիայի սահմաններից դուրս բնակվող վերջին խմբին:

Wikipedia համացանցային հանրագիտարանը Թուրքիայի համշենցիների կամ հեմշինլիների համար նման մի տեսակավորում է նկատի առնում` արևմտյան խումբը կոչելով «Բաշ-հեմշինցիներ», իսկ արևելյան խումբը` «Հոփա-հեմշինցիներ»:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու Հովան Սիմոնյանը Ռիզեում բնակվող արևմտյան համշենահայության (կամ բաշ-համշենցիության) թվաքանակը գնահատում է 15-23 հազար: Նույն աղբյուրի հիմամբ` Սիմոնյանը Հոփայի (պատմական Խոպա) արևելյան համշենահայերի թիվը ներկայացնում է 25 հազար:

Նշանակում է, որ ի տես Խոպայի բնակչության, այժմ համշենահայությունն այդտեղ կազմում է բնակչության բացարձակ մեծամասնությունը: Այս նշանակալի իրողությունը հաստատվում է նաև Armeniapedia էլեկտրոնային հանրագիտարանի հեղինակների կողմից:

Թուրքիայի համշենահայության թվաքանակի մասին վկայությունները բավական տարբեր են ու այլազան:

Դոկտ. Թեսա Հոֆմանի գնահատմամբ` «այնտեղ 20 հազար մուսուլման համշենցիներ կան, որոնց հայրենիքը գտնվում է Տրապիզոնի և Էրզրումի արանքում»:

Դժվար է ճշտել, թե որոնք են համշենահայության թվաքանակի թերագնահատման պատճառները: Վիճակագրական ստույգ տվյալների բացակայության պայմաններում` մենք գտնում ենք, որ Թուրքիայի պետական շրջանակներում առկա է պոնտահայերին պոնտացի հույներ, բաշ-համշենցիներին` լազեր ու արևելյան համշենահայերի մի բաժնին` վրացիներ ներկայացնելու միտումը, որի խորքում, իհարկե, ընկած է հակահայ տրամադրվածությունը:

Իսլամական հասարակության սեկուլարացման ինստիտուտի համանուն կայքէջում մի «իսլամացած» հայ իր 16 սեպտեմբեր, 2002 թվակիր էլեկտրոնային նամակում գրում է. «Հայախոս մուսուլմաններով բնակեցված գյուղեր կան: Որոշ աղբյուրներ նրանց թվաքանակը գնահատում են շուրջ 2 միլիոն»:

Ըստ բուն համշենահայ «Գյոթե» համալսարանի գիտաշխատող, Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ազգականուհի Ալիե-Ալիս Ալթըի (Կոստանյան)` «Այսօր ավելի քան մեկ միլիոն իր ազգակիցները գտնվում են ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի գործընթացում»:

Ալիե Ալթըի զավակ, գերմանաբնակ Դենիզ Ալթըի հարցազրույցում նկարագրվում է համշենահայության վիճակը և հստակորեն ակնարկվում Թուրքիայի շուրջ 1,5 մլն հաշվվող համշենահայերի մասին:

Թեև կրոնական այլասերումը անցանկալի իրականություն է համշենահայերի համար, սակայն որոշ տվյալներով ապացուցվում է, որ իսլամի նկատմամբ նրանց հավատքը հեռու է սուննիականությանը հատուկ մոլեռանդությունից: «Համշենները շատ կրոնական չեն,–պարզաբանում է Հովան Սիմոնյանը իր դասախոսություններից մեկում,–նրանք շատ քիչ մզկիթներ ունեն, և շատ քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում դրանց: Համշենցիները նաև օգտագործում են ալկոհոլիկ խմիչքներ»:

Թուրքիայի համշենահայերը վերջին տարիներին ազգային գիտակցության զարթոնքի մեծ աշխուժություն են ցուցաբերում: Այս իմաստով հատկանշական են նրանց ինքնարծարծման ելույթներն ու հոդվածները` մի շարք կայքէջերում և էլեկտրոնային ֆորումներում:

«Թաքուն» հայություն

Այս տեսակը բռնի կերպով և իր ֆիզիկական գոյությունը պահելու հարկադրանքի տակ իսլամացել է հայկական պարբերական կոտորածների և, մասնավորաբար, 1915թ. Ցեղասպանության արդյունքում և ապրում է բազմաթիվ առանձին, քրդաբնակ ու թուրքաբնակ գյուղերում, գյուղակներում: Այս տեսակը վերոնշյալ «իսլամացած» տեսակից տարբերվում է իր իսլամացման ժամանակով և գործընթացով:

Ներկայիս «Անատոլիայում» բնակված հայությունը, իր էթնիկական վերակերպված տիպերով, շարունակում է մնալ խորհրդավոր և գրեթե անճանաչելի: Մյուսների համեմատությամբ «թաքուն» հայերի պարագան, թերևս, ամենաբարդը պիտի համարել:

Փաստերից և ապացույցներից երևում է, որ այժմ «թաքուն» հայություն է ապրում կենտրոնական և արևելյան Թուրքիայի բազմաթիվ շրջաններում, հատկապես Արևմտյան և Հարավարևմտյան Հայաստանում:

Քենան Էվրենի զինվորական իշխանությունների ժամանակվանից սկսած և հատկապես 90-ական թթ. ընթացքում թուրքական բանակն ավերել կամ այրել է բազմաթիվ գյուղեր և գյուղակներ Թուրքիայի արևելյան գավառներում և տեղահանել շուրջ երեք միլիոնի հասնող բնակչություն:

Այս զանգվածային վանդալիզմից չէր կարող անմասն մնալ հայությունը: Մեզ դեռ հայտնի չէ հայկական գյուղերի կրած մարդկային և նյութական վնասների ճշգրիտ չափը: Մարդկային իրավունքների պաշտպան մի կայքէջում ասվում է. «Թվով 729 գյուղեր (թե՛ քրդական և թե՛ քրիստոնեական) դատարկվել են անվտանգության ուժերի միջոցով»:

Մեր տրամադրության տակ «թաքուն» հայության ընդհանուր թվաքանակի բնորոշման համար քիչ տվյալներ կան:

Թեսա Հոֆմանը «crypto-armenians» կամ «թաքուն» հայերի թվաքանակը գնահատում է 30-40 հազար: Մեր համոզմամբ` այս թվաքանակը խիստ թերագնահատված է:

Մյուս կողմից` գերագնահատված մի թվաքանակի մասին ակնարկներ կան Քրդստանի աքսորյալ խորհրդարանի փաստաթղթերում: Ընդ որում` այսպես կոչված, «Մեծ Քրդստանի» սահմաններում ապրող ասորի և հայ բնակչության թվաքանակի գումարը գնահատվում է ամբողջական բնակչության շուրջ 10 տոկոսը:

Եթե Թուրքիայի քրդերի միջին թվաքանակը 15 միլիոն համարենք, ապա ասորի և հայ բնակչության թվաքանակը, ըստ վերոնշյալ հիմնավորման, պիտի գնահատել շուրջ 1,5 միլիոն:

Քրդական «Ozgur politik» էլեկտրոնային թերթի 1997թ. դեկտեմբերի համարը ևս ակնարկում է նման մի թվաքանակ` ասելով, որ «քրդական տարածքներում» սուրիանական և հայկական ծագումով 2 միլիոն «քրդեր» կան:

Ասորի և հայ բնակչության համար 1,5 միլիոն թվաքանակը թեև առայժմ փաստարկելի և ստուգելի չէ, սակայն լուրջ նկատառման է արժանի: Այնուամենայնիվ, հայ մնացորդացի բնական աճը նկատի առնելով` «թաքուն» հայության թվաքանակը առնվազն մի քանի հարյուր հազար կարելի է հաշվել:

Թուրք առաջադեմ մտավորական Քեմալ Յալչինը մի հարցազրույցի ընթացքում ահա այսպես է բնութագրում մերօրյա «թաքուն» հայերին. «Այդպիսի ընտանիքներն ապրում են որպես քուրդ կամ թուրք մուսուլմաններ, և նրանց երեխաներն իրենց մայրենի լեզուն չեն սերտում: Իմ տեսած թաքուն հայերից շատերը 15-17 տարեկաններ էին, որոնց ծնողները նրանց զգուշացրել էին չխոսել այդ մասին»:

Իսկ «թաքուն» հայության քաղաքական տիպարի և ուղղվածության մասին լիարժեք գաղափար կազմելու համար շահեկան կարող է լինել նաև այն բնույթի փաստերին ակնարկելը, որոնք վկայում են քրդական կազմակերպությունների շարքերում ծագումով հայ անդամների մասին:

«Գորշ գայլեր» աշխատության հեղինակներ Ս.Բրամը և Մ.Ուլգերն ասում են, որ Թուրքիայում PKK-ն հաճախ է ներկայացվում որպես «հայ ստրուկներից» բաղկացած կառույց: MeHePe-ի երբեմնի առաջնորդ «Ալփարսլան Թյուրքեշը նույնիսկ բերանից բաց է թողել, որ Աբդուլահ Օջալանը քուրդ չէ, այլ հայ, և իր իսկական անունն էլ Հակոբ Արթինյան է»:

Թուրքական մի շարք աղբյուրներ, առևտրական շրջանակներում համբավ ունեցող Բեհչեթ Ջանթուրքին ներկայացնելով որպես PKK նյութական գործերի և հայ ահաբեկչական խմբերի հետ կապերի պատասխանատու, շեշտում են, որ նա «ծնվել է 1950թ. Դիարբեքիրում, քուրդ հորից և հայ մորից»:

Մյուս փաստը վերաբերում է PKK նախագահական խորհրդի անդամ Նուրիե Գեսպիրի և դրա կենտրոնական կոմիտեի անդամներ Պեքիր Պաքրճյանի և Մուսա Հաճըևի հայկական ծագմանը, որն առաջինը բացահայտել է «Թուրքիե» օրաթերթը 2002թ. նոյեմբերին:

Ազդեցիկ «Միլլիեթ» թերթում Թուրքիայի ռազմական արտակարգ դրության կառավարիչ Իվնիլ Էրքանը հայտարարել է. «Մեր համակարգիչներում արձանագրել ենք հայկական ծագում ունեցող PKK 800 անդամներ»:

Բիթլիսի տանկային ստորաբաժանման հրամանատար, գեներալ Թագման մամուլին տված մի հարցազրույցում պնդում էր, որ «PKK ամեն յոթերորդ անդամը հայ է: PKK այդ անդամները զավակներն են այն հայերի, ովքեր Օսմանյան կայսրությունը կռնակից դաշունահարեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում»:

Նույն գեներալ Թագման 1995թ. մի այլ առիթով ևս հայտնում էր, որ տեղի ունեցած ինչ-որ ծանր մարտերի ընթացքում «քրդեր չկային այնտեղ: Նրանք, ովքեր մեր ստորաբաժանման ուժերի գրոհների արդյունքում նահանջեցին դեպի լեռները, հայեր էին»:

Ներկայիս Եվրոպայում հաստատված մի քանի «թաքուն» հայերի հետ առանձին հարցազրույցներից պարզվում է, թե ինչպես նրանցից ոմանք աշխատել և պայքարել են PKK շարքերում և Օջալանի գերեվարությունից հետո, հիասթափվելով, որոշել են վերադառնալ մայր հայրենիք կամ մեկնել Հոլանդիա, Գերմանիա և այլուր:

PKK էլեկտրոնային տեղեկատուներից մեկում կարդում ենք հայաբնակ Սայլակկայա (Ջբին) պատմական գյուղում 1970թ. ծնված հայ երիտասարդ Հուսեյն Սարիչիյեքի մասին, որը զոհվել է Թուրքիայի բանակի դեմ մարտերում 1988թ.:

Թուրքիայի ծայրահեղ ձախ հոսանքներից մեկի` TIKKO կազմակերպության համացանցային էջում կարելի է հանդիպել 1946թ. Ամասիայում ծնված Կարպիս Ալթինօղլուի անվանը, կենսագրականին և նրա քաղաքական-տեսական հոդվածներին, ընդ որում` հաճախ է հիշատակվում նրա հայ լինելու պարագան:

Առավելաբար Զազա-ալևիական շրջանակներում աշխատող և Դերսիմի լեռներում մաքառող նույն այդ TIKKO կազմակերպության զոհվածների ցանկում հանդիպում ենք երեք հայ երիտասարդների կենսագրականներին.

Արմենակ Բաքրչյան` ծնված Տիգրանակերտում` 1953թ., զոհված Խարբերդում` 1980թ.: Նուբար Յալիմ` ծնված Մարդինում` 1957թ., զոհված Ամստերդամում` 1982թ.: Մանուել Դեմիր` ծնված Կեսարիայի Բունիան քաղաքում` 1963թ., զոհված Ստամբուլում` 1988թ.: Հետաքրքիր է իմանալ, որ Մանուել Դեմիրի հերոսական տիպարին ու սխրանքներին նվիրված թուրքերենով երգ է հորինվել, որը հնչում է քրդական շրջանակներում:

* * *

Այսպիսով` բազմաթիվ լրագրություններ, հաղորդագրություններ և ուղեգրություններ բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ ներկայումս տարբեր տիպերով հայության հետքեր կան անատոլիական առնվազն 80-90 քաղաքներում, գյուղերում և գյուղակներում:

Տիպաբանական բնորոշմամբ հանդերձ` դյուրին չէ մեր խնդրո առարկա հայ բնակչության թվաքանակի մասին վերջնական տեսակետ հայտնել: Այդուհանդերձ, մեջբերում ենք մի քանի վկայություններ:

Իսլամական «Jihadwatch» էլեկտրոնային թերթն իր 2005թ. փետրվարի 17-ի համարում գրում է . «Մինչև մեկ միլիոն հայեր են դեռ ապրում Թուրքիայում»:

«Գյոթե» համալսարանի գիտաշխատող Ալիե-Ալիս Ալթըի համոզմամբ` «Մինչ երեք միլիոն թուրքացած հայեր կան, որոնք փորձում են իմանալ իրենց ծագման մասին, տասնամյակների լռությունից հետո…»:

Կարիքավոր եկեղեցիների օժանդակության հիմնարկի Թուրքիայի մասին 1998թ. զեկուցագրում կարդում ենք. «20 հազար բապտիստ քրիստոնյաներին իրականում պիտի գումարել ևս չորս ու կես միլիոն քրիստոնյաների, որոնք այնտեղ ապրում են կեղծ և թաքուն ինքնությամբ»:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ «Անատոլիայի» «պաշտոնական» հայությունը մեր հետազոտության աշխարհագրական շրջագծում կազմում է աննշան թվաքանակ, թերևս հինգ հազարից պակաս, «իսլամացած» հայության թվաքանակը` անցնելով միլիոնի սահմանը, կազմում է շուրջ 1.300.000 մարդ, իսկ «թաքուն» հայությունը` ավելի քան 700 հազար մարդ:

Ամեն դեպքում` իրողությունն այն է, որ ստվար թվով հայ էթնիկական տարր կա Թուրքիայի արևելյան երկրատարածքներում, Արևմտյան և Հարավարևմտյան Հայաստանում, պատմական Կիլիկիայում, ինչպես նաև Փոքր Հայքում ու հարակից շրջաններում. էթնիկական վերակերպված տարր, որ մաքառում է ինքնաճանաչման և իր ինքնության պահպանման համար: «Մեզ մի՛ մոռացեք,–դիմում է բուն սասունցի, այժմ Մուշում բնակվող Արմեն Մարտիրոսյանը,–Վարդոյի և այլ շրջաններում վերապրող շատ հայեր կան: Հայեր, որոնք մինչև վերջերս վախենում էին իրենց ինքնությունը հայտնել, բայց այսօր խիզախաբար արտահայտվում ու մաքառում են հայ մնալու համար»:

Թուրքիայի էթնոկրոնական խմբերի համատեքստում` հայ մնացորդացի կամ վերակերպված հայության հարցը դեռ կարոտ է խորքային վերլուծությունների: Այդ հսկայական ներուժը կարող է կա՛մ ընթանալ սոսկ տարերային զարտուղիներով, շահագործվել այլևայլ համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական ուժերի կողմից և, ի վերջո, մարել, կա՛մ վերածվել ազգային շարժման ու վերազարթոնքի:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ