Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 27, 2009 23:04 - 2 քննարկում

* ԲԱԽՏՈՐՈՇ ճԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌՋԵՎ

www.WilsonForArmenia.org
————————-
*
ԲԱԽՏՈՐՈՇ ճԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌՋԵՎ

*
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բախտորոշ ճամափաբաժանի առջև:
Առաջիկա ամիսները, գուցեև շաբաթները, մեզ համար կարող են լինել ձեռքբերումների
ժամանակաշրջան, սակայն կարող են լինել նաև մեծագույն կորուստների շրջափուլ:
Հայ-թուրքական համատեղ մշուշոտ հայտարարությունը մեր պետականության նորագույն շրջանի
(1991–2009թթ.) արտաքին քաղաքականության առ այսօր եղած ամենավիճահարույց փաստաթուղթն է:
Խիստ խնդրահարույց է հայտարարության ստորագրման ամսաթիվը, միանգամայն
անընդունելի է այն հասարակությանը ներկայացնելու ձևը, և մեծապես կասկածելի են ակնկալվող
օգուտները: Ավելին, գործընթացի ոչ ճիշտ զարգացման դեպքում, որը ցավոք սրտի շատ
հավանական է թվում, մենք ազգովի կարող ենք հայտնվել պղծված անցյալի, պարապ ներկայի և
անապագա հայրենիքի ուրվապատկերի առջև: Առանց չափազանցության, մենք պարզապես կարող
ենք վեջնականապես դառնալ աշխարհագրական ելուստ և քաղաքական կցորդ: Այդ ճակատագրից
խուսափելու միակ ուղին, ինչպես նշել եմ բազմիցս, Հայկական հարցի լիակատար, ամբողջական և
արդարացի լուծումն է, այլ ոչ թե ինքնախաբեությամբ համեմված պատրանքը: Եթե թուրքերի
կողմից պարբերաբար և հետևողականորեն տարածվող տեղեկություն-նախապայմաններից
թեկուզև մեկը ճիշտ լինի, ապա դա կլինի Հայաստանի Հանրապետության որպես ինքնուրույն
քաղաքական միավորի, եթե ոչ վերջը, ապա վերջի սկիզբը:
Մի կարևոր դիտողություն ևս: Այս աղմկահարույց գործընթացում խոսքը գնում է ոչ թե «հայ-
թուրքական սահմանի բացման մասին», այլ Ախուրյան–Դողուկապի երկաթուղային և Մարգարա–
Իգդիր ցամաքային սահմանային անցակետերի հնարավոր բացման մասին: Ուստի, իրերը պետք է
կոչել իրենց անուններով և փաստաթուղթը հստակ պիտի խոսի միմիայն դրանց մասին և երբեք
չգործածի «հայ-թուրքական սահման» հասկացությունը: Դա ճիշտ չէ միջազգային իրավունքի
տեսանկյունից, դա ճիշտ չէ Հայաստանի Հանրապետության հեռագնա շահերի տեսանկյունից: Քանի
որ, թեև բարձրագոչ հավակնությանը, բանակցային գործընթացի նպատակն ակնհայտորեն ոչ թե հայ-
թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այն է Թուրքիայի և մի շարք երկրների կողմից
Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այլ
ընդամենը երկու մասնավոր հարցի, որ է սահմանային երկու անցակետերի հնարավոր բացումն ու
դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ուստի նման փաստաթուղթը պիտի
ստորագրվի ոչ թե միջպետական կամ միջկառավարական, այլ միջգերատեսչական մակարդակով:
Հայկական կողմից անցակետերը գործարկելու վերաբերյալ ստորագրողները կարող են լինել,
օրինակ, Տրանսպորտի և կապի փոխնախարարը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի
մաքսային հարցերի պատասխանատու տեղակալը և Ազգային անվտանգության ծառայության
սահմանապահ զորքերի հրամանատարը: Ոմանք կարող են ասել, որ այդ մակարդակով հնարավոր
չէ: Հնարավոր է. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Թուրքիայի Հանրապետություն միջպետական
հարաբերությունները հաստատվել են ոչ թե միջազգային պայմանագրով, քանի որ Սենատը դեմ էր
Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների հաստատմանն առանց Վիլսոնի
իրավարար վճռի իրականացման, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարություն – Թուրքիայի Հանապետության
արտաքին գործերի նախարարություն միջգերատեսչական փաստաթղթով՝ 17 փետրվարի, 1927
թվակիր մոդուս վիվենդիով: Նույն ամերիկացիների օրինակով հայ-թուրքական դիվանագիտական
հարաբերությունները կարելի է հաստատել երկիմաստություններից զուրկ, միանշանակ և զուսպ
ձևակերպումներ պարունակող, միմիայն դիվանագիտական հարաբերություններ հաստատող
միջգերատեսչական նոտայով: Եթե Թուրքիան հրաժարվի այդ մակարդակով և այդ ձևով առաջ
ընթանալուց, ապա դա ցույց կտա, որ թուրքերի նպատակը ոչ թե հայ-թուրքական
հարաբերությունների թեկուզև մասնակի կարգավորումն է, այլ մեզ դիվանագիտական ծուղակի մեջ
գցելով, առավելագույն օգուտներ քաղելն ու խորամանկորեն մեզանից իրենց ցանկալի
նախապայմանների իրականացման կորզումն է:
Այս երկու մանր հարցում էլ Միացյալ Նահանգները պարտավոր են թիկունք կանգնել
Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ՀՀ նախագահը, գոնե այս տարվա համար, ԱՄՆ-ի
նախագահին պատրվակ տվեց չկատարելու իր ընտրողներին տված անսակարկ խոստումը:
,
*
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
*
«Մոդուս վիվենդի» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anush
Apr 28, 2009 4:54