ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 20, 2011 23:18 - 1 քննարկում

Հայ ֆիզիկոսի կարծիքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ղարաբաղի հարցի շահարկումերը

Նախօրոք ուզում եմ շեշտել, որ ես երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և հիմա էլ չեմ պատրաստվում մտնել որևէ կուսակցության մեջ, քանի որ միանշանակ հավատացած եմ որ Հայաստանում չեն եղել և հիմա էլ չկան, իրոք, լայն ժողովրդական մասսաների իրական հոգսերը և ցավերը դարման անելու պատրաստ կուսակցություններ:

Հիմա անցնենք Ղարաբաղի հարցին:

Ուզում եմ շեշտել, որ ցանկացած ճշգրիտ եզրակացություն կարելի է անել միայն տրամաբանական հիմքերի վրա: Ինչպես բնագիտական գիտություններում է հայտնի աքսիոմա հասկացությունը, այնպես էլ մարդկության և ազգերի զարգացման պատմության ընթացքում առաջանում են աքսիոմաներ: Կարծում եմ, որ հայ ժողովրդի առաջ քաշած աքսիոմաներից մեկը դա` «Թուրքը միշտ թուրք է մնում» եզրույթն է: Այսինքն` էլի ժողովրդական ասացվածքին համապատասխան թուրքի հետ միշտ պետք է «Աչքդ վրան պահես»: Դեռ ղարաբաղյան պատերազմի սկզբից և մինչև օրս էլ ես ընկերներիս և ծանոթներիս շրջապատում միշտ ասել եմ, որ այս պրոցեսը տևելու է բազմաթիվ տասնամյակներ և նույնիսկ ավելի, քանի որ մոտ ապագայում ոչ մի նախադրյալ չկա որ կողմերի իրարամերժ կարծիքները գոնե մի փոքր համընկնեն: Վստահ եմ որ այսօրվա ստատուս քվոն էլ շարունակվելու է տասնամյակներ և դրա համար կան շատ հասարակ տրամաբանական նախադրյալներ: Սկզբից ուզում եմ շեշտել, որ վերը նշված աքսիոմաների հիման վրա, ադրբեջանցիները միշտ էլ սահմանի ամբողջ երկարությամբ, այսպես ասած, բոռի կծոցներ են անելու բազմաթիվ պատճառներով և դրանցից ամենակարևորը պարտվածի սինդրոմը չէ, այլ, իր ժողովրդին և արտասահմանյան հասարակությանը այդ հարցի վրա «տաք» պահելու իմաստն է:

Միանշանակ ուզում եմ շեշտել նաև, որ մեր բանակը պարտավոր է միշտ պատրաստ լինել ամեն մի ոտնձգության, քանի որ խաղաղ ապրելը դա ուժեղ լինելն է: Սակայն հենց այստեղ նշեմ, որ և Հայաստանի բոլոր փորձագետները /դիմադիր, թե ընդդիմադիր/, իշխանություներն ու կուսակցական գործիչները, արտասահմանյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները տրամաբանության հետ բացարձակ կապ չունեցող եզրակացություններ են հրապարակում, թե շուտով պատերազմ է սկսվելու և եթե Ադրբեջանն իմանա, որ ինքը մի քիչ ուժեղ է, ապա անմիջապես կհարձակվի: Ես առավել քան հավատացած եմ, որ այդ բոլոր հրապարակումերն ունեն տարբեր և հաճախ շատ վատ հետին մտքեր, որոնք հասու չեն հասարակ ժողովրդին: Դրանց մեծ մասը նպատակ ունեն հասարակ ժողովրդին անհրաժեշտ այլ հարցերի սլաքն ուղղել ուրիշ ուղղությամբ:

Ես վստահ եմ, որ նույնիսկ տասնամյակների կտրվածքով հնարավոր չէ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսում և դրանում «մեղավոր» են բազմաթիվ տրամաբանական հասկացություններ:

Ա/ Պատերազմն իր ուզած վախճանին հասցնելու համար Ադրբեջանը պետք է գնա բլից կրիգի, և այն ավարտի ամենաշատը 2-3 օրում, որպեսզի համաշխարհային հասարակությունը չհասցնի ուշքի գալ, բայց սա, առնվազն միամտություն է, նույնիսկ, եթե նրա բանակը 10-20 անգամ ավելի հզոր լինի:

Բ/ Պատերազմ սկսելու համար Ադրբեջանի կամ Հայաստանի ղեկավարությունից, կարելի է ասել, համարյա ոչ մի բան կախված չէ: Պատերազմ հնարավոր է միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այն էլ շատ մեծ, ցանկության դեպքում, որը տեսանելի ապագայում գոյություն չունի: Դա, իհարկե, կախված չէ մեր կամ ադրբեջանցիների «սիրուն աչքեր»-ի սիրուց, քանի որ և ԱՄՆ-ը և Ռուսաստանը, մեղմ ասած, թքած ունեն մեր երկու ժողովուրդների վրա: Ողղակի նրանց շահերից չի բխում այդ պատերազմը: Նույնիսկ այն, որ վերջին տարում Ադրբեջանը զգալի զին. տեխնիկա է գնում Ռուսաստանից, ևս մի անգամ ապացուցում է, որ Ռուսաստանին պետք չէ այդ պատերազմը, քանի որ նա չի կարող օգնել ոչ Հայաստանին և ոչ էլ Ադրբեջանին: Հակառակ դեպքում դա կլինի Ռուսաստանի Կովկասյան քաղաքականության վերջնական կրախը, և դա Մոսկվայում չեն կարող չհասկանալ: Քանի դեռ Ադրբեջանում նավթ ու գազ կա և քանի դեռ Ավղանստանում հարցերը չեն կարգավորվել, ապա և ԱՄՆ-ին և Եվրամիությանը և Ռուսաստանին այդ պատերազմը պետք չէ:

Գ/ Հենց այդ նավթա-գազային խողովակաշարերը, որոնք անցնում են Ղարաբաղի սահմաններին մոտ, հանդիսանում են Հայաստանի համար, խաղաթղթերի լեզվով ասած «կոզրի տուզերը»: Ես, ուղղակի, զարմանում եմ, թե ինչու՞ այդ խողովակաշարերի շահագործումից հետո, Հայաստանում ոչ մեկը չկարողացավ շեշտել դա: Նույնիսկ անհավանական պատերազմի սկսման դեպքում հայկական զորքերի միակ և գլխավոր թիրախը պետք է անընդհատ հանդիսանա այդ խողովակաշարերի պայթեցումը հեռահար զենքերով` հենց Ղարաբաղի տարածքից և Ադրբեջանը մանկիկի նման ծնկի կգա: Իհարկե, նա շատ լավ էլ հասկանում է դա և այդ պատճառով էլ չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսել:

Վերոհիշյալ 3 կարևորագույն կետերն էլ հենց հանդիսանում են պատերազմ չսկսելու հիմնասյուներից կարևորագույնները:

Բայց ուզում եմ շեշտել նաև ոչ պակաս կարևոր մի կետ ևս: Դա
Դ/ կետն է, որով վստահ եմ, որ պատերազմի դեպքում պարտվող երկրի իշխանություններն իրենց փլուզման վտանգի տակ կհայտնվեն և դա էլ հասկանալով պատերազմ չեն սկսի:

Այս Դ/ կետի արդյունքներից մեկն էլ այն է, որ Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցությունները լրիվ «պրոֆանացիա» են և բանակցության բոլոր կողմերն էլ, ներառյալ Մինսկի խումբը, ուղղակի, միայն «քրտնաջան» աշխատանքի տպավորություն են թողնում, բայց որից ոչ մի միլիմետր առաջընթաց չկա և չի էլ կարող լինել, քանի դեռ հիմնական կողմերի տեսակետները գոնե մի փոքր չեն մոտեցել:

Անպայման ուզում եմ նորից մի անգամ ևս շեշտել, որ սա չի նշանակում թե հայկական բանակը պետք է թուլանա և հանգստանա: Պիոներական ողջույնի խոսքի նման, նա պետք է «միշտ պատրաստ» լինի և կարողանա արժանի հակահարված տա վերոհիշյալ «բոռի կծոցներին»: Դրա համար շատ կարևոր է նաև բարոյահոգեբանական լավ մթնոլորտը մեր բանակում, որը, մեղմ ասած, ցավոք այդպես չէ:

Հուսով եմ, որ մտքերս հասկանալի դարձան, չնայած նրան, որ գիտական հոդվածներից բացի սա առաջին հոդվածս է գիտությանը չվերաբերվող: Բայց կարծում եմ, որ այստեղ էլ աշխատում են տրամաբանության կանոնները և դա հնարավորություն է տալիս ճիշտ վերլուծություն անելու:

Հ.Գ. 1. Գոնե ինձ համար /կարծում եմ նաև շատերի/, առնվազն Հայաստանում կա մի աքսիոմա ևս: Դա հետևյալն է. ոչ թե լսիր թե նա ի՞նչ է ասում, այլ նայիր թե ո՞վ է ասում: Կամ ինչպես կասեր Կոզմա Պրուտկովը` խորացիր արմատի մեջ /зри в корень/:

Հ.Գ. 2. Դիմադիր և ընդդիմադիր կողմերից լսվող այն պնդումը, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանում ժողովրդավարության հաստատում չի կարող լինել, միանգամայն մտացածին է և լրիվ սին: Դրանք բացարձակապես տարբեր խնդիրներ են և ոչ մի կապ չունեն իրար հետ: Առավել ևս` հանգիստ կարելի է ապացուցել, որ ժողովրդականության հաստատման դեպքում մենք Ղարաբաղի հարցում շատ ավելի լավ արդյունքների կհասնենք:

Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու` Գագիկ Ղարագյոզյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Նուբար Ասլանյան
Nov 21, 2011 3:39