ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 25, 2009 8:03 - 4 քննարկում

Այս ծանր օրերին, երբ սև ամպեր են կուտակվել հայոց ճակատագրի վրա՝ եթերի “ջրիկացում” Հ-1 -ով և 168-ով:

ԴԵՖԻՑԻՏ ՍՏԵՂԾՈՂ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԱՂՋԻԿԸ

  • article's photo

    Հայրենական հեռուստատեսությունը վաղուց արդեն շոու-բիզնեսի բաղկացուցիչ մասն է դարձել. այն ստեղծում, խամրեցնում, վառում ու կյանք է տալիս մեծ ու փոքր աստղերին` իր ձեռքում պահելով հզոր զենքերից մեկը` եթերը: Այդ զենքից օգտվում են ընտրովի քաղաքական գործիչներն ու երգիչ-հաղորդավարները:

    Այլ զբաղմունք ունեցող մարդկանց մուտքը եթեր խիստ սահմանափակ է, քանի որ չգրված օրենքի համաձայն` ժամանակակից հայաստանցին միայն երկու երազանք պիտի ունենա` կամ երգել, կամ էլ պաշտոն ունենալ:

    Որպես հասարակության վրա ազդող լծակ, եթերի տրամադրումն իր հստակ ընդգծված տրամաբանությունն ունի: Առաջին կետի համաձայն` եթերը տրվում է վստահելիներին, իսկ երկրորդ կետը պարտադրում է մեդիա-դեմքերի դեֆիցիտ ստեղծել, որպեսզի եթերային ժամանակի գինը առավել թանկ դառնա:

    Դեֆիցիտ ստեղծելու սուրբ գործում մեծ դեր է վերապահված երիտասարդ մի կնոջ, որի անունը հիմա ավելի հայտնի է, քան Խաչատուր Աբովյանինը, եւ ում կարելի է էկրանին հանդիպել օրական առնվազն 2-3 անգամ: Ընդ որում` այդ բարետես երիտասարդ կնոջ եթերային ժամանակը սահմանափակում չունի. եղել են օրեր, երբ նա յուրահատուկ ռեկորդ սահմանելով` նույն օրը երեւացել է միաժամանակ սերիալում, գովազդում, համերգի ընթացքում, հաղորդում վարելիս, մեկ այլ հաղորդման հյուրի կարգավիճակում, էլի նման մանր-մունր տարբեր հայտնություններով, ապացուցել է, որ ինքը միակն ու անփոխարինելին է: Չմոռանանք հիշել նաեւ նրա ձայնը, քանի որ արտաքին գեղեցկությունը ցուցադրելուց բացի՝ նա նաեւ իր ձայնն է ճանաչելի դարձնում` Հայաստանի «Հանրային» ալիքով ամեն երկրորդ ֆիլմը դուբլյաժ անելով:

    Դա Նազենի Հովհաննիսյանն է, մեդիա-ֆեշըն դեմք, ազգի սիմվոլ, ում կերպարն արդեն ոչ թե կոկորդում է խցանվել, այլեւ` բնության օրենքի համաձայն` ականջներից ու աչքերից է փորձում դուրս պրծնել: Բայց Նազենին՝ շատ աշխատասեր մարդ լինելով, չի պատրաստվում կանգ առնել: Նա արդեն մի քանի անգամ փորձեց երգել` դառնալով «Երկու աստղ» երաժշտական նախագծի մասնակիցը, իսկ մոտ օրերս նա կրկին կերեւա այդ հաղորդման մեջ՝ արդեն որպես վարող (Խորեն Լեւոնյանի հետ): Խորհրդային ժամանակ ասում էին` այս մարդը հարվածային աշխատանքի առաջատարն է. հիմա նույնը կարելի է ասել նաեւ Նազենիի մասին: Յուրատեսակ մոնիտորինգի արդյունքում դժվար չէր պարզել, որ Նազենին ավելի հաճախ է էկրանին երեւում, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նազենին ռեկորդակիր է: Նախանձելի համառությամբ «Հ1»-ը փորձում է եթերը նրանով լցնել (Նազենին հասցրել է մանկական հաղորդում էլ վարել, եղանակի տեսությունն էլ է ներկայացրել, առավոտյան ծրագրի, ցերեկվա ծրագրի, գիշերային համերգի տիրուհին լինել, սպորտային ու զվարճալի հաղորդումների մասնակիցների շարքում հայտնվել): Ակամայից ուզում ես ասել` Նազենի, դու հիասքանչ ես, բայց ինչո՞ւ ես այդքան շատ: Քո դեմքն ու ձայնն արդեն վերատպվել են բոլորիս ուղեղներում, եւ այլ դեմքերի դեֆիցիտն ապահովելով` ինքդ արդեն կորցրել ես քո դեմքը:

    Իհարկե, Նազենի Հովհաննիսյանի անձը մեր եթերի վատթարագույն անձը չէ (կիրթ է խոսում, մտքի նշույլներ ունի, ի վերջո` գեղեցիկ շորեր է հագնում, լավ make-up է անում), բայց նա արդեն իրեն չի պատկանում, նա արդեն սիմվոլ է, եւ ուրեմն` խոսքը նրա սիմվոլիստական ազդեցության մասին է, այլ ոչ թե` անձի: Նա խորհրդանշում է այն մարդկային տիպարը, որին աշխարհում «selfmade man» են անվանում: Տարիների ընթացքում (տարբեր միջոցներով ու տարբեր լծակներ գործի դնելով) մարդը կարողացել է ոչնչից ինքն իրեն «սարքել» ու հայտնի դառնալ: Արդեն ոչ մի հանրային միջոցառում առանց նրա պատկերացնել չի կարելի:

    Գլամուրային ամսագրերից մեկում, օրինակ, հայտնվելով, Նազենին խորիմաստ ասել էր, որ իր հագուստը խանութներից չի գնում, քանի որ չի ցանկանում կորցնել իր ինքնատիպությունը: Մեկ այլ տեղ էլ ասել է, որ սիրում է միշտ առաջինը լինել: Հիմա նա առաջինն է: Եվ քանի որ այն առաջնությունը, որտեղ նա հաղթել է, հավակնորդների երկար ցանկ չուներ, մնում է միայն հետեւել, թե ինչպես է իրականում այդ գեղեցիկ աղջիկը ինքն իրեն խաբում: Հանրային մասնագիտության տեր մարդիկ (դերասաններն ու հաղորդավարները) սովորաբար խնամքով են մոտենում իրենց էկրանային արտացոլմանը, չէ՞ որ, երբ նրանց դեմքերը (հիմնական վաճառվող բանը) «ծեծված» են դառնում մշտական օգտագործումից, ապրանքի գինն ընկնում է: Իսկ Նազենին դա նկատել չի ուզում: Նրա օրիգինալ գեղեցկությունն արդեն վաղուց օրիգինալ չէ, եւ իրականում նա ոչ թե մրցակիցներից վեր է, այլ պարզապես մրցակիցներ չունի: Հանրայինը նրան «քարտ բլանշ» է տվել` թույլ չտալով, որ այլ կին-դերասաններ ու հաղորդավարներ եթեր սողոսկեն: Եթե Նազենին վստահ է իր դերասանական տաղանդի մեջ, ապա եկեք մենք էլ դրանում համոզվենք` նրա խաղը համեմատելով այլ դերասանների խաղի հետ: Սակայն «Հ1»-ը նորագույն լոզունգ է որդեգրել` ասում ենք «Հ1», հասկանում ենք Նազենի: Չեք ուզում` մի նայեք:

    Ի՞նչ է ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից սնվող «Հանրային» ալիքը Նազենիից: Ինչո՞ւ է ամեն գնով մասսայականացնում նրա դեմքը, ձայնը, ճչացող հնչերանգները: Ալիքը թո՞ւյլ է տալիս նրան շատ փող վաստակել, թե՞ ավելի հեռահար նպատակներ ունի: «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քիշիշյանը նրան լավ դերասանուհի է համարում եւ շատ է օգտագործում: Դա հասկացանք, բայց ստացվում է, որ եթե հանկարծ Նազենին որոշի այլեւս չերեւալ եթերում, ուրեմն ալիքն ուղղակի փուլ կգա, քանի որ ամեն բան նրա վրա է կառուցված: Որպես ռեժիսոր՝ Հ.Քեշիշյանն, իհարկե, կարող է սեփական ճաշակով ուղղորդվել, բայց որպես պրոդյուսեր` նա իրավունք չունի հաշվի չառնել հանրության կարծիքը: Եթե թքած ունի հանրային կարծիքի վրա` ուրեմն կարելի է փողոց դուրս գալ ու «Փրկեք մեզ Նազենիից» պաստառներով երթ կազմակերպել: Ինչո՞ւ` ոչ, կարող է շատ զվարճալի լինել: Սակայն կարելի է ավելի խորամանկ «PR» անել ու դերասանուհի-հաղորդավարուհուն լուրջ քարոզչության մեջ ընկղմել:

    Վերջերս կարելի էր հետեւել, թե ինչպիսի կարծիքներ ունեն մեր հայրենակիցները Հայաստանի շրջափակման մասին: Բոլորն ասում էին, որ պետք է սահմանները բաց լինեն, անցուդարձ սկսվի, ինչ-որ բան սառած կետից շարժվի: Միգուցե Նազենիի վերելքն էլ իմաստ ուներ, եւ իզուր չէ ողջ հայոց ազգը նրան ընտելացել: Միգուցե նրա առաքելությունը դեռ առջեւում է եւ «Սպանված աղավնին» առնվազն այդ առաքելության մեկնարկն էր: Թերեւս նրա կարիերայի հաջորդ քայլը պետք է լինի ԱԺ պատգամավորական մանդատին ձգտելը: Քաղաքական կուսակցություններն, օրինակ, նրան իրենց ցուցակներում ընդգրկելով` շատ հեռատես քայլ կանեն: Մեդիա-դեմքը երկրորդ կյանք կստանա ու հայրենիքին կծառայի նոր կարգավիճակում: Մանավանդ, որ Նազենին արդեն հասցրել է տարբեր ժյուրիների անդամ լինել ու գիտե` ինչ բան է վերլուծելն ու դատելը: Նաեւ հաստատ կարելի է ասել, որ նրա կերպարը մրցակից չի ունենա նաեւ պառլամենտում, քանի որ շատ քիչ կին-պատգամավորներ կարող են նրա նման նրբագեղ ու ճաշակով հագնվել: Եթե Նազենի Հովհաննիսյանը ցանկություն հայտնի պատգամավոր դառնալ, անձամբ ես իմ ձայնն անվերապահորեն նրան կտամ: Թող հեռուստաէկրանին էլ նոր դեմքեր հայտնվեն:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աա
Oct 25, 2009 18:42