ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 11, 2011 14:30 - 2 քննարկում

Ինչո՞ւ է հայկական կապիտալը փախչում դեպի Վրաստան

Հայկական կապիտալի դեպի Վրաստան արտահոսքի մասին արդեն շատերն են խոսում։ Կարելի է ասել՝ այն նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է դառնում։ Արտահոսած կապիտալի չափերի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա ո՜չ վրացական աղբյուրներում, ո՜չ հայկական։ Սակայն արդեն մոտ 100 հայկական ընկերություն Վրաստանում ակտիվ գործունեություն է սկսել, իսկ դա արդեն շատ է։ Պետք է հաշվի առնել, որ այդ միտումը լուրջ թափ է հավաքում։ Եթե նախորդ տարիներին դեպի Վրաստան էր ուղղորդվում հիմնականում փոքր եւ միջին բիզնեսը, ապա ներկայում՝ նաեւ խոշորը։

Անշուշտ՝ կապիտալի շարժն ինքնին վտանգավոր երեւույթ չէ։ Սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք հենց «փախուստ» երեույթի հետ, ինչի հետեւանքները անպայման զգացնել կտան երկարատեւ հեռանկարում։ Իսկ դա կանխելու համար նախ հարկավոր է վերլուծել պատճառները:

Վրաստանն, իրոք, բիզնեսի համար դարձել է գրավիչ։ Դրան նպաստում է հարեւան երկրում ավելի տանելի հարկային համակարգը, մեղմ վարչարարությունը, կոռուպցիայի ոչ բարձր մակարդակը։ 2010 թ. սեպտեմբերին Վրաստանը հեղափոխական փոփոխություններ կատարեց իր հարկային օրենսգրքում, որի արդյունքում հարկային բեռը բիզնեսի համար էապես նվազեց։ Այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել 2011 թ. հունվարի 1-ից:

Նշենք մի քանի օրինակ։ Տարեկան մինչեւ 16 հազ. դոլար շրջանառություն ունեցող ընկերությունները գրեթե լիովին ազատվում են հարկերից։ Մինչեւ 55 հազ. դոլար շրջանառություն ունեցող բիզնեսի համար ավելացված արժեքի հարկը սահմանվել է 3-5 տոկոս։ ՏՏ ոլորտը համարյա ամբողջությամբ ազատվել է հարկերից՝ նրանց համար Վրաստանի ողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է։

Խոշոր բիզնեսի հարկերը եւս տանելի են՝ եկամտահարկը 20 տոկոս է, շահութահարկը՝ 15 տոկոս, ավելացված արժեքի հարկը՝ 18 տոկոս։

Այս բոլոր նորամուծությունները Վրաստանը խիստ հրապուրիչ են դարձնում բիզնեսի համար, հատկապես՝ փոքր բիզնեսի։ Եթե հարկային վարչարարությունը Հայաստանում փոքր բիզնեսի համար ճակատամարտի դաշտ է, ապա Վրաստանում՝ հանգստի գոտի։

Սակայն նույնիսկ մինչ այս փոփոխությունները Վրաստանը էապես հեշտացրել էր գործարարությամբ զբաղվելը։ Նշենք, որ Համաշխարհային բանկի Doing Business 2011 զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 48-րդ։ Հարկերի վճարման դյուրինությամբ Վրաստանը 61-րդ տեղում է, իսկ Հայաստանը՝ 159-րդ։

Հետեւաբար՝ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ հայկական կապիտալը ձգտում է դեպի Վրաստան։ Նշենք, որ դա միայն «հայկական հիվանդությունե չէ։ Վերջին շրջանում արաբական ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վրաստանի նկատմամբ։ Խոսք է գնում հարյուրավոր միլիոն դոլար հնարավոր ներդրումների մասին։

Այսպիսով՝ Վրաստանը լուրջ քայլեր է կատարել տարածաշրջանում առաջատար տնտեսական երկիր դառնալու համար։ Իսկ թե որն է Հայաստանի այլընտրանքը՝ առայժմ պարզ չէ։ Առայժմ մեր պետական ծրագրերը խտանում են հարկային վարչարարության խստացման շուրջ։ Որոշ քայլեր կատարվել են հարկային հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի եւ պարբերականության հեշտացման առումով, սակայն դրանք որակապես իրավիճակը չեն փոխում։

Սամվել Ավագյան



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Feb 11, 2011 17:25