ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, September 27, 2009 2:15 - չքննարկված

Հայկական Հարցի Լուծումը

lragir 26/09/09

Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը` ազգի կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը:

Ըստ այդմ, երբ  ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման  տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ  առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորել վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա` որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի,  հարատևելու  հնարավորությունը: Ընդսմին, Հայկական հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյան սահմանների մասով, այսինքն Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությանը վտանգող մարտահրավերները:

Ներկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը,  ինքնանպատակ չէ: Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի  իրավունքերի հաստատումով կամ, ընդհանրապես,  չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:

Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով  հայերի՝ որպես  մարդկության անբաժանաելի և ինքնատիպ հատվածի, հարատևման ապահովումը:

Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի  պետականության հիմնական խնդիրները.

I. Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում;

II. Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում;

III. Նախորդ երկուսի հենքի վրա` այսինքն ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:

Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենասական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:

Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի` խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և մշտապես զիջելու է, Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի, ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի  դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ ու ձևակերպումներ:

Որպես միջազգային  հարց և քաղաքական խնդիր Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:

Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:

Հայկական հարցը ներկա փուլում ունի երեք հիմնական բաղադրիչ`  տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը լուծված կարելի է համարել միայն նշյալ երեք բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման` այն է ամբողջական կամ մասնակի հատուցման, դեպքում:

Հայկական հարցի լուծումը հնարավոր է և այն կարող է ունենալ դրսևորման բազմամազան ձևեր: Այսուհանդերձ, Հայկական հարցի լուծումը հնրավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն հաշվի առնի ներկայիս ժողովրդագրական, ռազմական, քաղաքական և տնտեսական իրողությունները: Միևնույն ժամանակ, իրագործելի լինելու համար Հայկական հարցի լուծումը պիտի գործնականում նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը,  գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մեջ  ավելի լայն ներգրավվմանը:

Տարակույս չկա, որ 1920թ. նոյեմբերի  22-ից Վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանի Հանրապետության իրավատիրությանն անցած տարածքները (նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների զգալի մասը) առ այսօր իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս են կազմում: Սակայն կարծել, որ Թուրքիայի Հանրապետությունը դրանք կամավորությամբ կամ միայն միջազգային օրենքների ճնշման տակ, առանց ռազմական ճնշման, կվերադարձնի իրավատիրոջը, իրատեսական չէ: Ուստի, անրաժեշտ է գտնել Հայաստանի և Թուրքիայի Հանրպետությունների համար երկուստեք ընդունելի, Իրավարար վճռին մաս կազմած երկրների հավանությանն արժանացած,  համաշխարհային ուժային կենտրոնների շահերը  հաշվի առնող և միջազգային իրավունքով ամրագրելի ձև: Ընդսմին,  այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հնարավորություն ընձեռի հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավրություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժաապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

Ըստ այդմ, Հայկական հարցի լուծումը հնարավոր է խնդրո առարկա տարածքին,  տարածքային վարձակալության (territorial lease) ճանապարհով,  որոշակի  նոր կարգավիճակ շնորհելու  ճանապարհով, ուր Հայաստանի Հանրապետության de jure իրավատիրությունը կհամադրվի Թուրքիայի Հանրապետության de facto տնօրինման հետ:

Այսինքն.

Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից, միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ պայմանագրի հիման վրա և ողջանիտ վարձավճարով (1), վարձակալում է “Վիլսոնյան Հայաստանը”:  Նշյալ պայմանագիրը և կից համաձայանգրերը ամրագրում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև միջազգային կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում:

I. Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը որոշվում է համապատասխան համաձայնագրով:

II. Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  անկախ բնակության վայրից պահպանում են իրենց քաղաքացիությունը, օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Երկու երկրի բոլոր քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի, բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք, բացի տեղական հարկերից և վճարներից,  համապատասխան օրենսդրությամբ նախատեսած չափով, հարկեր են վճարում ըստ գրանցման վայրի և քաղաքացիության:

III. Երրորդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ նավթամուղերից և գազամուղերից) ստացած եկամուտները գնում են տեղական ենթակառույցների (ճանապարհներ, երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային տարածքենր) բարեկարգմանը և զարգացմանը:

IV. Տարածքն  ապառազմականացվում է, այսինքն տարածքից դուրս են բերվում Եվրոպայում սովորական սպառազինություների մասին պայմանագրով (Treaty on Conventional Armed Forces in Europe (CFE), 1990թ.) առանձնանշած հարձակողական բնույթի հինգը զինատեսակները (2): Տարածքի վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում պաշտպանությունը, իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի  անվանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտանգույունն ապահովումն են  համայնքային ոստիկանությունը, անհարժեշտության դեպքում, ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքցիական դիտորդական և խորհրդատվական առաքելություններ:

V. Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սումալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Նրկայում այդ տարածքները կազմում են Թուրքիայի Հանրապետության Կարսի (9587 քառ. կմ; 130.000 բնակիչ),  Արդահանի (5661 քառ. կմ; 120.000 բնակիչ), Արդվինի (7436 քառ. կմ; 192.000 բնակիչ) և Իգդիրի (3587 քառ. կմ; 180.000 բնակիչ) նահանգները: Ընդամենը’ 26.241 քառ. կմ (Թուրքիայի Հանրապետության տարածքի` 3,4%) և 779.000 բնակիչ (բնակչության` 1,1%) Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի,  անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն

Եզրակացություն.
– Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:
– Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի: Հայկական հարցը չլուծելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու հարևան երկրների իրավիճակից կամ բարեհաճությունից:
– Հայկական հարցի լուծումը հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունն է և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
22 սեպտեմբերի  2009թ.

1. Ողջամիտ կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-ի 1%-ին համարժեք վճարը` տարեկան 8,6 մլրդ. ԱՄՆ դոլլար, քանի որ այդ տարածքը  կազմում է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի գրեթե 13 %-ը /ավելի քան 100 հազար քառ. կմ/ և այնտեղ  ապրում է Թուրքիայի բնակչության ավելի քան  8 %-ը /մոտվորապես 5,6 միլիոն մարդ/: Վերոհիշյալի մեջ չեն հաշվարկված նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սումալուի գավառի տարածքները,  քանի որ դրա համար առաջարկվում է այլ լուծում:

2. Այդ զինատեսակներն են` տանկերը, զրահամեքենաները, հրանոթները, մարտական ինքնաթիռներն ու հարձակողական ուղղաթիռները:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ