ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 24, 2009 18:32 - չքննարկված

Հայաստանում մի շարք մտավորականներ “Չալդրլամիշ” տեխնոլոգիայով կեղտից ադամանդ են ստացել…

ՄԱԵՍՏՐՈ ԲՈՒՌՆԱՇԻ «ՆՎԵՐԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԿԱՄ ՕՊՈԶԻՑԻԱ ԽԱՂԱՑՈՂ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ «ՇԵԴԵՎՐԻ» ՄԱՍԻՆ

ՄԱՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոկտեմբերի 31-ից հետո, երբ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի պրեմիերան, մինչև օրս «Դար 21» հեռուստաընկերությունը օրեկան մի քանի անգամ զնգզնգացնում է չալդրանյանական «գլուխգործոցը». պատրաստել է շուրջ քսան րոպեանոց գովազդային նյութ և ցուցադրում է տարբեր ժամերի, որպեսզի 3 միլիոն հայությունը, բոլորը` մեկ առ մեկ անպայման լսեն ու տեսնեն, թե ինչպիսի «քաղաքացիական սխրանք» է գործել «Մաեստրո»-ի հեղինակը: Եվ պատահական չէ, որ այս հեռուստաընկերությունն է «յալվար ընկած» ծնծղաներով գովազդում ֆիլմը, քանի որ Չալդրանյանի «Մաեստրոն» հիմնականում ստեղծվել է «Դար 21»-ի տիրոջ` հանրապետական գործիչ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փողերով: Բուռնաշը առատորեն վճարել է այսպես կոչված հեղինակային կինոյի «մաեստրո» Վիգենին, վերջինն էլ գործի է անցել ու նկարահանել է մի ֆիլմ իբր «արվեստագետի ճակատագրի» մասին (աջակցել են նաև ՎիվաՍելը և պետությունը` որոշ չափով, իսկ հիմնականում Բուռնաշը): Պրեմիերային Չալդրանյանը հրավիրել էր «ընտրագույններին» և հհշական երկու թերթերի լրագրողներից բացի, ոչ մի այլ լրատվամիջոցի հրավեր չէր ուղարկել (դե երևի մնացած լրատվամիջոցների ներկայացուցիչներն արժանի չէին իր նման «հանճարեղ» ռեժիսորի հերթական աշխատանքը դիտելու): Ինչևէ, հավաքված մշակութային, քաղաքական բոմոնդը ֆիլմը դիտելուց հետո շարք էր կանգնել հեռուստախցիկի առաջ ու սազը ձեռքին գովերգում էր Չալդրանյանին ու նրա ֆիլմը: Էնպես հուզաթաթախ ձայնով էին խոսում, էնպես էին հաճոյանում հեղինակին ու այնքան ներշնչանքով էին ներկայացնում իրենց տպավորությունները, ասես րոպեներ առաջ հրաշք են տեսել, ինչն ի զորու չէ անել և ոչ մի հայ ռեժիսոր: Մի խոսքով, Չալդրանյանին համարյա սարքեցին հայկական Սփիլբերգ կամ Ֆելինի: Պատկերն իսկապես ողորմելի էր, հատկապես երբ արտահայտվում էին մշակույթի գործիչները, իսկ հիացողները շատ էին` Ալեքսանդր Թոփչյան, Ռաֆայել Քոթանջյան, Երվանդ Երզնկյան, Վիգեն Ստեփանյան, Մարտին Վարդազարյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արամո, Էմմա Պետրոսյան և այլք: Մտածում էի, ախր, մաեստրո Վիգենն իր ֆիլմով ձեզ` բոլոր մտավորականներիդ է ստորացրել ու ոչնչացրել, բոլորիդ անվանելով ծախված ու դավաճան, բոլորիդ ներկայացնելով որպես կամազուրկ, թշվառ, կիսացնդած, անողնաշար, ներվային ու մռայլադեմ, մի խոսքով՝ հավաքական մի կերպարով (թավջութակահար հերոսի դերում` Միքայել Պողոսյան) նսեմացրել` «կզացրել» է բոլորիդ, իսկ դուք կանգնած դիֆիրամբներ եք երգում, թե ինչ շշմելու բան է ստեղծել Վիգենը, ի~նչ «խոր ու զգացմունքային ֆիլմ է նկարել», ի~նչ «հաջողված ու հետաքրքիր աշխատանք է» …Ինքը` հեղինակը, լինելով մտավորական, դրել ու «կատոկել» է մտավորականությանը, իսկ սրանք դիտել են ֆիլմը ու շունչը կտրվելու աստիճան երջանիկ են, որ նման ֆիլմ է ստեղծվել, ուր մտավորականի հավաքական կերպարը` Արմեն Տիգրանյան հերոսը, կատարյալ ոչնչություն լինելուց զատ, անգամ որևէ դիրքորոշում չունի (եթե լրագրողները որևէ «թթու» խոսք են ասում մտավորականության հասցեին, նույն մտավորականներն անչափ խոցվում են ու սկսում դաստիարակել նրանց, մինդեռ այս դեպքում ցնծությամբ շնորհավորում են իրենց ցեխոտող ռեժիսորին): Ո՞վ է տեսել էկրան հանել մի հերոսի, ներկայացնել արվեստագետի մի կերպար, որն ընդհանրապես դիրքորոշում չունենա, այո, այդպիսին է Մ. Պողոսյանի Արմեն Տիգրանյանը: Ի դեպ, ո՞վ է իրավունք տվել Չալդրանյանին օգտագործել հայ մեծանուն կոմպոզիտորի անունը:

Բայց ահա թե ինչ տպավորություն է ստացել գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը. «Նախևառաջ ես ուրախ եմ իմ լավ ընկեր, իմ համախոհ Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի առթիվ: Ես ողջունում եմ նրա քաղաքացիական համարձակ քայլը` այս դժվար նյութին անդրադառնալու, իրադարձություններ, որոնց ցավը մինչև հիմա իմ հոգում մնում են, այս դեպքերը ինձ շատ են հուզել, և ես մտածում էի՝ ով է առաջինը անդրադառնալու, ահա Վիգենը անդրադարձավ»: Ինչ մի համարձակություն է՝ վազել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, այնտեղից ձեռք բերել 2008-ի փետրվարյան հեղափոխական միտինգների ու մարտի 1-ի դեպքերն արձանագրած կադրերը (ընդ որում նաև այն տեսարանները, որտեղ ոստիկանները ծեծում են ցուցարարներին) և այդ կադրերով «զարդարել ու հարստացնել» ֆիլմը (ընդ որում այդ ամենը պոռնո, զուգարանամիզային, մազոխիստական հակումներ ցուցադրող տեսարաններին «զուգընթաց»): Իզուր չէ, որ ասում են` «այս ֆիլմով պետք է զբաղվի ոչ թե մշակույթի, այլ առողջապահության նախարարը, քանի որ դրա հեղինակը կլինիկական դեպք է, որի ֆիլմում ներկայացված մտավորականը իմպոտենտ է, կինը զբաղվում է օնանիզմով, երիտասարդությունը` լկտի, ցինիկ ու անբարո է, սիմֆոնիկ նվագախումբը համալրված է միայն նողկալի, ճղճիմ արարածներով, այս ամենին էլ մեծ չափաբաժնով հավելվել են արմատականների ցույցերն ու մարտի 1-ը պատկերող կադրեր»: Այսպիսին է նարցիս Չալդրանյանի հայացքը, որը եթե հայելուն է նայում` իրեն շփոթում է Քրիստոսի հետ, իսկ եթե երկրին, ապա միայն զանազան ախտերով վարակված, անբարոյականության համաճարակով բռնկված կործանվող տարածք:

Բայց, օրինակ, Բուռնաշից բացի, մեկ այլ հանրապետական գործչի` Գալուստ Սահակյանին ևս գոհացրել է ինքնասիրահարված Վիգենի աշխատանքը. «Մեր ծամանակի նկարագիրն է, հոգեկան և բարոյական կերտվածքի համար բավականին լուրջ մտորումների տեղիք տվեց», -պրեմիերայից հետո «իմաստնացած» դուրս գալով դահլիճից՝ հայտարարեց Սահակյանը: Արանքում էլ Մարտին Վարդազարյանը բոլորիս հիշեցրեց, թե ում հետ գործ ունենք` ազգի պարծանքի: «Չալդրանյանն է վերջիվերջո» (այսինքն՝ իր նման մաեստրոյից հարյուր գլուխ բարձր: Ուղղակի ապշեցուցիչ էր ասածը և միաժամանակ տհաճ էր լսել Վարդազարյանին):

Իսկ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հիացմունքը համապարփակ էր. «Մնացել եմ առանց խոսքի: Շատ խիզախ և համապարփակ քաղաքացիական ստեղծագործություն էր, որը քննում է յուրաքանչյուրիս հոգին, խիղճը և մեր երկրի ապագան: Այդ քննությանը բարով հասնենք»:

Իրականում Չալդրանյանը զբաղվել է սպեկուլյացիայով, այսինքն՝ փորձել է իբր չշրջանցել պետական պատվերը, բայց մեծավմասամբ բավարարել է արմատական ընդդիմությանը: Դա էլ է հասկանալի. իր հեղինակային կինոն հանրությունը չի սիրում և չի գնահատում, և այս հանգամանքը նրան հանգիստ չէր տալիս և ահա դիմեց «խիզախ» քայլի` նկարեց այնպիսի ֆիլմ, որը վերջապես կարող է «շոկ» առաջացնել:

Հուսանք, որ այս անգամ գոնե Րաֆֆի Հովհաննիսյանը, Բուռնաշն ու Հայ ազգային կոնգրեսը «Օսկար» ստանալու հարցում կաջակցեն Չալդրանյանին, որն արդեն երկու տասնամյակ երազում է դրա մասին և երկու անգամ էլ իր ֆիլմերը ներկայացրել է մրցանակաբաշխության: 1990-ականների վերջին «Օսկարի» ներկայացրեց իր «Տեր ողորմյան» և վստահ էր, որ կստանա, սակայն բախտը չբերեց: Բայց չհուսահատվեց, ավելին՝ խաբեց հանրությանը. Ամերիկայում բնակվող մորաքրոջ տնից Երևան բերեց մի արձանիկ (հուշանվեր)` հայտարարելով, թե իրեն «Օսկարի» են արժանացրել: Տարիներ առաջ էլ հերթական անհաջող ֆիլմը` «Քրմուհին» (եվրոռեմոնտային մի ժապավեն, որի ասելիքը այդպես էլ անհայտ մնաց մասնագետներին), ներկայացրեց «Օսկարի», բայց հանձնաժողովը մերժեց և նույնիսկ մրցութային ծրագրում չներառեց, և Չալդրանյանը էլի ստեց՝ հայտարարելով, թե իբր Մշակույթի նախարարությունը ինչ-որ փաստաթղթեր չի հասցրել ժամանակին ուղարկել և այդ պատճառով է, որ իր ֆիլմը չի մասնակցել մրցանակաբաշխությանը: Նման հզոր աջակիցներ ունենալու դեպքում, հնարավոր է այս անգամ բախտը ժպտա հեղինակային կինոյի «տիտանին», քանի որ չի բացառվում, որ արդեն համաշխարհային կինոյում նոր միտումներ արձանագրված լինեն, ասենք մոդայիկ համարվի սեքսն ու միտինգները միախառնած կինոժապավենների արտադրանքը: Դարձյալ «համարձակության» մասին, այսինքն՝ նրա մասին, որ Չալդրանյանի հուշարարությամբ շատերն սկսել են տարփողել հեղինակի «հերոսական» արարքը` ասելով, թե առաջին անգամ «էկրանին մարտի 1 է ցուցադրվում»: Մաեստրո Վիգենը եթե շատ էր ցանկանում զմալյան-դվա ներկայանալ (իսկ վերջինն, ինչպես գիտեք, պետության փողերով նկարած իր «Սարդարապատ դեժավյու» ֆիլմում ոչ միայն պատմական փաստերն է խեղաթյուրել, այլև նպատակադրվել էր քարոզել Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժումը, ինչն էլ արեց), ապա կարող էր կոնգրեսի տրամադրած կադրերով ու փողերով ընդամենը վավերագրական ֆիլմ նկարել, և ոչ թե դրանք խցկեր գեղարվեստականի մեջ` ըստ էության ֆիլմի նախնական սցենարից ոչինչ չթողնելով: Ի վերջո, հետին թվով ինչու է պաչպչում Տեր-Պետրոսյանի քղանցքը, և դա անելու համար, պարզվում է նրան ջանադրաբար օգնել ու աջակցել է հանրապետական Աղաբաբյանը: Երևի երկուսն էլ փոշմանել են, որ ժամանակին չեն սատարել հեղափոխության առաջնորդին, և հիմա փորձում են սիրաշահել նրան: Ընդ որում, Բուռնաշի թոռան համար էլ է դեր մտածել Չալդրանյանը.ՙՄաեստրո»-ում հանդես է գալիս Արմեն Տիգրանյանի թոռան դերում (ի դեպ, պապիկի և թոռնիկի երկխոսությունը, ինչպես նաև ֆիլմի այլ դրվագներում հնչած երկխոսությունները չափազանց կեղծ են ու հորինովի): Իսկ շնորհալի դերասան Միքայել Պողոսյանը, զարմանալի է, որ ամեն անգամ համաձայնում է համագործակցել Չալդրանյանի հետ, քանզի կրկին տեսնում ենք, թե մաեստրո Վիգենը ինչպես է «փչացնում» արտիստին:

Ազգային Կինոկենտրոնն այս ֆիլմին 20 միլիոն դրամ է հատկացրել, սակայն պարզվում է, այս կառույցում պետական աջակցության համար բավարար է ընդամենը այն, որ «ավտարիտետ» լինես, իսկ թե ինչ սցենար է ներկայացվում, նման «մանրուքը» քննարկման առարկա չի դարձնում, թեև կենտրոնն ունի գեղխորհուրդ, որի կազմում ընդգրկված են թե՜ կինոգետներ, թե՜ ռեժիսորներ և թե՜ մշակույթի պատասխանատուներ: «Մաեստրո» ֆիլմի պրեմիերայից հետո ահա թե ինչ հայտարարեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը. «Աջակցելու հիմնական չափանիշը սցենարն է և ռեժիսորի հեղինակությոնը: Որովհետև Վիգեն Չալդրանյանը երեկվա երեխան չի, կայացած ռեժիսոր է, և պետությունն ընդամենը մի փոքր գումարով է աջակցել: Հաշվի առնելով, որ դա Վիգեն Չալդրանյանն է, մտածեցինք` սցենարը նորմալ սցենար կլինի»: Փաստորեն, Վիգենի նման «ավտարիտետին» վստահել են, իսկ վերջինն էլ նրանց կանգնեցրել է կոտրած տաշտակի առաջ: Այդ դեպքում հարց ենք տալիս. Գևորգյանն ինչու՞ է գեղխորհուրդ ստեղծել, ի՞նչ կարիք կա, չէ՞ որ այսօրվա հայ կինոյում բոլորը «ավտարիտետներ» են, թող ինքը փողը տա ու քաշվի ղրաղ` սպասելով, թե հերթական «ավտարիտետը» հերթական անգամ ինչ անորակ արտադրանք կթողարկի, որը ոչ մի կապ չի ունենա այն թեմաների հետ, որոնք պատվիրում է պետությունը: Չալդրանյանական «քաղաքացիական համարձակ քայլը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ կինոյում շունը տիրոջը չի ճանաչում, ընդհանրապես այս բնագավառում կինոքաղաքականություն չի իրականացվում, և նաև պարզվում է, որ Բուռնաշը կինոյի մեծ գիտակ է և կարող է վճարել ու պատվիրել «մեր բոլորի մասին ֆիլմ» ` հեղինակին խրախուսելով, որ դրանում անպայման երևան թե՜ փետրվարյան միտինգները և թե՜ մարտի 1-ի դեպքերը` հավանաբար փորձելով դրանով ինչ-որ բան ասել երկրի ղեկավարին: Մի խոսքով, Բուռնաշ-Չալդրանյան տանդեմը կարող է նույն հաջողությամբ (նաև պետության հաշվին) շարունակել ստեղծագործական-հեղափոխական գործունեությունը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ