ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 24, 2009 1:23 - չքննարկված

Ո՞ՒՄ «ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ» Է ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հարցնում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ այսօր կրքեր են բորբոքված եւ Հայաստանում, եւ Թուրքիայում: Մարդիկ Հայաստանում ու Սփյուռքում միարժեքորեն դեմ կամ կողմ են արտահայտվում դրանց: Արդյոք հնարավո՞ր է միարժեք գնահատական տալ այդ արձանագրություններին:

– Գնահատականների նման բեւեռացված միարժեքությունն, իհարկե, մեծապես պայմանավորված է նրանով, որ արձանագրությունների հրապարակումը բավական անակնկալ էր, իսկ այդ արձանագրությունների բովանդակությանը նախնական հավանություն տված մեր գործող իշխանությունների պահվածքն ու քարոզչությունը՝ կոշտ եւ միանշանակ: Մեր հանրության ու Սփյուռքի հանդեպ իշխանությունների կեցվածքն այս է՝ «Ուզեք էլ՝ սա է, չուզեք էլ՝ սա է»: Այս կերպ նաեւ հասկացնել են տալիս, որ հայ-թուրքական այս արձանագրություններին դեմ գնալը հավասարազոր է Հայաստանի պայծառ ապագան դավաճանաբար կամ անխոհեմաբար խաթարելու փորձի: Նույն շեշտադրումներով, սակայն հակառակի պնդումներով հանդես են գալիս այս արձանագրությունների վավերացմանը ընդդիմացողները: Շատ կարեւոր եմ համարում, որ 1921 թվականի կետում մնացած հայ-թուրքական հարաբերությունների սայլը վերջապես շարժվել է տեղից: Այս շարժը լուրջ վտանգներ եւ մարտահրավերներ է պարունակում երկու կողմերի համար էլ, սակայն ես դժվարությունները հաղթահարելու հնարավորություն տեսնում եմ: Մենք ամեն դեպքում պետք է շնորհակալ լինենք Միացյալ Նահանգներին՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված նրանց անդուլ ջանքերի համար: Ոգեւորիչ է նաեւ այս կապակցությամբ եվրոպական տերությունների խանդավառությունն ու Ռուսաստանի Դաշնության զուսպ բարեհաճությունը:

– Արձանագրությունները պետք է ստորագրվե՞ն, թե՞ ոչ:

– Գործընթաց է սկսվել, որն այլեւս հնարավոր չէ կասեցնել: Մենք չենք կարող առանց Հայաստանի պետությանը, հետեւաբար եւ նրա քաղաքացիների շահերին լրջագույն վնաս հասցնելու վերադառնալ ելման դիրքին, այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների այն վիճակին, որը կար մինչ արձանագրությունների հրապարակումը: Այդպիսի հետքայլը կնշանակի, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալուց բացի, կխաթարվի նաեւ ցեղասպանության ճանաչման գործընթացը, իսկ Հայաստանը կմեղադրվի իր հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը տապալելու մեջ: Մյուս կողմից, ոչ պակաս են վտանգները արձանագրությունները ստորագրելու եւ վավերացնելու դեպքում՝ որքան էլ իշխանությունները պնդեն, որ արձանագրությունները կապ չունեն Կարսի պայմանագրի հետ: Ստիպված եմ ասել, որ նրանց պնդումները չեն համապատասխանում իրականությանը. եւ արձանագրությունները, եւ Կարսի պայմանագիրը Հայաստանին պարտադրում են ճանաչել հայ-թուրքական այն սահմանը, որը կանխավ իրար հետ համաձայնեցրել էին թուրքերն ու բոլշեւիկները 1921թ. մարտին Մոսկվայում կնքված երկկողմ պայմանագրով: Դրա հետ մեկտեղ, Կարսի պայմանագիրն ամրագրում է նաեւ Հայաստանի հրաժարումը Նախիջեւանից: Հայ-թուրքական արձանագրությունների՝ սահմանները ճանաչելու պահանջն այսպիսով վերաբերում է նաեւ Նախիջեւանին, ուստի եւ խախտում է երկկողմ հարաբերությունների ձեւաչափը՝ անդրադարձ կատարելով այսօր միջազգային իրավական կարգավիճակ չունեցող Նախիջեւանի տարածաշրջանին:

– Դուք ի՞նչ եք առաջարկում:

– Սա անգամ առաջարկ չէ՝ պահանջ է. մենք մինչ արձանագրությունները վավերացնելը պետք է չեղյալ հայտարարենք Կարսի պայմանագիրը՝ առաջարկելով Անկարային ու Մոսկվային ուժը կորցրած ճանաչել 1921թ. Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը: Հայաստանի մասով չեղյալ հայտարարելով Կարսի պայմանագիրը՝ մենք կչեզոքացնենք հայ-թուրքական արձանագրություններում պարունակվող հիմնական վտանգը:

– Դա չի՞ նշանակի, որ մենք չենք ճանաչում հայ-թուրքական ներկայիս սահմանը ու հետեւաբար տարածքային պահանջ ենք ներկայացնում Թուրքիային:

– Այս խնդիրը շատ հեշտ է լուծվում՝ մենք կարող ենք հայտարարել, որ մինչ նոր հայ-թուրքական միջպետական պայմանագրի կնքումն ու սահմանային գծի երկկողմ հաստատումը ժամանակավորապես ճանաչում ենք ներկայիս հայ-թուրքական սահմանը:

– Արդյոք Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին:

– Ինձ համար անակնկալ էր հայտնաբերել, որ Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ Կարսի պայմանագիրը դրել են «Սուրբ գրքի» տեղ: Կարսի պայմանագիրը իրավազոր չէ նախ այն պատճառով, որ կնքվել է Հայաստանի՝ թուրք-բոլշեւիկյան օկուպացիայի պայմաններում: Բացի այդ, Կարսի պայմանագիրը կնքած պետություններից եւ ոչ մեկը, բացառությամբ Հայաստանի, չի հետեւում պայմանագրի դրույթներին: Ադրբեջանը փաստացի դուրս է եկել պայմանագրից դեռեւս 1991թ.-ին, երբ հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի՝ պայմանագիրը ստորագրած պետություններից մեկի իրավահաջորդը: Վրաստանը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցում է իրավապայմանագրային նոր՝ երկկողմ հիմքի վրա: Թուրքիան եւս չի կատարել Կարսի պայմանագրի եւ ոչ մի դրույթ՝ բացառությամբ հայ-թուրքական ներկա սահմանը ճանաչելու պարտավորությունից: Մենք եւս պետք է կառուցենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ բացառապես երկկողմանիության սկզբունքով՝ ոչ մի երրորդ պետության շահերը չպետք է տեղ գտնեն այս երկկողմ ձեւաչափում:

– Ի՞նչ կոնկրետ արդյունք եք ակնկալում Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում:

– Մենք կխուսափենք այն վտանգավոր միանշանակությունից, որի մասին ասվեց սկզբում: Այդ միանշանակությունը լուրջ վտանգ է պարունակում նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից: Եթե առանց Կարսի պայմանագրից հրաժարվելու մենք վավերացնենք արձանագրությունները, ապա որոշ ժամանակ անց Հայաստանից ստիպված պետք է հեռանա ռուսական զինուժը, եւ Հայաստանը պատանդ կմնա Թուրքիայի ձեռքին, իսկ եթե հրաժարվենք հարաբերությունների բարելավման գործընթացից՝ պատանդ կդառնանք ռուսների ձեռքին: Զավեշտն այն է, որ երկու դեպքում էլ Հայաստանին պահանջ է ներկայացվելու միակողմանի զիջումների գնալ Արցախի հարցում՝ հանձնել տարածքները, համակերպվել ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակավայրերը միակողմանի վերադառնալու հեռանկարի հետ՝ առանց հայ փախստականների իրավունքների համարժեք պաշտպանությունն ապահովելու, հրաժարվել ԼՂՀ հայ բնակչության անվտանգության երաշխիքներից:

Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու դեպքում մենք ոչ միայն կկարողանանք ստուգել Թուրքիայի անկեղծությունը երկկողմ հարաբերությունները ի շահ մեր ժողովուրդների բարելավելու հարցում, այլեւ կստեղծենք նոր քաղաքական որակ Արցախի հիմնահարցի լուծման տեսանկյունից: Այդ պարագայում Ադրբեջանը թող մտահոգվի ոչ թե ԼՂՀ-ն բռնազավթելու, այլ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում պահելը «արդարացնելու» հարցով:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ