ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 25, 2010 13:45 - 1 քննարկում

Ազգայինից է ծնվում համազգայինը

[info]gavareci
June 11th, 19:48
Ծանոթանալով մարդկության առաջացման ու նրա զարգացման պատմությանը (երբեք չեմ վստահել պատմաբաններին, քանի որ նրանք բոլոր ժամանակներում պատմությունը գրել են իշխողների պատվերով, կարծում եմ սա ապացուցման կարիք չունի) հաստատ համոզվում ես, որ երկիր մոլորակի զարգացումը և առաջընթացը կախված է ազգերի, ազգային պետությունների զարգացումից, այդ զարգացումներն էլ բերում են համամարդկային զարգացմանը:

Ուշադիր հետևելով վերջին 40 տարիների պատմության ընթացքին (հատկապես կայսրությունների կործանմանը, որը դեռևս շարունակվում է) անզեն աչքով երևում է, որ բոլոր ժողովուրդները (պարսիկ, հնդիկ, չինացի, հայ, հրեա, արաբ, ֆրանսյացի, իտալացի, անգլյացի, անգամ Ամերիկայի նախկին տերերը և այլն) ձգտում են վերադառնալ իրենց արմատներին, չնայած աշխարհը խառնողները գոռում են գլոբալացում…

Այս ֆոնի վրա հայ ժողովուրդը իր մտածելակերպով ու ապրելակերպով նորից տարբերվում է մնացածից: Եթե հրեաները պետության կորստից 2000 տարի հետո համախմբվեցին ու հավաքվեցին Սիոն լեռան շուրջ, այսինքն իրենց ֆիզիկական գոյությունը պահպանելու ու զարգանալու համար վերադարձան իրենց կենսական տարածքներ (իրենց պատմական հայրենիք), Եվրոպան ձգտում է ձերբազատվել իր իսկ կողմից ներմուծած ստրուկներից, Ամերիկայի հնեաբնակները ուզում են վերաստեղծել իրենց պատմական հայրենիքը, մենք ձգտում ենք օտարության:

Մի խոսքով, բացի հայերից բոլոր ազգերը զբաղված են իրենց ինքնության պահպանմամբ ու իրենց պատմական հայրենիքին տեր կանգնելու գործընթացով, իսկ մենք պանդխտության ցուպը չենք գցում մեր ձեռքից: Հողեր ազատագրեցինք, սակայն այնտեղ տեր դառնալու փոխարեն գնացինք աշխարհի չորս կողմեր ճորտ ու ստրուկ դառնալու…

Ամպագոռգոռ համամարդկայինը գոյանում է միայն նեղ ազգայնականի ժայթքումից (երաժշտություն, նկարչություն, ճարտարապետություն, գիտության տարբեր բնագավառներ, սպորտ և այլն և այլն): Այսօր ազգերը ձգտում են վերականգնել դարեր առաջ կորցրած իրենց լեզուն, իսկ մենք մեր անկախ երկրում նորից ձգտում ենք օտարալեզու դպրոցներ բացելու ու չենք հասկանում դրա վնասարարությունը: Մի ժամանակ առաջ սենտիմենտալ մտածողները ասում էին, որ մեզ կոտորելու ժամանակ մենք ավազների վրա գրել կարդալ ենք սովորել: Բա ինչ պատահեց մեզ, որ ազատ, անկախ Հայաստանում ձգտում ենք օտարալեզու դպրոցների բացմանը (թող ոչ ոքի չթվա, թե ես չեմ հասկանում օտար լեզուների իմացության գինը):

Հայ ժողովուրդը համամարդկային գանձարանին շատ արժեքներ է տվել հենց հայերեն մտածելով և ստեղծագործելով: Ժամանակն է, որ վերջ տրվի օտարամոլությանը, հասկացվի, որ սեփական պետության հզորացումով ու ազգային ինքնությունը պահպանելով կարող ես քայլել մնացածի հետ:

Վերադարձեք պատմական հայրենիք , վերադարձեք պատմական արմատներին և մենք կհաղթենք:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արփինէ
Jul 25, 2010 15:28