ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2011 17:00 - 1 քննարկում

Խիարը թարս բուսավ…

«Տաշիր-2011»` ազգի «ջոջերի» «ֆիգլյարությունը»

«Դա բացահայտ գաղութի ժողովրդի էժանագին դեմոնստրացիա էր: Հետաքրքիր է, թե այդ հարուստները, որ հայ ժողովրդի հարստությունը վերցրել ապրում են, էլ ի՞նչ են ուզում, ինչո՞ւ են ոչնչացնում այս ժողովրդի արժանապատվությունը»,- խոսելով «Տաշիր-2011» մրցանակաբաշխության մասին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

Նրա խոսքերով, երեկվա «ֆիգլյարությունը» և ծամածռությունները, որոնք անում էին ցածրաճաշակ մարդիկ, մեր ազգի պատիվն էին նվաստացնում, այն էլ` ուրիշ ազգի մեջ. «Ո՞ր մի ազգն է ուրիշ ազգի մոտ ծաղրում սեփական ազգին: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ ռուսներն այդ քծնանքի կարիքը չունեն և դա հաշվի չեն առնում, ավելին` դա նրանց համար ծիծաղի առարկա է: Ռուսաստանը է՛լ չի ուզում գաղութ ունենալ, բայց մենք դեռ ուզում ենք լինել նրա գաղութը»:

Հարությունյանի գնահատմամբ, երբ շատ հարուստ մարդը Կրեմլի բեմից բնակարան է նվիրում Երևանում մի կնոջ, որը ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում, միայն նրա համար, որ կարծում է, թե այդ կինը մոտիկ է Ռուսաստանի ղեկավարների հետ, նշանակում է` նրանք լավ չեն հասկացել թե ով է Սոբչակը:

«Առանց գիտելիքի, գավառական մտածողությամբ, իրենց էժանագին, պրովինցիալ արժեքներով որոշել են մի ամբողջ ազգ ներկայացնել: Ինչո՞ւ է հարուստ մարդկանց անհրաժեշտ այդ ծամածռությունները, ի՞նչ է, իրենք իրենց չկայացած դերասա՞ն են զգում, հերիք չի՞ այդ հարստությունը, որ իրենց արդեն լուրջ զգան»,- նշեց Հարությունյանը:

Նա նաև նկատեց, որ բնակարան նվիրող ազգի «ջոջերը» և ֆրանսիացիների բնորոշմամբ` «նովոռիշները» (neuveau riché- նոր հարուստներ) այնքան ապիկար են, որ չեն կարողացել անգամ ռուսերեն սովորել և Կրեմլի բեմից իրենց խայտառակում են վատ ռուսերենով:

Լյուդմիլա Հարությունյանը նշեց, որ հայ ժողովուրդը կարող է դատի տալ երեկվա մրցանակաբաշխության թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին, քանզի ոչ ոք նրանց թույլ չի տվել ծաղրել հայերին, մեր նախագահական ապարատը իջեցնել Սոբչակի մակարդակի:

«Երեկվա միջոցառումից հետո հարյուրավոր հայեր որոշեցին այլևս չվերադառնալ հայրենիք, իսկ շատերն էլ որոշեցին գնալ հայրենիքից»,- եզրակացրեց Հարությունյանը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 5, 2011 10:08